logo
ՓԱԿԵԼMenu
Ալին Կամակյան

Ալին Կամակյան

Երբ Ալինը Բեյրութում բացեց իր առաջին ռեստորանը, այն անվանեց «Մայրիկ», քանի որ հենց մայրիկն էր նրան ուտեստներ պատրաստել սովորեցրել: Ներկայում Կամակյանը հայկական ռեստորանների միջազգային ցանցի սեփականատեր է: Դրանց սրահների պատերին լուսանկարներ են, որոնց վրա պատկերված են Ալինի՝ Հայոց ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված բարեկամները, իսկ ճաշացանկերը ներառում են ավանդական արեւմտահայկական խոհանոցի բացառիկ ճաշատեսակներ:
 

Մինչեւ 1915-ը Կամակյանի նախնիներն ապրել են Թոմարզայում՝ Կեսարիայի մոտ գտնվող մի փոքրիկ քաղաքում: Ալինի պապ Արշակ Կամակյանն ինը տարեկան էր, երբ ընտանիքը, տեղեկանալով սպասվող ջարդերի մասին, փորձեց փախչել: Նրանց բռնեցին ճանապարհին: «Պապիկը պատմում էր, որ ծնողներին եւ եղբայրներին մորթել են իր աչքի առաջ,- հիշում է Ալինը,- երկու քույրերին քրդերը տարել են իրենց հետ: Արշակը փրկվել է սայլի տակ թաքնվելու շնորհիվ: Այնուհետեւ եկել են կողոպտիչները: Նրանք հանում էին դիակների հագուստը, քաշում ոսկե ատամները»: Արշակին նրանք չեն նկատել:

Ամենայն հավանականությամբ, տղան սովից կմահանար, եթե չլինեին ֆրանսիացիները, որոնք նրան օգնել են տեղափոխվել Բեյրութ, որտեղ էլ երեխային տեղավորել են «Ջեբեյլ» մանկատանը: Քույրերի որոնումն ապարդյուն էր: Սիրիայի եւ Լիբանանի մանկատներում Կամակյան ազգանունով աղջիկներ չէին հայտնաբերվել: Արշակը քարտաշ է դառնում եւ ինքնուրույն տուն է կառուցում Բուրջ Համուտ քաղաքի Չարշաբուխ թաղամասում, որը հիմնել էին հայ ներգաղթյալները: Հենց այնտեղ էլ ծանոթանում է ապագա կնոջ՝ Սիրանուշի հետ, որը ծնունդով նույնպես Թոմարզայից էր:

                                                        Արշակն ու Սիրանուշը

Սիրանուշն Արշակից երկու տարով փոքր էր: Նրա ընտանիքը չէր հասցրել քաղաքը լքել ջարդերից առաջ, բայց կարողացել էր աղջկան տեղափոխել Սիրիա: Սիրանուշն այլեւս ծնողներին չի տեսել: 16 տարեկանում Արշակի հետ ամուսնանալով՝ նա ինչով կարող էր օգնում էր ամուսնուն, անգամ աննշան վճարով լվանում էր Բուրջ Համուտի ծայրամասում տեղակայված զինվորական ճամբարի ֆրանսիացի զինվորների սպիտակեղենը: Հետագայում սիրող ամուսինների ընտանիքում յոթ երեխա է ծնվել: Նրանց առաջնեկը՝ Ավագը, Ալին Կամակյանի հայրն է:
 

Փրկության բանալի

Ալինի մորական կողմի նախնիների ճակատագիրը պակաս ողբերգական չի եղել: Նրա պապը՝ Հայկ Մարդիրյանը, ծնվել է հայտնի Մուսա լեռան մոտ գտնվող վեց գյուղերից մեկում: Տեղի բնակիչները հրաժավել էին ենթարկվել տեղահանության մասին թուրքական իշխանությունների հրահանգին՝ որոշելով մահն ընդունել ռազմի դաշտում: Այդ ժամանակ Հայկն ինը տարեկան էր: «Պապիկս շատ փոքր էր մարտերին մասնակցելու համար,- պատմում է Ալինը,- բայց ռազմիկների թիվը բավարար չէր, եւ Մուսա լեռան ինքնապաշտպանության կոմիտեն թույլատրել էր, որ տղա երեխաներն օգնեն տղամարդկանց: Պապիկիս վստահել էին հրացանների լիցքավորման եւ խրամատներ բարութ հասցնելու գործը»։

Լեռան վրա պաշարված մուսալեռցիները երկար ժամանակ հերոսաբար հետ էին մղում օսմանյան բանակի գրոհները, բայց սննդամթերքի բացակայությունը լուրջ խնդիրներ էր ստեղծում:

Թուրքերի մարտավարությունը հասկանալի էր. չկարողանալով հայերին հաղթել մարտերում՝ որոշել էին նրանց սովամահ անել: Ապստամբներին փրկեց ելքը դեպի ծով: Այդ կողմերով անցնող «Գիշեն» ֆրանսիական հածանավի նավաստիները նկատեցին հայերի տեղադրած «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրվածքով դրոշը եւ տարհանեցին նրանց: Փրկվածների մեջ էր նաեւ Հայկն իր մոր հետ: Նրա հայրը մահացել էր մարտերից մեկում: Նրանց հասցրեցին Եգիպտոս՝ փախստականների ճամբար, որտեղից էլ հետագայում տեղափոխվեցին Լիբանան:

Մուսա լեռան ինքնապաշտպանության արդյունքում փրկվածների մեջ էր նաեւ Հայկի ապագա կինը՝ 4-ամյա Մանուշակը: Նրա բոլոր բարեկամները զոհվել էին: Աղջիկը մեծացել է մանկատանը՝ չիմանալով անգամ իր իսկական ազգանունը: Մանկատան ուսուցիչները նկատում են ընդունակ փոքրիկին, որն ակտիվորեն հետաքրքրվում էր լեզուներով, եւ Մանուշակին ուղարկում Կիպրոս՝ սովորելու: Նիկոսիայում փայլուն կրթություն ստանալով՝ նա վերադառնում է Բեյրութ, որտեղ վարժարանում օտար լեզուներ է դասավանդում: Հենց Լիբանանում էլ նա եւ Հայկն ամուսնանում են: 

                                                         Մանուշակն ու Հայկը

Ամուսնու հետ Մանուշակն ակտիվ մասնակցում էր մուսալեռցիների հայրենակցական միության գործունեությանը՝ Խորհրդային Հայաստան տեղափոխվածների հետ սերտ կապ պահպանելով: 1946-ին, երբ սկսվեց հայրենադարձությունը, ընտանիքը լրջորեն մտորում էր Երեւան տեղափոխվելու մասին: Սակայն բարեկամները, որոնք արդեն հասցրել էին Հայաստան տեղափոխվել, կոդավորված նամակ են ուղարկում Հայկին եւ Մանուշակին: Հաղորդագրության տեքստից պարզ է դառնում, որ ոչ մի դեպքում պետք չէ մշտական բնակության տեղափոխվել Խորհրդային Միություն, քանի որ բազմաթիվ հայրենադարձներ ժամանելուց հետո բռնադատվել եւ աքսորվել էին Սիբիր: Սակայն դրանից հետո էլ Մարդիրյանները շարունակել են կապ պահպանել Հայաստանի հետ, հաճախ Երեւան են այցելել: Նրանց դուստր Վարդուհին եւ թոռնուհի Ալինը դաստիարակվել են պատմական հայրենիքի հանդեպ մեծ սիրով:

 

Շատ մեծ ընտանիք

Հարսանիքից հետո Վարդուհին եւ Ավագն ստեղծեցին ընտանեկան օջախ, որի կրակը ջերմացնում էր ոչ միայն հարազատներին, այլեւ նրանց տանը հյուրընկալվող բազմաթիվ հայրենակիցներին: «Մեր հյուրասենյակը միշտ մարդաշատ էր,- պատմում է Ալինը,- Մուսա լեռան ստորոտին եւ Թոմարզայում ծնված մարդիկ նախընտրում էին մեր տանը հանդիպել եւ շփվել: Ես նրանց «մորաքույր» եւ «քեռի» էի կոչում եւ կարծում էի, որ նրանք բոլորը մեր բարեկամներն են: Մեզ այդպես էին դաստիարակում: «Բոլոր հայերը բարեկամներ են»,- ասում էին ծնողներս»:

 

                            Մանուշակն ու Հայկը բարեկամների հետ Հայաստանում 

Ավագ Կամակյանը, որը Բեյրութի «Սեն-Ժորժ» հյուրանոցում ավագ մատուցող էր, կարողանում էր շատ լավ սպասարկել հյուրերին եւ անթերի սեղան գցել, իսկ Վարդուհին խոհարարական արվեստի գլուխգործոցներ էր ստեղծում: Նա հիանալի գիտեր ե՛ւ Մուսա լեռան, ե՛ւ Թոմարզայի ավանդական խոհանոցները: Թոմարզայի «սու-բերեգ» պանրե կարկանդակը սովորաբար մատուցվում էր Մուսա լեռան հարիսայից հետո: «Ես հաճախ օգնում էի մայրիկին պատրաստելիս,- ասում է Ալինը,- այն ամենը, ինչ կապված է խոհանոցի եւ հյուրասիրության հետ, ինձ միշտ շատ դուր է եկել: Սակայն պատանեկության տարիներին չէի մտածում, որ ռեստորանային ցանցի սեփականատեր կդառնամ: Այդ տարիքում ինձ ֆինանսներն էին գրավում»:

 

                                           Ալին Կամակյանը մոր՝ Վարդուհու հետ

Համալսարանն ավարտելով՝ Ալին Կամակյանը դառնում է հաջողակ ֆինանսիստ: Նրա գործարար կարիերան բավականին լավ էր դասավորվում. Ալինի հիմնադրած IIC Sarl բրոքերային գրասենյակը 90-ական թվականների վերջին հայտնվել էր Լիբանանի լավագույնների տասնյակում: Իսկ Կամակյանին պատկանող GM Insurance & Investment Consultant IIC ապահովագրական ընկերությունը մինչ օրս բավականին լավ եկամուտ է բերում:

Սակայն խոհարարության հանդեպ սերն Ալինին հանգիստ չէր տալիս: 

2002-ին Ալին Կամակյանն ու նրա զարմիկ Սերժ Մաքարոնը որոշեցին սեփական ռեստորանը բացել: «Բեյրութի քրիստոնեական թաղամասում գնեցինք լքված տարածք եւ սկսեցինք բարեկարգել այն,- պատմում է Ալինը,- ոչ մի փորձ չունեինք: Ոչ ես, ոչ Սերժն այս ձեռնարկումը չէինք ընկալում որպես բիզնես: Ես համոզված եմ, որ խոհանոցն ազգային ինքնության մաս է, իսկ խոհարարությունը՝ ազգային մշակույթի: Մեզ թվաց, որ կարող ենք նպաստել այդ մշակույթի պահպանմանն ու տարածմանը»:

 

          Ալին Կամակյանը «Մայրիկ» առաջին ռեստորանի ֆոնին Բեյրութում, Լիբանան

Շուտով ակնհայտ հաջողությունն ստիպեց գործընկերներին մտորել ընդլայնվելու մասին: 2010-ին նրանց նոր ռեստորանը բացվեց Սաուդյան Արաբիայի արեւմտյան մասում գտնվող Ջիդդա քաղաքում, իսկ 2013-ի հոկտեմբերին իր դռները բացեց Դուբայի «Մայրիկ» ռեստորանը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ հայտնի երկնաքեր Բուրջ Խալիֆային շատ մոտ: Բացի այդ, Ալինն ու Սերժը Բեյրութում հիմնեցին եւս մեկ ցանց՝ «Պաչիկ» անվանմամբ: Արդեն պայմանագիր է կնքվել Քուվեյթում ռեստորանի բացման շուրջ, իսկ ծրագրերում են Ռիադը, Լոնդոնը, Լոս Անջելեսը եւ Կահիրեն:

«Մայրիկ» ռեստորանում առաջարկվում են ավանդական խոհանոցի մոտ 70 ճաշատեսակներ, որոնցից շատերն անհայտ են անգամ հայերին. Ալինը գտել է գրեթե մոռացված բաղադրատոմսեր, ինչը երկար ժամանակ ու մեծ ջանքեր է պահանջել:

Կատարած հետազոտությունների արդյունքում նաեւ տպագրվել է «Հայկական խոհանոց» (Armenian Cuisine) պատկերազարդ ժողովածուն, որը պատրաստվել է Բարբարա Դրիսկենսի հետ համատեղ: «Ցեղասպանությունները միշտ ուղեկցվում են մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ,- ասում է Ալինը,- իմ նպատակն է ապացուցել, որ Հայոց ցեղասպանությունն ազդել է անգամ մեր ազգային խոհանոցի վրա»:

 

   Ալին Կամակյանը՝ ձեռքին Բարբարա Դրիսկենսի հետ հեղինակած «Հայկական խոհանոց» գիրքը 

Ալին Կամակյանի համոզմամբ՝ ազգիդ նկատմամբ օտարերկրացու հետաքրքրությունն առաջացնելու ամենահեշտ միջոցը համեղ ուտեստով նրան հյուրասիրելն է.

«Սա նոր հնարք չէ: Ռեստորանների հետ կապված նախաձեռնությունս փորձ է՝ ցույց տալու մարդկանց, որ հայերը ոչ թե ուղղակի վերապրել են, այլ նաեւ պահպանել կյանքից հաճույք ստանալու ունակությունը»:
 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: