logo
ՓԱԿԵԼMenu
Ֆրանսիս Քյուրքչյան

Ֆրանսիս Քյուրքչյան

Մշտապես նոր բուրմունքի որոնումներում՝ օծանելիքի վարպետ Ֆրանսիս Քյուրքչյանը փայփայում է հիշատակն իր մայրական կողմի պապիկի ու տատիկի, որոնք նրան են փոխանցել կորուսյալ երկրի բույրը:

Բարեկազմ, թխամաշկ եւ աչքի ընկնող քթով Ֆրանսիս Քյուրքչյանը բուրմունքները համարում է «մեր մարդկության պատվարներ»: 1969 թվականին Փարիզի մոտ ծնված Ֆրանսիսն առնչություն չունի Ֆրանսիայի օծանելիքի մայրաքաղաք Գրասեի հետ, ոչ էլ օծանելիք արտադրողների ընտանիքից է սերում: Այնուամենայնիվ, նա ոսկե հետք է թողել ֆրանսիական բույրերի աշխարհում՝ 1999թ. կոսմետիկ միջոցներ արտադրող «Էլիզաբեթ Արդեն» ընկերության համար հեղինակելով «Կանաչ թեյ» բուրմունքը, իսկ 2014թ. «My Burberry»-ն՝ «Burberry» ընկերության համար:

46 տարեկանում նա ավելի քան հարյուր օծանելիքի հեղինակ է, եւ նրա անունն այժմ հայտնվում է շքեղության ու գեղեցկության ապրանքատեսակներ արտադրող խոշոր բրենդների կողքին: Դեռ պատանեկության տարիներին էր Քյուրքչյանը որոշել օծանելիք պատրաստել, իսկ 25 տարեկանում ստեղծեց իր առաջին աշխատանքը՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտիե նորաձեւության տան համար: Այսօր շքեղության առարկաների համաշխարհային արդյունաբերությունը հարգանքով է վերաբերվում նրա բուրմունքներին, իսկ 2009թ. Մարկ Շայայի հետ նրա համահիմնադրած «Maison Francis Kurkdjian» («Ֆրանսիս Քյուրքչյան տուն») ընկերությունը շարունակում է ընդլայնվել Ֆրանսիայում եւ աշխարհով մեկ, մասնավորապես՝ Միացյալ Նահանգներում:

                                                                          Ֆրանսիս Քյուրքչյանը
 


Աշխարհով մեկ շրջելով

Ֆրանսիսի հայրը՝ Պետրոս Քյուրքչյանը, որը ծնվել է 1936 թվականին Անդրանիկ Քյուրքչյանի եւ Նվարդ Պարթեւյանի ընտանիքում, ընտանեկան հիշողությունները պահպանողն է: Նա պատմում է իր մոր հայրիկի՝ Միհրան Պարթեւյանի պատմությունը: Միհրանը դպրոցի ուսուցիչ էր Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում: «Իմ պապն ինչ-որ առումով նշանավոր դեմք էր, որն ուսուցանում էր թե՛ ունեւոր, թե՛ համեստ ընտանիքների երեխաներին»,- ասում է նա: Հրաշք էր, որ 1915-ի ապրիլին օսմանյան մայրաքաղաքում տեղի մտավորականների ձերբակալության եւ տեղահանության ժամանակ Միհրանին վիճակված էր լինել Ստամբուլի մոտ գտնվող Փրինս կղզիներում եւ այդպիսով խուսափել արտաքսումից:

Միհրանի որդի ու Նվարդի եղբայր Արա Պարթեւյանը նույնպես նրա հետ էր: Արան առաջինն էր ընտանիքից, որը 1922թ. բնակություն հաստատեց Ֆրանսիայում: «Քեռիս ընտանիքի համար դեպի Ֆրանսիա կամուրջ դարձավ,- շարունակում է Պետրոսը,-պատերազմն ընթացքի մեջ էր, եւ որպեսզի թուրքերի ձեռքը չընկնի, ստիպված էր կնոջ կերպարանքով աննկատ նստել մի նավակ»: Ֆրանսիայում Արան կոմպոզիտորի եւ դիրիժորի փայլուն կարիերա ունեցավ: Նա նաեւ առաջիններից մեկն էր, որ 1945թ. վինիլային սկավառակների վրա ձայնագրեց հայկական աշխարհիկ ու հոգեւոր երգերը:

Անդրանիկ Քյուրքչյանը՝ Պետրոսի հայրը, ծնվել է 1895թ. Բուրսայում, որը գտնվում է արեւմտյան Անատոլիայում: Ի սկզբանե լինելով մորթեգործ՝ նա հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը: 1922թ. նա մեկնեց Ֆրանսիա, որտեղ էլ երկու տարի անց նրան միացավ կինը՝ Նվարդը: Նրա առաջին կանգառը եղել է Մարսելը, ապա Լիոնը, որտեղ էլ նա դարձավ մետաքսագործ, մինչեւ ի վերջո կրկին կվերադառնար դերձակությանը: Անդրանիկն ու Նվարդը Կոստանդնուպոլսում ֆրանսիական դպրոց էին հաճախել եւ նոր երկրի կյանքին ինտեգրվելու որեւէ դժվարություն չունեցան: Անդրանիկը շատ էր ճամփորդում, իսկ 1941 թվականին նույնիսկ փախավ Լենինգրադի պաշարումից: Ե՛վ Անդրանիկը, եւ՛ Նվարդը՝ Ֆրանսիսի հայրական պապն ու տատը, մահացան 1975թ.: 

                                 Անդրանիկ Քյուրքչյանն իր դուստր Էմմայի՝ Ֆրանսիսի հորաքրոջ հետ  
                                  

Մետաղադրամներով գնված կյանքեր

Ֆրանսիսի մոր ընտանիքի ճակատագիրն ավելի աղետալի էր: Նրանք Բանդիրմայից էին՝ Մարմարա ծովի ափամերձ փոքր մի քաղաքից: Ավետիքյանների ու Սողոմոնյանների ընտանիքներն ապրում էին քաղաքի հունական թաղամասում: «Բարեկեցիկ ապրող ընտանիք էր՝ ոչխարաբուծությամբ էին զբաղվում եւ հողի սեփականատեր էին, մենք առայսօր պահում ենք սեփականության փաստաթղթերը»,- ասում է Ֆրանսիսը: Նրա տատը՝ Սաթենիկը, հորը կորցրել է վաղ տարիքում, եւ նրան մեծացրել են հորեղբայրներն ու հորաքույրները: Վերջիններս կոտորվեցին 1915-ին, փրկվեցին միայն Սաթենիկն ու իր մայրը: «Բանդիրմայի բոլոր տղամարդիկ ու կանայք արտաքսվեցին եւ անմիջապես առանձնացվեցին. տղամարդկանց գնդակահարեցին, իսկ կանանց լցրեցին խոշոր եղջրավոր անասունների տեղափոխման համար նախատեսված բեռնատարները»,- ասում է Ֆրանսիսը:

Մինչեւ տեղահանությունը, սակայն, Սաթենիկն ու իր մայրը կարողացել էին իրենց հագուստներին կոճակների տեղերում ոսկե մետաղադրամներ կարել, որպեսզի կաշառեն թուրքերին ու քրդերին, որոնք պետք է սպանեին իրենց:

Այսպիսով նրանք արտաքսվեցին Անատոլիայի հարավում գտնվող Կոնիա եւ փրկվեցին Կարմիր խաչի Փախստականների կոմիտեի շնորհիվ, որը պատերազմի վերջում ազատագրեց իրենց ճամբարը: Սակայն նրանց վերադարձը Բանդիրմա շատ կարճ տեւեց. քեմալական ուժերի առաջխաղացման պատճառով նրանք ստիպված եղան կրկին փախուստի դիմել:

«Իմ Սաթենիկ տատիկը լավ կրթություն ուներ,- հիշում է Ֆրանսիսը,- հայերենից բացի նա վարժ անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, իտալերեն ու թուրքերեն էր խոսում: Երբ երեխա էի, նա անդադար կրկնում էր, որ երեք պատերազմի միջով է անցել՝ Առաջին համաշխարհային, 1919-1922 թթ. հույն-թուրքական եւ Երկրորդ համաշխարհային պատերազմ: Այդ ամենից բացի նա 1918 թվականին փրկվել է իսպանական մահաբեր գրիպից»:

Ֆրանսիսի մոր հայրը՝ Գրիգոր Սողոմոնյանը, ծնվել է 1891 թվականին: Մասնագիտությամբ դերձակ էր, ինչը եւ փրկեց նրա կյանքը, երբ 1915-ին նրան արտաքսեցին: Հարկադրված ծառայության անցնելով օսմանյան բանակում՝ համազգեստներ կարելու համար, նա, այնուամենայնիվ, կարողանում է փախչել ու վերադառնալ Բանդիրմա, որտեղ ավերակներից բացի ոչինչ չի գտնում: Այնտեղից նավակով գնում է Ջենոա, հետո ուղեւորվում է Մարսել, այնուհետեւ՝ Վենսեն, որտեղ էլ վերջնականապես բնակություն է հաստատում՝ միանալով ընկերոջը, որը նրա համար աշխատանք էր գտել կարի արհեստանոցում: Երբ նա լսում է, որ իր հեռավոր զարմուհին՝ իրենից 18 տարով փոքր Սաթենիկը փրկվել է, նրան տեղափոխում է Ֆրանսիա: Նրանք ամուսնանում են Փարիզում 1934 թվականին: 

                        Գրիգոր եւ Սաթենիկ Սողոմոնյանները՝ Ֆրանսիսի մայրական պապն ու տատը, 1974թ.
 

Սիլվիա Ֆլորետը՝ Ֆրանսիսի մայրը, ծնվել է մեկ տարի անց, Փարիզի 18-րդ թաղամասում: «Երբ Գրիգոր պապս մահացավ, մայրս ասաց. «Նա հիանալի հայր էր, բայց անտանելի ամուսին»: Տատն ամուսնացել էր հետը, որպեսզի իր մորը բերի Ֆրանսիա: Նա ստեղծված չէր արհեստավորի հետ ամուսնանալու համար»,- ասում է Ֆրանսիսը:
 

Քյուրքչյան ֆրանսիացին

Շաբաթը մեկ Ֆրանսիսի մայրը հայերենի դասընթացների էր հաճախում Փարիզի հայկական եկեղեցում: Ֆրանսիսը ծնողների հետ հաճախ էր մասնակցում համայնքային միջոցառումների՝ Դաշնակցական կուսակցության հավաքներին եւ 1915 թ. ապրիլի 24-ի զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Նա հիշում է, թե ինչ հսկայական հարգանք էր տածում Շավարշ Միսակյան անունով խարիզմատիկ գործչի՝ լեգենդար «Հառաչ» օրաթերթի գլխավոր խմբագրի նկատմամբ: «Պապիկս այն ամեն օր ստանում էր, ես էլ գնում էի փոստարկղից բերելու: Հիշում եմ նրան մահախոսականներ կարդալիս: Դա մի միջոց էր՝ գտնելու այն մարդկանց, որոնց նա ճանաչում էր Բանդիրմայում, նրանց աշխարհի հետ կապի մեջ մնալու միջոց էր»,- հիշում է նա:

Սողոմոնյաններն իրենց աշխարհը վերստեղծեցին Վենսենում՝ Փարիզի արեւելյան արվարձանում, որտեղ բնակություն հաստատեց Բանդիրմայից եկած փոքրաթիվ հայ համայնքը: Նրանց համեստ տան դռները մշտապես բաց էին, մինչեւ ուշ երեկո օդում թեւածում էր սուրճի բույրը: «Տատիկիս սրահը Վենսենում միշտ բաց էր,- հիշում է Ֆրանսիսը,- Վենսենում ապրող հինգ հայ ընտանիքները մշտապես այցելում էին մեզ: Նրանք մի տատիկի տնից մյուսինն էին գնում, սուրճի մրուրով գուշակություններ անում եւ խոսում էին իրենց հայկական անցած կյանքի մասին:

Իմ պապիկն ու տատիկն ասես փայփայում էին հին երկրի համն ու հոտը, բայց ես երբեւէ չեմ տառապել այդ կարոտախտից:

Նրանց ջանքերով ասես կախարդական մի երկիր էր գոյանում, որը ես չէի կարող պատկերացնել, քանի որ չկային լուսանկարներ»: 

 

 Ֆրանսիսն ընտանիքի հետ. եղբայրը՝ Լիոնելը, քույրը՝ Մարինան, երկու զարմուհիներն ու ծնողները՝ Սիլվիան եւ Միհրանը
 

Սաթենիկը մահացավ 101 տարեկանում: «Հենց նա է, որ մեր հայկական արմատների հանդեպ սիրուց բացի մեր մեջ ներարկել է Ֆրանսիայի ու ֆրանսիական մշակույթի նկատմամբ սերը, երախտագիտության զգացումն այն երկրի նկատմամբ, որը մեզ ընդունեց,- ասում է Ֆրանսիսը,-տատիկս շատ բարեկիրթ կին էր՝ գերազանց հիշողությամբ ու բաց մտքով: Նա մեզ փարիզյան թանգարաններ էր տանում: Կարելի է ասել, որ նա իր ուժերի սահմաններում ամեն ինչ արեց, որպեսզի մենք չմեծանանք գետտոյում, անգամ եթե խնդրում էր պահպանել մեր հայկական արմատները»:

«Թեպետ մենք մեծացել ենք՝ կրելով երկու մշակույթ, ես մշտապես պետք է արդարացնեի ինքս ինձ, երբ արտասանում էի ազգանունս»,- հիշում է ֆրանսիսը: Քյուրքչյանը չի «ֆրանսիականացրել» իր ազգանունը, ինչպես իրենից առաջ շատերն էին արել: Ու թեպետ նա կցանկանար պարել Ֆրանսիական ազգային օպերայում, ապրել նրբագեղ շարժումների աշխարհում, սակայն օծանելիքի հանդեպ նրա կիրքն, ի վերջո, հաղթեց:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: