logo
ՓԱԿԵԼMenu
Բոլորս էլ երազում ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին

Բոլորս էլ երազում ենք վերադառնալ մեր բնականոն կյանքին

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Ավրորան» եւ նրա գործընկերները դաշնակից են աշխարհին՝ տարածելով մարդասիրության եւ համերաշխության ուղերձներ: Սյունակի հեղինակը Վիրջինյա Էլենա Ռաջին է՝ Հռոմի քաղաքապետը: Քաղաք, որը մեծապես տուժել է կորոնավիրուսի համավարակից:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմը պայքարում է ամբողջ աշխարհում բռնկված սարսափելի համավարակի դեմ՝ ամեն ինչից վեր դասելով առողջությունն ու իր քաղաքացիների բարեկեցությունը: Ազգային օրենսդրությանը համապատասխան՝ մենք մի շարք միջոցառումներ ձեռնարկեցինք, որպեսզի երաշխավորեինք անվտանգությունն ու սոցիալական հեռավորությունը հասարակական վայրերում: Տեղաշարժը սահմանափակվեց, ուղեւորությունների թիվը կրճատվեց, ջերմաչափող սարքեր տեղադրվեցին քաղաքի գլխավոր՝ Տերմինի կայարանում: Կարանտինի ժամանակ սմարթ՝  նորագույն տեխնոլոգիաներով հագեցած աշխատելաոճը դարձավ աշխատողների անվտանգությունը երաշխավորելու հիմնական մեթոդը:

Տեղացի կամավորականների հետ համագործակցության շնորհիվ՝ Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտն ապահովեց առաջնային անհրաժեշտության ապրանքների հասանելիություն եւ օժանդակություն առօրյա գործերում` կարիքի մեջ գտնվողների, տարեցների, անօթեւանների, հաշմանդամություն ունեցողների համար: Կարմիր խաչի հետ համատեղ կամավորականների աշխատանքը չափազանց կարեւոր էր. մարտի 23-ից ապրիլի 12-ն ամեն օր կամավորական երեսունչորս ասոցիացիաների միջինը հարյուր միավորումներ աշխատում էին տեղերում: Կարանտինի առաջին երեք շաբաթը մենք օգնության 1.648 հայտ ստացանք (որոնցից 392-ն առաջնային անհրաժեշտության ապրանքների), եւ դիմակների 273 խմբաքանակ բաժանվեց ծայրահեղ կարիքի մեջ գտնվող քաղաքացիներին, հաստատություններին եւ գրասենյակներին:  

Շատ տարբեր օրինակներ կան, թե ինչպես Հռոմի բնակիչները մեծագույն համերաշխություն դրսեւորեցին արտակարգ դրության ժամանակ՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից վատթար վիճակում հայտնվածներին սննդի վաուչեր նվիրաբերելուց մինչեւ որոշ տեղական խանութների կողմից պարենային ապրանքների առաքման կազմակերպում՝ հնարավորություն տալով քաղաքացիներին կատարելու նվիրատվություն «Spesa sospesa» (Հացը կիսել) նախաձեռնությանը՝ գնելով մթերք բարեգործական նպատակով:

Հռոմ քաղաքն իր համերաշխությունը ցույց տվեց քաղաքացիներին՝ ստեղծելով հոգեբանական աջակցության թեժ գծեր դժվարության մեջ հայտնված դեռահասների եւ ընտանիքների համար, ինչպես նաեւ սպասարկելով մշակութային կարիքները #laculturaincasa (Մշակույթը` տանը) նախաձեռնության օգնությամբ, ինչը յուրաքանչյուրին հնարավորություն տվեց անվճար վիրտուալ այցեր իրականացնել տարբեր թանգարաններ: Նպատակը քաղաքացիներին զբաղեցնելն էր, աջակցելը եւ առաջնորդելը յուրաքանչյուրիս համար այս շատ զգայուն եւ դժվարին պահերին:

Մեր կյանքն ու սովորույթներն արմատապես փոխվել են, եւ մենք բոլորս երազում ենք հնարավորինս շուտ վերադառնալ մեր բնականոն կյանքին: Միաժամանակ հույս ունենք, որ համերաշխության բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք ձեւավորվել են, ճանապարհ կհարթեն նոր նախագծերի եւ նոր արժեքների համար՝ հօգուտ քաղաքացիների միջեւ ավելի մեծ համերաշխության, ավելի ներառական եւ համագործակցող հասարակության: Թող այս ողբերգական փորձն օգնի մեզ հասկանալ, թե որոնք են իրական ու կարեւոր արժեքները կյանքում: