logo
ՓԱԿԵԼMenu
Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայան

Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայան

Րաֆֆի Քալֆայանը իրավաբան է եւ միջազգային իրավունքի փորձագետ, որի անունն ասոցացվում է մարդու իրավուքների պաշտպանության հետ: 2001-2007թթ. նա զբաղեցնում էր Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (International Federation for Human Rights/FIDH) փոխքարտուղարի պաշտոնը եւ առայսօր առանցքային դեր ունի այդ կազմակերպությունում: Սկսած 2003-ից Քալֆայանն աշխատում է նաեւ որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր տնօրինության մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության հարցերով խորհրդական: Իսկ Հայաստանի հետ Րաֆֆիին կապում են ոչ միայն արմատները. նա նորանկախ հանրապետության Փաստաբանների պալատի հիմնադիրներից էր:

Րաֆֆին չի սիրում խոսել իր ընտանիքի պատմությունից, սակայն ժպիտով է հիշում տատին՝ Աղավնիին. «Երբ տատս բաճկոններ էր կարում իր «Զինգեր» կարի մեքենայով, տեղավորվում էի նրա ոտքերի մոտ եւ պատմություններն էի լսում: Անդադար խնդրում էի, որ պատմի մինչեւ 1915 թվականն Աֆյոնքարահիսարում կյանքի, իր հայրական տան, 1922-ի սեպտեմբերին մորաքրոջ հետ դեպի Իզմիր ուղեւորության եւ այնտեղից գլխապատառ փախուստի մասին: Հետ նայելով՝ գիտակցում եմ, թե ինչ երջանիկ եմ՝ ունենալով այս խիստ կարեւոր եւ անխախտելի կապը փրկվածների սերնդի հետ»: 

Փոքրիկ Աղավնին (առաջին շարք, կենտրոն) իր մորական տատի գրկում. Աֆյոնքարահիսար,1911թ.

Փախուստի եւ կորստի մանկություն

Աղավնի Քալֆայանը (օրիորդական ազգանունը՝ Փափազյան) ծնվել է 1910-ին Աֆյոնքարահիսար քաղաքում, որը գտնվում էր արեւմտյան Անատոլիայի կենտրոնում՝ Իզմիրի եւ Անկարայի միջեւ: Ծնողները՝ Հակոբը եւ Թագուհին, քաղաքի բուրժուազիայի ներկայացուցիչներից էին եւ զբաղվում էին առեւտրով: Ունեին 5 զավակ, որոնցից մեկը որդեգրված էր:

1915-ի գարնանը վերահաս վտանգը զգալով՝ Աղավնիի ծնողները որոշեցին իրենց ամենափոքր երեխային վստահել դարձյալ Աղավնի անունով մորաքրոջը: Երկու Աղավնիները պատրաստվում էին գնալ Սմիրնա (ներկայիս Իզմիր)՝ փոքրիկ Աղավնիի մորաական տատի՝ Մարիա Մուրադյանի մոտ, սակայն Աֆյոնքարահիսար ժամանելուց հետո նրանք հազիվ փրկվեցին գնացքից, որը տեղահանված հայերին տանում էր հակառակ ուղղությամբ:

Բարեբախտաբար, կայարանի աշխատակիցներից մեկը գիտեր, որ նրանք երկաթգծի կազմակերպությունում բարձր պաշտոն զբաղեցնող Միհրան Թոփալյանի (Աղավնիի տատիկի եղբոր) ազգականներն են: Թոփալյանի հետ հեռախոսազրույցից հետո կայարանի աշխատողն օգնեց նրանց նստել Սմիրնա ուղեւորվող գնացքը:

Այդպիսով, նրանց հաջողվեց խուսափել Աֆյոնքարահիսարում մնացած բարեկամների ողբերգական ճակատագրից. նրանք բոլորն սպանվեցին ցեղասպանության ժամանակ:

Միայն 1918-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Աղավնին կրկին տեսավ իր ծնողների տունը Աֆյոնքարահիսարում: «Ամերիկահայ սպա, կապիտան Հեմսը (որի իսկանան անունը Համբարձում էր) եկել էր վնասները գնահատելու: Տատս վերջին անգամ էր տեսնում այն տունը, որտեղ լույս աշխարհ էր եկել: Նրանց ունեցվածքից ոչինչ չէր մնացել»,- պատմում է Րաֆֆին:

Պատերազմի տարիներին Աղավնին Մարիա տատի եւ մորաքրոջ հետ Իզմիրում էր: «Հռիփսիմյան օրիորդաց դպրոցում տատիկս հայերեն ու ֆրանսերեն էր սովորել եւ խոսում էր ճիշտ առոգանությամբ, ինչը հազվագյուտ երեւույթ էր իր սերնդակիցների շրջանում»,- ասում է Րաֆֆին: Ավաղ, 1922-ի սեպտեմբերին թուրք ազգայնականները կրակի մատնեցին Սմիրնան՝ մտադրվելով վերացնել քաղաքի հայկական եւ հունական փոքրամասնությունները: Սպանդը վերսկսվեց, եւ 12-ամյա Աղավնին խուճապահար ամբոխի մեջ կորցրեց նաեւ իր տատին:

Հրդեհից փախչելով՝ Աղավնին մորաքրոջ հետ նետվեց ջուրը, եւ փորձեցին հասնել մի ապահով տեղ: Իտալական նավերից մեկը վերցրեց նրանց եւ հասցրեց Հունաստանի Պիրեյ նավահանգիստ, որտեղից էլ ամիսներ անց ուղեւորվեցին Ֆրանսիա: Փարիզի հյուսիսում գտնվող Առնուվիլ քաղաքում էր ապրում Աղավնիի մորաքույրներից մեկը՝ Սաթենիկը: Հերթական գաղթը եւ բազում կորուստներն անջնջելի դրոշմ թողեցին որբ աղջկա կյանքի վրա: 

                                            Րաֆֆիի հայրը՝ Անդրեն, իր ծնողների հետ

Իրավաբան եւ ակտիվիստ

Աղավնին 19 տարեկան էր, երբ ամուսնացավ Հայկ Քալֆայանի հետ: Իրենից 16 տարով մեծ ամուսինը Ֆրանսիա էր եկել 1924-ին Ստամբուլից: «Զարմանալի է, բայց հայրս ծնվեց նրանց հարսանիքից ուղիղ 9 ամիս անց»,- նշում է Րաֆֆին:

Րաֆֆին մեծացել է Փարիզում եւ շատ ժամանակ է անցկացրել տատիկի ու պապիկի տանը: «Անչափ հետաքրքրված էի տատիկիս պատմություններով: Ժամանակի հետ ավելի ու ավելի շատ էի տարվում այդ թեմայով»,- ասում է նա:

Վաղ 1970-ականներին դեռ պատանի Րաֆֆին զանազան ֆրանս-հայկական երիտասարդական կազմակերպությունների էր անդամակցում: Նա «Նաիրի» պարային համույթի անդամ էր եւ «Նոր սերունդ» կազմակերպության ակտիվիստ: Ժամանակի ընթացքում հասարակական ծառայությունը դարձավ նրա գործունեության գլխավոր ոլորտը: Րաֆֆին միացավ Հայոց ցեղասպանության քաղաքական ճանաչման եւ դատապարտման, արդարության վերականգնման համար մղվող պայքարին:

Այդ ընթացքում հաջողելով նաեւ ավարտել համալսարանը՝ Րաֆֆին արդարություն պահանջող ակտիվիստից բացի դարձավ նաեւ իրավաբան, որն ակադեմիական հետազոտություններում էր ներգրավված: Րաֆֆին առայսօր շարունակում է իր գիտական գործունեությունը՝ Պանթեոն-Ասսաս համալսարանի Մարդու իրավունքների եւ մարդասիրական իրավունքի հետազոտական կենտրոնում նախապատրաստելով իր դոկտորական թեզը:
 

Չհանդուրժելով անարդարությունը

Քալֆայանն առաջին անգամ FIDH-ին առնչվեց 1983-ին, երբ գլխավորում էր Հարավսլավիայում Թուրքիայի դեսպանի դեմ մահափորձի մեջ մեղադրվող երկու հայ ակտիվիստների պաշտպանությունը: Այս շրջանը մեծապես ազդել է նրա՝ որպես իրավապաշտպանի կարիերայի վրա: Տարիներ անց, երբ 1989-ին Ադրբեջանում սկսվեցին հայերի ջարդերը, Րաֆֆին նորից դիմեց FIDH: Սակայն պաշտոնապես ֆեդերացիայի աշխատակից դարձավ միայն 1995-ին:

«Այստեղ աշխատանքի անցա Հայաստանի Հանրապետությունում դատական դիտորդական առաքելություններ կազմակերպելու նպատակով. հետսովետական անկախության շրջանում առաջին քայլերն անող երկրում նոր էին ձեւավորվում քաղաքական գործընթացները: Հետագայում դարձա Հարավային Կովկասի տարածաշրջանում FIDH-ի հատուկ առաքելությունների պատասխանատու: Իսկ հայերենի եւ իրավական համակարգի իմացությունս, զուգակցվելով կապեր հաստատելու կարողության հետ, օգնեց, որ 1997-ին մի խումբ հայ ակտիվիստների եւ իրավաբանների հետ ստեղծեմ հասարակական կազմակերպություն: Առաջարկեցի միանալ ֆեդերացիային, ինչը եւ արեցինք 1998-ին»,- ասում է Րաֆֆին:

2001-ին FIDH-ի միջազգային տնօրինությունը Րաֆֆիին փոխքարտուղար նշանակեց՝ արժանին մատուցելով նրա քրտնաջան աշխատանքի ու ձեռքբերումների համար: Նոր պաշտոնի շնորհիվ Րաֆֆին ընդլայնեց իր գործունեության շրջանակը:

«Գիտակցեցի, որ ինձ գործելու եւ պայքարելու է մղում անհանդուրժողականությունն անարդարության, ճնշումների եւ տանջանքների նկատմամբ»,- ընդգծում է նա: 

                                                 Րաֆֆին եւ նրա տատիկը՝ Աղավնին 

Խոստումը կատարելով

Կարելի է ասել, որ դեռ վաղ տարիքում հորը կորցրած Րաֆֆիին դաստիարակել է տատը: Նրանց սերտ հարաբերությունները պայմանավորել են նաեւ Րաֆֆու ընտրած ճանապարհը:

Աղավնի տատիկը մահացավ 2003-ին: Կյանքի վերջին ժամերին նրա կողքին գտնվող Րաֆֆին գիտակցեց, թե զսպված զգացմունքներն ինչ ծանր բեռ էին դարձել տատի համար, եւ ինչքան էր նա տառապում դրանց պատճառով: «Կսկիծը, որ տատս զգում էր 1915-ին սպանված իր ընտանիքը հիշելով, ինձ ցույց էր տալիս վերքի խորությունն ու այն անտանելի ցավը, որ ապրում էին ցեղասպանությունից փրկվածները: Այն օրն ինձ խոստացա անել հնարավոր ամեն բան այս չարչարանքների արդար հատուցման համար, եւ իմ անձնական, փիլիսոփայական դիրքորոշումն այդ ժամանակից ի վեր չի փոխվել»,- վստահեցնում է Րաֆֆին: Նրա վճռականությունը, սակայն, չի հանգեցնում ոճրագործների եւ ցեղասպանությունը ժխտող նրանց ժառանգների նկատմամբ ատելության եւ անեծքների: Իրավաբանը հավատում է, որ մեղքն ընդունելը «մեզ անտանելի վշտից ազատելու հնարավորություն է»:

Միեւնույն ժամանակ, տարիներ շարունակ հատուցման համար պայքարող Րաֆֆին չի թաքցնում իր անհանգստությունը. «Վախենում եմ, որ ապագա սերունդները, որոնց 1915-ին ապրածներից բաժանում է ժամանակը, կջնջեն անցյալը: Ժամանակը մեր դեմ է աշխատում: Այնուամենայնիվ, թվում է, թե Թուրքիան նույնպես տեղի է տալիս, որքան էլ տարօրինակ հնչի: Այնպես որ՝ ուզում եմ ասել հետեւյալը. անչափ կարեւոր է, որ չհանձնվենք եւ շարունակենք պահանջել, որ արդարությունը, վերջապես, վերականգնվի»: