logo
ՓԱԿԵԼMenu
Ալեն Միկլի

Ալեն Միկլի

Ալեն Միկլիի (Միկլիթարյանի) համար «անհնար» բառը գոյություն չունի։ «Ավելին, այն այնքան էլ հայեցի չի հնչում»,– հեգնում է նա։ Միկլիի համար լինել հայ՝ նշանակում է լինել հնարամիտ։ 2013թ. հունվարին իր բրենդը վաճառելուց հետո նա հիմնել է ութ նոր ընկերություն եւ ռիսկի դիմել սննդի արտադրության ոլորտում։

Աշխարհով մեկ Ալեն Միկլիի անունն ուղղակիորեն կապվում է դիզայներական ակնոցների հետ։ Նրա հեղինակավոր բրենդն ակնոցների ասպարեզում համարվում է որակի չափանիշ։ Արդեն իսկ լինելով պերճանքի առարկաների շուկայի առաջատար նորարարներից՝ Միկլին չի պատրաստվում կառչել դափնիներից։ Ձեռներեցությունն արյան մեջ ունենալով՝ նա առաջ է ընթացել այլ բիզնեսների զարգացման ուղղությամբ եւս։
 

Նախախնամությունն ու Ֆրանսիայում ապրող հորաքույրը

Ինչպես հաճախ լինում է հաջողության փայլուն պատմությունների դեպքում, Ալենի մայրն իրականում երբեք չի կտրել իրենց կապող «պորտալարը»։ Տասնամյակներով նա ակտիվ դերակատարություն է ունեցել որդու կյանքում եւ մասնակցել ընտանեկան գործի ընդլայնմանը։ Լյուսի Միկլիթարյանը ծնվել է 1931թ. Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում: Նա մանկության վաղ տարիներից շատ աղոտ հիշողություններ ունի.«Հիշում եմ, որ գնում էի հայկական դպրոց։ Այն ժամանակ ես գիտեի ու խոսում էի հայերեն, հունարեն եւ թուրքերեն, բայց այսօր դրանցից ոչ մեկը համարյա չեմ հիշում»։

Լյուսին հիշում է հորը՝ Օհանես Հալաջյանին, որը ծագումով Կիլիկիայի Մարաշ քաղաքից էր (ներկայիս Քահրամանմարաշը Թուրքիայի հարավում)։ «Հորս ընտանիքը շատ ունեւոր էր,- պատմում է նա,- նրանք մեծ սեփականության տեր էին ու 20 աշխատող ունեին»։ Ցեղասպանությունից առաջ ծնված նրա հայրը 1915թ. տասը տարեկան էր: Նա ականատես էր եղել անպատմելիին. նրա ծնողների կոկորդը կտրել էին՝ «ինչպես ոչխարի կոկորդ»։

«Երկու փոքրիկ քույրերի հետ հայրս փախչում է Սիրիա: Հալեպում երեքով թափառում էին փողոցներում՝ սովից հյուծված։ Մի օր սիրիացի մի կին նրանց հարցնում է, թե ուր են ծնողները: Նա տանում է երկու փոքրիկ աղջիկներին, եւ հայրս այլեւս երբեք նրանց չի տեսնում.այլեւս երբեք»,- պատմում է Լյուսին։

Օհանեսին փրկում են հայ հոգեւորականները, որոնք Երուսաղեմ գնալիս նրան վերցնում են իրենց հետ։ Փոքրիկ տղան իր մանկությունն ու պատանեկությունն անցկացնում է ճեմարանում, որտեղ նրան պատրաստում են քահանայության։ Մի օր վանահայրը որոշում է նրան ուղարկել Միացյալ Նահանգներ, որտեղ էլ նա պիտի սկսեր իր հոգեւոր սպասավորությունը։ Ճանապարհին Օհանեսը կանգ է առնում Ֆրանսիայում՝ հրաժեշտ տալու հորաքույրներից մեկին, որը նրանց ընտանիքի՝ ցեղասպանությունից փրկված միակ ներկայացուցիչն էր՝ իրենից բացի։

Նա կտրուկ դեմ է արտահայտվում Օհանեսի՝ Ամերիկա գնալու ծրագրին։ «Քանի ես ողջ եմ, դու Ֆրանսիայից չես հեռանա»,- ասում է հորաքույրը,- դու մեր ընտանիքից մնացած միակ տղամարդն ես, մենք քեզ աղջիկ կգտնենք, կամուսնանաս ու կմնաս Ֆրանսիայում»։

Այսպիսով՝ Ալենի մորական պապը մշտական բնակություն է հաստատում Ֆրանսիայում եւ ամուսնանում Սանդուխտ Ահարոնյանի՝ երիտասարդ ու գեղեցիկ մի կնոջ հետ, որը նույնպես փրկվել էր Հայոց ցեղասպանությունից։ Զույգը հինգ երեխա է ունենում: Ավագը Լյուսին էր, ապա՝ Ժոզեֆը, Պիեռը, Ազատն ու Սիրանուշը։

           Ալեն Միկլիի մորական պապն ու տատը՝ Օհանես Հալաջյանն ու Սանդուխտ Ահարոնյանը

«Հայրս օրուգիշեր աշխատում էր Գրենոբլի մետաքսի գործարանում,- հիշում է Լյուսին,-մենք ապրում էինք բանվորական ավանում, եւ հայրս հաճախ կրկնում էր. «Եթե թուրքերը վերադարձնեին ծնողներիցս խլված հողը, հիմա ես միլիոնատեր կլինեի»։ Բայց, չնայած այդ բոլոր մտքերին, նա համեստագույն մարդ էր, որը երբեք չէր բողոքում»։ Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ գերմանական օկուպացիայի դժվար տարիների ընթացքում դպրոց հաճախելն անչափ բարդացավ Լյուսիի համար. «Գերմանական զորքերի ամեն հերթական առաջխաղացումից հետո մենք փոխում էինք դպրոցը, որպեսզի մնայինք ազատ գոտում։ Ես այդպես էլ պաշտոնապես դպրոցը չավարտեցի, շատ վաղ սկսեցի աշխատել»։

Առաջին աշխատանքը Գրենոբլի հրուշակեղենի գործարանում էր։ Լյուսին ժպիտով հիշում է, որ այնտեղ իրեն «մանրաթեւիկ» էին անվանում։ Բայց ծնողները նրան շուտով ուղարկեցին քաղաք՝ մի հայ կնոջ մոտ կարուձեւ սովորելու։

20 տարեկանում Լյուսիին հանգիստ չէին տալիս երկրպագուները, որոնք նրա ձեռքն էին խնդրում ամուսնության համար։ Նրանցից մեկը՝ Վարդգես Միկլիթարյանը, հատկապես հաստատակամ եղավ։ Վարդգեսը Զմյուռնիայից էր (այժմյան Իզմիրը Թուրքիայի արեւմուտքում) եւ վերապրել էր հրդեհը, որը 1922թ. թուրք ազգայնականները կազմակերպել էին քաղաքում։

Լյուսին ու Վարդգեսն ամուսնանում են 1950թ. ու հաստատվում կենտրոնական Ֆրանսիայի Վիեն փոքրիկ քաղաքում։ Ավելի ուշ նրանք տեղափոխվում են Լիոնի մոտ գտնվող Սենտ-Կոլոմբ, որտեղ էլ 1955թ. ծնվում է Ալենը։ Վերջինս գրեթե չի հիշում հորը, քանի որ իր ծնվելուց շատ չանցած նա ծանր հիվանդանում է եւ 1957թ. մահանում։

                                                 Ալեն Միկլին մեկ տարեկանում 

Ճակատագրի կանչը

Ալենը դեռ 12 տարեկան չկար, երբ տեղափոխվեց Փարիզ։ Դպրոցը նրա համար ձանձրալի էր, եւ 16 տարեկանում նա որոշեց մասնագիտություն ձեռք բերել: Նրա նպատակն էր գտնել այնպիսի դպրոց, որը կլիներ տանից ոտքով ոչ ավելի, քան 10 րոպե հեռավորության վրա։ Պարզվեց, որ հենց իր բնակարանի մոտ է գտնվում օպտիկական մասնագիտություններ ուսուցանող «Fresnel» լիցեյը։ «Այն ժամանակ ակնոցը ոչ ավելին էր, քան ակնային պրոթեզ՝ բժշկական առարկա, որն անհրաժեշտ էր տեսողության խանգարումներ ունեցողներին»,- ասում է Ալենը։

Շուտով նա որոշեց նախագծել այնպիսի շրջանակներ, որոնք կլինեն թե՛ գեղեցիկ, թե՛ հարմարավետ։ 1978թ.՝ 23 տարեկանում, նա հիմնեց ակնոցի մոդելավորման եւ արտադրության սեփական բիզնեսը՝ բրենդն անվանելով «Միկլի», որը մանկուց նրա մականունն էր։ Նրա նպատակն էր ակնոցը բերել նոր դարաշրջան. «Երբ բժշկությունն այլեւս հակասության մեջ չէ դիզայներական ոճի հետ, իսկ մարդու դեմքին պրոթեզային մասը թաքնվում է իսկական զարդի հետեւում»,- ասում է նա։

Ըստ էության՝ նա ասպարեզ բերեց դիզայներական ակնոցի գաղափարը։

Ամեն տարի նրա ընկերությունում ստեղծվում է շրջանակների մոտ 400 նախատիպ։ Ալենն ամեն շնչի հետ նորարություն է բերում եւ շատ արագ հաջողություն ունենում իր՝ ընդունված նորմերին մարտահրավեր նետելու համարձակության արդյունքում։ Վճռական ու պահանջկոտ աշխատող Ալենը մեկը մյուսի հետեւից ստեղծում է նախագծեր՝ քաջ գիտակցելով ակնոցի բացառիկ կարողությունը՝ բացահայտելու անհատականությունն ու զարդարելու աչքերը՝ հոգու հայելին։ Նրա ակնոցները շատ արագ սիրելի դարձան հայտնի անձանց շրջանում։ Ժան Պոլ Գոտիեն դրանք օգտագործել է նորաձեւության իր մոդելներում, եւ դրանք կրում են ամերիկյան բազմաթիվ կինոաստղեր, ինչպես, օրինակ, Սեմյուել Լ. Ջեքսոնը։

                                                            Ալեն Միկլին  

Նոր հնարավորություն տեսողության խնդիր ունեցողների համար

Մի օր Ալենի հին ընկերը՝ աշխարհահռչակ լուսանկարիչ Յան Արտյուս-Բերտրանը, նրա մոտ եկավ մի անհավանական գաղափարով։ «Նա ուզում էր օդա-լուսանկարչական իր աշխատանքներն այնպես փոխակերպել, որ կույր մարդը կարողանա տեսնել դրանք,- վերհիշում է Ալենը,- սկզբում մտածեցի՝ կատակ է անում, բայց երբ պնդեց ցուցահանդես կազմակերպելու գաղափարը, սկսեցինք աշխատել նախագծի ուղղությամբ»։

Ավելի ուշ, Հայաստան կատարած ուղեւորության ընթացքում, Ալենը խնդրում է Յանին Հայաստանը նույնպես օդից լուսանկարել՝ Լեւոն Մինասյանի վերջին ալբոմի նկարազարդման, իսկ ապա՝  Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրելու համար։ Նպատակն էր շոշափելի պատկերների միջոցով կույր կամ տեսողության խնդիր ունեցող մարդկանց առաջարկել փորձարարական շրջագայություն, որը հնարավորություն կտար նրանց փոխանցել գեղարվեստական ընկալումներն ու հույզերը։ Հայաստանում առաջին անգամ էր նմանատիպ բան արվում։

Շատ չանցած՝ Ալենը կրկնում է այս նախագիծը Փարիզի «Պոմպիդու» կենտրոնում։ «Կույրին տեսողություն պարգեւելը բացառիկ զգացողություն է, եւ մենք սա շարունակում ենք անել մինչ օրս՝ այս անգամ արդեն առափնյա Բրանլիի թանգարանում»,- ոգեւորությամբ պատմում է Ալենը։

Միկլին շատ ժամանակ է հատկացնում նաեւ բարեգործական նախագծերին։ Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց օգնելու նպատակով նա համագործակցել է Ֆրանսիայի հայ բժիշկների միության (UMAF) հետ։ Կարիք ունեցողներին տրվել են կոնտակտային ոսպնյակներ ու ակնոցներ, քանի որ Ալենը հավատացած է, որ հասարակության մեջ ներդաշնակորեն ներգրավված լինելու համար մարդիկ պետք է աշխատելու եւ կարդալու հնարավորություն ունենան. «Հայերը հրաշալի ձեռք ունեն, բայց նրանք, ովքեր կորցնում են տեսողությունը, կորցնում են նաեւ աշխատելու հնարավորությունն ու միջոցները»։

                                                            Ալեն Միկլին  

Վերադարձնելով հին պարտքերը

Ի տարբերություն բազմաթիվ հայրենակիցների՝ «2015-ի սինդրոմը» շրջանցել է Ալենին. նա առանձնահատուկ ուշադրությամբ չի հետեւել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի իրադարձություններին։ 2015-ը սովորական տարի էր այնպիսի մեկի համար, որը քննադատաբար է տրամադրված, իր համոզմամբ, անցյալի ու ցեղասպանության ցավագին հիշողության վրա հայերի մտասեւեռվածությանը։ «Հեռուստատեսությամբ, իհարկե, բազմաթիվ հաղորդումներ տեսա,- ասում է նա,- հիմա արդեն բոլորը գիտեն, որ ցեղասպանություն եղել է, բայց այդ ամբողջ աշխատանքը ոչնչով չի օգնում մեր զոհերին։ Ժամանակն է սեւեռվելու ապագայի վրա եւ արժեքավոր ներդրում անելու գալիք մարտահրավերներին ընդառաջ։ Այլեւս չենք կարող բավարարվել պահանջներ ներկայացնելով»։

«Հայ մարդկանց գոյությունը հիմնված է նրանց տաղանդի վրա, եւ աշխարհով մեկ մենք շատ ու շատ փայլուն երիտասարդներ ունենք, որոնք հարուստ են հոգով ու գաղափարներով»,- ասում է Միկլին, որը Ստամբուլն իրեն ավելի հարազատ է համարում, քան Երեւանը։

«Երիտասարդները մեր նախնիներին նոր փայլ են հաղորդում։ Ինձ համար այս մարդկանց ստեղծագործական միտքը լավագույն ապացույցն է, որ թուրքերին չհաջողվեց կործանել մեզ, ու երբեք չի հաջողվելու»,- նշում է նա։

Երեխա ժամանակ Ալենն ավելի շատ թուրքերեն, քան հայերեն է լսել։ «Այսօր ես թուրք հաճախորդներ ունեմ, որոնց ասում եմ. «Սիրելի հաճախորդներ, որպես տուգանք՝ ես ձեզնից տասը տոկոսով ավելի եմ գանձելու»։ Բոլորն անմիջապես հասկանում են, թե ինչ նկատի ունեմ, եւ ընդունում են»։ Ալենի համար այս «արյան հարկը» մնում է իր կարեւորագույն հաղթանակներից մեկը։ Նրա համար հոգ չէ որոշ թուրքերի աչքերն իր ակնոցներով զուգելը, հատկապես երբ նրանք հպարտությամբ են ասելու, որ իրենց ակնոցը հայի ձեռքի գործ է։

                             Ալեն Միկլին իր 1957թ. արտադրության Panhard-ի կողքին

Որպես զգուշավոր լավատես՝ Ալենը գիտակցում է. «Մենք այնքան տառապանքների միջով ենք անցել, որ այն, ինչ ունենք այսօր, կարող է լինել միայն դրական»։ Երբ նրան հարցնում են, թե որն է այն շարժիչ ուժը, որը նրան մղում է այդքան էներգիա ծախսելու, նա առանց մտածելու պատասխանում է. 

«Ապրելու եւ ունեցածովդ կիսվելու հաճույքը. կիսել ափսեիդ մեջ եղածը, կիսել աշխարհի քո տեսլականը եւ մարդկանց համախմբվելու հնարավորություն տալ։ Մենք բոլորս կարճ ժամանակ ունենք Երկիր մոլորակի վրա ու պիտի վայելենք հաճույքը՝ իմանալու, թե ինչպես օգուտ քաղել դրանից»։
 

*Գլխավոր նկարը՝ Վահան Ստեփանյանի

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: