logo
ՓԱԿԵԼMenu
Գաղափարների բազմազանություն

Գաղափարների բազմազանություն

2021 թ. հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Aurora Dialogues առցանց քննարկումը, որի ընթացքում ներկայացվեցին նաեւ 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ հասած երեք նախագծերը: Ծավալված քննարկման ընթացքում բանախոսները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց տեսակետները մարդկային մտածողության, արարելու եզակի միջոցների վերաբերյալ, ինչպես նաեւ խորհելու երիտասարդներին խրախուսելու կարեւորության մասին, որպեսզի նրանք իրենց հմտություններն ու տաղանդն օգտագործեն ի բարօրություն աշխարհի՝ այն դարձնելով ավելի լավը: 

«Երիտասարդական Ավրորան» այս տարի նշում է իր հնգամյակը։ Այն ձեռարկել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 2017 թվականին՝  համագործակցելով UWC International-ի, Teach For All (Կրթություն բոլորի համար) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի հետ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ UWC International կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալ Հաննա Թյումփելը, ապա խոսքը փոխանցեց սոցիալական ներդրող եւ գործարար, RVVZ ընտանեկան հիմնադրամի համահիմնադիր եւ UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդին: Շնորհավորելով 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ հասած թիմերին՝ Վերոնիկա Զոնաբենդը նշեց. «Մենք լիահույս ենք, որ այս նախագծով կօգնենք երիտասարդներին գտնելու իրենց կոչումը, ճանաչելու սեփական անձն ու հասկանալու, թե կյանքում ինչով են ուզում զբաղվել: Եզրափակիչ հասած մեր ուսանողներն ունեն գաղափար, որով տարված են, ունեն տաղանդ, եւ ես խորապես հավատացած եմ, որ կդառնան մարդկանց միջեւ հարաբերություններ հարթողներ՝ կամուրջներ ստեղծողներ»: 

Այնուհետեւ ներկայացվեցին 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» եզրափակիչ հասած UWC Ատլանտիկ, UWC Արեւելյան Աֆրիկա եւ Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա քոլեջների թիմերի նախագծերը` ուղղված մարդասիրական խնդիրների հաղթահարմանն իրենց համայնքներում: Ժյուրիի անդամները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու թիմերին, իսկ հետո ժամանակ՝ հաղթողին որոշելու: Ժյուրիում ընդգրկված էին 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ ղեկավար Միրզա Դինային, UWC International խորհրդի անդամ Մարիա Ինես Կավամուրան, UWC Դիլիջանի խորհրդի անդամ եւ կրթական գծով խորհրդատու Ալիս Պետրոսյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը եւ 2016 թ. «Ավրորայի» հերոս, «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար Սայիդա Ղուլամ Ֆաթիման: 

Մինչ ժյուրին կայացնում էր իր վերջնական որոշումը,  սկսվեց «Գաղափարների բազմազանություն» թեմայով քննարկումը: Այն վարում էր Արեւելյան Միջերկրածովյան միջազգային դպրոցի համաշխարհային քաղաքականության ուսուցիչ Խայմե Նիեմանը, որին որպես բանախոսներ մասնակցում էին UWC International-ի խորհրդի նախագահ Մուսիմբի Քանյորոն եւ UWC Դիլիջանի 2021 թ. շրջանավարտ, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ուսանող Զաք Մերիդան: 

Մտորելով այն մասին, թե ինչն է առաջ մղում երկխոսելու եւ հաղորդակցվելու քեզնից տարբերվող  մարդկանց հետ՝ UWC International-ի խորհրդի նախագահ Մուսիմբի Քանյորոն ասաց. «Ինձ ոգեշնչում է այն, ինչ տեսնում եմ ուրիշների մեջ, որը ես չունեմ: Եվ ես ուզում եմ սովորել նրանցից: Ինձնից տարբերվող մարդկանց մեջ ես տեսնում եմ այն, ինչը կհարստացնի ինձ, եւ ես, իմ հերթին, ցանկանում եմ փոքր-ինչ ներկայացնել, թե ով եմ ես, ինչ աշխարհընկալում եւ ինչ փորձառություն ունեմ: Երբ մենք միավորում ենք այս ամենը, այն իսկապես ընդլայնում է ընկալումը թե՛ մեր, թե՛ աշխարհի մասին, որտեղ մենք ապրում ենք»:  

Որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ուսանող Զաք Մերիդան կարեւորեց ժամանակակից կրթությունը․ «Կարծում եմ, որ կրթության ոլորտում վերջերս տեղի ունեցած ամենակարեւոր հեղափոխություններից մեկն այն է, ինչը սովորաբար կոչվում է ազատական արվեստ: Դա այն է, երբ ուսանողները, ծանոթանալով գիտության տարբեր ճյուղերի հետ, մեծ պաշար են ստանում: Ակնհայտորեն ազատական արվեստին ուղղված քննադատություններից մեկն այն է, որ գաղափար կազմելով ամեն ինչից՝ ոչ մի բանում չես մասնագիտանում: Բայց, իմ փորձով, դու չես կարող տարանջատել այդ տարբեր ոլորտները, որոնք պատմում են տարբեր երեւույթների եւ առարկաների մասին: Վերջ ի վերջո, ասածիս լավագույն վկայությունը համավարակն էր»։ 

Միջոցառման մոդերատոր Արեւելյան Միջերկրածովյան միջազգային դպրոցի համաշխարհային քաղաքականության ուսուցիչ Խայմե Նիեմանն առաջ քաշեց նույն տարածքում եւ նույն վայրում մտքերի բազմազանության հնարավորության հարցը: «[Կա] համընդհանուր փորձառությունների շարք, որը մեզ բոլորիս դարձնում է մարդ: Մենք կարող ենք հասկանալ, որ մարդիկ ունեն ընդհանուր փորձառություն, եւ մշակութային առումով, երբ մենք ժամանակ ենք անցկացնում  մեզնից տարբեր մարդկանց հետ, մենք փոխակերպվում ենք: Մենք հաղորդակցման նոր ձեւեր ենք գտնում: Բայց երբեմն մտքերի եւ գաղափարախոսությունների, համոզմունքների բազմազանությունն ինչ-որ առումով լարվածության տեղիք է տալիս»,- բացատրեց պարոն Նիեմանը, որը նույնպես շնորհակալություն հայտնեց բանախոսներին՝ քննարկմանը միանալու համար:

Միջոցառման ավարտին 2021 թ. «Երիտասարդական Ավրորայի» հաղթող հայտարարվեց Waterford Kamhlaba UWC Հարավային Աֆրիկա քոլեջի թիմն իր «Հույսի սերմեր» նախագծով՝ ստեղծելու երիտասարդական կենտրոն Մալինձա փախստականների ճամբարի երիտասարդների համար, որը միաժամանակ կծառայի նաեւ որպես առցանց կրթական կենտրոն եւ սոցիալական տարածք: Նախագծի հետագա զարգացման համար ուսանողներն ստացան 5.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: 

Անգլերեն քննարկումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորեւ: