logo
ՓԱԿԵԼMenu
Կարեն Ստեփանյան

Կարեն Ստեփանյան

«Ինչպես երգում ասվում է. «Ռուսաստանում չկա ընտանիք, ուր չի հիշվում իր սեփական հերոսը», այդպես էլ Հայաստանում, ասես, չկա մի ընտանիք, որի վրա չի անդրադարձել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ ի՞նչ կարող ենք անել։ Ոչինչ։ Միայն հիշել»,-ասում է Դոստոեւսկու ռուսական միության փոխնախագահ Կարեն Ստեփանյանը:

Կարեն Աշոտի Ստեփանյանը Դոստոեւսկու ստեղծագործությունների խոշորագույն ուսումնասիրող է Ռուսաստանում, Դոստոեւսկու ռուսական միության փոխնախագահ, բազմաթիվ խմբագրական խորհուրդների եւ հանձնաժողովների անդամ։ Նրա գրքերը հրատարակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կորեայում, Ճապոնիայում եւ բազմաթիվ այլ երկրներում։ Սակայն այսօր նա խոսում է ոչ թե գրականության, այլ կյանքի մասին։ Մասնավորապես, պատմում է, թե ինչպես է նրա ընտանիքը վերապրել Հայոց ցեղասպանությունը։ 

Կարեն Ստեփանյան

«Ցեղասպանության տարեթիվը 1915 թվականն է, բայց իրականում հայերի հալածանքներն ավելի վաղ էին սկսվել։ Չնայած դրան, իմ ընտանիքը թուրքերի հետ առնչվել է միայն 1918թ, երբ տատս ու պապս իրենց հինգ երեխաներով Վրաստանի Ախալքալաք անվանումով հայկական բնակավայրից փախչել են դեպի երկրի խորքը։ Այդ ժամանակ Հյուրաբեր տատիկս է պնդել, որ պետք է տեղափոխվեն, չնայած մինչ այդ նա միշտ հանգիստ եւ հանդարտ է եղել։ Նրա անունը նշանակում է «սիրալիր, հյուրասեր»։ Նրանց հետ միասին մի քանի ընտանիք էլ է փախել, եւ ինչ-որ պահի նրանց խումբը հանդիպել է թուրքական ջոկատի։ Նրանց պետք է գնդակահարեին, բայց թուրք զինվորները տեսել են, որ երեխաների թիվը շատ մեծ է խմբում, խղճացել ու բաց են թողել։ Միայն մի կնոջ ձեռքին են կրակել, որովհետեւ նա բարձրաձայն անպատվում էր վայրագներին։ Հետագայում պարզվեց, որ մինչ այդ նրանք սպանել էին այդ կնոջ ողջ ընտանիքը»,-պատմում է Կարեն Ստեփանյանը։ Թուրք զինվորների հետ այդ բախումը նրա ընտանիքի պատմության միակ դրվագն է, որից տեղյակ  է։ Սակայն այն, թե ինչպես էր պապը պատմում այդ պատմության մասին, մեկընդմիշտ մնացել է գիտնականի հիշողությունում։
 
Հիմա Կարեն Ստեփանյանը պատասխանատվությամբ եւ լրջորեն է խոսում տեղի ունեցածի մասին, սակայն սեփական ընտանիքի պատմության նկատմամբ նրա հետաքրքրությունը միանգամից չի առաջացել. «Ես շատ քիչ եմ շփվում հայկական սփյուռքի հետ, ընդամենը մեկ հայ ընկեր ունեի, նա վաղուց զոհվել է։ Եվ առաջ՝ երիտասարդ տարիքում, ինձ այդ ամենը չէր հետաքրքրում, չէի լսում պապիս, հայրիկիս եւ տատիս պատմածները, ոչինչ գրի չէի առնում։ Մանրամասն գիտեմ միայն թուրքական ջոկատի հետ բախման դրվագի մասին, որովհետեւ դրա մասին պատմվածք եմ գրել, երբ երիտասարդ էի։ 

Կարեն Ստեփանյանի հայրը՝ Աշոտ Ստեփանյանը

Պատանեկան հասակում երբեք չէի մտածում, թե ինչ ուժգին եմ զգալու արմատներս մեծ տարիքում։ Դրանք ինձ համառորեն ձգում են, այդ պատճառով ես նորից սովորեցի հայերենը, յուրացրեցի գրաբարը։ Սակայն, որպես կանոն, առանձնապես մարդ չկա, ում հետ կարող եմ հայերեն խոսել։
 
Պատկանելիության հենց այդ զգացումից դրդված սկսեցի մտաբերել, թե ինչ գիտեմ ընտանիքիս մասին, ինչ են պատմել ծնողներս։ Որովհետեւ այդ իրադարձությունների ժամանակ զոհված մարդկանց համար մենք միայն մի բան կարող ենք անել. հիշել նրանց՝ ազնիվ ու պայծառ»։ Բախման անմոռանալի դրվագից հետո, Կարեն Ստեփանյանի խոսքերով, նրա ընտանիքը գրեթե ամբողջ կազմով պատրաստվում էր գաղթել Կանադա։ Դա տեղի է ունեցել արդեն նրա հոր ծնվելուց հետո՝ 1919թ.-ին։ Նրանք բոլորով պետք է մեկնեին, անգամ արդեն գնացք էին նստել, սակայն ճանապարհին Հյուրաբեր տատիկը ծանր հիվանդացել է եւ նրա ամուսինը` Ալեքսանդրը, որոշել է մնալ նրա ու երեխաների հետ սահմանամերձ փոքր կայարանում։ Հետագայում նա դեռ երկար է փնտրել իր կորուսյալ բարեկամներին Կանադայում, դիմում էր տարբեր ատյանների, սակայն, ինչպես ասում է Կարեն Ստեփանյանը` «դա ԽՍՀՄ-ում էր, առանձնապես ոչ մեկի չէիր կարող փնտրել»։ Մեկնածների հետքերն այդպես էլ չհայտնաբերվեցին։

Կարեն Ստեփանյանի մայրը՝ Գայանե Չեբոտարյանը

Ալեքսանդր եւ Հյուրաբեր Ստեփանյաններն իրենց հինգ զավակների հետ մինչեւ կյանքի վերջ ապրել են Ախալքալաքում։ «Նրանք երեխաներին «հինգ ադամանդ» էին անվանում, չնայած ոչ բոլորն էին ադամանդ։ Հայրս՝ Աշոտը, զինվորականի կարիերա է ունեցել, այնուհետեւ թերթի գլխավոր խմագրի տեղակալ է եղել Երեւանում։ Այնտեղ հանդիպել է մորս, ով Ռոստովի հայ է եւ այնտեղ էր եկել իր գիտական ղեկավարի հետ՝ Երեւանի կոնսերվատորիա ստեղծելու։ Նա Վիլսոն անունով մեծ եղբայր ուներ, որին նախագահ Վուդրո Վիլսոնի պատվին էին այդպես կոչել` այդ ժամանակ Ախալքալաքում տեղակայված ծանոթ ամերիկացիների խորհրդով։ Նա Քաղկոմի երկրորդ քարտուղար էր՝ մեծ մարդ։ Բայց բոլորից շատ բանի հասել էր նրանց Ցոլակ եղբայրը, ով գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ էր։ Նա աջակցում էր ընտանիքի բոլոր անդամներին, բոլորին օգնում էր, հատկապես՝ անլուրջ եղբորը՝ Էլիասին, ով ընտանիքի գլխավոր կատակասերն ու չարաճճին էր։ Մայրս վախենում էր նրանից. նա հաճախ ծնողներիս հյուր էր գալիս հարբած եւ պահանջում, որ մայրս լքի հորս եւ գնա նրա մոտ: Մայրս սարսափից թաքնվում էր բազմոցի տակ: Կար նաեւ Շուշանիկ հորաքույրը, ով լիովին արդարացնում էր իր անունը` շուշան ծաղկի պես խաղաղ եւ գեղեցիկ էր: Նա մահացել է երիտասարդ տարիքում` թոքաբորբից: 
 
Այս ամենը մանրուքներ են, ծիծաղելի բաներ: Ո՞վ է հիմա հիշում խմած Էլիասին կամ ինչպես էր Շուշանիկը մեզ հյուր գալիս: Բայց այդ մանրուքներն անասելի կարեւոր են: Մի օր մտածեցի. այ դու՝ Կարեն, 150 գիրք ես գրել գրականության մասին, իսկ ընտանիքիդ պատմությունն այդպես էլ գրի չես առել: Եվ սա իմ հավերժական ցավն է: 
 
Չգիտեմ, արդյոք կարող եմ քաղաքականության տեսանկյունից դատել Հայոց ցեղասպանության մասին: Ինքս քաղաքագետ չեմ, ոչ էլ հետազոտող, չգիտեմ՝ ով էր ճիշտ ու ով էր մեղավոր: Մի բան հստակ գիտեմ. մինչեւ օրս սիրտս ցավում է բոլոր նրանց համար, ով իմ ընտանիքի պես հանդիպել է թուրքական ջոկատին, սակայն ում այդպես էլ բաց չեն թողել: Արդյո՞ք պիտի դատապարտենք ու դատենք: Կրկին՝ չգիտեմ: Մի բան հստակ գիտեմ. պետք է հիշել ու հիշել ոչ միայն ամեն տարվա ապրիլի 24-ին, այլ մշտապես: Սա հստակ է:  
 

Լուսանկար Ստեփանյանների ընտանեկան արխիվից

Նաեւ ցանկանում եմ խորհուրդ տալ ավելի երիտասարդ հայերին, նրանց, ում հայրը, մայրը, տատ ու պապերը դեռ ողջ են:Հարցրեք: Նայեք լուսանկարները: Եվ անպայման գրի առեք, քանի որ հիշողությունը կդավաճանի, իսկ թուղթը` երբեք: Մի կրկնեք իմ սխալը: Ես կորցրել եմ ընտանիքս՝ այն էլ ոչ մեկ անգամ, այլ` բազմիցս, քանի որ կորցնում եմ այն ամեն անգամ, երբ մտածում եմ, թե որքան քիչ հուշ է մնացել նրանցից: Իսկ դուք վառ պահեք հիշատակը, եթե միայն կարողանաք»: 
 
*Գլխավոր նկարը՝ Ախալքալաքի տեսարան, լուսանկարը՝ ՀԱԱ-ի
 
Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: