logo
ՓԱԿԵԼMenu
Կարինե Արաբյան

Կարինե Արաբյան

Կարինե Արաբյանի անունը սերտորեն կապված է կոշիկի արտադրության աշխարհի հետ, որտեղ ավանդաբար գերակշռում են տղամարդիկ, եւ այս կինն, անշուշտ, գիտի, թե ինչպես է պետք այնտեղ նավարկել։ Ընդամենը տասը տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում նա կարողացավ կարեւոր դիրք գրավել որպես դիզայներ, որը կանգնած է կանանց կոշիկների եւ աքսեսուարների համանուն բրենդի ակունքներում։ Նա նաեւ ներկայացրեց Հայաստանը բարձր նորաձեւության աշխարհին։

Կարինե Արաբյանը ծնվել է 1967 թվականին Փարիզում, հայկական ընտանիքում։ Նա մեծացել է Վիլժուիֆում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձաններից մեկում գտնվող փոքրիկ քաղաքում։ Կարինեի հարազատները կարողացել էին փրկվել 1915-ի Հայոց ցեղասպանությունից։ «Հայրական տատիկիս հետ շփումն այնքան էլ անկեղծ չէր։ Մշտական զսպվածություն ու լռություն եմ հիշում։ Ոչ ոք ուղղակիորեն չէր խոսում հայերի տառապանքների մասին, սակայն հիշողությունները զգացնել էին տալիս ամեն ինչում»,- ասում է Կարինեն։

Ինչպես իր սերնդակից շատ այլ հայազգի աղջիկներ, Կարինեն հայկական դպրոց էր հաճախում։ Երեխա ժամանակ նա տեսնում էր, որ իր մայրական տատիկն ու պապիկը, որոնք վարժ ֆրանսերեն էին խոսում, փորձում են մասնակցել իրենց նոր համայնքի կյանքին։ «Սակայն արգելքները նրանց խանգարում էին, հատկապես տեղի ունեցածի ժխտումը։ Պապիկը երբեք որեւէ մեկին իր անցյալի մասին չի պատմել»,- բացատրում է Կարինեն։

Կարինեի հայրական տատիկը դերձակուհի էր, եւ նրա հայրը՝ Սերժը, նույնպես դերձակի մասնագիտությունն ընտրեց։ Նրա հայրական պապը կոշկակար էր, ճիշտ իր եղբոր նման։ Մեծանալու ընթացքում Կարինեն շրջապատված էր ռետինի, սոսնձի ու կաշվի հոտերով, սակայն ամենից շատ՝ գործվածքների բույրով։ 

Մերժե Արաբյանը (կենտրոնում, մոմը ձեռքին)՝ Կարինեի հայրական պապը, Սիվրիհիսար հայկական եկեղեցու բակում մի եպիսկոպոսի հուղարկավորության ընթացքում, XX դարասկիզբին 

Նրան այլեւս ոչինչ չէր մնում, քան նվիրվել այն մասնագիտությանը, որն արդեն իր արյան մեջ էր։ Մինչ նրա հասակակիցները նկարում էին, նա կոշիկի մեխերից լանդշաֆտներ էր ստեղծում կաուչուկի կտորների վրա։ «Շատ տարիներ անց, երբ առաջին անգամ հայտնվեցի կոշիկի ատելյեում ու զգացի սոսնձի, պլաստիկի ու կաշվի հոտը, ինձ շատ ուժգին հույզեր պարուրեցին»,- պատմում է նա։ 

Մտորումների բազում տարիներից հետո Կարինեն որոշեց համախմբել իր ընտանիքի պատմության առանձին բեկորները։ «Ժամանակի հետ սկսեցի հասկանալ, որ հիշողություններս հիմնված չէին որեւէ բանի վրա։ Օրինակ՝ երբեք չկարողացա մտապահել այն գյուղի անվանումը, որտեղից տատիկս էր։ Այդ ամենն ինձ համար այնքան վերացական էր։ Հիշողությանս հետ բարդ հարաբերությունների մեջ եմ»,- խոստովանում է նա։ Սակայն կարող է ապավինել հորը՝ Սերժին, որն այժմ փորձում է գրի առնել այդ ամենը։

Փոքր ժամանակ Սերժ Արաբյանը սիրում էր ականջ դնել մեծերի խոսակցությանը՝ կանգնելով իրենց տան փայտե պատի մոտ։

«Նրանք հազվադեպ էին խոսում ցեղասպանությունից»,- ասում է նա։ Կարինեն կրկնում է հոր միտքը. «Թվում է՝ ցեղասպանությունը վերապրածներն իրենց հիշողությունից աստիճանաբար ջնջեցին անցյալի բոլոր հետքերը, որպեսզի շարունակեն ապրել»։ 

                                    Մարին՝ Կարինեի հայրական տատը, ծնողների հետ

Փրկություն՝ մկրտություն

Երիտասարդ տարիներին Կարինեի հայրական պապը՝ Մկրտիչ (կամ Մերժե) Արաբյանը, կակաչներ էր աճեցնում Սիվրիհիսար գյուղում՝ հարավարեւմտյան Անատոլիայի Աֆյոնքարահիսարի մարզում։ Ավելի ուշ նա կայարանապետ դարձավ Էսքիշեհիր քաղաքում՝ Աֆյոնքարահիսարն Իզմիրին կապող երկաթգծի կանգառում։

Մերժեի առաջին կինը Սիվրիհիսարից էր։ 1915-ին նա իր երկու երեխաների հետ փախավ բուլղարական Պլովդիվ քաղաք։ 1921-ին Մերժեն կրկին ամուսնացավ, այս անգամ՝ Ուրսակ գյուղից Մարի անունով մի աղջկա հետ, որը 24 տարով փոքր էր իրենից։ Այդ ողջ ընթացքում նա շարունակում էր ամուսնացած լինել իր առաջին կնոջ հետ, որը Բուլղարիայում էր մնացել։

Մեկ տարի անց Զմյուռնիայում (ներկայումս՝ Իզմիր) բնակվող նոր ընտանիքն իր առաջնեկին՝ Ժոզեֆին է ունենում։ Այդ ժամանակ սկսվեց հայերի զանգվածային արտագաղթը Զմյուռնիայից, քանի որ անհանգստացած էին Քեմալի բանակի մոտեցմամբ ու նոր ջարդերի հավանականությամբ։ Սակայն Արաբյան ընտանիքը հետ մնաց ու 1922-ի սեպտեմբերին քաղաքը կործանած հրի ականատեսը դարձավ։ «Հայրս ինչ-որ մի իտալացու հետ ընկերական հարաբերություններ ուներ,- պատմում է Սերժը,- մեկնող գրեթե բոլոր նավերը գերբեռնված էին, եւ միայն մեկի վրա մի քանի տեղ կար։ Դա իտալական մի նավ էր, որի վրա բարձրանալու իրավունք միայն կաթոլիկներն ունեին։ Ծնողներս ստիպված եղան իրենց ընդամենը մի քանի շաբաթական որդուն մկրտել իտալական եկեղեցում։ Նրանք մկրտության վկայական ստացան ու կարողացան նրան իրենց հետ տանել»։

Այսպիսով ընտանիքը փրկվեց, սակայն երբ Մերժեն մոտեցավ թեքահարթակին, որպեսզի Աթենք ուղեւորվող նավ բարձրանա, ինչ-որ մի թուրք նկատեց նրա կոշիկներն ու հրամայեց հանել դրանք՝ սպառնալով, թե թույլ չի տա մեկնել։ Կարինեն սարսափում է պատկերացնել, թե ինչպես է իր պապիկն ստիպված եղել ծովապատնեշի մոտ հանձնել իր կոշիկները։

«Երկիրը լքելը, ամեն ինչ հետեւում թողնելը, բառի բուն իմաստով բոկոտն լինելը նման է հայրենիքիդ հետ բոլոր կապերը խզելուն»,- ասում է նա։ 

Ի վերջո, ընտանիքը Հունաստանից տեղափոխվում է Ֆրանսիա, իսկ Մերժեն կարողանում է Փարիզի American Express ընկերությունում աշխատանք գտնել։ Նա աշխատանքային առաջընթաց է ունենում, սակայն 1929 թվականի ճգնաժամի ընթացքում կորցնում է աշխատանքը։ Նա շատ քիչ էր օգնում Մարիին, որը տաբատներ էր կարում, որպեսզի Ժանտիյիի փոքրիկ տանը բնակվող ընտանիքը կարողանա գոյատեւել։

American Express ընկերությունից հեռացումից հետո Մերժեն աշխատեց Փարիզի հայկական եկեղեցու քարտուղարությունում. «Շատ գեղեցիկ ձեռագիր ուներ, այդ պատճառով հանրային դպիրի աշխատանք էր կատարում։ Նա շատ հարգված էր Փարիզում ապրող հայերի կողմից, որոնք նրա օգնությանն էին դիմում, երբ հարկ էր լինում քաղաքային ոստիկանության համար թղթեր ձեւակերպել»,- պատմում է Կարինեն։

Մերժեն մահացավ 1949-ին, երբ Կարինեի հայրը՝ Սերժն, ընդամենը 11 տարեկան էր։

                        Մերժեի հայկական անձնագիրը՝ տրված 1922 թվականին, Աթենքում 

Ինքնուրույն ուղի նորաձեւության աշխարհում

Կարինեն ընտանիքի ավագ զավակն է եւ միակ դուստրը։ Նա ըմբոստ է մեծացել՝ իր ճանապարհը հարթելու համար հաճախ բողոք արտահայտելով ու ընդվզելով։ Սերժը ցանկանում էր, որ իր աղջիկը միանա ընտանեկան բիզնեսին ու հագուստի վաճառքով զբաղվի, սակայն Կարինեն կտրականապես մերժեց հոր կամքն ու երկար ժամանակ իր սեփական տանն իրեն մեկուսացած էր զգում։ «Ծնողներս ինձ համար հանգիստ կյանք էին ցանկանում։ Նրանք ուզում էին, որ ես շարունակեմ ընտանեկան բիզնեսը, սակայն ես այլ ծրագրեր ունեի, մեծ մասը՝ գաղտնի։ Ես միշտ ոգեշնչվել եմ նորաձեւության աշխարհով»,- խոստովանում է նա։

Նորաձեւությունն ու ստեղծագործական դիզայնը՝ նրա երկու կրքերը, Կարինեին ուղեկցեցին կյանքի ողջ ճանապարհին։ Ծնողները նրա մեջ ներարկեցին սերը լավ արված աշխատանքի նկատմամբ։ Studio Bercot-ից արվեստի եւ նորաձեւության տեխնոլոգիաների մասնագիտությամբ իր համալսարանական դիպլոմն ստանալուց հետո Կարինեն այլ երիտասարդ դիզայներների խանութներում ներկայացրեց աքսեսուարների իր առաջին հավաքածուները։ 1993-ին Յերում նա հաղթեց նորաձեւության միջազգային մրցույթում ու աշխատանքի առաջարկ ստացավ Swarovski ընկերությունից։

                                    Կոշիկ՝ Կարինեի «Հանքանյութեր» հավաքածուից

Կարինեի կյանքը վերափոխվեց, երբ 1999-ի ամռանն իր ընտանիքի հետ ուղեւորվեց Հայաստան։ Ֆրանսիայում ծնված հայի համար ուղեւորությունն ապշեցուցիչ էր։ Հնագույն պատերին հպվելուն պես նա զգաց, որ արտաքին աշխարհից իրեն պաշտպանող զրահն ընկավ։ Ներքին փոթորիկը, որը հասունանում էր նրա մեջ, վերածվեց հզոր ստեղծագործական ազդակի։

2000 թվականին իր զարմիկի հետ միասին նա բացեց կոշիկի եւ կաշվե աքսեսուարների իր առաջին խանութը Փարիզի 9-րդ թաղամասում։ Կոշիկների մատների հատվածի կլորացված տեսքն առանձնացնում էր նրա ապրանքանիշը։ Խանութն ու ատելյեն միասին Կարինեին հնարավորություն տվեցին բարձրանալ մասնագիտական առաջընթացի հաջորդ աստիճանին։  

                              Ապարանջան` Կարինեի «Հանքանյութեր» հավաքածուից

Հայկական ժառանգությունը՝ հաջողության բանալի

Կարինեն երազում էր աշխատանք տալ հայ արհեստավորներին։ Նա մի նախագիծ մտածեց, որը կհամադրեր ավանդական ոսկերչական տեխնիկան եւ քարերի ու փայտամշակման ոլորտում հայերի վարպետությունը։ Նրա փորձը՝ հաշտեցնելու Հայաստանի խստաշունչ, լեռնային բնապատկերը շքեղության ու բարձր նորաձեւության իր աշխարհի հետ, հանգեցրեց «Հանքանյութեր» հավաքածուի ստեղծմանը, որը թողարկվեց 2003 թվականին։

         Մարսելի Նորաձեւության թանգարանում անցկացվող Կարինե Արաբյանի ցուցահանդեսի պաստառը

2007-ին Մարսելի նորաձեւության թանգարանը դիմեց Կարինեին՝ խնդրելով Ֆրանսիայում «Հայաստանի տարվա» շրջանակներում ցուցահանդես կազմակերպել։ «Կարինե Արաբյանը եւ նորաձեւության մեջ հայկական ժառանգությունը, 1600-ականներից մինչեւ 2000-ական թթ.» խորագրով հետահայաց ցուցադրությունը բացվեց այդ տարվա մայիսին։ Իրադարձությանը նախապատրաստվելու ընթացքում Կարինեն մանրակրկիտ ուսումնասիրեց ընտանեկան արխիվները եւ այդ գործընթացում լեզու գտավ իր հայկական ժառանգության հետ։ Հայկական մշակույթն ամբողջովին ընդունելով որպես իր սեփականը՝ Կարինեն թոթափեց «պարտքի» ծանր բեռը, որն ամբողջ ուժով նրան ներքեւ էր քաշում։ 

                                                             Կարինեն հոր՝ Սերժի հետ

Ի վերջո Կարինեն զգաց, որ դառնում է իր իսկ աշխատանքի գերին ու երկար ծանրութեթեւ անելուց հետո վաճառեց իր բրենդը։ Այժմ նա հույս ունի հոր հետ մեկնելու Թուրքիա՝ նախնիների հետքերով։