logo
ՓԱԿԵԼMenu
Զիադ Քմեյդ․ «Մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս կրկին ապավինելու իրենց»

Զիադ Քմեյդ․ «Մենք մարդկանց հնարավորություն ենք տալիս կրկին ապավինելու իրենց»

Հարցազրույց Լիբանանում Մերձավոր Արեւելքի հիմնադրամի ներկայացուցչի հետ այն մասին, թե ինչպես է երկիրը ոտքի կանգնում 2020 թ. օգոստոսին Բեյրութը ցնցած պայթյունից հետո:

2020 թ. օգոստոսի 4-ին հուժկու պայթյունը ցնցեց Լիբանանի մայրաքաղաքը, որին զոհ գնաց ավելի քան 200 մարդ, հազարավորները վիրավորվեցին: Կանգնելով Լիբանանի ժողովրդի կողքին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը խոստացավ 200.000 ԱՄՆ դոլար աջակցություն տրամադրել Բեյրութի քաղաքացիներին եւ «Ավրորայի» #AraratChallenge նախագիծն առցանց դրամահավաք սկսեց Բեյրութի հայ համայնքին աջակցելու համար: Ավելի քան 75 տարի աշխատելով Լիբանանում տնտեսության զարգացման ոլորտում՝ Մերձավոր Արեւելքի հիմնադրամն այժմ ներգրավված է Բեյրութում կենսաապահովման միջոցների վերականգնման գործին: Լիբանանում Մերձավոր Արեւելքի հիմնադրամի ներկայացուցիչ պարոն Զիադ Քեմիյըդի հետ մենք զրուցել ենք այն մասին, թե ինչպես է երկիրը ոտքի կանգնում:

Տեղում աշխատելով՝ ինչպե՞ս կբնութագրեիք Բեյրութի ներկա վիճակը:

Այս պահի դրությամբ կա մոտ 200 զոհ եւ ավելի քան 6.500 վիրավոր: Ըստ ՄԱԿ-ի եւ կառավարության տվյալների՝ ավելի քան 150.000 մարդ կորցրել է իր տունը: Անհետ կորածների թիվն այս պահի դրությամբ դեռ այնքան էլ հստակ չէ:

Վնասն իսկապես հսկայական է: Ըստ գիտնականների՝ այս պայթյունն աշխարհում իր մեծությամբ  համարվում է երրորդը, թե չորրորդը՝ Հիրոսիմայից եւ Նագասակիից հետո: Այնպես որ, կարող եք պատկերացնել վնասի չափը: Ոչ միայն տներ, այլեւ շատ ենթակառուցվածքներ՝ լինի առողջապահական, թե այլ տեսակի, վնասվեցին եւ այլեւս ի վիճակի չեն ծառայություն մատուցել: 

Այդ պայթյունից հետո հասարակական եւ միջազգային կազմակերպությունները հիմնականում կենտրոնացած էին հրատապ կարիքների վրա, բայց աշխատանքն այնքան էլ համակարգված չէր: Սկզբում օգնության կրկնակի տրամադրման բազմաթիվ դեպքեր եղան, քանի որ կազմակերպությունները մեկը մյուսի հետ համակարգված չէին աշխատում: Այս պահին իրավիճակն ավելի լավ է, բայց եւ այնպես մենք համակարգված, միասնական աշխատանքի տեսանկյունից դեռ անելիք ունենք, հատկապես երբ խոսքը կենսական միջոցների արագ վերականգնման կարիքների եւ մարտահրավերների մասին է:

– Այսպիսի ողբերգական դեպքի հետեւանքների հետ գործ ունենալը պետք է որ դժվար լինի հատկապես համավարակի պայմաններում: Ինչպե՞ս է այն անդրադարձել վերականգնման աշխատանքների վրա:

Պայթյունից մոտ երկու շաբաթ առաջ մենք սկսեցինք ականատես լինել կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի, եւ հիվանդանոցներն իրենց հնարավորություների սահմանին էին: Տնտեսական ճգնաժամի պատճառով նրանք արդեն իսկ մի կերպ էին դեղորայք եւ անհրաժեշտ նյութեր հասցնում, իսկ հետո մենք ունեցանք դեպքերի կտրուկ աճ՝ օրական դրանք 20-ից հասան 500-ի:

Պատկերացրեք, որ դրան էլ գումարվում է պայթյունը, որի հետեւանքով հիմնովին շարքից դուրս է գալիս երեք հիվանդանոց, իսկ մյուս հիվանդանոցներն էլ ծանրաբեռնվում են վիրավորներով: Նրանց բժշկական օգնություն էին ցույց տալիս հիվանդանոցի մուտքի մոտ, ընդունարանում, քարտուղարության գրասենյակում, քանի որ հիվանդանոցներում բավարար տեղ չկար: Անկասկած, կորոնավիրուսը բարդացրեց աշխատանքը պայթյունից հետո: Ինչեւէ, հիվանդանոցներն այսօր քիչ թե շատ կարողանում են գլուխ հանել իրավիճակից, քանի որ պայթյունից տուժածների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:

Կորոնավիրուսի եւ շարունակվող տնտեսական ու բանկային ճգնաժամի պայմաններում մարտահրավերների պակաս չկա: Եվ այս ամենն ավելի հրատապ է դարձնում կենսական միջոցների վերականգնումը, որպեսզի մարդիկ կարողանան գումար վաստակել եւ կայուն եկամուտ ապահովել իրենց ընտանիքի կարիքները հոգալու համար՝ առանց մարդասիրական օգնությունից երկարաժամկետ կախվածության մեջ ընկնելու: Երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից սա կայուն չէ:  

– Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Մերձավոր Արեւելքի հիմնադրամի Բեյրութի պայթյունից վերականգնման ֆոնդը: Ինչի՞ վրա է այն կենտրոնանում:

Հենց սկզբից մենք առաջ էինք տանում վաղաժամ վերականգնման գաղափարը եւ կենտրոնացած էինք պայթյունից տուժած մարդկանց աջակցելու գործին, որպեսզի օգնեինք նրանց կրկին եկամուտ ստանալ եւ հույս դնել իրենց վրա:

Այսպիսով, նախ մենք աջակցում ենք խոցելի փոքր ձեռնարկություններին, ինչպիսին վարսավիրանոցը կամ մսի խանութն են, որոնք չեն կարող գործունեություն ծավալել պայթյունի հետեւանքով: Աջակցություն տրամադրելիս մենք միշտ գնահատում ենք կարիքները, որպեսզի վստահ լինենք, որ նրանց անհրաժեշտ օգնություն ենք տալիս: Օրինակ՝ գնահատման ժամանակ մսագործը մեզ ասաց, որ իր խանութի բոլոր ապակիները կոտրվել էին, ու շարքից դուրս էր եկել սառնարանը: Կազմակերպություններից մեկն օգնեց ապակիների հարցը լուծել, բայց ոչ ոք նրան նոր սառնարան չբերեց: Ու նա ասաց. «Եթե նոր սառնարան ունենամ, բայց ապակիները չլինեն, ես կարող եմ աշխատել, բայց նոր ապակիներով ու առանց սառնարանի՝ չեմ կարող»: Այդ պատճառով էլ մեզ համար կարեւոր է օգնել նրանց որքան հնարավոր է շուտ վերաբացել իրենց բիզնեսը:

Երկրորդ՝ մենք օգնում ենք հմտություններ ունեցող աշխատողներին, որոնք պայթյունի հետեւանքով կորցրել են աշխատանքը: Մենք նրանց տրամադրում ենք անհրաժեշտ նյութեր՝ վերսկսելու իրենց գործը, եւ նրանց կապում ենք դժվարին դրության մեջ գտնվող ընտանիքների հետ, որոնց պետք է տունը  նորոգել, որպեսզի այս մարդիկ կարողանան իրենց ծառայությունները մատուցել անվճար: Հետո Մերձավոր Արեւելքի հիմնադրամը վճարում է վարպետներին: Ստացվում է, որ բոլորն էլ շահում են:

Աջակցության երրորդ տեսակը, որի վրա կաշխատենք ավելի ուշ, քանի որ այն ավելի շատ միջնաժամկետ եւ երկարաժամկետ նախաձեռնություն է, օգնում է նրանց, ովքեր աշխատել են նավահանգստում եւ պայթյունի հետեւանքով կորցրել են աշխատանքը: Մենք ուսումնասիրում ենք մասնագիտական վերապատրաստման հարցը, որպեսզի աջակցենք մարդկանց այն խոցելի խմբերին, որոնք պայթյունի պատճառով կորցրել են աշխատանքը՝ օգնելով նրանց դիվերսիֆիկացնել իրենց հմտությունները, որպեսզի համապատասխանեն շուկայի եւ գործատուի պահանջներին:

Ահա այն երեք ուղղությունները, որոնց վրա ներկա պահին աշխատում է Մերձավոր Արեւելքի հիմնադրամը տեղի գործընկերների հետ՝ համակարգելով աշխատանքը տեղական եւ միջազգային գործընկերների հետ, ֆինանսապես մեզ աջակցող կազմակերպությունների հետ, ինչպիսին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն է:

— Ակնհայտորեն դուք ունեք կարճաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ: Ե՞րբ եք ակնկալում տեսնել առաջին արդյունքը, եւ ի՞նչ է անհրաժեշտ ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար:

Առաջին երեք ամիսը մենք հիմնականում կկենտրոնանանք մասնագետների եւ փոքր ու միջին բիզնեսի խոցելի խմբերի վրա՝ գնահատելով նրանց կարիքները եւ տրամադրելով աջակցություն: Դրանից երեք ամիս անց ուսումնասիրություն կիրականացնենք: Գուցե այս շահառուները որոշ լրացուցիչ տեխնիկական աջակցության կարիք ունեն, քանի որ աջակցությունը, որ ծրագրում ենք տրամադրել, միայն ֆինանսական եւ նյութական չէ, այլ նաեւ տեխնիկական: Դրանից հետո մենք կգնահատենք ազդեցությունը եւ ապա, իհարկե, կառաջարկենք առաջընթացի ծրագիր, որպեսզի հասնենք մեր երկարաժամկետ նպատակներին:  

Մեծ աջակցություն ենք ստացել, բայց, ցավոք, ավելին է անհրաժեշտ, հատկապես ապրուստի միջոցներն արագ վերականգնելու համար: Մեծ աջակցություն է անհրաժեշտ վնասները վերականգնելու համար, դրանից բացի, տնտեսական եւ առողջապահական ճգնաժամը հաղթահարելու համար: Ահա թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի միջազգային հանրությունն օգնության ձեռք մեկնի Լիբանանին՝ վերականգնվելու եւ վերակառուցվելու համար, օգնի մարդկանց ստանալ անհրաժեշտ միջոցներ՝ կայուն եղանակով:

Խնդրում ենք աջակցել Բեյրութի ժողովրդին՝ միանալով միջազգային դրամահավաքին եւ կատարելով նվիրատվություն այստեղ:

Լուսանկարը՝ Բեյրութի խոշոր պայթյունից հետո: © Մարուան Նաամանի, Getty Images