logo
ՓԱԿԵԼMenu
Օգնելով անտեսվածներին

Օգնելով անտեսվածներին

Սայիդա Ղուլամ Ֆաթիման  դեռահաս էր, երբ տեսավ այն, ինչը ոչ մի երեխա երբեւէ չպետք է տեսնի՝ ստրկություն։ Նա շրջապատված էր մարդկանցով, ում տառապած դեմքերն արտահայտում էին մարդկայինը կորցրած լինելու ցավը, ում ինքնագնահատականը բզկտված էր ստրկական աշխատանքի մշտական տանջանքից։ Նրանց արժանապատվությունը գողացել էին Պակիստանի աղյուսի թրծավառարաններում, որտեղ նրանց ստիպում էին աշխատել զենքի ուժով՝ արեւածագից մինչեւ արեւամուտ։ Դեռահաս երեխաները, ավելի մեծերը, տղամարդիկ, կանայք՝ բոլորը խոշտանգված էին թրծավառարանների հարուստ տերերի կողմից, ովքեր բռնաբարում էին նրանց, հսկում եւ թողնում տառապելու աղքատության մեջ՝ առանց սննդի եւ հագուստի։
 
Այդ տեսարանները Սայիդան չի կարող մոռանալ։ Այդպես նա գտավ իր կոչումը. «Ես պետք է հոգ տանեմ նրանց մասին, ես պետք է պայքարեմ եւ աշխատեմ նրանց համար։ Ես երազում եմ փրկել ապագա երեխաներին, հաջորդ սերունդը ստրկությունից»։
 
Սայիդան գիտի, որ իր ընտանիքը մտահոգված է, քանի որ նա մշտական վտանգի մեջ է։ Աղյուսի թրծավառարանների տերերը դաժան կերպով հարձակվել են նրա վրա՝ մեղադրելով իրենց բիզնեսը խարխլելու փորձերի մեջ։ Նրանք Սայիդային նույնիսկ էլեկտրահարել են։ Նրա վրա կրակել են, սպառնացել եւ ծեծել։ Բայց նույնիսկ այսօր, երբ նրանք շարունակում են ճնշել Սայիդայի ջանքերը, նրան չեն կարողացել կոտրել։
 
Հակառակը, Սայիդան վերջին 40 տարին անցկացրել է հույս ստեղծելով՝ իր կողմից ղեկավարվող «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատ» շահույթ չհետապնդող կազմակերպության միջոցով, որը ձգտում է արմատախիլ անել հարկադիր աշխատանքը, անարդարությունը, անտառաճանաչությունը, անհավասարությունը եւ որպես դրա հետեւանք՝ աղքատությունը Հարավային Ասիայում։ Եվ 80,000 մարդ պետք է նրան երախտապարտ լինի ստրկությունից ազատվելու համար։
 
«Ես որոշեցի ազատել նրանց հարկադրանքից եւ այդ պայմաններից, – ասում է Սայիդան,-եւ այդ պահից, աշխատողների սերն ու կապվածությունն ինձ ոգեշնչեցին կյանքս վտանգի տակ դնել նրանց անվտանգության համար: Ազատվելուց հետո այդ ստրուկների ժպիտներն ու աղոթքներն ինձ ուժ են տալիս։
 
Սայիդան համարում է, որ իր գործը դեռ հեռու է ավարտված լինելուց, նույնիսկ երբ նրան հաջողվում է ազատել ինչ-որ մեկին նման ահավոր միջավայրից։ Երկարատեւ շահագործման վերքը տեւական է. նա հիշում է մի փոքր աղջկա՝ ընդամենը չորս տարեկան, որը փրկվելուց հետո մի քանի շաբաթ չէր կարող ոչ ուտել, ոչ լացել։ Ավելի ուշ Սայիդան իմացավ, որ թրծավառարանի տերը ծեծել է աղջկան ամեն անգամ, երբ նա լացել է ուտելիքի համար։ 
 
«Այդպիսի շահագործումից փաստացի վերականգնվելու հարցում զոհերին օգնելու համար անհրաժեշտ է խնամք, կրթություն, պաշտպանություն ու իրավական օգնություն ապահովող համապարփակ կառույց ունենալ, – ասում է Սայիդան, –դա կօգնի ազատված աշխատողներին հասկանալ իրենց իրավունքներն ու ձեռք բերել այլընտրանքային հմտություններ, որոնք նրանք կարող են օգտագործել օրինական աշխատանք գտնելու համար։ Իր կազմակերպության միջոցով նա կառուցել է Ազատության Կենտրոնների ցանց եւ գործարկել յոթ տեղեկատվական դպրոց, որտեղից մի քանի հարյուր սովորող քայլ է կատարել դեպի նոր կյանք։ 
 
Ամեն մի փրկության պատմություն Սայիդային հույս է տալիս փոխելու պատկերը, կանխելու ապագայում այլոց ստրկության մեջ ընկնելու վտանգը։ Նրա քայլերն արդեն ազդեցություն ունեն՝ Փանջաբի կառավարությունն այժմ ճանաչում է թրծավառարաններում երեխաների հարկադրական աշխատանքի փաստն ընդունելու անհրաժեշտությունը եւ, որպես հետեւանք, գործողության մեջ է դրել նորարարական «Կանանց պաշտպանության ակտը» եւ «Երեխաների պաշտպանության հրամանագիրը»։
 
Սայիդան չնայած հպարտ է այդ ձեռքբերումով, սակայն դրանով չի բավարարվում։ Թրծավառարանների արդյունաբերության մեջ դեռեւս 4,5 մլն աշխատողներ կարիք ունեն օգնության եւ պաշտպանության։ Նա ցանկանում է հիմնել առնվազն եւս չորս Ազատության Կենտրոն Պակիստանի այլ շրջաններում, եւ, ի վերջո, ընդլայնել իր ջանքերն աղյուսի թրծման արդյունաբերության դեմ, որն ընդամենը մեկն է բազմաթիվ ոլորտներից, որտեղ նվաստացուցիչ աշխատանքային պայմաններ են ստեղծված։
 
«Ես աշխատում եմ հասարակության ամենաանտեսված մասի համար, – ասում է նա,-յուրաքանչյուր երրորդ աղջիկը բռնությունների է ենթարկվում է իր տիրոջ կողմից, բռնաբարության զոհ է դառնում հենց թրծավառարանի մոտ, ստրկության մեջ։ Ամեն երրորդ աղջիկը։ Ուստի ես ուզում եմ ազատել նրանց, բոլոր երեխաներին։ Ես ուզում եմ կրթել նրանց, ուժ տալ նրանց։ Դա է իմ երազանքը»:

Սայիդա Ղուլամ Ֆաթիման The Aurora Prize for Awakening Humanity/ «Ավրորա» մրցանակի 2016թ. չորս հավակնորդներից մեկն էր: Մրցանակի Ընտրող հանձնաժողովը կարեւորել է նրա արարքների բացառիկ ազդեցությունն ու նշանակությունը. նա վտանգելով իր կյանքը փրկում է մարդկանց՝ նրանց տալով գոյատեւելու եւ բարօրության հասնելու հնարավորություն: «Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Ամենամյա այս մրցանակն ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ մեծարելու մերօրյա հերոսներին, որոնք անձնվիրաբար օգնում են մարդկանց: «Ավրորա» մրցանակի  առաջին դափնեկիրը հայտնի դարձավ 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում։