Բացման խոսքեր
Հաստատելով համաժողովի հիմնական թեմաների արդիականությունը՝ «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Յոախիմ Ռոգալն իր երախտագիտությունը հայտնեց Aurora Dialogues բեռլինյան քննարկումների կազմակերպիչներին եւ գործընկերներին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնությանը եւ «Մերկատոր» հիմնադրամին, եւ խոսելով համաժողովի հիմնական թեմաների արդիականությունից՝ ասաց. «Համաժողովի թեմաները ճշտիվ ներառվում են մեր հիմնադրամի հետաքրքրությունների ոլորտում»։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը բացատրեց, թե ինչ տրամաբանությամբ է համաժողովի անցկացման վայր ընտրվել Գերմանիան։ «[Եվրոպական] այս երկիրը ներգաղթի ճգնաժամային պահին իր վրա վերցրել է կարեւորագույն պատասխանատվություն»,– ասաց Ռուբեն Վարդանյանը։
Հիմնական բանախոս, Գերմանիայի Բունդեսթագի նախկին նախագահ Նորբերտ Լամերտը, որի ելույթի խորագիրն էր «Միգրացիայի ճգնաժամը՝ որպես համաշխարհային պատասխանատվություն», շեշտեց, թե որքան բարդ եւ բազմաշերտ են այն խնդիրները, որոնց շուրջ միասին հավաքվել են մտորելու։ «Ի՞նչ կարող է ելույթ ունեցողն անել հարցի բարդության առիթով,– հարցրեց Լամերտը,– լավագույն դեպքում՝ առավելագույնս ընդգծել դրա կարեւորությունը»։
Միգրացիայի գլոբալ մարտահրավերները
Առաջին նիստը բացելով՝ Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի (IfW) Կառավարման խորհրդի անդամ եւ ավագ գիտաշխատող Մաթիաս Լյուկեն խոսեց «Միգրացիայի միտումները եւ շարժիչ ուժերը» թեմայով. «Փախստականները նորարար մարդկանց խումբ են, քանի որ վերապրելով եւ հաղթահարելով բազում մարտահրավերներ՝ տիրապետում են ձեռներեցության իրական ունակությունների»։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի գծով տարածաշրջանային նախագահ Գեերտ Կապելերեն հատուկ ընդգծեց, որ կարեւորագույնը երիտասարդ սերնդի վրա կենտրոնանալն է՝ ասելով. «Մենք համոզված ենք, որ ամենաուղիղ միջոցը երեխաների ուղղությամբ ներդրումն է, ուր էլ նրանք ապրելիս լինեն։ Այն բավարար կերպով չի իրականացվում»։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ, «Օքսֆամ» միջազգային միության պատվավոր նախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Մերի Ռոբինսոնը ուշադրություն հրավիրեց միգրացիայի ճգնաժամի մեկ այլ կողմի վրա՝ մեկնաբանելով. «Այս քննարկումները կլիմայական համատեքստում նշանակում են, որ 2050 թվականին աշխարհն ունենալու է մոտ 200 միլիոն կլիմայական փախստական»։
Նիստը մեկնարկեց «Ավրորա» Մարդասիրության ցուցիչ 2017 հետազոտության արդյունքների ամփոփմամբ, Բրյուսելի ազատ համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դիրք Յակոբսը ներկայացրեց հետազոտության արդյունքները՝ սպասվող քննարկումներին ընդառաջ մասնակիցներին ծանոթացնելով նյութի համատեքստի հետ։
Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Մշակույթի եւ հաղորդակցության բաժնի գլխավոր տնօրեն Անդրեաս Գյորգենը ներկաներին հորդորեց ուշադրություն դարձնել մարդկանց մտահոգությունների եւ դրսեւորվող այլատյացության իրական պատճառներին՝ ցավով նշելով, որ «եթե մարդիկ խոսում են իրենց վախերից եւ երկիր մուտք գործող միգրանտներից, ապա դեպքերի մեծագույն մասում նրանք իրենց զատված են զգում սեփական հասարակությունից»։
Ինտեգրացիայի եւ միգրացիայի գերմանական հիմնադրամների փորձագետների խորհրդի անդամ Ջիանի դ’Ամատոն, խոսելով պատասխանատվության խնդրի մասին, ասաց՝. «Բոլորս, բոլոր կողմերը պետք է որոշակի քայլեր անեն այն ուղղությամբ, որով ցանկանում են ընթանալ»։
«Միջազգային միգրացիա եւ ինտեգրացիա» պարբերականի (Journal of International Migration and Integration) գլխավոր խմբագիր, Մանիտոբայի համալսարանի Ներգաղթի ուսումնասիրության գիտական կենտրոնի (Immigration Research West) ղեկավար, պրոֆեսոր Լորի Վիլքինսոնն անդրադարձավ այն ծանր բեռին, որ քաղաքացիական ծառայողները կրում են իշխանությունների հետ առնչվելիս։ «Դու ստիպված ես գործ ունենալ առկա կառավարության հետ, ինչպիսին էլ այն լինի։ Ուրիշը չկա»,– բացատրեց նա։
Թուրք-գերմանական համալսարանի (TDU) զարգացման կոնսորցիումի նախագահ Ռիտա Զյուսմութն ընդգծեց այն փաստը, որ միգրանտներին զբաղվածությամբ հնարավորին արագ ապահովելը հիմնարար նշանակություն ունի։ «Շատ կարեւոր է նրանց հնարավորինս արագ հաղորդել «պատկանելության» զգացողություն»,– պնդեց նա։
«Մարշալի պլանն Աֆրիկայում». աջակցություն զարգացմանը եւ ներդրումներին
2017թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների երկրորդ օրվա՝ «Փնտրելով լուծումներ տեղում» խորագրով նիստի առաջին մասը վարում էր միջազգային հեռուստահաղորդավար Նիկ Գոուինգը, իսկ գլխավոր զեկույցով հանդես եկավ Տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունում Գերմանիայի Կանցլերի՝ Աֆրիկայի գծով անձնական ներկայացուցիչ Գյունտեր Նուկեն, որը լսարանին իր մտքերը ներկայացրեց համաշխարհային զարգացման ոլորտի կորպորացիաների գործունեության միտումների փոփոխության վերաբերյալ։
«Ալփբախ» եւրոպական ֆորումի նախագահ Ֆրանց Ֆիշլերը մասնակիցներին հորդորեց չտարվել բարի ցանկությունների երազանքներով։ «Աֆրիկային մենք չէ, որ պիտի սովորեցնենք զարգանալու ձեւը»,– մեկնաբանեց նա։
Enough նախագծի հիմնադիր-նախագահ Ջոն Պրենդերգաստը հավելեց. «Աֆրիկայի մի շարք կառավարությունների համար այդ խթանող համակարգերը խրախուսում են զանգվածային արտահոսք, զանգվածային կոռուպցիա եւ շատ դեպքերում հանգեցնում սոսկալի բռնությունների»։
Լիբերիացի խաղաղության ակտիվիստ, կանանց իրավունքների պաշտպան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբովեն շեշտեց վարից վեր ուղղված վեկտորի կարեւորությունը կայուն առաջընթացի գործում՝ ասելով. «Եթե մի բան դրսից է գալիս, դժվար թե աշխատի»։
«Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières) կազմակերպության համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բերնարդ Քուշներն ավելացրեց. «Մենք պետք է օգնենք Աֆրիկային, Աֆրիկան՝ մեզ»։
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին հատուկ ներկայացուցիչ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Հինա Ջիլանին բոլորի ուշադրությունը հրավիրեց իրական մարդկանց վրա, որոնք եւ պետք է լինեն հաստատվող եւ իրագործվող բոլոր զարգացման նախագծերի շահառուները։ «Եթե լինելու է զարգացման աջակցության ծրագիր, այն պետք է ներդրումներ կատարի մարդկանց ձգտումներում»,– նշեց բանախոսը։
Զարգացման մասնավոր նախաձեռնություններ
2017 թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների երկրորդ օրվա՝ «Փնտրելով լուծումներ տեղում» խորագրով նիստի երկրորդ մասի գլխավոր բանախոսն էր RVVZ հիմնադրամի՝ Մարդասիրական գծով գործընկեր Պիեռ Գյուրջյանը։ Իր ելույթում նա հատուկ ընդգծեց, որ վերջին մի քանի տարիներին աշխարհում ամենաերեւելի նորությունը «Կայուն զարգացման նպատակներ» (Sustainable Development Goals) շարժումն էր. «Այն հաստատում է շատ որոշակի՝ բազմակողմանի, կոմպլեքս, ընդհանրական եւ համակարգային աշխարհայացք»։
Ersnt&Young ընկերության Թվային ռազմավարության եւ տրանսֆորմացիայի Բեռլինի գրասենյակի ղեկավար եւ նույն ընկերության փախստականների աջակցության նախաձեռնության հիմնադիր Ռոբերտ Յունգը կենտրոնացավ փախստականներին առնչվող նախագծերի ծրագրման եւ իրականացման ընթացքում հաջողության չափման հարցի վրա։
«Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի եւրոպական գրասենյակի ղեկավար Անյա Լանգենբուխերը կարեւորեց նոր տեխնոլոգիաների մատուցած առավելությունները եւ ասաց. «Անհրաժեշտ է մտածել, թե ինչ դրական գործեր կարելի է կատարել թվայնացման միջոցով»։
«Միավորված աշխարհի քոլեջներ» միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Յենս Ուելթերմանն իր զարմանքն արտահայտեց միմյանց նկատմամբ մարդկանց ունեցած թյուրընկալումների առնչությամբ։ «[Ոմանք] համարում են, որ այլ ինքնության տեր մարդկանց հետ առնչվելիս քո ինքնությունը տուժում է»,– մեկնաբանեց նա։
Ապագան կերտելիս. Երախտագիտությունն՝ ի գործ
2017 թ. Aurora Dialogues բեռլինյան քննարկումների երկրորդ օրվա վերջին նիստը նվիրված էր համաժողովի կարեւորագույն արդյունքների ու եզրակացությունների քննարկմանը։ Նիստը վարող միջազգային հեռուստահաղորդավար Նիկ Գոուինգը, որը նաեւ Արքայական քոլեջի (Լոնդոն) եւ Նանյանգ տեխնոլոգիական համալսարանի (Սինգապուր) հրավիրյալ պրոֆեսոր է, բանախոսներին հրավիրեց «անդրադառնալու նրան, թե ինչի ենք հասել, ինչի պիտի հասած լինեինք եւ ինչի չհաջողվեց հասնել»։
«Եղան մեծ թվով մենախոսություններ եւ շատ քիչ երկխոսություն»,– ընդգծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, սոցիալական ներդրող եւ ձեռներեց Ռուբեն Վարդանյանը։
«Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստոֆ Բոշը մասնակիցներին զգուշացրեց չձգտել նվաճումներ որոնել սխալ վայրում. «Նվաճումներն այնտեղ են, ուր փախստականներն են»։
«Մերկատոր» հիմնադրամի գործադիր տնօրեն Վինֆրեդ Քնայփը բոլորի ուշադրությունը հրավիրեց հիմնախնդրի իրական մասշտաբների վրա եւ ասաց. «Կոալիցիան, որ ունենք այստեղ ձեւավորված, միանգամայն անբավարար է ցանկալին իրագործելու համար»։
«Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Ինգրիդ Համը բավականին լավատես էր անհատի ազդեցության առումով։ «Եթե մեկնումեկի մոտ մի գաղափար է առաջանում եւ նա նվիրվում է դրա իրագործմանը, ապա վերջում տեղի է ունենում մի բան, որն իր հերթին ազդում է ամբողջ տարածաշրջանի վրա։ Դա ես սովորեցի այսօր»,– եզրափակեց նա։