Հայաստան «հասնելու» 10  կարճ ճանապարհ

Հայաստան «հասնելու» 10 կարճ ճանապարհ

Ինչո՞վ է Starbucks-ը պարտական հայերին, որտե՞ղ է հանգրվանել Նոյի տապանը, ինչպե՞ս կառուցել անառիկ ամրոց և ո՞վ էր այն հանճարը, ով առաջին անգամ խաղողից գինի քամեց. ահա մի քանի փաստ, որոնք թույլ են տալիս Հայաստան «գտնել» այնտեղ, որտեղ բոլորովին չէիք սպասում։

1․Սրճարաններ

 

Երբ առավոտյան Starbucks եք մտնում կամ վայելում հաճելի էսպրեսո փարիզյան սրճարանում, պետք է շնորհակալ լինեք հայերին։ Չէ՞ որ նրանք 17-րդ դարում բացեցին Եվրոպայի առաջին սրճարանները, դրան հետեւեց մի քանի սրճաբույր հարյուրամյակ։

 

2. Ամրոցներ

 

Երեխա ժամանակ մեզանից շատերն են երազել ամրոցի տեր դառնալ։ Ամրոցներ կան գրեթե բոլոր հեքիաթներում՝ Արթուր Արքայից մինչև Ռոբին Հուդ և Մոնթի Փայթըն։ Թեպետ մենք կարծում ենք, որ ամրոցը Անգլիայի, Ֆրանսիայի կամ Արևմտյան Եվրոպայի առանձնահատկությունն է, դրա հորինվածքն իրականում գալիս է Կիլիկիո հայոց թագավորության բերդերից ու ամրոցներից: Խաչակիրները դրանց առաջին անգամ հանդիպեցին դեպի Սուրբ Երկիր իրենց արշավանքների ճանապարհին՝ Կիլիկյան Հայաստանում հանգրվանելիս։

 

3. Լեզուներ

 

Անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, հունարենն ու ռուսերենը և մի շարք այլ լեզուներ ընդգրկված են հնդեվրոպական լեզվաընտանիքում։ Չնայած ի սկզբանե կարծում էին, որ բոլոր այս լեզուները ծնունդ են առել Հնդկաստանից, ժամանակակից բազմաթիվ վարկածներում հնդեվրոպական լեզուների նախահայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։

 

4. Ծիրան

 

Քաղցրաբույր ու հյութեղ այս մրգի հայրենիքը Հայաստանն է։ Ծիրանի գիտական անվանումն է Prunus armeniaca, ինչը լատիներեն նշանակում է «հայկական սալոր» և մատնանշում, որ գիտնականները դրա հայրենիքը համարում են Հայաստանը։

 

5. Արարատ լեռ

 

Ըստ ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղից հետո Երկրի վրա վերսկսվեց կյանքը, և այն լեռը, ուր Նոյը կայանեց իր տապանը, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթն էր՝ Արարատը։ Այսպիսով՝ Աստվածաշունչը մեզ պատմում է, որ կյանքը վերսկսվել է Հայաստանում, իսկ աշխարհի ժողովուրդները ծագել են հայերից։ Չհավաքվե՞նք իրար գլուխ:

 

6. Երեւան

 

Հռոմը կանգուն է բազում դարեր՝ իր ենթակառուցվածքների գերազանց նախագծման արդյունքում։ Իհարկե, նրբագեղ արձանները ևս իրենց հմայքն են հաղորդում քաղաքին։ Բայց Հռոմից ավելի հին է Հայաստանի մայրաքաղաք Երևանը, որը նախ կոչվել է Էրեբունի։ Հռոմից 29 տարով ավելի հին այս քաղաքը շարունակաբար բնակեցվել է՝ սկսած Ք.ա. 782-ից։

 

7. Շախմատ

 

Շախմատն այնքան էլ չես նմանեցնի սպորտաձևի, քանի դեռ չես հասկացել, որ դրա ընթացքում հակառակորդների գործադրած մտքի լարումը կհյուծեր ցանկացած մարմնամարզիկի։ Այնպես որ, այն իրականում սպորտ է և շատ բարդ սպորտ։ Հայաստանում այն ազգային սպորտաձևերից է, իսկ շախմատի չեմպիոններն ազգային հերոսի համբավ ունեն։ Այն հայերի կյանքի այնպիսի անբաժան ուղեկից է, որ պարտադիր դասավանդվում է դպրոցում։

 

8. Գինի

 

«Գարեջուրը ստեղծել են մարդիկ, գինին՝ Աստված»,- ասել է Մարտին Լյութերը։ Այս մտքին հավանություն կտային նաև Հայաստանի հնագույն բնակիչները, որոնք գինի ստեղծել են դեռ հազարավոր տարիներ առաջ, մինչ օրս հայտնաբերված առաջին և հնագույն՝ 6100-ամյա գինեգործարանում։ Եվ չնայած նրանք, ըստ երևույթին, իրենց աստվածներ չէին համարում, պիտի որ իսկապես հպարտ լինեին նման հայտնագործության համար։

 

9. Անի

 

Եթե սիրում եք եկեղեցիներ, անպատճառ պիտի այցելեք հայոց հին մայրաքաղաք Անի։ Ավելի ճիշտ, պիտի այցելեիք մի քանի հարյուր տարի առաջ, երբ այն կոչվում էր «հազար ու մի եկեղեցիների քաղաք», քանի դեռ սելջուկ-թուրքերը չէին ավիրել դրա հիմնական մասը։ Այժմ քաղաքով մեկ սփռված ավերակներից էլ հասկանալի է, թե ճարտարապետական ի~նչ գլուխգործոցներ ցուցադրված կլինեին, եթե քաղաքը կանգուն լիներ։

 

10. Զորաց քարեր

 

Սթոունհենջին (Stonehenge), անշուշտ, ծանոթ եք, բայց գիտե՞ք, որ դրանից ավելի հին է Հայաստանի հարավում քարակոթողների նմանատիպ դասավորություն ունեցող Զորաց քարեր հնավայրը։ Ենթադրվում է, որ Սթոունհենջի պես սա ևս հնագույն աստղադիտարան է՝ դեպի աստղերն ուղղված զորեղ քարերով։