logo
ՓԱԿԵԼMenu
Իզաբել Գաբրիելյան-Չերչիլ

Իզաբել Գաբրիելյան-Չերչիլ

Հայոց ցեղասպանությունը վերապրածների զավակ, կանադացի անվանի գիտնական Իզաբել Գաբրիելյան - Չերչիլն իր մասնագիտական կյանքի մեծ մասը նվիրել է հայերի ներգաղթի եւ սփյուռքի մշակույթի ուսումնասիրությանն ու ժամանակագրությանը։ Նրա վերջին աշխատություններն ուղղված են հայկական մշակույթի քիչ հայտնի, սակայն ցեղասպանությունից փրկվելիս հայերի համար կարեւոր նշանակություն ունեցող արվեստի ճյուղին՝ ժանյակագործությանն ու ասեղնագործությանը։ 
 

Անցյալի սարսափներից պաշտպանված

Պրոֆեսոր Գաբրիելյան-Չերչիլը ծնվել է Համիլթոնում՝ Օնտարիո, ունեցել երանելի մանկություն՝ լինելով ընտանիքի չորս երեխաներից մեկը. «Ես երեք մեծ եղբայրներ ունեի։ Մեկը շատ վաղ տարիքում թոքաբորբից մահացավ։ Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել։ Իմ ծնողները, ովքեր իրենց սեփական մաշկի վրա էին զգացել Հայոց ցեղասպանության սարսափները, մեզ համար ոչինչ չէին խնայում», - ասում է նա։

Իզաբելը Գաբրիելյան-Չերչիլը հաճախել է Մաքմաստեր համալսարանը եւ գիտությունների թեկնածուի աստիճան  ստացել Կրթության ոլորտում հետազոտությունների Օնտարիոյի ինստիտուտում։ Տորոնտոյի համալսարանում դասավանդելուց հետո նա 1996թ. ընդունում է Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում պատմության ամբիոնում աշխատելու հրավերը, որտեղ էլ ստանում է հայոց պատմության ու ներգաղթի պրոֆեսորի, իսկ 2006-ին՝ թոշակի անցնելուց հետո՝ պատվավոր պրոֆեսոր կոչում:

Գաբրիելյան-Չերչիլի աշխատանքն ընդգրկում է թեմաների հետազոտության լայն շրջանակ. հայկական սփյուռք, ներգաղթ, ցեղասպանություն եւ փախստականներ։ Նա բազմաթիվ մենագրությունների, հոդվածների ու գրքերի հեղինակ է, այդ թվում՝ 2012-ին լույս տեսած «Գթության եւ փրկության քույրերը. հայ բուժքույրերը, 1900-1930թթ.» գրքի, որն արժանացել է Ռիչարդ եւ Թինա Կարոլանի անվան գրական մրցանակի։ 2005թ. հրատարակված նրա «Մեր սարերի պես. հայերի պատմությունը Կանադայում» գիրքը է արժանացել Կանադայի Պատմական ասոցիացիայի Քլիո մրցանակին (Clio Prize), որը տրվում է Օնտարիոյի պատմությանը վերաբերող լավագույն գրքի համար։ Նա նաեւ պարգեւատրվել է Մարիոն Պորտերի մրցանակով (Marion Porter Prize)՝ որպես «Քրոջս աչքերի մեջ նայելով. կանանց պատմության ուսումնասիրություն» գրքի համահեղինակ՝ Կանադայի ֆեմինիստական հետազոտության մեջ առավել նշանակալի ներդրման համար։   

Երբ պրոֆեսոր Գաբրելյան-Չերչիլը չի շրջագայում, գրում կամ դասախոսություն կարդում, ապա վայելում է դաշնամուր նվագելը։ Ներկայումս իր տունը Տորոնտոյում է, որտեղ նա ապրում է իր ամուսնու եւ ընտանիքի հետ։  
 

Ընտրություն՝ առանց երկընտրանքի  

Իզաբելի հայրը՝ Գաբրիել Գաբրիելյանը 1912 թվականին պանդուխտի կարգավիճակով էր եկել Կանադա, թողնելով կնոջն ու երկու երեխաներին Քըղիի Ջերման գյուղում՝ Օսմանյան կայսրությունում։ Քըղին գտնվում է Էրզրում նահանգում, իսկ Ջերման գյուղը ներկայումս հայտնի է Յեդիսու անվանմամբ (Իզաբելը նկարագրում է այն, որպես լեռնային, ամայի տեղանք, սակայն չափազանց գեղեցիկ)։ Գաբրիելը տարիներ է անցկացնում՝ փորձելով գտնել ընտանիքին, սակայն, ի վերջո, հանձնվում է՝ ենթադրելով, որ նրանք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում։ Հետագայում Գաբրիելն ամուսնանում է Իզաբելի մոր՝ Լուսաբեր Զաքարյանի հետ, որն այնտեղ էր եկել 1924 թվականին՝ լուսանկարով հարսնացու դառնալուց եւ Մարսելում մի քանի տարի անցկացնելուց հետո։  

 

         Օնտարիոյից Գաբրիել Գաբրիելյան փեսացուի լուսանկարը՝  ուղարկված Հալեպ՝                                                     հարսնացու Լուսաբեր Զաքարյանին

Լուսաբերը ծնվել է Էրզրումում 1905թ.։ Նրա մորական տատը՝ Ազնիվ Զաքարյանը քաղաքի հայկական եկեղեցիում երգչուհի էր ու մենակատար։ Նրա մորական պապը՝ Թադեւոս Զաքարյանը, իր սեփական արհեստանոցն ուներ՝ վարպետ-մետաղագործ էր։ «Մայրիկիս պատմածներից հիշում եմ, - ասում է Գաբրիելյան-Չերչիլը,- որ նրանք հայտնվեցին քաղաքի չափազանց նրբաճաշակ շրջանակներում։ Նրանք կարդացած ու լավ կրթված մարդիկ էին։ Մայրս մեկ քույր ուներ, ով իրենից երկու տարով փոքր էր։ Պապիկս շատ խորաթափանց անձնավորություն էր։ Մինչեւ Հայոց ցեղասպանության սկիզբը նա լսել էր, որ խնդիրներ են ծագելու, այդ պատճառով էլ կեղծ հատակներով պնակներ ու բաժակներ էր պատրաստել, որոնց մեջ մետաղադրամներ ու ոսկեղեն էր թաքցրել»։

Չնայած այս բոլոր նախապատրաստական աշխատանքներին, ընտանիքը հարկադրաբար միանում է դեպի Էրզրում գնացող գաղթականներին։ Պապիկի հմտությունների պատճառով թուրքերը նրան տալիս են ընտրության հնարավորություն՝ ընդունել իսլամ, փրկել ընտանիքի անդամների կյանքը, ունենալ տուն, արհեստանոց  եւ ապրելու հնարավորություն:

Հրաժարվելու դեպքում ողջ ընտանիքն սպանվելու էր հենց նրա աչքի առաջ։ Նա կրոնափոխ եղավ։ Պրոֆեսոր Գաբրիելյանը սա համարում է «ընտրություն՝ առանց երկընտրանքի»։  

Իր կնոջ՝ բարեպաշտ քրիստոնյայի համար, որը կյանքը նվիրել էր եկեղեցուն ու եկեղեցական երաժշտությանը, սա ցավագին մի որոշում էր։ Ամեն օր նա կողպում էր դռներն ու փակում վարագույրները։ Հետո իր Աստվածաշունչն էր կարդում, իր աղոթքներն էր ասում ու երգում իր շարականները։ Սակայն նրա մեկուսացումը չէր կարող իրեն փրկել ընտանիքի մնացած անդամներին բաժին ընկած սարսափներից. «Մի օր նա լսեց, որ իր բոլոր յոթ եղբայրներին սպանել են։ Մայրս ասում է, որ նա այս դարդից է մահացել։ Նա չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ իր բոլոր եղբայրներն սպանված են։ Նա, հավանաբար, չէր էլ ուզում այդ ամենից հետո ապրել», - պատմում է Իզաբելը։   

Ինչպես շատ հայերի ընտանիքներում, Գաբրիելյանների տանը նույնպես չէին խոսում ցեղասպանությունից. «Ես դեռ հիշում եմ, որ հայրս ընդամենը թեթեւ ակնարկ էր անում թուրքերի՝ հայերին կոտորելու մասին ու վերջ։ Ես հետագայում արդեն իմացա, թե ինչ վիճակում էր հայրս, երբ լսեց իր կնոջն ու երեխաներին սպանելու մասին։ Մեր տանը սա առհասարակ քննարկման թեմա չի եղել։ Սակայն մենք իսկապես խոսում էինք, երգում էինք ու կարդում էինք հայ հերոսների մասին՝ Անդրանիկի, Մուրադի ու իրենց քաջագործությունների մասին բազմաթիվ պատմություններ», - հիշում է նա։

Բացի Էրզրումի այն թուրքերից, ովքեր փրկության դիմաց դավանափոխություն առաջարկեցին, Իզաբելը չգիտի ուրիշ մեկի մասին, ով իր ծնողների ընտանիքներին օգնել է փախչել։ Այնուամենայնիվ, նա անկեղծորեն ընդունում է, որ շատ ամերիկացի միսիոներներ Էրզրումում եւ դրա սահմաններից դուրս փրկել են այլ հայերի. «Նրանցից շատերը մահացել են հայերի նկատմամբ իրենց նվիրվածության պատճառով։ Իսկապես պետք է երախտապարտ լինել»։ 
 

Սրեր դարձած ասեղներ

         ... Տեսե՛ք մեր պատմությունը՝ ստերով ճզմված։

         Տեսե՛ք մեր երկիրը՝ սահմանով շուռ տված։

         Սրերն ասեղներ են դարձել՝ նրբորեն չափված,

         Պատրաստ են ժանյակ գործել կամ հանել աչքեր։

                        Դայանա Տեր-Հովհաննիսյան, «Հացի երգը, աղի երգը» 

Գաբրիելյան-Չերչիլի վերջին աշխատություններն ուղղված են հայկական մշակույթի քիչ հայտնի, սակայն ցեղասպանությունից փրկվելիս հայերի համար կարեւոր նշանակություն ունեցող արվեստի ճյուղին՝ ժանյակագործությանը ու ասեղնագործությանը։ Այս տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողովի ժամանակ պրոֆեսոր Գաբրիելյան-Չերչիլը մի հետաքրքիր պատմություն պատմեց այն անհավանական դերի մասին, որն ասեղնագործության արվեստը խաղացել է հայերի փրկության գործում։ Նրա խոսքով՝  ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո հազարավոր հայ կանայք «ասեղի միջոցով խոսելով» գումար էին վաստակում, կարողանում սնունդ հայթայթել իրենց ընտանիքների համար, երբեմն նաեւ բավականաչափ միջոցներ կուտակում՝ հնարավորություն ստանալով արտագաղթել Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա։     

XIX դարի վերջի եւ XX դարի սկզբի ջարդերը փոխակերպեցին հայ ընտանիքի կյանքը՝  այրիներն ու որբերը շատացեն եւ համատարած աղքատություն տիրեց։ Կանայք, որոնք նախկինում տնային տնտեսուհիներ էին ու մայրեր, այժմ ստիպված էին աշխատել, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքների ապրուստը։ Նրանց աջակցելու նպատակով՝ ամերիկացի եւ եվրոպացի միսիոներներն սկսեցին մեծ արտադրություն հիմնել եւ շուկա հանել հայկական արտառոց ձեռքի աշխատանքը։ Ուրֆայում (այժմ՝ Շանլիուրֆա, Թուրքիայի հարավ-արեւելքում) Միսս Կորիննա Շաթակը եւ ամերիկացի բժիշկ-միսիոների կին դոկտոր Ֆաննի Շեփարդը՝ Այնթապում (այժմ՝ Գազիանթեփ, Թուրքիայի հարավ-արեւելքում), հիմնեցին մի ձեռնարկություն կանանց եւ աղջիկների համար։ 1897թ. Ուրֆայում հայ մասնագետները սովորեցնում եւ աջակցում էին երիտասարդ կանանց, որոնք վաճառքի համար ժանեկավոր անձեռոցիկներ, գոգնոցներ ու թաշկինակներ էին պատրաստում։ 1912-ին կատարված հաշվարկներով՝ այստեղ առնվազն 10.000 մարդ ստացել է ամբողջական կամ մասնակի դրամական աջակցություն, այդ թվում՝ մոտ 2.000 հոգի միայն Շաթակի ձեռնարկությունում։

Այս կանայք հիմնականում բեհեզյա (վուշ) թաշկինակներին ժանեկավոր եզրեր էին ասեղնագործում, որոնք հետագայում ուղարկվում էին Իռլանդիա կամ Գերմանիա ու արտահանվում ամբողջ աշխարհով մեկ։

1903-1908թթ. Ուրֆայում կանայք մոտ 30.000 մետաքսե կամ վուշե անձեռոցիկ ու գոգնոց եւ 650.000 եզրանախշ թաշկինակ են արտադրել։

Ցեղասպանության տարիներին այս արհեստանոցներից շատերը ոչնչացվել են, սակայն ջարդերի ավարտին դրանք կրկին վերականգնվեցին։

Այս արհեստանոցներից մեկի հիմնադիր, դանիացի միսիոներ Քարեն Եփփեն պատերազմից առաջ նպաստեց Ուրֆայի գերմանական որբանոցում հայ աղջիկների շրջանում ասեղնագործության տարածմանը։ 1921թ. նա բնակություն հաստատեց Հալեպում, որտեղ նրան նշանակել էին Ազգերի լիգայի հանձնակատար՝ փրկելու եւ օգնելու այն հայերին, որոնց բռնի պահում էին մահմեդական տներում ու հաստատություններում։ «Այս վտանգավոր առաջադրանքի ընթացքում,- գրում է Գաբրիելյանը,- նա կարողացել է փրկել առնվազն 1.700 հոգու։ Նա որբանոց հիմնեց ու կարի արհեստանոց բացեց, որտեղ տարիքով մեծ օրիորդներն ու կանայք կարող էին անվտանգ միջավայրում սովորել ձեռագործություն ու ապրուստի համար միջոց վաստակել։ Եփփեն վաճառում էր պատրաստի արտադրանքը Հյուսիսային Եվրոպայում, Ֆրանսիայում, Անգլիայում եւ Միացյալ Նահանգներում»։    

Արուսյակ Միքայելյան անունով առանձնապես տաղանդավոր մի կնոջ էլ աշխատանքի էր ընդունել անձամբ Էլզա Սկիապարելլին (իտալացի մոդելավորող), որպեսզի նա յուրահատուկ գործեր ստեղծի՝ հայտնի հանգուցավոր գործվածքով: Նրա այս տեխնիկան, ի վերջո, հայտնի դարձավ որպես «հայկական գործվածք»։

Իզաբելի մայրն էլ ասեղնագործության վարպետ է։ Մարսելում գտնվելու ժամանակ, փրկվելով ցեղասպանությունից, նա հելունով անկողնու մի շքեղ ծածկ է գործել՝ հիմք ընդունելով XI դարի Բայոյի գոբելենագործությունը։ 

 

 

 

                        Իզաբելի մոր՝ Լուսաբեր Զաքարյանի ձեռագործ անկողնու ծածկը 

«Երբ նայում ես, նմանությունն ակնհայտ է», - նշում է Իզաբելը։ Սակայն ինչպե՞ս կարող էր Անատոլիայում ապրող 19-ամյա հայ օրիորդը երբեւէ տեսնել այդ հանրահայտ գոբելենը, որը նկարագրում է նորմանների նվաճման իրադարձությունները։ «Սա ինձ համար առեղծված է մնում,- ասում է Գաբրիելյանը՝ հիանալով այն մեծ տաղանդով, որ ունեին այդ կանայք,- ասեղնագործության արվեստը տարածված էր։ Յուրաքանչյուր հայ աղջիկ, այդ թվում նաեւ՝ մայրս, գիտեր, թե ինչպես է պետք հելունով ու ասեղով գործել։ Փառք Աստծո, որովհետեւ սա բառացիորեն փրկել է նրանց կյանքը։ Եվ ինչ հրաշալի է, որ իմ մայրը, չնայած այն ամենին, ինչի միջով անցավ նրա ընտանիքը, ստեղծարար էր եւ ունակ այսպիսի գեղեցիկ գործերի»։   

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: