«Սկզբունքային լուսաբանում» մրցանակ

«Սկզբունքային լուսաբանում» մրցանակ

Մարտի 9, 2016թ.- «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը տրվելու է այն խիզախ լրագրողներին, որոնք տեղեկատվություն են ապահովում աշխարհի ամենավտանգավոր կետերից՝ կարեւորելով մարդասիրության հիմնախնդիրները:

100 LIVES նախաձեռնությունը եւ Ժուռնալիստների միջազգային կենտրոնը (International Center for Journalism, ICFJ)  հիմնել են  լրագրողական նոր մրցանակ՝ ճանաչման արժանացնելու այն խիզախներին, որոնք լուսաբանում են աշխարհում տեղի ունեցող աղետներն ու ոճրագործությունները:

ICFJ կազմակերպությունը՝ «Ավրորա» մրցանակի հետ համագործակցությամբ, «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը կշնորհի 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում։ 100 LIVES նախաձեռնությունն իր երախտագիտությունն է հայտնում ցեղասպանության տարիներին հայերին փրկության ձեռք մեկնած խիզախներին, եւ աջակցում է այն անհատներին եւ կազմակերպություններին, որոնք նույն ոգով բարեփոխում են աշխարհն այսօր։

«Ավրորա» մրցանակը շնորհելով՝ 100 LIVES նախաձեռնությունը ճանաչման է արժանացնում մերօրյա հերոսներին, ովքեր օգնում են մարդկանց՝ անձնվիրաբար եւ մեծ ջանքերով։ Միանալով 100 LIVES նախաձեռնությանը՝ ICFJ կազմակերպությունը Երեւանում կհայտարարի լրագրողական այս նոր մրցանակի հաղթողին։

«Չափազանց մեծ է այն դերը, որ ժուռնալիստիկան ունի մարդկանց խնդիրները լուսաբանելու եւ մեղմելու գործում: Միջազգային լրագրողների՝ Հայոց ցեղասպանության տարիներին տեղի ունեցածը լուսաբանելու պատրաստակամության եւ ջանքերի շնորհիվ՝ շատ- շատերը ոտքի ելան եւ միջամտեցին։ Նույն նվիրումը մենք այսօր տեսնում ենք Սիրիայում, Սուդանում եւ աշխարհի բազմաթիվ այլ վայրերում, ուր պատերազմ ու ավերածություններ են»,– ասել է 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

ICFJ կազմակերպությունը «Սկզբունքային լուսաբանում» մրցանակը շնորհելու է այն լրագրողին, որը դժվարին պայմաններում ընդգծում է հումանիտար կարեւոր հիմնախնդիրները՝ ներկայացնելով վատագույն իրադրության մեջ գտնվողներին: Այս խիզախ լրագրողն իր ազնիվ եւ անաչառ լրատվությամբ ոգեշնչում է գործել հանուն մարդկանց փրկության։

«ICFJ կազմակերպությունը պատիվ ունի համագործակցելու100 LIVES նախաձեռնության հետ՝ նպատակ ունենալով կարեւորել այն լրագրողների աշխատանքը, որոնք աշխատում են աշխարհի ամենաթեժ կետերում: Մենք հպարտ ենք, որ կարող ենք այսպիսի նշանակալի ճանաչման արժանացնել լրագրողներին»,- նշել է ICFJ նախագահ Ջոյս Բարնաթանը։

«Սկզբունքային լուսաբանում» մրցանակն առաջին անգամ կշնորհվի 2016թ. ապրիլի 24-ին, Երեւանում՝ «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում։ 

Լուսանկարը՝ Մուհամադ Մահդի Քարիմի