Մարդասիրության դասեր

Մարդասիրության դասեր

UWC Դիլիջան քոլեջի ուսանողներն անմասն չմնացին «Ավրորա» մրցանակի շնորհմանը նվիրված միջոցառումներից. Դիլիջանում ընդունեցին մրցանակի պատվավոր հյուրերին, այդ թվում՝ առաջին դափնեկրին: Ապագա առաջնորդների համար յուրաքանչյուր հանդիպում դարձավ մարդասիրության յուրօրինակ դաս: 
 

Բոլոր պատվավոր հյուրերը ճանաչողական շրջայց կատարեցին քոլեջում, որից հետո ուսանողներին հնարավորություն ընձեռվեց հարցեր ուղղել դերասան եւ բարերար Ջորջ Քլունիին եւ միջազգային ակտիվիստ Ջոն Պրենդերգաստին՝ ցեղասպանությունների կանխարգելման եւ մարդու իրավունքների ոտնահարման հարցերով զվաղվող Not On Our Watch կազակերպության համահիմնադիրներին, ինչպես նաեւ զրուցել «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեի եւ լեգենդար ֆրանսիացի երգիչ Շառլ Ազնավուրի հետ: 

 

Դերասան եւ բարերար Ջորջ Քլունիի այցը Դիլիջան տեղի ունեցավ ապրիլի 23-ին, իսկ քոլեջում նրան ուղեկցում էր ուսանողուհի Պամելա Թեբչրանին: 

 

Պամելան առաջինն է, ում տրվել է Ամալ Քլունիի անվան կրթաթոշակը, որն աղջկան հնարավորություն է ընձեռել անվճար սովորել քոլեջում:

 

Երիտասարդ լիբանանցի աղջիկն ազատ տիրապետում է արաբերենին, ֆրանսերենին ու անգլերենին եւ ծրագրում է ուսումնասիրել մարդու իրավունքները՝ հետագայում պայքարելու կանանց իրավահավասարության համար: 

 

Այնուհետեւ ժամանակն էր պատասխանելու UWC Դիլիջան քոլեջի ուսանողների հարցերին:

 

«Միշտ ինչ-որ չափով ակտիվիստ եմ եղել: Հիշում եմ, թե ինչպես կարդացի  The New York Times թերթի հրաշալի հեղինակ Նիկոլաս Քրիստոֆի հոդվածները Դարֆուրում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ այն ժամանակ դրա մասին քիչ էին գրում: Մտածեցի՝ ես գրավում եմ համընդհանուր ուշադրություն, այն անգամ չափազանց մեծ է: Իսկ ի՞նչ տեղի կունենա, եթե տեսախցիկներն իմ հետեւից գնան նման մի վայր: Հնարավոր կլինի քննարկում սկսել մի բանի շուրջ, որն ավելի կարեւոր է, քան այն, թե ինչ կոստյումով էի քալյում կարմիր գորգի վրայով: Աշխատանքի տարիների ընթացքում հասկացանք, որ ոչ ոք ոչինչ չի անում ողբերգությունները կանխարգելելու համար: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ բոլորը կրկնում էին՝ «այլեւս երբեք»: Սակայն ճշմարտությունն այն է, որ նման իրադարձությունները կրկնվում են նորից ու նորից՝ Կամբոջիայում, Բոսնիայում, Ռուանդայում եւ Դարֆուրում», - ասաց Ջորջ Քլունին: 

 

Միջազգային ակտիվիստ Ջոն Պրենդերգաստը (նկարում՝ ձախից) խորհուրդ տվեց միջազգային քոլեջի ուսանողներին սովորել ուշադիր լսել այլ մշակույթի ներկայացուցիչներին: «Այցելեք նշանավոր մշակույթ ունեցող երկրներ եւ կիմանաք նրանց պատմության, գժտությունների բարդ քաղաքական աստառների մասին: Որքան շատ բան գիտես, այնքան ավելի լավ ես հասկանում, որ ոչինչ չգիտես»,- նշեց նա: 

 

«Առավել հաճախ մեր ջանքերը ոչնչի չեն հանգեցնում: Իրականում, անգամ երբ թեւաթափ չեք լինում եւ ամեն ինչ ճիշտ եք անում, շատ հազվադեպ է ստացվում հաղթանակ տոնել: Բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ թողնել»,- ապագա առաջնորդներին իր հերթին խորհուրդ տվեց Քլունին:

 

«Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն UWC Դիլիջան քոլեջ այցելեց ապրիլի 25-ին՝ մրցանակը ստանալու հաջորդ օրը: 

 

Սեփական կյանքը վտանգելով 30.000 երեխա փրկած իրական հերոսի հետ շփվելու հնարավորությունը հատկապես հետաքրքիր էր քոլեջի ուսանողների համար: 

 

«Եթե մարդուն բնորոշ է սեփական արժանապատվության զգացումը, եթե նա լի է կարեկցանքով եւ սիրով, ապա ոչինչ չի կարող նրան ո´չ վախեցնել, ո´չ կանգնեցնել: Սերը հնարավոր չէ կանգնեցնել: Ո´չ բանակները, ո´չ ատելությունը, ո´չ բռնաճնշումները, ո´չ սովը՝ ոչ մի բան չի կարող հաղթել սիրուն», - ասաց Մարգարիտ Բարանկիցեն:
 

Նույն օրը քոլեջի «Հանուն մարդասիրաց» անկյունում տեղադրվել է Մարգարիտ Բարանկիցեի անվամբ ցուցանակը՝ QR-կոդով, որն ուղղորդում է նրա մասին պատմող էջ: «Ավրորայի» առաջին դափնեկրի անունն իր տեղն է գտել մարդասիրական շարժման այնպիսի հայտնի գործիչների անունների կողքին, ինչպիսիք են Ֆրիտյոֆ Նանսենը, Մայր Թերեզան, Անդրեյ Սախարովը եւ Նելսոն Մանդելան: 

 

Ուղիղ մեկ տարի առաջ Բարանկիցեն ստիպված էր լքել հայրենի Բուրունդին: Ներկայում նա բացել է իր բարեգործական կազմակերպության՝ Խաղաղության Տան (Maison Shalom) մասնաճյուղը Ռուանդայում, որտեղ տեղափոխվել է՝ փրկվելով բռնաճնշումներից: Մարգարիտ Բարանկիցեն փորձում է միջոցներ հայթայթել փախստական երեխաներին կրթություն տալու համար. «Ես ուզում եմ, որ նրանք Բուրունդի վերադառնան որպես բժիշկներ եւ գյուղատնտեսներ, այլ ոչ թե զինյալ ապստամբներ»

 

Նույն օրը քոլեջի ուսանողներին եւս մեկ անակնկալ էր սպասվում՝ ֆրանսահայ հայտնի երգիչ ու բարերար Շառլ Ազնավուրի այցը:

 

Ֆրանսիացի մեծ շանսոնիեին UWC Դիլիջան քոլեջի ուսանողները դիմավորում են ծափողջյուններով: 

 

Շառլ Ազնավուրը, քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը եւ UWC Դիլիջան քոլեջի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը: 

 

Ուսանողները հայկական ազգային երգ կատարեցին պատվավոր հյուրի համար: 

 

Հայաստանը երախտագիտությամբ է հիշում Շառլ Ազնավուրի բարեգործական գործունեությունը՝ ի նպաստ 1988թ. Սպիտակի երկրաշարժի տուժածների: Այն ժամանակ նա հիմնել էր «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական հիմնադրամը եւ կազմակերպել մի քանի միջոցառում՝ տուժածներին օգնություն հավաքելու համար: 

 

Ճանաչողական շրջայցից հետո UWC Դիլիջան քոլեջի ուսանողները հյուրին ցուցադրեցին իրենց գեղարվեստական աշխատանքները, որոնք բարձր գնահատվեցին մեծ շանսոնիեի կողմից: 

 

Հուշ-նկար՝ ֆրանսիական էստրադայի լեգենդի հետ