logo
ՓԱԿԵԼMenu
Միասին դիմակայելով ճգնաժամին

Միասին դիմակայելով ճգնաժամին

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Ավրորան» եւ նրա գործընկերները դաշնակից են աշխարհին՝ տարածելով մարդասիրության եւ համերաշխության ուղերձներ: Ահա Բեռլինի Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի (ESMT Բեռլին) նախագահ, պրոֆեսոր Յորգ Ռոխոլնի տեսակետը.

Տարեսկզբին, երբ մտածում էի 2020 թվականի հնարավորությունների եւ մարտահրավերների մասին, բազմաթիվ եւ բազմատեսակ հարցեր էին առաջ գալիս: Համավարակի հավանականությունը, հաստատ, դրանց թվում չէր: Նույնիսկ հունվարին, երբ առաջին անգամ լսեցի նոր կորոնավիրուսի մասին, չէի էլ կարող պատկերացնել, որ ընդամենը երկու ամիս անց սահմանափակումները կհասնեն այս աստիճանի ու համաշխարհային բնույթ կկրեն: Դա պարզապես դուրս էր իմ երեւակայությունից: Ինձ համար սա կարեւոր դաս է. ապագան ծրագրելիս մենք պետք է ավելի շատ տեղ տանք անիրական թվացող, ծայրահեղ սցենարների հավանականությանը:

Բեռլինի Կառավարման եւ տեխնոլոգիաների եվրոպական դպրոցում (ESMT) մենք ստիպված էինք մարտի 13-ից դադարեցնել ուսուցումը լսարաններում եւ անցնել առցանց դասերի: Չնայած այս հանկարծակի մեկնարկին՝ մեր դասախոսները գերազանց գլուխ հանեցին: Մենք արդեն մի քանի տարի է լուրջ ներդրումներ ենք անում թվային ուսուցման բնագավառում, ինչը, հաստատ, առավելություն է ներկա իրավիճակում: Այդուհանդերձ, մեր առջեւ ծագած խնդիրները զգալի են եւ տարաբնույթ՝ թե՛ անձնակազմի, թե՛ ուսանողների համար: Նրանցից գրեթե բոլորն աշխատում են եւ սովորում տնից, շատերը ստիպված են միաժամանակ նաեւ երեխաների մասին հոգ տանել: Իսկ մեր ուսանողները ցանկանում են ժամանակին ավարտել ու նույն ակնկալիքն ունեն՝ ուսուցման ոլորտում առաջնակարգ որակ եւ վերահսկողություն։

Ներկա իրավիճակում մենք ապավինում ենք մեր ծնողների, ուսանողների եւ աշխատակիցների հետ մշտական եւ բաց հաղորդակցությանը: Մեր դասախոսները չափազանց ստեղծագործ են եւ աշխատում են ոգեշնչել ուսանողներին նույնքան, որքան լսարանում: Իրենց թվային դասախոսությունների համար նրանք տարբեր առցանց գործիքներ են կիրառում՝ հարցումներ, բիզնես սիմուլյացիոն խաղեր եւ այլն: Մենք մշտապես դիտարկում ենք նոր եւ կարեւոր ոլորտները, որոնք կբարձրացնեն մեր առցանց ուսուցման ազդեցությունն ապագայում:

Մեր կարծիքով՝ այս ճգնաժամն ընդհատում է, ոչ թե խզում։ Բայց երկու տարբերակի համար էլ ռազմավարություն կմշակենք: Մի բան հստակ է. մեզ համար առաջնային են մեր ուսանողներն ու կրթությունն իրականացնողները՝ լինի ուսուցումը դեմառդեմ լսարանում, թե առցանց: