Արքայական տաճարներ, քարերի խորհրդավոր դասավորություններ, ջրվեժների տակ թաքնված քարայրեր, փառավոր ռազմի դաշտեր, արդի արվեստի գանձարաններ եւ ճոպանուղի։ Հայաստանը ցնցող ու հրաշքներով լի մի երկիր է։ Ամեն բան տեսած ճանապարհորդն անգամ կպապանձվի այս հիասքանչ տեսարաններից։ Միացեք մեր ճամփորդությանը եւ համոզվեք ինքներդ։
1. Խոր Վիրապ
Մարդկանց մեծն մասը չի էլ պատկերացնում, թե ինչ է նշանակում 14 տարի փակված մնալ մի փոսում։ Գրիգոր Լուսավորիչը, սակայն, սեփական փորձով իմացավ։ Երբ նա մուտք գործեց Մեծ Հայք հայոց Տրդատ Գ արքային քրիստոնեություն քարոզելու, վերջինս նրան նետեց արքունի բանտի փոսը։ Սակայն երբ արքան հիվանդացավ, հրամայեց իր մոտ բերել Լուսավորչին, որը հրաշքով ապաքինեց նրան։ Տրդատ Գ-ն ընդունեց քրիստոնեություն եւ հռչակեց այն պետական կրոն։ Հետագայում այդտեղ եկեղեցի կառուցվեց և կոչվեց Խոր Վիրապ (խորը փոս)։
2. Կասկադ համալիր
Իր տեսակով սա մի եզակի ճարտարապետական գոհար է, որում ամփոփված է արդի արվեստի, թերեւս, լավագույն հավաքածուն տարածաշրջանում։ Կառուցված լինելով 1970-ականներին՝ Կասկադը մինչեւ Հայաստանի անկախացումը գրեթե անգործության էր մատնվել։ Սակայն հետագայում սփյուռքահայ բարերար Ջերարդ Գաֆէսճեանի միջոցներով համալիրը բարեկարգվեց եւ վերափոխվեց արդի արվեստի թանգարանի։ Բազում արվեստագետների շարքում, այստեղ ցուցադրված են նաեւ Ֆերնանդո Բոտերոյի, Լին Չեդվիքի եւ Բարրի Ֆլենեգանի գործերը։
3. ՏաԹեւեր
Հայաստանում շատ են հնագույն վանքերը, որոնց կառուցողները կարծես նպատակ էին դրել դարձնելու դրանք հնարավորինս դժվարահաս։ Սակայն հարյուրավոր տարիներ անց տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս նախկինում մեկ շաբաթ պահանջող ճամփորդությունը վերածել գեղատեսիլ կիրճի վրայով մի թռիչքի՝ աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղով։ ՏաԹեւերն այցելուներին իր թեւերի վրա կհասցնի Տաթեւի վանք։
4. Գառնու տաճար
Հելլենիստական ճարտարապետության այս գեղեցիկ նմուշը կառուցվել է առաջին դարում, երբ Հռոմը հասել էր իր ծաղկման բարձրակետին։ Տաճարը 1679թ. երկրաշարժից ի վեր ավերակ վիճակում էր մինչեւ 1960-70-ականների հիմնովին վերակառուցումը։ Հնում Գառնին եղել է պաշտամունքի վայր եւ ծառայել որպես հայ արքաների ամառային նստավայր։
5. Զորաց քարեր
Աստղերը նախնադարյան մարդու համար նույնքան գրավիչ են եղել, որքան այժմ։ Զորաց քարերը կամ Քարահունջը դրա վկայությունն է։ Այն ուղղահայաց կանգնեցված քարերի (մենհիրների) մի խումբ է՝ օղակաձեւ դասավորությամբ, որը, ըստ լեգենդի, ծառայել է որպես աստղադիտարան։ Այն ավելի հին է, քան հռչակավոր Սթոունհենջը Մեծ Բրիտանիայում, եւ դեռեւս ակտիվորեն ուսումնասիրվում է՝ պարզելու դրա կառուցման նպատակն ու հնարավոր ազդեցությունը հնագույն աստղագիտության վրա։
6. Գորիսի քարանձավներ
Հայաստանի հարավը լի է ցնցող տեսարաններով, որոնցից են նաեւ Գորիսի ու Խնձորեսկի ձեռակերտ քարանձավները։ Այս կացարանները փորվել են հնում, լեռների լանջերին խոյացող ժայռերի մեջ՝ ծառայելով իբրեւ բնակարան մինչեւ XX դարի կեսերը։
7. Հունոտի կիրճ
Այս հեքիաթային վայրը գրեթե անիրական է թվում։ Ծվարած լինելով Շուշիի՝ Արցախի մշակութային մայրաքաղաքի բարձունքների տակ՝ բազալտե այս կազմավորումը, կիրճն ու հոսող գետը, իսկապես, բնական հրաշք են։ Սիրված տեղերից մեկը կոչվում է «Զոնտիկ», այսինքն՝ անձրեւանոց. քարանձավի տանիքն անձրեւանոցի պես պատսպարում է մարդուն վերեւից թափվող ջրվեժից։
8. Սեվանա լիճ
Սա Կովկասի խոշորագույն քաղցրահամ լիճն է, այնքան մեծ, որ անվանում են նաեւ «Հայաստանի ծով»։ Էկոլոգիական մեծ կարեւորություն ներկայացնող այս լճի էնդեմիկ տեսակներից է իշխանը։ Ափերը բնադրման վայր են ծառայում բազում թռչնատեսակների համար։ Թերակղզու վրա կանգուն է 10-րդ դարի Սեւանավանքը։
9. Գանձասար
Գործող այս վանքի անունը նշանակում է «գանձերի լեռ», քանի որ ըստ ավանդության՝ այստեղ էին պահվում Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։ Գուցեեւ ճիշտ է։ 1240թ. Արցախի լեռներում կառուցված այս տաճարը ռմբակոծման է ենթարկվել Անկախության պատերազմի տարիներին՝ մինչ օրս կրելով դրա սպիները։ Չպայթած (բայց վնասազերծված) արկը դեռեւս մնում է մխրճված վանքի պատերից մեկի մեջ։
10. Սարդարապատ
Այս կառույցի հսկայական չափերը դժվար է նկարագրել, քանի դեռ մարդ իր աչքով չի տեսել։ Բայց պատմությունն իմանալուն պես դրա վեհաշուք ծավալն աստիճանաբար սկսում է իմաստավորվել։ Ցեղասպանությունից հետո հայերը կարողացան անկախ պետություն հիմնել, որն ապա ենթարկվեց թուրքական բանակի հարվածներին։ Օսմանյան Թուրքիան նպատակ էր դրել վերջնականապես ջախջախելու այն, ինչ դեռ մնացել էր Հայաստանից, սակայն հայերը կարողացան հավաքել սեփական ուժերի բեկորներն ու Սարդարապատի դաշտում, թերզինված ու թերհամալրված, կենաց-մահու կռիվ տալ թուրքական բանակի դեմ ու հաղթել։ Սարդարապատի ճակատամարտում հայոց հաղթանակը ոչ միայն ապշեցուցիչ էր, այլ նաեւ Հայաստանի՝ մինչ օրս գոյության երաշխիքը: