logo
ՓԱԿԵԼMenu
Կարապետ Անդրանիկյան

Կարապետ Անդրանիկյան

Պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանն աշխարհում հայտնի միկրոկենսաբան է։ Պարգեւատրվել է բնապահպանության ոլորտում Եվրոպայի ամենահարգի մրցանակով, որը տրամադրվում է Գերմանիայի Շրջակա միջավայրի հիմնադրամի կողմից։ Անդրանիկյանն աննախադեպ հաջողությունների է հասել շրջակա միջավայրի համար անվնաս ապրանքների, հատկապես՝ վերականգնվող ռեսուրսներից ստացվող նոր նյութերի եւ վառելիքի մշակման գործում։
 

Պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանն աշխարհում հայտնի միկրոկենսաբան է։ Պարգեւատրվել է բնապահպանության ոլորտում Եվրոպայի ամենահարգի մրցանակով, որը տրամադրվում է Գերմանիայի Շրջակա միջավայրի հիմնադրամի կողմից։ Անդրանիկյանն աննախադեպ հաջողությունների է հասել շրջակա միջավայրի համար անվնաս ապրանքների, հատկապես՝ վերականգնվող ռեսուրսներից ստացվող նոր նյութերի եւ վառելիքի մշակման գործում։

Եթե չհաշվենք հասակը, աշխատասիրությունն ու կամքի ուժը, Կարապետ Անդրանիկյանը հոր հետ քիչ ընդհանրություն ունի։ «Հայրս երբեք շատ չէր խոսում, հաճախ տխուր էր, եւ ես միշտ փորձում էի հասկանալ՝ ինչու։ Երբ մի քիչ մեծացա, նա մի քիչ բացահայտվեց ինձ համար»,– պատմում է Կարապետը։ Կարապետի հայրը՝ Հովսեփ Անդրանիկյանը, ծնվել էր 1907 թվականին Սեբաստիայում (ներկայում՝ Սվազ քաղաք, կենտրոնական Թուրքիա)։

1914թ.-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին, Սեբաստիայի բնակչությունը գերազանցապես քրիստոնյաներ էր, իսկ դրանց թվում գերակշռում էին հայերը։

Մշտական ու համակարգված հարձակումների հետեւանքով Սեբաստիայի հայերը, ինչպես եւ Օսմանյան կայսրության մյուս քաղաքների ու գյուղերի հայ բնակչությունը, տեղահանվեցին ու զանգվածաբար ոչնչացվեցին 1915թ. սանձազերծված Հայոց ցեղասպանության ընթացքում։

Ութամյա Հովսեփը դաժան սպանությունների ականատես դարձավ։ Նա ընտրություն չուներ՝ պիտի կանգներ ու նայեր, թե ինչպես են նախ կոտորում իր ընտանիքը, իսկ հետո՝ այրում եկեղեցում։ «Հայրս պատմում էր, որ հնում նրանք Սվազում մեծ տուն ունեին, իսկ ինքն էլ՝ բազմաթիվ եղբայրներ ու քույրեր։ Նա հիշում էր իր ընտանիքի անդամների դեմքերը, հատկապես՝ մոր դեմքը»,– պատմում է Կարապետը։

Հովսեփը փախուստի է դիմում։ Պատահական անծանոթները նրան թույլ էին տալիս առաջ ընթանալ իրենց սայլերով կամ էշերի վրա, բայց ճանապարհի մեծ մասը նա անցնում է ոտքով։ «Մի անգամ նա մի ագարակ է հասնում։ Տերը քուրդ էր եւ ասում է, որ նա կարող է մնալ իր մոտ եւ օգնել իրեն խոզ պահել։ Հովսեփը մնում է այդ քրդի հետ, մինչեւ զինվորները հայտնաբերում են նրան»,– պատմում է Կարապետը։ Հովսեփին բռնում են եւ քշում Միջագետքի անապատները, որտեղ նա թափառում է մոտ երկու տարի, մինչեւ որ 1917թ. հասնում է Երուսաղեմ, որտեղ էլ նրան ընդունում են որբանոց։

 

Հովսեփը` Երուսաղեմի կաթոլիկ որբանոցում, մոտավորապես 1920 թ.։ Հովսեփը վերեւից երրորդ շարքում է, ձախից չորրորդը

Հովսեփը Երուսաղեմում

Երուսաղեմում Հովսեփն սկսում է հաճախել հայկական դպրոց, իսկ ավարտելուց հետո՝ կաթոլիկ հոգեւոր սեմինարիա։ Այստեղ նա սովորում է ֆրանսերեն եւ բացառիկ առաջադիմության համար մեկ տարով ուղարկվում Բելգիա։ «Վերադառնալուց հետո նա հանդիպում է մորս, որը նրան դրդում է վերանայել հոգեւորական դառնալու իր որոշումը։ Պապս թողնում է սեմինարիան եւ ամուսնանում»,– ժպտալով պատմում է Կարապետը։

Կարապետի մայրը՝ Էլիզա Շոհմելյանը, ծնվել էր Այնթապում (ներկայիս Թուրքիայի հարավում գտնվող Ղազիանթեփ քաղաքը)։ Նա եւս մռայլ ճակատագիր է ունեցել. «Մորս չորս եղբայրներին գնդակահարում են, իսկ ծնողները էշերին նստած փախչում են Հալեպ, այնտեղից էլ՝ Երուսաղեմ, որտեղ 1920թ. ծնվում է մայրս»։ Նոր քաղաքում նրանք արագ հունի մեջ են ընկնում՝ շնորհիվ աճող եւ բարգավաճող հայ համայնքի, որն ուներ հայկական եկեղեցի՝ հայ հոգեւորականներով։

Երուսաղեմի հայկական թաղամասի բարեկամական մթնոլորտը խորապես տպավորվել է Կարապետի հիշողության մեջ։ «Ամառային արձակուրդներս անցկացնում էի պապիս տանը։ Սիրում էի այդ ժամանակը. օրերը գեղեցիկ էին, միրգը հասնում էր պարտեզում։ Հայկական թաղամասում իմ տարիքի շատ երեխա կար, ու մենք ամբողջ օրը խաղում էինք»,– հիշում է նա։ Այդ տարիներին իր իմացած լեզուներին ավելացավ նաեւ թուրքերենը, որը նա սովորեց տատից ու պապից։

 

 

         Կարապետի մայրը՝ Էլիզա Շոհմելյանը՝ 9-ը տարեկանում (ձախից՝ երկրորդը), իր ընտանիքի հետ Երուսաղեմում

1937թ. Հովսեփն ու Էլիզան ամուսնացան եւ մի աղջիկ ունեցան, անունը՝ Աշխեն։ Հինգ տարի անց ծնվեց նրանց երկրորդ երեխան` Անդրանիկը։ Այդ ընթացքում Հովսեփը հյուսնի արհեստ է սովորում։ Երուսաղեմում կյանքը բարդացել էր, գործազրկությունն՝ աճել։ «Հայրս սկսում է աշխատանք փնտրել այլուր եւ գտնում է Հորդանանում»,– պատմում է Կարապետը։ Աշխենին ժամանակավորապես թողնում են տատիկի ու պապիկի մոտ։ Նոր տանը, 1951թ. ապրիլի 30-ին ծնվում է նրանց երրորդ երեխան՝ Կարապետը։
 

Կյանքն Ամմանում

Ամմանում Հովսեփն ու Էլիզան ապրում էին բետոնե շինության մեջ, որի առաջին հարկում բնակվում էր մի մեծ մահմեդական ընտանիք։ Հինգ հոգով ապրում էին մի սենյակում։ Խոհանոցն ու լոգարանը դրսում էին։ «Ցուրտ օրերին երկար պիտի մտածեիր՝ գնա՞ս խոհանոց կամ լոգարան, թե՞ ոչ»,– կատակով պատմում է Կարապետը։ Չնայած հարմարությունների բացակայությանը՝ նա սիրով է հիշում այդ ժամանակները։ «Երեկոյան մենք թեյ էինք խմում, երաժշտություն լսում եւ թղթախաղով զբաղվում։ Մի օր էլ հեռուստացույց գնեցինք. դա 1960-ականներին էր: Չնայած ազդանշանը շատ վատ էր, բայց բոլոր հարեւանները հավաքվում էին մեզ մոտ՝ հեռուստացույց նայելու։ Մենք մի ալիք ունեինք, ու մեծ ոգեւորություն էր տիրում, երբ դրանով «Միքի Մաուս» էին ցույց տալիս»,– ծիծաղով պատմում է Կարապետը։

Էլիզան սկսում է դերձակություն անել. նրա բազմաթիվ պատվիրատուների թվում էր նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ «Նա վարագույր էր կարում, կոստյումներ եւ ուրիշ ինչ ասես։ Առավոտյան գնում էր աշխատանքի եւ ինձ տանում հետը»,– հիշում է Կարապետը։ Ամբողջ օրը հետեւելով մորը կար անելիս՝ Կարապետը շուտով ինքն է հմտանում այդ գործում։ «Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, ես իմ կարածները վաճառում էի դպրոցում,– հպարտանում է Կարապետն ու ավելացնում,– այն ժամանակ մենք ոչ մի խաղալիք չունեինք, ու ես թելուասեղը կամ մոծակ-մրջյունն էի ինձ խաղալիք սարքում։ Մի անգամ ճանճի ոտքին թել կապեցի, որ տեսնեմ՝ ինչ կլինի։ Մտածում էի՝ ինձ թռչելով օդ կբարձրացնի, բայց նման բան չեղավ»։

Չնայած անվերջ ֆինանսական անկայունությանը՝ Հովսեփն ու Էլիզան իրենց երեք զավակներին էլ լավ կրթության տվեցին։ Աշխենն ուսուցչուհի դարձավ հայկական դպրոցում, Անդրանիկը՝ մեխանիկ։ Այսօր նրանք երկուսն էլ ապրում են Հորդանանում, իրենց ընտանիքների հետ, իսկ Կարապետը գիտությամբ է զբաղվում հեռու երկրներում։ 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: