2017թ. Aurora Dialogues. ամփոփում, oր 2

2017թ. Aurora Dialogues. ամփոփում, oր 2

2017թ. մայիսի 27-ին եւ 28-ին Հայաստանում կայացավ 2017թ. Aurora Dialogues-ը՝ ամենհրատապ գլոբալ հումանիտար խնդիրներին նվիրված երկօրյա քննարկումը: Ծրագիրն անդրադարձավ հարցերի այնպիսի լայն շրջանակի, ինչպիսիք են փախստականների ճգնաժամի պատճառները, դրա աղետալի հետեւանքները, ինչպես նաեւ դրանց պատասխանների տարբեր ձեւերը՝ հումանիտար օժանդակություն, կրթություն, սոցիալական ինտեգրացիա, որոնք ազդում են առավել ռիսկային խմբերի վրա:
Բացման խոսք
 
2017թ. մայիսի 28-ին Aurora Dialogues քննարկումների շարքի երկրորդ օրը տեղի ունեցավ Մատենադարանում՝ Երեւանի հնագույն ձեռագրերի պահոցում: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր դոկտոր Վարդան Գրեգորյանն իր բացման խոսքում նշեց. «Սա սովորելու տուն է, հիշողության գանձարան»:
 
«Մենք հանդիպում ենք Արարատ լեռան ստվերում, որը հայկականության շարունակականության խորհրդանիշն է, քանի որ հայերը հավատում են, որ Նոյի տապանը հանգրվանել է Արարատ լեռան վրա՝ առաջին միգրանտները եկան Հայաստան, այսինքն՝ Հայաստանը միգրացիայի առաջին օրինակն ունի... սակայն առավել կարեւոր է, որ մենք նախընտրել ենք հանդիպել Մատենդարանում՝ իր պատմական նշանակության համար»,- շարունակեց նա: 
 
Մատենադարանը ողջ օրվա քննարկումների հիմնական վայրն էր. քննարկման հիմնական թեման միգրացիան էր: «Սա, ըստ էության, ամենահրատապ մարտահրավերն է, որի առաջ կանգնած է աշխարհը՝ գլոբալ միգրացիոն ճգնաժամը»,- ասաց «Էդելման» ընկերության Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի եւ Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Էդ Ուիլյամսը, ով վարում էր այդ օրվա քննարկումները:
 
Գլոբալ ընկալումներ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչ
 
Օրվա առաջին քննարկումն անդրադարձավ 2017թ. «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքներին եւ քննարկվեց միջազգային հանրային կարծիքը փախստականների ճգնաժամի, միգրացիայի, հումանիտար միջամտության եւ հանուն ուրիշների միջամտելու պատասխանատվության թեմաները: Kantar Public-ի մեթոդական հարցերով տնօրեն դոկտոր Հայկ Գյուզալյանը ներկայացրեց «Ավրորա» մարդասիրության ցուցիչի արդյունքները: Նա ասաց, որ Ցուցիչի շրջանակներում հարցվել է 6500 մարդ 12 երկրից՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Լիբանան, Իրան, Արգենտինա, Ճապոնիա, Թուրքիա, Քենիա, Ռուսաստան եւ Հայաստան:
 
Այս քննարկումը վարում էր Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Գարեթ Էվանսը: Քննարկման մասնակիցներն էին Կահիրեի ամերիկյան համալսարանի փախստականների եւ միգրացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտոր Իբրահիմ Ավադը, RefugePoint-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Սաշա Չանոֆը եւ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա մրցանակի» ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին:
 
«Կարծում եմ, որ որեւէ զարմանալի բան չկա այս արդյունքների մեջ, սակայն դրանց որոշ ասպեկտներ առավել շատ բացատրության կարիք ունեն: Իմ հետաքրքրությունը գրավեցին Հայաստանը, Արգենտինան ու Քենիան, որոնք առանձնանում են որպես շատ ընդունող ու փախստականների համար շատ բաց»,- ասաց Իբրահիմ Ավադը:
 
Սաշա Չանոֆն էլ նշեց. «Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կան շատ հստակ եւ սուր թյուրըմբռնումներ: Մեկն այն է, որ փախստականները վտանգավոր են եւ ահաբեկիչներ են, երբ, ըստ էության, փախստականներն ահաբեկչության առաջին զոհերն են»:
 
Հինա Ջիլանին էլ բացատրեց, որ այս հարցը երկու կողմ ունի. «Առաջինն այն է, որ հակամարտությունը դուրս է մղում մարդկանց: Իսկ մյուսն այն է, երբ մարդիկ հասնում են որոշակի նպատակակետի, որո՞նք են պարտավորությունները, եւ ո՞վ է պարտավոր դրանք կյանքի կոչել»:
 
Միգրացիա. Ճգնաժամից դեպի ինտեգրացիա
 
Օրվա երկրորդ քննարկումը կազմակերպել էին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկու կենտրոններ՝ Հայկական հետազոտությունների ինստիտուտը եւ Իմիգրանտների ինտեգրացիայի հետազոտությունների կենտրոնը: Քննարկման մասնակիցներին ներկայացրեց Հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սալբի Ղազարյանը:
 
«Ինստիտուտը կամուրջ է Հայաստանում հայերի խնդիրների ու մարտահրավերների եւ դրանց լուծելու ունակ ինտելեկտուալ ու ակադեմիական շրջանակների միջեւ: Միգրացիան այսօր մարտահրավեր է Հայաստանի համար՝ Հայաստանից դուրս եկող միգրացիան, աշխատանքային միգրացիայի բարձր մակարդակը, Սիրիայից դեպի Հայաստանի փախստականների իմիգրացիան եւ այլն»,- ասաց նա:
 
Քննարկումը վարում էր Քաղաքացիական հասարակության եւ սոցիալական փոփոխությունների Թուրբանջյան ամբիոնի ղեկավար, Իմիգրանտների ինտեգրացիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մանուել Պաստորը: Քննարկման մասնակիցներն էին ՄԱԿ-ի աշխատանքային միգրանտների իրավունքների կոմիտեի փոխանախագահ դոկտոր Պաբլո Սերիանի Սերնադասը, Իրաքի Մոսուլ քաղաքում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ղեկավար եւ Հորդանանում Զաաթարի փախստականների ճամբարի նախկին համակարգող Հովիկ Էթյեմեզյանը, Իրաքի Քուրդիստանում տեղակայված SEED-ի նախագահ Շերի Կրահամ Թալաբանին, Վաշինգտոնում իմիգրանտների ազգային ֆորումի գործադիր տնօրեն Ալի Նուրանին եւ Մանիթոբայի համալսարանի պրոֆեսոր, «Միջազգային միգրացիա եւ ինտեգրացիա» ամսագրի գլխավոր խմբագիր Լորի Ուիլկինսոնը:
 
Մանուել Պաստորը վարեց քննարկումը՝ շեշտը դնելով հիմնականում միգրացիայի երեք հարցերի վրա: Առաջին՝ միգրացիայի եւ տեղահանության հիմնական պատճառներ, երկրորդ՝ որն է լավագույն փորձը եւ ինչ պետք է անել ինտեգրացիայի եւ փախստականների բնակության հաստատման համար եւ երրորդ՝ ինչ տեսք պետք է ունենա 21-րդ դարի միգրացիայի համակարգը եւ ինչպես կարելի է նման համակարգ ձեւավորել:  
 
Բիզնեսի դերը
 
Օրվա քննարկումների շարքից վերջին կենտրոնացած էր Միգրացիայի եւ բիզնեսի դերի վրա: Այն վարում էր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Flagship Pioneering գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը: Քննարկման մասնակիցներն էին B. Braun Melsungen-ի վերահսկողական խորհրդի նախագահ Լյուդվիգ Գեորգ Բրաունը, «Յունիլեվերի» գործադիր տնօրեն Պոլ Պոլմանը, PACT-ի գործադիր տնօրեն Մարկ Վիսոն եւ Մեքսիկայի նախկին նախագահ, Յեյլի համալսարանի գլոբալիզացիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Էռնեստո Սեդիլյոն:
 
Նուբար Աֆեյանը ներկայացրեց քննարկման մասնակիցներին՝ նշելով հետեւյալը. «Փախստականներն այսպես ասած ծայրահեղ իմիգրանտներ են: Նրանք պարտադրված իմիգրանտներ են: Իսկ իմիգրանտներն իրենց հյուրընկալ հասարակություններում հաճախ դառնում են փոփոխության շարժիչներ, ստեղծում են աշխատատեղեր: Նորարարության ոլորտից լինելով՝ ինձ հաճախ հետաքրքրել է, թե ինչու է դա այսպես»:
Էռնեստո Սեդիլյոն նշեց, որ կարեւոր է հասկանալ, որ այսօր մեր առջեւ ծառացած խնդիրը ոչ թե Աստծո կողմից է սահմանված, ոչ էլ բնական աղետ է: «Այսօր մեր առջեւ ծառացած բոլոր ողբերգական խնդիրներն իրականում ստեղծված են մարդու կողմից»,- ասաց նա: Պոլ Պոլմանն էլ ուղղակիորեն անդրադարձավ բիզնեսի պատասխանտվությանը: «Քանի դեռ մենք այս բոլոր մարտահրավերներին չենք արձագանքել, դրանց գինն ավելի է բարձրանալու բիզնեսի համար»,- նշեց նա:
 
Գերմանական բժշկական եւ դեղագործական սարքավորումների ընկերության տնօրեն Լյուդվիգ Գեորգ Բրաունն էլ նկարագրեց այն արդյունքները, որոնք իրենց ընկերությունն արձանագրել է փախստականներին օգնելով: Մարկ Վիսոյի ընկերությունը՝ PACT-ը, գործընկերություն է հաստատել Chevron-ի հետ՝ Նիգերիայում համայնքային առողջապահական նախաձեռնություններ իրականցնելու նպատակով:
2017թ. Aurora Dialogues-ի այս երեք քննարկումները ամբողջացրին երկրորդ օրը, որոնք նախորդեցին «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը: