logo
ՓԱԿԵԼMenu
Թիերի Վանդոմ

Թիերի Վանդոմ

Զգայուն ու տաղանդավոր այս արտիստը սիրում է համադրել ծովից ափ նետված փայտը, ադամանդն ու ոսկին ականի բեկորի կամ ժանգի հետ: Լինելով նաեւ ճամփորդության սիրահար՝ նա ոտքի տակ է տվել Հայաստանի լեռները, որտեղից իր հետ տարել է օբսիդիանի (վանակատ) բեկորներ, քարեր ու տարատեսակ անմշակ այլ նյութեր, որոնց կրկին իմաստ ու կյանք է հաղորդել իր ստեղծագործություններում: Նրա հայկական հավաքածուն վկայակոչում է արեւավառ հանդիպումը մի ժողովրդի ոգու հետ, որին նա ուշացումով է սկսել սիրել: Նա սիրում է համադրել իրար հակասող նյութեր: Ասես ներդաշնակությունը հնարավոր է միայն ծայրահեղությունների միջոցով` հինավուրցը եւ ժամանակակիցը, սրբազանը եւ աշխարհիկը... Յուրաքանչյուր զարդի ետեւում մի պատմություն կա, եւ մենք ցանկացանք լսել նրա պատմությունը:

Թիերիի ցուցասրահ-վաճառասրահը գտնվում է Ֆրանսուա Միրոն փողոցում`Փարիզի սրտում, իսկ նրա արվեստանոցի դուռը լայն բաց է ցանկացած այցելուի առջեւ, ով կուզի մի հպանցիկ հայացք նետել այն լցնող աշխարհի շքեղության վրա: Բայց ո՞վ է Թիերի Վանդոմը: 1964թ.-ի Վիլմոմբլում ծնված երիտասարդի հոր` Ժան Վանդոմի կամ Օհան Տուհդարյանի անունը ոսկե տառերով փորագրված է ֆրանսիական ոսկերչության պատմության մեջ: Ժամանակակից զարդեղենի նախահայր, մեղմ ու լրջմիտ դեմքով նրա հայրը հիացմունքի աղբյուր է, որի տաղանդն իր համար առեղծված է մնում: 1930թ. Լիոնում ծնված Օհանն սկսել էր աշխատել որպես աշակերտ իր ոսկերիչ մորեղբոր` Արամ Տեր Հարությունյանի մոտ եւ շատ արագ ձեռք բերել անթերի հմտություն ու տեխնիկա: 17 տարեկանում նա իր խանութը բացեց Մոնմարտրում, բացառության կարգով պետական թույլտվություն ստանալով, քանի որ դեռեւս անչափահաս էր: «Հայրս ժամանակակից հայացք ուներ, նա ցանկանում էր մեքենաների թափքեր գծագրել: Երբ սկսեց զարդեղեն արտադրել մեծ ապրանքանիշերի համար, նա անդադար նույն կաղապարներն էր կրկնում, որոնք նրան մեծապես ձանձրացնում էին»: Ի վերջո, նա նետվում է անհայտության գիրկը` սեփական զարդերն ստեղծելով: Այն ժամանակվա համար նա հեղափոխական ձեւեր է առաջարկում: Դա վտանգավոր ձեռնարկ էր, որը սակայն շատ արագ վերածվում է փայլուն հաջողության: Այդ ժամանակաշրջանում է` 1950-ականներին, որ փոխում է իր անունն ու դառնում Ժան Վանդոմ: Տասը տարի անց նրա անունը հայտնվում է Լարուս հանրագիտարանում: Ավելի ուշ մասնակցում է Յան ակումբի` Փարիզի ու դրա արվարձանների հայերի հայտնի հավաքատեղիի ստեղծմանը: Մինչդեռ կյանքը երբեք հանդարտ հունով հոսող գետ չի եղել Վանդոմ-Տուհդարյանների համար: 1973թ. մի սոսկալի ավտովթար Օհանի համար աղետալի է դառնում: Յոթ տարի անց մեկ այլ ողբերգական իրադարձություն ցնցեց ընտանիքը, երբ նրանց վաճառասրահն ամբողջությամբ ավերվեց մի ռումբից, որ ենթադրաբար հայ ծայրահեղական խմբի երիտասարդ անդամներն էին դրել: Աղետին գումարվեց տարակուսանքը: Այդ օրը` 1980թ.-ի սեպտեմբերի մեկին Թիերին պետք է սկսեր մասնագիտության մեջ իր աշակերտության առաջին օրը, որը փաստորեն ռումբով սկսվեց: «Հայրս հասել էր փառքի գագաթնակետին, եւ ամեն ինչ հօդս ցնդեց»: Մինչեւ հոգու խորքը վիրավորված, Թիերիի ծնողները երես թեքեցին այն ամենից, ինչը կարող էր նրանց կապել իրենց հայկական արմատների հետ: «Մայրս հինգ տարի անց մահացավ քաղցկեղից: Վերջին ամիսներին ինձ խնդրեց մի սկավառակ դնել` Կանաչյանի «Նանորը»` չկարողանալով արցունքները զսպել»:

 

Թիերի Վանդոմը՝ աշխատավայրում
Լուսանկարը՝ Վանդոմի անձնական արխիվից

«Տատիկս` Մարզվանից»                              

Հորական տատիկի` ցեղասպանությունից մազապուրծ Հայկուհու (1903-1999) կերպարով մեծապես ազդված Թիերին քնքշագին հայացք է նետում իրեն դաստիարակած կնոջ պատկերին: Ծնունդով Մարզվանից (Մերզիֆոն)` Անատոլիայի հյուսիսից, նա, «ով 200 տոկոսով ապրում էր հանուն իր քրիստոնեական հավատի», արեւմտյան կրթություն էր ստացել` ուսանելով քաղաքի Անատոլիա Քոլեջում: Ֆրանսիայում հայտնվելով, նա խազ քաշեց իր անցյալի վրա: Նրա համար աներեւակայելի էր ցեղասպանությունը հիշատակել ավելի երիտասարդների ներկայությամբ: «Տատիկս այդ ամենի մասին չէր խոսում, նա վախենում էր խոցել իմ մանկական զգայունությունը: Նա ֆրանսերեն խոսում էր առանց օտար առոգանության եւ ամեն երեկո հեռուստատեսությամբ «Թվեր եւ տառեր» հաղորդումն էր նայում` ֆրանսերենը կատարելագործելու համար»:

Մորական տատիկի ընտանիքում պատկերն այլ էր: Կոստանդնուպոլսից սերող Մազլեմյանները Ֆրանսիա էին ժամանել 1930-ականներին` համեմատաբար զերծ մնալով ցեղասպանության արհավիրքներից:

«Իմ տատիկը Պերճուհին է` Մելինեի, այսինքն ապագա Մելինե Մանուշյանի ընկերուհին, որը, լինելով Ռենսիի Դպրոցասեր վարժարանի նախկին սան, ծանոթացրել էր իր ընկերուհուն նրա ապագա մեծանուն ամուսնու՝ Միսակ Մանուշյանի` նացիստական օկուպացիայի դեմ դիմադրության հերոսի հետ:

Տատիկս ու պապիկս խորապես ձախակողմյան գաղափարների կրողներ էին, շփվում էին Շարլ Ազնավուրի ծնողների հետ, որոնք Սուրբ ծնունդին նրանց մոտ էին ճաշում, եւ բոլորը գերմանական օկուպացիայի տարիներին դիմադրողների շարժմանն էին հարում»:

Հայկանուշը՝ հինգ երեխաների հետ, աջից վերեւում կանգնած է Հայկուհին
Լուսանկարը՝ Հայկ Տեր Հարությունյանի անձնական արխիվից

Խիզախ Հայկանուշը

Հայկանուշ Տեր Հարությունյանը` Հայկուհու մայրը, ծնվել էր Սիվասում 1877թ.-ին: Երբ 1915թ. Մարզվան է հասնում աքսորի հրամանը, գյուղի բոլոր հայերը, ինչպես նաեւ Անատոլիա քոլեջի սաները, աքսորվում են կամ սպանվում: Հայկանուշի ամուսնուն տանում են որպես զինվոր, մինչ Տեր Հարությունյան ընտանիքի վեց անդամները փրկվում են Ցոլակ Դիլդիլյանի` Հայկանուշի եղբոր շնորհիվ, որը շրջակայքի միակ լուսանկարիչն էր: «Տատիկիս մայրը միակն էր, որ գորգեր գործել գիտեր, ուստի նրա կյանքը խնայում են՝ տեսնելով, որ կարող է իրենց օգտակար լինել. շատ քիչ հայ արհեստավոր էր մնացել»,- պատմում է Թիերին:

Հայկանուշի խորհրդին հետեւելով` նրանք որոշում են տան մեջ ստորգետնյա թաքստոց փորել՝ երեք երիտասարդ հայ դասալիքի թաքցնելու համար, մտածելով, որ շատ շուտով ռուսները հասնելու են:

Ձեռնարկը չափազանց վտանգավոր էր այդ ծանր ժամանակներում: Թաքնվողների թիվը երեքից հասավ տասի: Օսմանյան իշխանությունների մի նոր որոշում՝ըստ որի ցանկացած անձ, որը «հայ դասալիքներ» կթաքցնի, մահվան է դատապարտվում, էլ ավելի է լարում մթնոլորտը, մինչ կյանքի գինն անողոքաբար մեծանում է... Երեք տարի շարունակ, չնայած դժվարություններին, վախն արհամարհելով, նա պահում է իր օջախը` միայնակ մեծացնելով իր հինգ երեխաներին ու հոգալով իր տասը «ընդհատակյաների» կարիքները: Այդ տասը տղամարդուց երեքը հետագայում սպանվեցին թուրքերի կողմից, մեկ ուրիշը մահացավ Հունաստանում, մյուսները մեկնեցին Հայաստան, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ:

Ստիպված դավանափոխ լինելով՝ ընտանիքը մնում է Մարզվանում ողջ պատերազմի ընթացքում. «Տատիկս շատ գեղեցիկ մուսուլմանական անուն ուներ` Մենուրե, որ նշանակում է լույս տվող»: Պատերազմի ավարտը խաղաղություն չբերեց հայ վերապրողներին: Մուստաֆա Քեմալի կողմնակիցների ու հունական խմբավորումների միջեւ բախումները ողբերգական հետեւանքներ ունեցան Մարզվանի շրջանի համար, որի բնակչությունը խառն էր (հայեր եւ Պոնտոսի հույներ): Այսպիսով, կեղեքումները շարունակվեցին` իրենց բաժին ավերածություններով: Ավազակապետ Թոփալ Օսմանի (1883-1923) ղեկավարությամբ քեմալականները հրի մատնեցին գյուղերը՝ կոտորելով հույն եւ հայ բնակչությանը: Մարզվանը զերծ չմնաց. ավելի քան 200 հայ անողոքաբար սպանվեց:

1922թ-ին Թիերիի մեծ տատիկը` Հայկանուշը, վերցրեց իր երեխաներին` Մարիցային, Հայկուհուն, Արամին եւ Հայկազունին, որն ավելի ուշ հայտնի դարձավ Ֆրանսիայում որպես անվանի հեծանվորդ (ավագ Հայկուհին մահացել էր Մարզվանում իսպանական գրիպից): Նրանք միասին վերջնականապես լքում են Մարզվանը հուլիս ամսվա հարձակումից հետո: Մեկնում են Սամսոն, մի փոքրիկ կացարան վարձում եւ վերջնականապես լքում Փոքր Ասիան 1922թ.-ին` Հայկանուշի ընտանիքի մյուս անդամների (նրա եղբայրների` Դիլդիլյանների) եւ Սամսոնի որբանոցի երեխաների հետ, ուր աշխատում էր նրա քեռի Արամը` Հայկանուշի կրտսեր եղբայրը: Այս ողջ խումբը Պիրեաս է հասնում 1922 թվականի սեպտեմբերի վերջին: Սակայն պատերազմից սպառված Հունաստանը, ուր համատարած չքավորություն էր եւ ուր չէր դադարում Փոքր Ասիայից ժամանող փախստականների անվերջ հոսքը, կարող էր լոկ ժամանակավոր ապաստան լինել նրանց համար, եւ նրանք իրենց ոդիսականը շարունակում են մինչեւ Մարսել: Այստեղ ընտանիքը բաժանվում է, եւ Դիլդիլյանները հաստավում են Միացյալ Նահանգներում: Ֆրանսիայի կենտրոնական մասում որոշ ժամանակ ապրելուց հետո Տեր Հարությունյան ընտանիքը համախմբվում է փարիզյան արվարձանում՝ Էպինեում: «Երկրորդ համաշխարհային պատերազմը նոր էր բռնկվել, եւ նրանք որոշեցին, որ եթե պետք է կրկին մեռնեն, ավելի լավ էր բոլորով միասին մեռնեն»,- ասում է Թիերին:

Թիերին մեծացրել է նրա տատիկ Հայկուհին, որն ամբողջովին նվիրվել էր իր հավատքին ու իր ընտանիքին: Ամեն կիրակի իր թոռնիկին տանում էր Սեն Դընիի հոգեգալստական եկեղեցի, երբեք չափից ավելի չէր հետաքրքրվում իր որդի Օհանի ստեղծագործություններով, չէր փորձում շփվել հայերի հետ կամ ներգրավվել համայնքի կյանքի մեջ: Մի օր, երբ հայկական խոհանոցի մի գիրք էր թերթում, հանկարծ միանգամից ցած դրեց գիրքն ու բացականչեց. «Հայկական խոհանոցն ախր շատ պարզ է. բացում ես սառնարանդ ու պատրաստում եղածո՛վ»:

1990թ., Թիերին իր սերնդի շատ այլ երիտասարդների նման տարվել էր տեսախցիկներով, որոշեց նկարահանել իր հայրական տատիկին. «Ուզում էի անպայման ձայնագրել նրան, որպեսզի պատմի մեզ Մարզվանում իր մանկության մասին, որպեսզի փոխանցի իր հիշողությունը»: Այդժամ տատիկը նրան հին սեւ-սպիտակ լուսանկարներ է ցույց տալիս՝ մեկնաբանելով յուրաքանչյուր դեմք: Հետո հին օրագրեր հանում, որ իր քույր Մարիցան էր գրել: Սկսում է բարձրաձայն կարդալ դրանք: Հայերեն էր: Թիերին շարունակում է տեսաձայնագրել` միայն կիսով չափ ընկալելով իմաստը: Տեսախցիկը շարունակում է նկարահանել, եւ մինչ նա կհասցներ գիտակցել, տատիկը մի լուրջ տաբու է խախտում... ընտանիքի հավատափոխության տաբուն:

*Գլխավոր նկարում ձախից աջ՝ Թիերի Վանդոմի պապիկը, տատիկը, մայրը եւ հայրը: Լուսանկարը՝ Վանդոմի անձնական արխիվից:

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Ֆրանսիական բաժնի խմբագրությունն իր երախտագիտությունն է հայտնում Թիերի
Վանդոմի տատիկի քրոջ` Մարիցա Մետաքսյանի «Մանկությունը Մարզվանում» (Փարիզ 2013) օրագրերի հավաքածուի թարգմանիչ եւ հրատարակիչ Հայկ Տեր Հարությունյանին: