logo
ՓԱԿԵԼMenu
Անիտա Վոգել

Անիտա Վոգել

«Հաճախ եմ մտածում, որ իմ ծնունդը հրաշք է: Առանց իմ նախապապի ապրելու կամքի եւ առանց այն բազմաթիվ թուրքերի, որոնք տատիկիս օգնեցին փախչել, իմ ընտանիքը երբեք չէր փրկվի»,-ասում է Անիտա Վոգելը:

Լոս Անջելեսում ու Նյու Յորքում բնակվող Անիտա Վոգելը FOX լրատվական ալիքի մեծ վաստակ ունեցող թղթակից է, որտեղ աշխատում է 2001 թվականից: Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Փենսիլվանիայի հեռարձակողների ասոցիացիայի մրցանակին՝ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, Էդվարդ Ռ. Մյուրոյի անվան մրցանակին, ինչպես նաեւ տարածաշրջանային «Էմմի» մրցանակին՝ «Լավագույն լրատվական թողարկում» անվանակարգում: Արժե հատկապես նշել, որ Վոգելը «Golden Mike» մրցանակի է արժանացել «Հրատապ լուրերի լավագույն լուսաբանում» անվանակարգում՝ Nevada Caucuses նախընտրական միջոցառման ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ իր բացառիկ հարցազրույցի համար: «Ես չգիտեմ՝ արդյոք ինձ երբեւէ կպատահի՞ առավել հետաքրքիր հարցազրույց»,- ասում է Վոգելը: 

                                            Անիտա Վոգելը հարցազրույց է վարում Դալայ Լամայի հետ
 

Անիտայի ուշագրավ աշխատանքներից են նաեւ 2006թ. Մեքսիկայի նախագահական ընտրությունների լուսաբանումը եւ ուղիղ հեռարձակումները Նոր Օռլեանից՝ 2005 թվականին «Կատրինա» փոթորկի ժամանակ: Վոգելը երկու շաբաթ հետեւում էր փոթորկին՝ լուսաբանելով աղետի հետեւանքները: ««Կատրինան» անողորմ էր… Իմ՝ երբեւէ տեսած վատագույն պայմաններն էին, եւ հենց այդ պատմությունն է ամենամեծ ազդեցությունը գործել ինձ վրա: Պարզապես անհավատալի էր, որ այդ ամենը Միացյալ Նահանգներում է տեղի ունենում»,- վերհիշում է նա:

Վոգելը ռադիոհեռուստալրագրության ու քաղաքագիտության բակալավրի կոչում է ստացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանում եւ 1992թ. վարչական գծով օգնականի աշխատանքի անցել Վաշինգտոնի «ABC News» լրատվական ալիքում: Այդ ժամանակից ի վեր նա հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի իր մասնագիտության բարձունքները:

 

 

«Կյանքդ կամ կրոնդ»

Անիտա Վոգելը հոր կողմից արեւելաեվրոպացի է, մոր կողմից՝ հայ: Թեպետ նա իրեն առաջին հերթին ամերիկուհի է համարում, սակայն լայնորեն ճանաչել է իր հայկական ժառանգությունը՝ հպարտությամբ նշելով, որ որպես հայ է մեծացել իր եղբայր Մարկի հետ: Վոգելն ամուսնացած է «Fairmont Raffles» շվեյցարական հյուրանոցների գլխավոր ֆինանսական տնօրեն Մարկ Ռոզելսի հետ: Նրանք ունեն երկու տարեկան դուստր՝ Իվանջելին: 

 
 
                             Անիտա Վոգելն ամուսնու՝ Մարկ Ռոզելսի եւ դստեր՝ Իվանջելին Ռոզելսի հետ
 
 

Անիտա Վոգելի մայրական կողմի ընտանեկան պատմությունը «դավանափոխ հայերի» մի հետաքրքիր օրինակ է: Հայոց ցեղասպանության ընթացքում եւ հետո, շատ հաճախ, երբ տղամարդկանց առանձնացնում էին իրենց ընտանիքներից ու սպանում՝ գյուղ առ գյուղ, կանանց ու երեխաներին առաջարկվում էր մահից խուսափելու համար կրոնափոխ լինել՝ ընդունելով մահմեդականություն: Ոմանց հարկադրաբար էին կրոնափոխ անում, հակառակ նրանց՝ քրիստոնյա մնալու ցանկության, մինչդեռ ուրիշները, ինչպես Վոգելի ընտանիքը, դավանափոխ էին լինում զուտ ձեւականորեն: Վերջիններիս կոչում են «գաղտնի հայեր» կամ «ծպտյալ հայեր», եւ նրանցից ոմանք դեռեւս գաղտնի քրիստոնեություն են դավանում: Ծպտյալ կամ կրոնափոխ եղած հայերի մոտավոր թիվը խիստ տարբերվում է՝ ըստ որոշ աղբյուրների կազմելով ընդամենը 30 հազար, իսկ այլ աղբյուրների համաձայն՝ ընդհուպ մինչեւ 5 մլն մարդ: Վերջին շրջանում նման հայերից շատերն են բացահայտում իրենց իրական ինքնությունը, հատկապես պատմականորեն արեւմտահայկական այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Դերսիմը (ներկայում՝ Արեւելյան Անատոլիայի Թունջելի շրջանում) եւ Դիարբեքիրը, ինչպես նաեւ Համշենում, Մալաթիայում, Սվազում, Վանում, Կայսերիում, Էլազիգում եւ Մուշում:

Վոգելն իր ընտանիքի պատմությունն իմացել է տատիկից՝ Սառա Պետրոսյանից (օրիորդական ազգանունը՝ Ագզարյան), որը Հայոց ցեղասպանության ժամանակ 11 տարեկան էր. «Տատիկս հաճախ էր խոսում ցեղասպանության մասին մինչեւ 1999 թվականին իր մահը՝ 94 տարեկանում: Նա պատմում էր, թե որքան քիչ սնունդ ուներ իր ընտանիքը, եւ բոլորը մահանում էին: Նա պատմում էր, որ ցեղասպանության ժամանակ իր համագյուղացիներին առաջարկվել էր ընտրություն կատարել մահմեդականություն ընդունելու եւ մահվան միջեւ»,- հիշում է Անիտան:

 

Էվերեգից՝ Բրոնքս. կրոնի, խելամտության ու վերապրումի պատմություն

Սառայի ծնողները՝ Ագզար եւ Մարիամ Ագզարյանները, իրենց մյուս զավակների՝ Ռոզի, Գուիլիի եւ Ջոնի հետ ապրում էին կենտրոնական Թուրքիայի գյուղերից մեկում՝ Կայսերիի մոտ: «Այն ժամանակ այն հայտնի էր Էվերեգ-Ֆենեսե անունով, իսկ այժմ, կարծեմ, Դեւելի է կոչվում»,- ասում է Վոգելը: 1915-ին թուրք զինվորականները ժամանեցին Էվերեգ ու հայերին առաջարկեցին մահմեդականություն ընդունել: Մինչ Անիտայի նախապապ Ագզարը խելամիտ էր համարում «մահ կամ կրոնափոխություն» առաջարկի ընդունումը, նրա նախատատ Մարիամը խիստ ջերմեռանդ հայ քրիստոնյա էր: «Իմ մեծ տատիկն այնքան, այնքա՜ն կրոնապաշտ էր,- բացատրում է Անիտան,- որ աղոթելու ժամանակ երկնքում լույս էր տեսնում»: Մարիամը կրոնափոխ լինելու գաղափարը բարյացկամորեն չընդունեց, ինքնատիրապետումը կորցրեց ու ճչալով գյուղի փողոցներն ընկավ: Ագզարը հաջողեց նրան հետ բերել ու խստորեն նախատեց. «Գժվե՞լ ես: Գիտե՞ս՝ ի՜նչ կլինի, եթե մենք գոնե չձեւացնենք, թե իսլամ ենք ընդունել: Նրանք բոլորիս կսպանեն»: Այսպիսով, ընտանիքը դժկամությամբ մահմեդական էր ներկայանում, մինչ պլանավորում էր փախուստ դեպի Ամերիկա: 

 

Գուիլին՝ Անիտայի տատիկի քույրը, որն ամուսնացել է թուրք զինվորի հետ եւ փոխել անունը՝ դառնալով Ֆաթիմա, իր տղայի՝ Յասարի հետ
 


Եթե չլիներ օտարների բարությունը

«Իմ տատիկի եղբայրը՝ Ջոնը, ընտանիքում առաջիններից էր, որը լքեց Թուրքիան ու եկավ Միացյալ Նահանգներ: Հետագայում նա, Միացյալ Նահանգներում բնակվող էվերեգցի որոշ մարդկանց աջակցությամբ, կազմակերպում է իր քույրեր Սառայի եւ Ռոզի փախուստը Կուբա: Սառայի կրտսեր քույրը՝ Գուիլին, այդ խառնաշփոթի ժամանակ ամուսնացավ թուրք զինվորի հետ եւ երբեք չլքեց երկիրը: Նա եւ իր ամուսինը մի քանի զավակ ունեցան՝ իմ զարմիկները, որոնց հետ ես այսօր կապ եմ պահպանում: Այսպիսով, ես Թուրքիայում ընտանիք ունեմ: Նրանք թուրք ազատականներ են՝ բոլորը լավ կրթություն ստացած մասնագետներ, եւ նրանք գիտեն իրենց արմատները: Ես այցելել եմ նրանց Թուրքիայում, նրանք էլ ինձ են այցելել: Գուիլին իր անունը փոխել է եւ հիմա Ֆաթիմա է»,- բացատրում է Անիտան: 

 
                Անիտա Վոգելը, նրա մայրը եւ իրենց բարեկամները Թուրքիայից՝ հարսանիքի ժամանակ
 

Ամենուր իրենց ճանապարհին, որն ի վերջո նրանց դեպի Բրոնքս բերեց, օտարները Սառային եւ Ռոզին օգնել են Ամերիկա հասնելու գործում: Եթե չլիներ Գուիլիի հետ ամուսնացած զինվորը, քույրերը չէին փրկվի Թուրքիայում: Պարզ չէ՝ արդյո՞ք Գուիլին իր կամքով է ամուսնացել, թե՞ առեւանգվել է ու ստիպված եղել ամուսնանալ, սակայն ամեն դեպքում նրան, ակնհայտորեն, լավ էին վերաբերվում, եւ, ի վերջո, նա բարեկեցիկ կյանք ունեցավ: Եթե չլինեին մի քանի այլ թուրքեր, որոնց անուններն Անիտան չգիտի, աղջիկները երբեք չէին կարողանա լքել Թուրքիան եւ ուղեւորվել Հավանա, որտեղ գաղթականների մեծ համայնք էր ձեւավորվում:

Կուբայում ապրելով երկու տարի՝ երկու կանայք Միացյալ Նահանգներ ժամանեցին Էլիս կղզու միջոցով: «Նրանք կապ հաստատեցին Ամերիկայում ապրող հայերի հետ, որոնք երկու երիտասարդի՝ Օսկար Պետրոսյանին եւ Վարդան Միքայելյանին ուղարկեցին ամուսնանալու համապատասխանաբար Սառայի եւ Ռոզայի հետ: Հետո նրանք տեղափոխվեցին Նյու Յորք ու ստեղծեցին իրենց ընտանիքները»,- ասում է Անիտան: Սառան եւ Օսկարը Բրոնքսում բնակություն հաստատեցին մոտավորապես 1925թ.: Երկու տարի հետո ծնվեց Անիտայի մայրը՝ Մերի Պետրոսյանը: 

 

                        Անիտա Վոգելի տատիկն ու պապիկը՝ Սառա եւ Օսկար Պետրոսյանները 
 
 
Սա մի զարմանահրաշ պատմություն է, երբ օսմանյան մղձավանջը դարձավ «ամերիկյան երազանք»: Եվ, անշուշտ, բացի հայ լինելու հպարտության զգացումից, Անիտան երախտապարտ ու շնորհակալ է այն թուրքերին, որոնց օգնությամբ իրենց ընտանիքը փրկվեց Հայոց ցեղասպանության սարսափներից:
                                                 Անիտան՝ մոր հետ, Անիտայի հարսանիքին, 2013թ. 
 
 
«Հաճախ եմ մտածում, որ իմ ծնունդը հրաշք է: Առանց իմ նախապապի ապրելու կամքի եւ առանց այն բազմաթիվ թուրքերի, որոնք տատիկիս օգնեցին փախչել, իմ ընտանիքը երբեք չէր փրկվի: Ես, անշուշտ, անչափ շնորհակալ են նրանց բոլորին, որտեղ էլ որ նրանք կամ նրանց ընտանիքները լինեն այսօր: Կարծում եմ՝ ընտանիքիս անցյալն ազդեցություն է թողել ինձ վրա, քանի որ կյանքը երբեք չեմ թերագնահատել,-ասում է Անիտա Վոգելը,-մեծ հարգանքով եմ վերբարվում տարեցներին ու այն պայքարին, որի միջով նրանք անցել են»:


Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: