logo
ՓԱԿԵԼMenu
Շանթ Մարտիրոսյան

Շանթ Մարտիրոսյան

Մերձավոր Արեւելքի hիմնադրամի տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ Շանթ Մարտիրոսյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ 1969թ․ նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Վուդսայդ, Քուինս։ Նա հիշում է, թե ինչպես էր լիբանանյան քաղաքացիական պատերազմի մասին պատմում 4-րդ դասարանի իր դասընկերներին ամենշաբաթյա քննարկումների ընթացքում։ Հենց այն ժամանակ հասկացավ, որ իրեն հետաքրքրում են պատմությունն ու Միջին Արեւելքը։
 

Մարտիրոսյանն ստացավ իր բակալավրի եւ մագիստրոսի կոչումները Փեյսի համալսարանի Լուբին բիզնես դպրոցում եւ ֆինանսների ոլորտում հաջողություններ գրանցեց։ Հիմա նա Kohlberg&Company ընկերության գործընկերն է եւ գործառնությունների գծով տնօրենը։
 

Մեկ անգամ տրվող հնարավորություն

Երբ փոքր էր, Հայոց ցեղասպանությունից փրկված նրա տատերն ու պապերը չէին մանրամասնում, թե ինչ է եղել իրենց հետ 1915-ին, թեեւ Շանթը գիտեր՝ նրանք զարհուրելի փորձությունների էին ենթարկվել։

Շանթի ընտանիքի անդամներից մի քանիսը փրկվել էին նաեւ շնորհիվ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի՝ ամերիկյան հաստատության, որն այժմ հայտնի է որպես Մերձավոր Արեւելքի հիմնադրամ։

Շանթը սիրով ընդունեց Մերձավոր Արեւելքի հիմնադրամի տնօրենների խորհրդին միանալու առաջարկը՝ առաջնորդվելով իր ընտանիքի անցյալի մասին տեղեկանալու եւ նման ճակատագրի արժանացած այլ մարդկանց օգնելու ցանկությամբ։

Մի օր Մերձավոր Արեւելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, բանկիր Անդրանիկ Սարգսյանը ցույց տվեց նրան Նպաստամատույցի միջոցներով կառուցած մանկատների լուսանկարներով լի տուփերը, որոնք պահեստներում էին պահպանվել։ Գիտակցելով այս պահոցի պատմական նշանակությունը՝ Մարտիրոսյանն ու Սարգսյանը Մերձավոր Արեւելքի հիմնադրամին առաջարկեցին հավուր պատշաճի արխիվացնել այդ փաստաթղթերը։ 2003թ․ Մերձավոր Արեւելքի հիմնադրամը կազմակերպեց իր առաջին ցուցահանդեսը Նյու Յորքի թանգարանում. համադրողն էր Նիրի Մելքոնյանը։ Այն ժամանակ Մերձավոր Արեւելքի հիմնադրամը հիմնականում աշխատում էր այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մարոկկոն, Մալին, Եգիպտոսը, Հորդանանը, Սուդանը եւ Պաղեստինը։ 2004թ. Մարտիրոսյանն առաջարկեց, որ հիմնադրամը «վերադառնա Հայաստան»։

Նրա ղեկավարությամբ Մերձավոր Արեւելքի հիմնադրամը Հայաստանի գյուղերում տնտեսական զարգացմանն ուղղված պիլոտային նախագիծ սկսեց՝ ավելի ուշ ընդլայնելով այն՝ տնային բռնության զոհ դարձած կանանց համար փոքր ձեռնարկատիրության դասընթացներ անցկացնելով։ Մերձավոր Արեւելքի հիմնադրամը շարունակում է նորարար մնալ տարածաշրջանում՝ շնորհիվ Իսրայելի եւ Պաղեստինի ֆերմերների միջեւ խաղաղության հաստատմանն ուղղված իր նախաձեռնության՝ «Ձիթապտղի յուղ առանց սահմանների» ծրագրի։ Մերձավոր Արեւելքի հիմնադրամն արձագանքեց նաեւ Սիրիայի եւ Իրաքի փախստականների ճգնաժամին՝ աջակցելով եւ սովորեցնելով փախստականներին, թե ինչպես Լիբանանի եւ Հորդանանի՝ իրենց հյուրընկալած համայնքներում փոքր ձեռնարկատիրություն հիմնել։

 

                             Շանթ Մարտիրոսյանի տատիկը՝ Մարի Լիբարյանը


Ամերիկյան մանկատունը կյանքեր է փրկում

Շանթի հորականա տատիկ Մարի Լիբարյանն ընդամենը 8 տարեկան էր, երբ նրան Այնթապից (այսօր՝ Գազիանթեփ, արեւելյան Թուրքիա), ընտանիքի մյուս անդամների հետ արտաքսեցին Սիրիա՝ Հալեպ։  Լիբարյանի ծնողները մահացան հիվանդությունից եւ սովից՝ դեպի Սիրիա տեւական գաղթի ժամանակ, որբ թողնելով նրան եւ 6 քույր-եղբայրներին։ Եղբայրներից երկուսը փախուստի դիմեցին՝ փորձելով վերադառնալ հարազատ գյուղ․մեկին դա հաջողվեց, մյուսն անհետ կորավ՝ սպանվեց կամ ձուլվեց։ Նրա ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։ «Սա առեղծված է, որը կա Արեւմտյան Հայաստանի գրեթե յուրաքանչյուր ընտանիքում»,-նշում է Շանթը։

Մյուս երեխաները ճանապարհ ընկան գյուղից քաղաք՝ Հալեպից Քիլիս, երբեմն հանգրվան գտնելով, երբեմն էլ՝ ստիպված լինելով սնունդ մուրալ։ Նրանք խոտ էին ուտում եւ հիվանդանում, քնում էին բաց երկնքի տակ՝ եկեղեցիների ներքնագավիթներում եւ տեսնում, թե ինչպես են շուրջբոլորը հայեր զոհվում։

Մարին քույր-եղբայրների հետ որոշ ժամանակ մնացել է Ամերիկյան բողոքական մանկատներում, այդ թվում՝ Քիլիսում։ Այս մանկատներն ի վերջո միավորվեցին Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի հովանու ներքո։ Առաջին համաշխարհային պատերազմից որոշ ժամանակ անց Մարին փորձեց վերադառնալ տուն, սակայն ընթացիկ հակամարտությունը եւ քեմալական ազգայնականների բանակի ներխուժումը թույլ չտվեցին իրագործել այս մտադրությունը։ Մարին շարունակեց ճանապարհը դեպի Ուրֆա (այժմ՝ Շանլըուրֆա, նահանգ հարավային Թուրքիայում), որտեղ հանդիպեց Մարտիրոսյանի պապիկին։ Մյուս ողջ մնացածների հետ միասին նրանք հասան Հալեպ։ 

 

Ձախից աջ՝ ընտանիքի ընկեր տիկին Լուկարարյանը՝ գրկին Վահան Մարտիրոսյանը (Շանթի հորեղբայրը), Մարի Լիբարյան-Մարտիրոսյանը եւ Կարապետ Մարտիրոսյանը 
 

Տատիկի մահից հետո Շանթը կարդում էր զավակներին թողած նրա հուշագրություները՝ «Մորս նոթատետրը» պարզ վերնագրով։ Հուշագրությունները չափազանց հուզիչ են․

«Մեզ տեղահանեցին մեր տներից։ Ճանապարհ ընկանք․․․ Նույն տարի կորցրի հորս ու մորս․․․ Նրանց հեռանալուց հետո տառապանքն անտանելի դարձավ․․․ Մենք վրաններում էինք՝ Շաթմա կոչվող անապատում, երբ լուր հասավ, թե մեզ քշելու են Դեր Զոր․․․ Ավագ եղբորս՝ Հովհաննեսի օգնությամբ ճամբարից փախանք դեպի Քիլիս կոչվող քաղաք։ Եղբայրս չէր կարող այնտեղ երկար մնալ, եւ ուրեմն, նրանք հաջողեցին գնալ դեպի Թուրքիայի այլ քաղաքներ։ Նրանցից մեկը գնաց Եդեսիա (Ուրֆայի հին հայկական անունը), մյուսն՝ Այնթապ (մենք այդպես էլ լուր չունեցանք իմ եղբայր Եսայիից)․․․ Մեր հարեւաններն օգնեցին մեզ հասնել մանկատուն։ Հինգ հոգով էինք (չորս քույր եւ ամենակրտսեր եղբայրս՝ 3-4 տարեկան Հակոբը), ամենամեծն իմ քույր Թագուհին էր, ով ընդամենը 15 տարեկան էր եւ խնամում էր մեզ՝ ինչպես կարող էր։ Կրտսեր քույրս շատ փոքր էր։ Նոր էր կտրվել մայրական կաթից, մորս մահվանից հաշված ամիսներ առաջ»։

Մանկատներից մի քանիսը ժամանակակից էին՝ բոլոր հարմարություններով ապահովված, մինչդեռ շատերում չորս պատից բացի ոչինչ չկար։ «Մորս նոթատետրի» մեկ այլ պարբերություն պատկերում է այն դժվարին պայմանները, որոնց ստիպված էին դիմակայել մանկատանն աշխատող խիզախ մարդիկ․

«Մանկատանը մեզ ամեն գնով պաշտպանում էին ամեն տեսակ ներխուժումներից։ Բայց երբեմն կայմակամի (քաղաքի կառավարիչ) հրամանով զինվորները գալիս եւ հրամայում էին մեզ շարվել, եւ կարող էին տանել մեզանից յուրաքանչյուրին, ում կընտրեին․․․ Նման իրավիճակից խուսափելու համար մեր խնամակալները կարճ կտրում էին մեր մազերն ու տղայի շորեր հագցնում։ Նրանք ժամեր շարունակ թաքցնում էին ավելի հասուն աղջիկներին նկուղի օդափոխման խողովակներում, որպեսզի զինվորները չտանեն նրանց։ 15-ամյա աղջիկներից շատերը, քրոջս՝ Թագուհու նման, հազիվ են փրկվել խողովակների շիկացած օդում խեղդվելուց»։

Չնայած վերապրած վշտին՝ իր գրքում Մարին շնորհակալություն է հայտնում տեղացի մուսուլման ընտանիքներին, որոնք օգնել են իր քույր-եղբայրներին․

«Եկանք գյուղ․ տեղացիները մեզ հյուրընկալեցին, նրանք մեզ մեծ տներ տրամադրեցին՝ մեջտեղում բակերով։ Մեզ քաղաք չտարան, որովհետեւ, ինչպես իրենք ասացին, մենք կեղտոտ էինք եւ վարակակիր։ Փոխարենը մեր սնունդն առաքվում էր քաղաքից. շնորհակալ եմ գոնե դրա համար։ Այնտեղ կային նաեւ մի քանի հարեւան մայրեր, ովքեր հոգ էին տանում մեր մասին»։ 

 

 

                         Մարի Լիբարյան, Քուինս, Նյու Յորք, մոտավորապես 1990թ․


 

Փրկված սերունդ

Շանթ Մարտիրոսյանը հպարտությամբ է կատարում վերջին 13 տարում՝ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի տնօրենի, եւ վերջին 9 տարում՝ նախագահի իր պարտականությունները․ «Պետք է հասկանալ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի գործունեության ծավալը։ Նրանք փրկել են ավելի քան 130.000 որբերի․․․ կազմակերպությունը հիմնադրված էր ի պատասխան 1915թ․ Հայոց ցեղասպանության, որպես օգնության ընդարձակ գործողություն, որ կոչված էր ամերիկյան հասարակությունից հանգանակություններ հավաքագրել՝ հայ ժողովրդի տառապանքը մեղմելու համար»,- ասում է Շանթը։

Իր տեսակի մեջ առաջին համազգային կոչը բարձրաձայնելու համար Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի՝ ԶԼՄ-ների օգնությանը դիմելն աննախադեպ էր։ Արշավին միացան նաեւ հայտնիներ՝ պատանի կինոաստղ Ջեքի Քուգանը, դեսպան Հենրի Մորգենթաուն եւ կամավոր քաղաքացիներ։

Արդյունքներն աներեւակայելի էին․ 1915-1930թթ․ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցը 117 միլիոն ԱՄՆ դոլար գումար հավաքեց (այսօրվա փոխարժեքով՝ ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար)։

Մարդասիրական արշավին միանում էին հարյուրավոր տղամարդիկ եւ կանայք ամբողջ աշխարհում, հազարավոր կամավորներ՝ ԱՄՆ-ում։ Նպաստամատույցը կառուցեց հարյուրավոր մանկատներ, մասնագիտացված դպրոցներ եւ բարեգործական ճաշարաններ՝ փրկելով ավելի քան 1 միլիոն փախստականների կյանք։ 2015թ․ ապրիլի 24-ի իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անդրադարձավ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցին՝ որպես «միջազգային հումանիտար օգնության առաջամարտիկ»:

Որպես «Նրանք չպետք է մահանան» շրջիկ ցուցահանդեսի շարունակություն, Մարտիրոսյանը վերջերս նախաձեռնեց վավերագրական մի ֆիլմի ստեղծում, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջորջ Բիլլարդն է, իսկ թողարկումը նախատեսված է 2016թ-ին։ Ի նշան երախտագիտության՝ 100 տարի առաջ հայերին օգնած Միջին Արեւելքի ժողովուրդներին, Մերձավոր Արեւելքի հիմնադրամը եւ 100 LIVES-ը վերջերս հայտարարեցին համատեղ կրթաթոշակային ֆոնդի ստեղծման մասին, որն օժանդակելու է արաբական Մերձավոր Արեւելքում դժվար կացության մեջ հայտնված 100 երեխայի։ 100 LIVES-ի համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի պապիկը նույնպես փրկվել է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի շնորհիվ։

 

Մերձավոր Արեւելքի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամները եւ ընկերները Գյումրիի Կազաչի կայազորի՝ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի հին մանկատան առջեւ

Կյանքը զարտուղի ճանապարհներով է վերադարձնում մարդկանց իրենց արմատներին` Շանթի դեպքում հենց այդպես է. նա շարունակում է փրկել ուրիշներին այնպես, ինչպես ժամանակին ինքն է փրկվել։ Զարմանալի չէ, որ Մարտիրոսյանի արձագանքը ճակատագրի այս հեգնանքին խիստ զգացմունքային է․

«Ո՞վ կմտածեր, որ Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի կողմից փրկված որբերից մեկը մի օր կդառնա հիմնադրամի նախագահը եւ կղեկավարի կազմակերպությունը՝ դրա հարյուրամյակին ընդառաջ։ Սա ցույց է տալիս, որ նույնիսկ մեկ կյանք փրկելը շղթայական ազդեցություն է ունենում հաջորդ սերունդների վրա»,- ասում է Շանթը։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: