logo
ՓԱԿԵԼMenu
Մհեր Գարագաշյան

Մհեր Գարագաշյան

Մոնրեալի Սուրբ Հակոբ հայկական դպրոցում պատմություն դասին Մհեր Գարագաշյանը լսարանին հիշեցնում է. «Ինչ դժվարություն կամ մարտահրավեր էլ կյանքը դնի ձեր առջեւ, դիմադրեք ու պայքարեք։ Իմ պապերն ինձ սա են ավանդել։ Դա էր նաեւ հանգուցյալ տատիս պատգամը, եւ ինքս մեծացել եմ այդ գաղափարով»։
 

Ոչ այդ ուղերձը եւ ոչ էլ նրա նվիրումը հայկական մշակույթին զարմանալի չեն, քանի որ Մհերի պապուտատերը ծագումով Մուսա լեռից (Ջաբալ Մուսա) կամ Մովսեսի լեռից են՝ Կիլիկիայի (այժմ՝ հարավ-արեւելյան Թուրքիայում) նշանավոր վայրից, որտեղ 1915-ին հայերը հերոսաբար դիմադրեցին իրենց վեց գյուղերը բնաջնջելու եկած թուրքական ուժերի հարձակումներին։

Հիսուն օր ու հիսուն գիշեր քաջ մուսալեռցիներն առասպելական դիմադրություն ցույց տվեցին բազմակի գերազանցող ուժերին։ Եվ երբ սեփական ուժերը գնալով նոսրացան, ֆրանսիական ռազմանավերից մեկը նշմարեց Մուսա լեռան պաշտպանների՝ օգնության ազդանշանն ու տարհանելով փրկեց ողջ բնակչությանը։ Մասնավորապես մեկ մարդ՝ ֆրանսիական նավատորմի փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն, միանձնյա եւ արդարամիտ որոշմամբ անսաց հայության կոչին։

Նրա շնորհիվ էր, որ առանց չափազանցության՝ հազարավոր հայերի հետ փրկվեց նաեւ Գարագաշյան ընտանիքը։

Մուսա լեռան հերոսամարտը վերապրողներից շատերը տեղափոխվեցին Անդրլիբանանի լեռներ՝ Բեքաայի հովտում ընկած Անջար քաղաքը, որտեղ էլ ծնվել եւ տեղի Գյուլբենկյան հայկական ավագ դպրոցում ուսանել է Մհեր Գարագաշյանը։ Նա ասում է. «Սա երախտագիտության պատմություն է։ Այս մարդու որոշման շնորհիվ է, որ իմ նախնիները փրկվեցին, ու մեր կյանքը շարունակվեց։ Նրա որոշման շնորհիվ է, որ ես այսօր կամ»։

 

                                                    Անջարը 1939 թվականին

Մուսա լեռան հերոսամարտը

Ներկայիս Թուրքիայի Հաթայ նահանգում կար հայկական վեց գյուղերից բաղկացած մի գյուղախումբ՝ ընկած Միջերկրական ծովի արեւոտ ափին վեր խոյացող Մուսա լեռան հարավային լանջերին։ 1915 թվականի հուլիսի վերջին տեղի հայությունը թուրքական կառավարությունից զանգվածային տեղահանության պատրաստվելու պաշտոնական հրահանգ ստացավ։ Լինելով հարավ՝ դեպի Սիրիա տանող ճանապարհի մոտ ընկած վերջին հայկական գյուղերի բնակիչներ, օսմանյան բանակից փախած հայ զինվորներից տեղեկացան, որ «տեղահանությունը» ծածկաբառ էր. իրականում այն նշանակում էր, որ տղամարդիկ գնդակահարվելու էին, նրանց կանայք ու երեխաները՝ մահվան մատնվելու բռնաբարությունից ու սովից՝ սիրիական անապատով դեպի համակենտրոնացման ճամբարներ մահվան երթի ընթացքում, իսկ մազապուրծ տեղ հասածներն ուժասպառ էին լինելու եւ մեռնելու հիվանդություններից։

Սա գիտակցելով՝ վեց գյուղերի ավագներն ու հոգեւոր առաջնորդները ժողով արեցին՝ քննարկելու եղած տարբերակները, որոնք շատ չէին՝ հաշվի առնելով, թե որքան քիչ զենք ու մարդուժ ունեին նրանք թուրքական ուժերին դիմադրելու համար։ Հաջորդ օրը գյուղացիներից 1300 հոգի քվեարկեց հօգուտ տեղահանության (նրանք հետագայում գրեթե գլխովին կոտորվեցին), իսկ մեծամասնությունը՝ մոտ 4100 հայ, մեծից փոքր, ունեցած զենքով, պարենով ու անասուններով սկսեցին վերելքը դեպի լեռան լանջերը, որտեղ կազմակերպեցին այնքան անվեհեր ու կենաց-մահու մի դիմադրություն, որ հետագայում այն անմահացվեց հրեական ծագումով ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» բեսթսելերում. գիրք, որը տարիներ անց՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ոգեշնչման աղբյուր դարձավ Եվրոպայում հրեական դիմադրության համար։

Հայերը, նրանց մեջ նաեւ Գարագաշյանի նախնիները, թուրքական հարձակումներին դիմադրեցին հուլիսի վերջից մինչեւ սեպտեմբերի կեսերը. «Տատս պատմում էր, որ երրորդ գրոհի վերջում հայ մարտիկներից ոմանք սկսել են նահանջել, իսկ թուրքերն առաջ էին գալիս եւ արդեն մոտենում ճամբարին։ Հայկական կողմի սակավաթիվ մարտիկներ փորձում էին պահել դիրքերը։ Տարեց հոգեւորականը ժողովում է մարդկանց եւ ասում, որ հետեւեն իրեն դեպի ծովն ու փոխանակ թուրքի կողմից բռնաբարվելու, խոշտանգվելու եւ մորթվելու՝ արժանապատվորեն խեղդվեն։ Հենց այդ էլ պատրաստվում էին անել, երբ իրենց մարտիկները լեռան լանջից ցած սուրացին դեպի ափ ու գոռացին՝ մի՛ արեք, մի՛ արեք, թշնամին փախավ։ Անսպասելի բեկումը տեղի էր ունեցել, երբ նահանջող հայ մարտիկները մեղքի զգացում էին ունեցել եւ վերախմբավորվելով՝ միացյալ ճակատով հարվածել թուրքական ուժերին՝ ջլատելով ու հետ մղելով նրանց»,- ասում է Մհերը։

Փաստացի՝ հայերը փրկվեցին հիմնականում այն բանի շնորհիվ, որ կանանց պատվիրեցին սավաններից երկու մեծ դրոշ կարել, որոնցից մեկին կլիներ կարմիր խաչ, մյուսին՝ «Քրիստոնյաները վտանգված են» անգլերեն գրություն։ Երկու դրոշն էլ նրանք ամրացրեցին լեռան ծովահայաց լանջին։

Նրանք հուսով էին, որ անգլիական ու ֆրանսիական ռազմանավերը, որ հաճախ էին նավարկում ծովի այդ հատվածով, կնշմարեն իրենց ազդանշանը։

Հենց դա էլ տեղի ունեցավ սեպտեմբերի 7-ին, երբ ֆրանսիական «Գիշեն» հածանավը նկատեց կարմիր խաչով դրոշը։ Նավին մոտեցավ մի լողորդ՝ հասցնելով հայության օրհասական վիճակը նկարագրող նամակը։ Նավի հրամանատարը՝ փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեն, հայերին որոշ թվով զենք ու զինամթերք տվեց եւ խոստացավ օգնել։ Նա հեռագրեց ֆրանսիական բարձրագույն հրամանատարությանը՝ թույլտվություն խնդրելով օգնելու հայերին։ Սակայն նախքան պատասխան կստանար, Ֆուրնեն դիմեց ինքնակամ քայլի, կանչեց եւս չորս ռազմանավ եւ սեպտեմբերի 12-ին սկսեց միանձնյա տարհանել մուսալեռցիներին։ Դյու Ֆուրնեն պնդեց, որ նավ բարձրանան նաեւ հայ մարտիկները, թեեւ վերջիններս խնդրել էին փրկել միայն իրենց ընտանիքներին։
 

Պորտ Սաիդ եւ անդին

Ֆրանսիական նավերը հայ գաղթականներին հասցրին մինչեւ Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստը, որտեղ նրանց համար արդեն փախստականների ճամբար կար նախապատրաստված։ Այստեղ նրանք մնացին չորս տարի, այնուհետ տեղափոխվեցին իրենց գյուղերը՝ կրկին բնակվելով հայրենի տներում մինչեւ 1939 թվականը, երբ Թուրքիան անեքսիայի ենթարկեց Սիրիայի հյուսիս-արեւմտյան հատվածը, ներառյալ Մուսա լեռն ու շրջակա տարածքները։

Ֆրանսիացիները հայերին ընտրության հնարավորություն ընձեռնեցին՝ մնալ տեղում կամ վերաբնակվել Լիբանանում, որն այդ ժամանակ Ֆրանսիայի ենթակայության տակ էր։ Չցանկանալով դարձյալ թուրքերի ձեռքն ընկնել՝ հայությունն ընտրեց վերջին տարբերակը։ «Ահա այսպես էլ նախնիներս հայտնվեցին Անջարում՝ նախկինում ճահճոտ մի տեղանքում, որը ծածկված էր հռոմեական կայսրության եւ ումմայադների խալիֆայության շրջանի ավերակներով»,– նշում է Մհերը։ Չնայած մալարիային եւ այլ հիվանդություններին, որոնց բախվեցին հայերն Անջարում, նրանք գոյատեւեցին ու ստեղծեցին բարգավաճ համայնք։ Ասես նախանշելով Վիլյամ Սարոյանի հայտնի (թեպետեւ չափից շատ տարածված) մեջբերումը*՝ նրանք ստեղծեցին մի յուրահատուկ Նոր Հայաստան, որտեղ «վերաբնակեցրին» իրենց բոլոր հոգեւոր, լեզվական, խոհարարական եւ այլ ավանդույթները։

 

 

                                         Անջարի բնակիչներն առաջին տարիներին

Հպարտ ժառանգ

Մուսա լեռան հերոսամարտի մասին խոսելիս Գարագաշյանի ձայնում կարոտի ելեւէջներ են հայտնվում. «Մենք կորցրինք մեր տները, մեր հողերը, մեր այգիները։ Ամեն տուն շրջապատված էր նարնջի հսկայական այգիներով։ Հիմա դրանք թուրքերինն են, մերը չեն։ Դա անչափ գեղեցիկ տեղ է։ Տեսել եմ։ Լեռների, ծովի ու նարնջի ծաղիկների մեջ թաղված երանելի մի վայր»։

Ինչո՞ւ է Մհերն այդքան հպարտանում մուսալեռցի եւ անջարցի լինելով. «Որովհետեւ մենք հազվագյուտ բացառություն էինք՝ մարդիկ, որ կարողացանք դիմադրել ու հաղթել օսմանյան բանակին։ Մենք դարձանք խորհրդանիշ՝ ասելով, որ եթե մյուս անգամ էլ մեզ հետ նման որեւէ բան պատահի, դիմադրությունը չի ուշանալու։ Այդ պատճառով էր, որ երբ 1933 թվականին Ֆրանց Վերֆելը հրատարակեց իր գիրքը, այն ավելի ուշ դարձավ Եվրոպայում հրեական դիմադրության աստվածաշունչը։ Վարշավայի գետտոյի յուրաքանչյուր հրեա կարդացել էր այն։ Դա՛ նրանց ոգեշնչեց պայքարի ելնելու նացիստների դեմ»։

 

Մհերի ծնողները՝ Վերժինե Մանճյանն ու Վազգեն Գարագաշյանը, զբոսնում են Անջարով (1959 թվական)։ Ճահիճներում 20 տարի առաջ բնակություն հաստատելուց ի վեր՝ նրանք իրենց վրանային ավանը վերափոխեցին ծաղկուն բնակավայրի՝ շրջապատված խնձորի այգիներով։

Մհերի հորական պապ Պետրոս Գարագաշյանը՝ Հարություն եւ Վարդուհի Գարագաշյանների որդին, Մուսա լեռան հերոսամարտի օրերին ընդամենը 11 տարեկան էր։ Մհերի հորական տատը՝ Վիկտորյա Գարթունյանը, 6 տարեկան էր։ Մորական պապը՝ Տիգրան Մանճյանը, 5 տարեկան էր եւ ապրում էր ծնողների՝ Փանոս ու Մարո Մանճյանների հետ։ Եվ վերջապես՝ Մհերի մորական տատ Իսկուհի Սգայանը ծնվել է Պորտ Սաիդի փախստականների ճամբարում 1917 թվականին։

Մհերի հորական եւ մորական երկու մեծ պապերն էլ՝ Հարությունն ու Փանոսը, հերոսամարտի մասնակից են։ «Հարությունն աշխատում էր որպես հսկիչ-պահապան դեպի Իրան եւ ավելի հեռու ուղեւորվող առեւտրական քարավաններում։ «Գարագաշ» (թուրքերեն՝ սեւ հոնքերով) մականունը նա ստացել էր թուրք հրոսակների հետ բախումից հետո։ Որպեսզի իրենց սպասող հրոսակապետին պատասխան տան, թե ով էր, որ միանձնյա սպանել էր իրենցից չորսին, անհաջող հարձակումից ողջ վերադարձած բանդիտներն ասել էին, թե՝ անունը չգիտենք, բայց այդ իգիթը թավ, սեւ հոնքեր ուներ։ Այս մականվան հետեւանքով մեր ազգանունը Սեքայանից վերածվեց Գարագաշյանի»,- պատմում է Մհերը։ 

 

 

                                             Մհերի մորական պապ Տիգրան Մանճյանը

«Երկու կողմիս նախնիներն էլ ծագում են Վագըֆ կամ, ինչպես մեր բարբառով ենք ասում, Մագըֆ գյուղից»,- պատմում է Մհերը՝ նշելով որ ընտանեկան բոլոր պատմությունները լսել է իր Իսկուհի տատից։ «Քնելուց առաջ նա մեզ միշտ պատմում էր «Լեռան պատմություններ», որոնք խորապես ազդել են ինձ վրա։ Տարեց տերտերի հուսահատ ու խիզախ քայլը, որով նա ուզում էր փրկած լինել գոնե մարդկանց արժանապատվությունը, երբ կարծում էին, թե ամեն ինչ ավարտվել է, կամ նահանջող մարտիկների պատասխան հարձակումը եւ, հատկապես, կենաց-մահու կռվի բռնված հերոս ռազմիկների երկաթյա վճռականությունը՝ դրանցից յուրաքանչյուրը դաս էր եւ անգնահատելի ժառանգություն ողջ կյանքի համար»,- ասում է նա։

Շարունակելով՝ Մհերը ներկայացնում է, թե որքան չարքաշ է եղել մուսալեռցիների կյանքը նույնիսկ Անջար տեղափոխվելուց եւ այնտեղ հաստատվելուց հետո։ «Անջարում ապրելու առաջին տարիներին շաբաթական թափորներ էին կազմակերպվում վրանային Սբ. Պողոս եկեղեցի՝ հողին հանձնելու այն երեխաներին, որ մեռնում էին թերսնումից ու մալարիայից»։ 

 

 

Գարագաշյան ընտանիքը (ձախից աջ). Մհերի պապը՝ Պետրոս Գարագաշյանը, հորեղբայրը՝ Հարությունը (այժմ՝ Գերաշնորհ Տեր Աշոտ Գարագաշյան), տատը՝ Վիկտորիա Գարագաշյանը (ծափ է տալիս) եւ հայրը՝ Վազգենը, Անջարում պարելիս։ Մուսալեռցիներն իրենց նոր տունն ստեղծեցին զրոյից, իսկ կյանքի տոնական պահերը նշում էին հայրենի երկրից բերված պարերով։ 

Երախտագիտություն

Ֆրանսիացի փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեից բացի, Գարագաշյանը երախտապարտ է նաեւ գրող Ֆրանց Վերֆելին՝ Մուսա լեռան պատմությունը գրի առնելու եւ այն աշխահով մեկ ժողովրդականացնելու համար։ Նրա երախտագիտությունը տարածվում է նաեւ իր բոլոր նախնիների վրա, որոնք, մահվանն հանդիման, նախընտրեցին կյանքը՝ պայքարի ելնելով Մովսեսի լեռան վրա։ Եվ վերջապես՝ նա նշում է եւս մի չերգված հերոսի, այս անգամ ոչ թե մարդու, այլ կարմիր խաչով այն դրոշը, որն այդքան կյանք փրկեց՝ ֆրանսիացիներին ահազանգելով փառապանծ այս լեռան բարձունքին մուսալեռցիների օրհասական դրության մասին։ «Մինչ օրս կարմիր խաչով դրոշը պահվում է Անջարում՝ որպես սրբազան մասունք… Սավաններից կարված այս ինքնաշեն ցուցապաստառը մեր նախնիների հույսն ու հավատն է՝ փոխանցված մեզ։ Լինի Անջարում, թե Հայաստանի Մուսալեռ ավանում՝ երբ մենք նշում ենք Խաչվերացը [Խաչվերացը տոնվում է ի հիշատակ 628 թվականին Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից ազատման եւ Հայաստանի տարածքով Երուսաղեմ վերադարձի], մենք փառավորում ենք նաեւ կարմիր խաչակիր մեր դրոշը։ Մենք այն պարզապես կոչում ենք «Խաչ» եւ երկու խորհուրդները միավորում մեկ տոնի մեջ»,- ասում է Մհերը։

Որպես ամփոփում՝ Գարագաշյանը մեջբերում է հանգուցյալ հոր խոսքերը, որը երազում էր «բոկոտն վազել Մուսա լեռան գագաթից մինչեւ ծովի ափը»։ Հայրն այդպես էլ Մուսա լեռ չհասավ, սակայն 1974-ին, երբ դեռ ինը տարեկան էր, Մհերն ու իր մայրը կարողացան այցելել Վագըֆ գյուղ՝ իրենց ազգականներին, ու կյանքի կոչել հոր երազանքը։

Մհեր Գարագաշյանը 1990 թվականին արտագաղթել է Կանադա եւ ներկայումս կնոջ, եղբոր ու մոր հետ ապրում է Մոնրեալում։ Ընտանիքի մնացած մասն Անջարում է կամ Ավստրալիայում։ Ունի 24-ամյա դուստր եւ 16-ամյա որդի։ Որպես Կանադայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի նախագահ՝ նա, ի եզրափակումն Կանադայում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքի, Մոնրեալի Հոլոքոստի հուշահամալիրում կազմակերպել է Ֆրանց Վերֆելի վեպին և Մուսա լեռան հերոսամարտին նվիրված ցուցահանդես։

* «Կ՛ուզէի տեսնել այս աշխարհի վրայ որեւէ ուժ, որ բնաջնջէ այս սերունդը, այս փոքր ցեղին անկարեւոր ժողովուրդը, որուն բոլոր պատերազմները կռված են եւ հաղթուած, կառոյցները՝ փշրուած, գրականութիւնը՝ չէ կարդացուած, երաժշտութիւնը՝ չէ լսուած, եւ աղօթքները՝ էլ չեն պատասխանուած։ Համարձակեցէ՛ք բնաջնջել Հայաստանը։ Տեսէ՛ք թէ կրնա՞ք։ Աքսորեցէ՛ք դէպի անապատները առանց հացի եւ ջուրի։ Այրեցէ՛ք անոնց տուներն ու եկեղեցիները։ Յետոյ տեսէ՛ք, թէ անոնք արդեօք կրկին չեն խնդա, երգէ կամ աղօթէ։ Որովհետեւ երբ անոնց երկուսը աշխարհի որեւէ մասում հանդիպէ, տեսէ՛ք, թէ անոնք արդեօք մի Նոր Հայաստան չեն ստեղծէ». Վիլյամ Սարոյան