logo
ՓԱԿԵԼMenu
Դալիթա Իսքենդերյան Ալեքս

Դալիթա Իսքենդերյան Ալեքս

«Ես ամուսնացել եմ եւ՛ տղամարդու, եւ՛ մարգարիտների հետ»,- կեսկատակ ասում է Դալիթա Ալեքսը (Դալիթա Վարդանյան)։ 1949թ. ծնված այս ջերմ, կենսախինդ եւ կայացած կինը, նախքան Շվեյցարիայում վերջնական բնակություն հաստատելը, ապրել է մի քանի մայրցամաքներում։ Ամուսնու՝ Ջոն Իսքենդերյան Ալեքսի հետ նրանք ստեղծել են մարգարտի արտադրության հաջողակ բիզնես։ Նա հեղինակել է չորս գիրք եւ սկսել է կազմակերպել իր զարդերի ամենամյա ցուցահանդեսներ։

Դալիթայի կյանքի պատմությունը, որը Մերձավոր ու Հեռավոր Արեւելքից մինչեւ Հյուսիսային Ամերիկան ընդգրկող ճամփորդությունների մի երկար շղթա է՝ անխզելիորեն կապված նրա մեծ պապուտատերի պատմության հետ, միահյուսված թանկարժեք մարգարիտների նման. այս պատմությունները դարձել են ընտանեկան ժառանգության անգին մասը։
 

Որբերի օազիս

«Մեծ պապս՝ Շամամյանը, Քիլիսից էր՝ Մարաշի ու Այնթապի միջեւ ընկած փոքրիկ մի քաղաքից, ներկայիս Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին։ Լինելով ձիթենիների լայնարձակ այգիների սեփականատեր՝ նա անչափ հարուստ մարդ էր։ Նրա դուստրը՝ Տիգրանուհի տատս, պատմում էր, որ իրենց տան ձեղնահարկը միշտ լեցուն էր ձիթապտղի յուղի հազարավոր շշերով, որոնք մեծ պապս վաճառում էր Փոքր Ասիայով մեկ»,- պատմում է Դալիթան։

            Դալիթայի տատը՝ Տիգրանուհի Շամամյանը, եւ նրա ամուսինը՝ Մանուել Չապկինյանը

«Մեր ընտանիքը մեծ հարգանք էր վայելում Այնթապում, Մարաշում եւ հարավարեւելյան Անատոլիայի ուրիշ շատ քաղաքներում,- ասում է Դալիթան,- նույնիսկ երբ արդեն շատ ծեր էր, բազմաթիվ հայեր, այդ թվում՝ Բեյրութի ականավոր գործիչներ, գալիս էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Տիգրանուհուն եւ, ի նշան երախտագիտության, համբուրում էին կնճռոտած ձեռքերը։ Անչափ հուզիչ էր ինձ համար»։

Այդուհանդերձ, Դալիթայի ընտանիքի մեծագույն հարստությունը, թերեւս, նրա մեծ պապերի գթառատ սիրտն ու հյուրընկալ գիրկն էր. թեպետ նրանք 6 երեխա ունեին, միեւնույն է՝ որդեգրել էին 13 որբի։ Եվ դա՝ նախքան Հայոց ցեղասպանությունը։

                                                Շամամյան ընտանիքը Հալեպում 

 

Ինչպես XX դարասկզբի ամբողջ հայության դեպքում էր՝ ընտանիքի դժբախտություններն սկսվեցին ցեղասպանությունից դեռ շատ առաջ։ Դալիթան պատմում է, որ մի օր թուրքերը տապալեցին իրենց բազմահարկ տան դարպասներն ու տարան մեծ պապին։ Չնայած այն ամբողջ ոսկուն ու զարդեղենին, որը պապն, իր ազատությունը թուրքերից հետ գնելու հուսահատ ցանկությամբ, հապճեպ տեղավորել էր գոտու մեջ՝  նա այլեւս չվերադարձավ։ Շուտով ամբողջ ընտանիքն ստիպողաբար միացավ դեպի սիրիական անապատ ընթացող մահվան երթին՝ սոսկալի ու դաժան մի ուղեւորություն, որի ընթացքում զոհվեցին անհամար հայեր։ Մնացած ամբողջ ոսկեղենն ու զարդեղենն ընտանիքը ծառայեցրեց երեք նպատակի՝ վճարելու քրդերին՝ հետ գնելու առեւանգված (կամ պարզապես ճանապարհին որբացած) հայ մանուկներին, թուրքերին՝ որպեսզի ընտանիքը կարողանա երբեմն-երբեմն սայլով ընթանալ, եւ կաշառելու ում անհրաժեշտ էր՝ պարզապես ողջ մնալու համար։

Վերջապես ընտանիքը հասավ Հալեպ՝ Սիրիայի խոշորագույն քաղաքը։ Դալիթայի տատն այն ժամանակ 15 տարեկան էր։ Հալեպ հասնելուց որոշ ժամանակ անց Տիգրանուհին ամուսնանում է Մանուել Չապկինյանի հետ։ Զույգը հինգ երեխա է ունենում, ավագը՝ Մարին (Դալիթայի մայրը)՝ ծնված 1928-ին, եւ չորս որդի։ 1940-ականներին Մարին հանդիպում է Կարպիս Վարդանյանին, եւ զույգը մնում է Հալեպում։ Մարիի ծնողները, չկամենալով, որ իրենց որդիները ծառայեն արաբական երկրի զինված ուժերում, 1948-ին գաղթում են Խորհրդային Հայաստան՝ հաստատվելով Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

                  Դալիթա Իսքենդերյան Ալեքսը հոր՝ Կարպիս Վարդանյանի եւ մոր՝ Մարիի հետ
 

Դեպի վեր

Ցեղասպանությունը վերապրած ընտանիքում ծնված Կարպիս Վարդանյանը Հալեպում դառնալու էր քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ «Սա մեծ նվաճում էր, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա երբեք ֆորմալ կրթություն չի ստացել եւ ավագ դպրոց չի ավարտել»,- ասում է Դալիթան հոր մասին։ 13 տարեկանում, հոգնելով անընդհատ հանդիմանություններից, նա որոշում է երբեք այլեւս չվերադառնալ դպրոց։ Դալիթան պատմում է, որ «Մնալով անհողդողդ՝ հայրս ծնողներին խնդրեց չանհանգստանալ՝ խորին համոզմամբ հայտարարելով, որ ինքն անպայման հարստանալու եւ ըստ արժանվույն հոգալու է նրանց մասին իրենց ծերության օրերին»։

Իր խոսքը նա չդրժեց։ Ավտոմեխանիկի կրթությունն ավարտելուց անմիջապես հետո ավտոսպասարկման կետ բացեց։ Ավելի ուշ, երբ հնարավորություն առաջացավ Մերձավոր Արեւելքում շուկա հանելու շվեդական Scania մակնիշի մեքենաները, նա չհապաղեց եւ դարձավ այդօրինակ առաջին դիլերն ամբողջ տարածաշրջանում։ Չնայած այս առաջընթացին՝ «…․ հաշվի առնելով Սիրիայում քրիստոնյա փոքրամասնության կացությանը, որը տարեցտարի վատթարանում էր, ծնողներս, ի վերջո, որոշեցին տեղափոխվել Բեյրութ»,- ասում է Դալիթան։

               Դալիթան ամուսնու՝ Ջոն Իսքենդերյան Ալեքսի եւ երեխաների հետ. Ժնեւ, 1987թ.


Ամուսնություն, մայրություն եւ առաքելություն

Երբ Դալիթայի ընտանիքն ապաստան էր գտել Սիրիայում եւ Լիբանանում, նրա ապագա ամուսնու ընտանիքը հաստատվել էր Պաղեստինում։ Ջոն Իսքենդերյանը ծնվել է Բեթղեհեմում, սակայն ընտանիքը շուտով տեղափոխվել է Հարավային Ամերիկա՝ Արգենտինա, Բրազիլիա, իսկ ավելի ուշ՝ Բոլիվիա։ (Նախապատրաստվելով Հարավային Ամերիկա տեղափոխվելուն՝ Իսքենդերյան ազգանվանը հավելել են Ալեքսը։ Դա կապված էր անձնագիր ստանալու հետ, սակայն արդյունքն ավելի հեշտ արտասանելի ազգանունն էր, որն այդպես էլ մնաց)։ Ջոնն ու Դալիթան հանդիպել են 1969-ին Լիբանանում, ուր նա հաճախ էր ուղեւորվում որպես գործարար։ Այդ ժամանակ 19-ամյա Դալիթան, բակալավրի դիպլոմն արդեն ստացած, Բեյրութի համալսարանական քոլեջում փիլիսոփայություն եւ պատմություն էր ուսանում։ Դալիթան ու Ջոնը սիրահարվում են առաջին հայացքից եւ ամուսնանում՝ առաջին հանդիպումից ընդամենը երկու շաբաթ անց։ Հարսանիքից ընդամենը մի քանի օր հետո զույգը Բեյրութից մեկնում է Ճապոնիայի Կոբե քաղաք։

 

          Դալիթան ամուսնու եւ որդու՝ Արթուրի հետ ներկայացնում է Հայաստանը Կոբեի շքերթին

Դեռեւս 1963-ին Ջոն Իսքենդերյանն արդեն մարգարտի աճուրդի պատվավոր անդամ էր։ «Բրազիլիայից նա եկել էր Ճապոնիա՝ մարգարիտ գնելու, սիրել էր Կոբեն եւ որոշել էր ապրել այնտեղ։ Ես էլ գնացի հետը։ Երկար տարիներ, նախքան Չինաստանը կսկսեր մարգարիտ արտադրել, մարգարտի բիզնեսի կենտրոնը Կոբեն էր։ Եթե դու մարգարիտ էիր գնում Ճապոնիայի մեկ այլ քաղաքում, ներառյալ Տոկիոն, դրանք պիտի ստուգման ենթարկվեին Կոբեում եւ, եթե բարձր որակ ունեին, արտահանվեին միայն այնտեղից»,- բացատրում է Դալիթան։

Բնակության նոր երկրում ծնվեցին զույգի երեք երեխաներից երկուսը՝ Արթուրն ու Մարի-Դալիան։ Կոբեում, որտեղ ընտանիքն ապրեց յոթ տարի, երիտասարդ մայրն ինչ-որ առումով դարձավ Հայաստանի ինքնանշանակ դեսպան՝ նվիրվելով հայությունն ու հայկական մշակույթի էությունը ներկայացնելու գործին։

«Բացատրելն ու ներկայացնելը համարում եմ իմ խաչը, որ պետք է կրեմ։ Խաչ եմ կոչում, քանի որ դա դժվարին գործ է։ Հայերի մասին աշխարհի այս հատվածում գրեթե չեն լսել, եւ քանի որ մենք եւս սպիտակամորթ ենք, ճապոնացիները մեզ ամերիկացու տեղ էին դնում»։

Մի անգամ Դալիթան եւ Ջոնն Օսակայում, համերգային շրջագայություններից մեկի ժամանակ, հանդիպում են Շառլ Ազնավուրին՝ ֆրանսիական հայտնի երգչին, որը հայ գաղթականների զավակ է։ «Ես երբեք չեմ մոռանա այդ հանդիպումը։ Պետք էր տեսնել Ազնավուրի դեմքի արտահայտությունը՝ զարմանք-ուրախությունը, երբ նա ճապոնացի երկրպագուների շարքում հանդիպեց հայ զույգի»,- հիշում է Դալիթան։ Հայոց «դեսպանի» դերում Դալիթայի գերազանցության շնորհիվ նա հայտնվեց ճապոնական հեռուստատեսության եթերում։ «Մեզ հնարավորություն տրվեց ազգային տարազով քայլելու Կոբեի շքերթին»,- հպարտորեն ասում է նա։ Նա պնդեց նաեւ, որ իրենք ինտեգրվեն ճապոնական մշակույթին. Ջոնն ու Դալիթան վարժ խոսում են ճապոներեն։

                 Դալիթայի «Չինաստանը, մարգարիտն ու ես» եւ «Արքայազնը Շվեյցարիայում» գրքերը՝
                                                           նվիրված որդուն՝ Արթուրին

Չինացիները հայերից իմաստնության մարգարիտներ են խնդրում

Կնոջը մարգարտի աճեցման գործում իր ընդգրկուն փորձառությանը հաղորդակից դարձնելու Ջոնի պատրաստակամության շնորհիվ Դալիթան եւս աստիճանաբար դարձավ մասնագետ։ «Մի օր մեզ հետ կապվեցին չինական կառավարության պատվիրակները եւ խնդրեցին, որ իրենց սովորեցնենք ճապոնական մարգարտի աճեցման գաղտնիքները, քանի որ միայն մենք էինք տիրապետում դրա նոու-հաուին։ Ամուսինս խնդրեց, որ իր ճապոնացի վարպետներից մեկն ուղեկցի իրեն Չինաստան, եւ նրանք ճանապարհ ընկան»,- ասում է Դալիթան։

Իսքենդերյանների այս որոշիչ ու պատմական քայլի արդյունքում ստեղծվեց չինական աճեցված մարգարտի՝ այսօր արդեն հաջողակ ու կենսունակ տարատեսակը։

Ավելին, չինական կառավարությունը մի քանի տարի անց Դալիթային խնդրեց այս մասին գիրք գրել։ Նրա «Չինաստանը, մարգարիտն ու ես» գիրքը, որը տպագրվել է Պեկինի Intercontinental Press հրատարակչության կողմից, թարգմանվել է չինարեն ու ֆրանսերեն եւ վաճառվել ավելի քան 50 հազար օրինակով։ 

 

Դալիթայի դստեր՝ Ալեքսիայի կողմից 2015թ. դեկտեմբերին Ցյուրիխում կազմակերպված զարդեղենի ցուցահանդեսը, որին մասնակցել են նաեւ հայաստանյան հայտնի ստեղծագործողներ

Նոր տուն եւ անսպասելի մրցակցություն

1975թ. սկզբներին զույգը որոշում է հավաքել ճամպրուկներն ու վերադառնալ տուն։ Լիբանանում, սակայն, արդեն ուրվագծվում էր քաղաքացիական պատերազմի հեռանկարը, ինչը Ջոնին հարկադրեց մտածել Շվեյցարիայում բախտը փորձելու մասին։ Իր բազմաթիվ գործնական ուղեւորությունների շնորհիվ նա լավ էր ճանաչում այս երկիրը։ Մարգարտի արտադրության իրենց գիտելիքն ու փորձը, ինչպես նաեւ եվրոպական այս փոքրիկ երկրում աշխատանքային նոր շուկայի ձեւավորման հնարավոր հեռանկարը հիմք դարձան, որ Շվեյցարիայի իշխանությունները Ջոնին շնորհեն քաղաքացիություն եւ արտադրություն հիմնելու իրավունք։ Արդյունքում՝ նրանք դարձան արտադրական մարգարտի առաջին դիլերը Եվրոպայում։ Շարունակելով Չինաստանի հետ գործնական հարաբերությունները՝ միջազգային համատեղ վենչուրային ընկերությունը ծաղկեց մոտ 25 տարի՝ Չինաստանով մեկ ստեղծելով մարգարտի գործարաններ, ինչպես նաեւ նոր աշխատատեղեր այնտեղ եւ Շվեյցարիայում։ Հաջողությունը շարունակվեց այնքան, մինչեւ «…․ չինական տեղական մարգարտամշակների եւ դիլերների անօրինական եւ հակապայմանագրային մրցակցությունը հանգեցրեց արտադրության կտրուկ ավելցուկի եւ գների անկման, ինչն, իր հերթին, քաոսի վերածեց մարգարտի համաշխարհային շուկան։ Վերջում մենք մնացինք չվաճառված մարգարտի կիլոգրամների հետ»,- պատմում է Դալիթան։ Այնուամենայնիվ, ձեռքի տակ այդքան մարգարիտ ունենալով՝ Դալիթան կարողացավ հաղթող դուրս գալ. «Մենք այնքան շատ ունեինք, որ 2001-ին ես այդ իրավիճակից քաղեցի հնարավոր լավագույնը՝ դարձա դիզայներ եւ նախաձեռնեցի զարդեղենի իմ Best Pearl ապրանքանիշը»։ 

 

     Դալիթան եւ Շառլ Ազնավուրը 1991թ. կրկին հանդիպում են Հայաստանի դեսպանատանը՝ նշելու Հայաստանի անկախության հռչակումը

Հայկական գոհար

«Երբ հիմա տեսնում եմ սիրիացի գաղթականներին, չեմ կարող չհիշել մեզ՝ հայերիս, 100 տարի առաջ։ Մենք լքեցինք մեր տները սոսկալի սարսափի մեջ, տառապեցինք գաղթի ճանապարհներին ու վերացանք համաճարակներից։ Այս իրավիճակում գոյատեւելը դարձավ գերագույն նպատակ։ Եվ, ի հեճուկս ամեն ինչի, երեխաներին հիմնարար կրթություն տալը մենք մեր պարտքը համարեցինք՝ հարկ եղած դեպքում տառերն անգամ ավազին գծելով։ Այս անկոտրում կամքի ու լավ ապագայի նկատմամբ հավատի համար ես հավիտյանս երախտապարտ եմ իմ նախնիներին։ Այսօր ես խոսում եմ 7 լեզվով, ներառյալ թուրքերենը, որը սովորել եմ Տիգրանուհի տատիցս, երբ նա ամեն գիշեր պատմում էր ինձ իր գոյապայքարի պատմությունը։ Ես հայ եմ ուղնուծուծով, էությանս բոլոր թելերով։ Հայկական ինքնությունն իմ սրտում եւ հոգում է»։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: