logo
ՓԱԿԵԼMenu
Պեդրո Մուրադյան

Պեդրո Մուրադյան

Նավահանգստային քաղաքի՝ պատմությամբ լի մի պողոտայի ամենաբանուկ անկյուններից մեկում գտնվում է Խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտի շենքը: Հինգերորդ հարկի սպիտակ պատերով, լուսանկարներով եւ արգենտինական դրոշի հանդիսավոր ներկայությամբ մի սենյակում աշխատում է ինստիտուտի ղեկավարը: Իր կյանքի վրա խոր հետք թողած ընտանեկան պատմության հետեւանքով Պեդրո Մուրադյանը կարեւոր դեր է խաղացել Հայոց ցեղասպանությունը ճանաչող արգենտինական օրենքի ընդունման հարցում:

Մուրադյանը ծնվել է Բուենոս Այրեսի համայնքներից մեկում՝ Վալենտին Ալսինայում: Նրա երկու կողմի տատիկ-պապիկերն էլ, փրկվելով 1915 թ. ցեղասպանությունից, եկել էին Արգենտինա՝ խաղաղություն եւ բարեկեցություն գտնելու: Երիտասարդ տարիներից հետաքրքրվել է արդարության համար պայքարով, որում ներգրավված է մինչ օրս:

«Ցեղասպանությունը վճռորոշ դեր է խաղացել մարդու իրավունքներով իմ հետաքրքրվածության հարցում: Սկսում ես գիտակցել, թե ինչի է ունակ մարդ արարածը, եւ երբ դա տեսնում ես անմիջական զոհի աչքերով, ինչպիսին էին իմ տատիկ-պապիկները, դա ավելի ցնցող է»,- նշում է Պեդրո Մուրադյանը:

Նրա հայրական պապիկը՝ Պետրոսը, ծնունդով Բիթլիսից էր (ներկայիս Թուրքիայում) եւ զինվորական ծառայություն էր անցնում, երբ սկսվեցին անախորժությունները: Պետրոսը մասնակցեց «Բիթլիսի ճակատամարտ» անունով հայտնի գործողություններին՝ համալրելով Անդրանիկի հրամանատարությամբ գործող հայ կամավորականների շարքերը:

Տարիներ անց նրան հաջողվեց փախչել Հունաստան, որտեղ էլ ծանոթացավ ապագա կնոջ`Մարիա Էլմայանի հետ: Մարիան ծնվել էր Փավրոզում (Պավրոզ, Սեբաստիա վիլայեթի գյուղերից, ներկայիս Թուրքիայում) եւ որբանոցում հայտնվելով՝ կարողացել էր փրկվել: Պետրոսն ու Մարիան յոթ տարի ապրեցին Պիրեոյի շրջանում, Աթենքի նավահանգստի մոտ, որտեղ եւ ծնվեցին նրանց առաջին երեք զավակները: Նրանցից երկուսը մահացան դժվար կենսապայմանների պատճառով: «Հունաստանից գաղթեցին Արգենտինա, առանց իմանալու, թե ուր էին գալիս, եւ հաստատվեցին Վալենտին Ալսինայի շրջանում,- պատմում է Մուրադյանը,- պապս այդ իրադարձությունները չէր պատմում, ճնշված էր: Հաճախ կտեսնեիր նրան լալիս՝ առանց ակնհայտ պատճառի: Նա շատ երազներ էր տեսնում ու մղձավանջների մեջ ընկնում, գրեթե չէր հանգստանում եւ միշտ շատ լուրջ էր: Նրան չէր հաջողվում ազատվել ցեղասպանության հուշերից»: Մայր hայրենիքից արմատախիլ լինելով՝ նա եկել էր Հարավային Ամերիկա եւ վերջապես ապաստան գտել: «Պապիկս Արգենտինայում գտավ խաղաղություն եւ հանգստություն, ինչը որ չուներ գրավված Հայաստանում,- նշում է Պեդրոն,- նրա սենյակում կախված էին Սոսե Մայրիկի եւ Գեւորգ Չաուշի նկարները»:

Կարապետ Մուրադյանը՝ որդու՝ Պեդրոյի հետ 
Լուսանկարը՝ Մուրադյանների ընտանեկան արխիվից

Պեդրոյի մայրական տատն ու պապը` Լեւոն Հեքիմյանը եւ Հռիփսիմե Դոնբուրյանը, Խարբերդից (Հարփութ, ներկայիս Էլագիզ, Թուրքիա) եւ Ադանայից (այժմ՝ Թուրքիայի հարավում) էին: Ջարդերի ժամանակ նրանց հաջողվել էր փախչել Լիբանան, հետո Ուրուգվայ, որտեղ ապրել էին մի քանի տարի՝ վերջնականապես Արգենտինա տեղափոխվելուց առաջ: 

Մուրադյանների ընտանիքը Բուենոս Այրեսում, 1953թ. (ձախից. ներքեւում՝ Պետրոս Մուրադյանը, կողքին կինը՝ Մարիա Էլմայանը, վերեւում՝ Աննա Մուրադյանը՝ Պեդրոյի հորաքույրը, աջից. ներքեւում՝ Նվարդ Մուրադյանը՝ Պեդրոյի հորաքույրը, վերեւում՝ Պեդրոյի հայրը՝ Կարապետ Մուրադյանը)
Լուսանկարը՝ Մուրադյանների ընտանեկան արխիվից

Արգենտինա. ճանաչում օրենքով
 

2007թ. հունվարի 11-ին հռչակվեց 26.199 Ազգային օրենքը, որն ապրիլի 24-ը ճանաչում է որպես Ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Պեդրո Մուրադյանն այս գործընթացում կարեւորագույն դեր է կատարել: Նա ասում է, որ այդ օրենքը ոչ միայն մեծ քայլ է Արգենտինայի քաղաքականության համար, այլեւ մեծ անձնական ուրախություն. «Թեեւ համակարգային նվաճում էր, ես այն ընկալում եմ նաեւ որպես անձնական: Ցեղասպանությունն առանցքային է իմ կյանքում: Ես շատ եմ աշխատել հանուն հիշատակման, արդարության, եւ որպեսզի այլեւս երբեք ոչ մի ժողովրդի հետ չկատարվի նման ողբերգություն: Մարդու իրավունքների ոլորտում իմ ներգրավվածությունն ու հարգանքը պայմանավորված է իմ մանկության ապրումներով»:

Տեւական պայքարից եւ 1995 թ. այն ժամանակվա նախագահ Մենեմի կողմից օրինագծի մերժումից հետո երկար տարիներ պահանջվեցին, մինչ հնարավոր եղավ հասնել նպատակին: «Թողեցինք, որ ժամանակ անցնի, քանի որ նոր քաղաքական գործընթաց եւ հայեցակարգային փոփոխություն էր անհրաժեշտ: Նեստոր Կիրչների իշխանության գալուց հետո մարդու իրավունքների պաշտպանությունը դարձավ պետական քաղաքականություն, ինչն էլ թույլ տվեց մեզ նորից պայքար մղել: Թեեւ գոյություն ունեին նույն ճնշումները, ինչ Մենեմի նախագահության ընթացքում, սակայն քաղաքական որոշում կար պայքարը շարունակելու, որպեսզի ցեղասպանությունը իրոք ճանաչվի ազգային օրենքով»:

Պեդրո Մուրադյանը՝ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների հետ 

Իր անվերջ մտորումներում Մուրադյանը շեշտը դնում է մարդու իրավունքների համընդհանուր կարեւորության վրա. «Մարդու իրավունքները հատվում են: Մեր համայնքը պետք է հասկանա ոճրագործության զոհ դարձած այլ ժողովուրդների հետ համերաշխության կարեւորությունը, եւ ոչ թե պարփակվի իր սեփական խնդիրների մեջ»:

Մուրադյանը միշտ սատարել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված տեղական նախաձեռնություններին՝ սկսած Հայ երիտասարդական միությունից, Հայ ազգային խորհրդից, մինչեւ այժմ՝ Խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի ազգային ինստիտուտ: Բազմիցս ներկայացրել է Արգենտինան մարդու իրավունքներին նվիրված զանազան ֆորումներում եւ միջազգային գիտաժողովներում:

Սպիտակ-երկնագույն դրոշը, որը գտնվում է Պեդրո Մուրադյանի աջ կողմում, նրա երախտագիտության մասին է վկայում. «Ոչ ոք չի կարող մոռանալ բազմաթիվ մարդկանց եւ կազմակերպություններին, որոնք օգնել են հայերին: Մենք միշտ պետք է շնորհակալ լինենք»: Նա իր երախտագիտությունն արտահայտում է ուրիշներին օգնելուն նվիրված հսկայական աշխատանքը գլխավորելու միջոցով: Այստեղ առաջ է գալիս «օտարի» գաղափարը, որը հենց ինքն էլ հերքում է: «Կարեւոր է դիմացինի մեջ տեսնել քեզ լրացնող մեկին, ոչ թե վերացման ենթակա մեկին: Խտրականության, բացառման, քսենոֆոբիայի պայմաններում դիմացինիդ չես նայում որպես հավասարի, եւ հենց դա է կատարվել հայերի հետ: Քաղաքական, տնտեսական շահերը թույլ չտվեցին տեսնել, որ հայերն իրենց նման մարդիկ են»,- եզրակացնում է նա:

Պեդրոն զգում է, որ ընտանիքի պատմությունն օգնել է իրեն դառնալ մարդու իրավունքների պաշտպան եւ խտրականության, քսենոֆոբիայի ու ռասիզմի դեմ լրջորեն պայքարող մարդ:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: