Նորայր Շահինյան

Armenian
Weight: 
0
Related content: 
Story elements: 
Text: 
2012թ. Նորայր Շահինյանը Սան Պաուլոյից ուղեւորվեց դեպի Ուրֆա` իր արմատները եւ իր ընտանիքի պատմության մի մասը փնտրելու:
Text: 
Ուրֆայում նա գտավ այն երկհարկանի մեծ տունը, որ մի ժամանակ լցված էր իր նախահոր երջանկությամբ՝ ութ զավակների խինդ ու ծիծաղով: Երկհարկանի տունն այսօր «Սեւահիր» անունով հյուրանոց է: Հյուրանոցի աշխատակցին խնդրեց, որ իրեն տեղավորեն «պատին հայերեն գրություն ունեցող սենյակում». բախտը բերեց՝ այդ սենյակն ազատ էր:
 
Նորայրն այստեղ փնտրում էր նախնիների հետքը, նա հույս ուներ սեփական աչքերով տեսնել հայերենով այն գրությունը, որի մասին իր գերդաստանի բոլոր անդամները գիտեին: Սենյակ մտնելուն պես, ձախ կողմում տեսավ դեպի փողոց նայող մի մեծ պատուհան: Հենց այդ պատին էր պահպանվել գրությունը. «1922թ եկա Նշան Էֆենդիի տուն: 25 օր մնացի այստեղ: Հիմա մեկնում եմ Հալեպ: Ցտեսություն ընկերներ: Նրանք ովքեր կարդան իմ այս տողերը, հիշեք Պետրոսին: Ստորագրություն. Տեր …յան»:
 
Գեւորգ եւ Եղիսաբեթ Տեր Պետրոսյաններն ութ զավակ ունեին` Նշանը, Աղաջանը, Գրիգորը, Վարդուհին, Հակոբը, Գայանեն, Պետրոսը եւ Հարությունը: Ավանդական հայ ընտանիք էր, որ ապրում էր Ուրֆայում (ներկայիս՝ Սանլիուրֆա, Թուրքիա): 
 
Դերձակներ էին եւ առեւտրականներ: Շրջանի քաղաքներում մի քանի խանութներ ունեին, որտեղ գործվածքներ եւ մետաքս էին վաճառում: Ուրֆայի հյուսիս-արեւմուտքում խաղողի այգիներ ունեին եւ Գորենլեր կոչվող մի փոքրիկ գյուղում վարձու աշխատողների օգնությամբ ոչխար էին պահում ու գյուղմթերք ստանում: Ապրում էին մեծ երկհարկանի տանը, հաճախ նվիրատվություններ էին անում տեղի եկեղեցուն: Ժամանակի ընթացքում տղաներն իրենց տներն ունեցան ու տեղափոխվեցին: Մոր հետ շարունակեցին ապրել Պետրոսը, Հարությունն ու Հակոբը:
 
1895թ հոկտեմբերին թուրքական ճնշումներն ուժգնացան եւ սկսվեցին հայերի առաջին կոտորածները: Մի օր հանցագործների փնտրելու պատրվակով թուրքերը գրոհեցին հայկական թաղամաս, եւ չնայած դիմադրությանը՝ շատ հայեր կոտորվեցին եւ տեղահանվեցին այդ օրը: Այս իրադարձություններից հետո կառավարությունը հայտարարեց ժողովրդից  զենք-զինամթերքի բռնագրավման մասին: Հայերը զինաթափվեցին, իսկ թուրքական կառավարությունը դեկտեմբերին ժողովրդական զանգվածներին նոր գրոհների հրահրեց: Ոստիկանները ներխուժեցին շուկա եւ այնտեղից` ամբողջ թաղամաս: Տեր Պետրոսյանների ընտանիքն սկզբում ապաստան գտավ որդիներից մեկի` Աղաջանի, այնուհետեւ մեկ այլ ազգականի` Հովհաննես Սեֆերյանի տանը: 
 
1914թ. սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը եւ Թուրքիան համալրեց գերմանական բանակի շարքերը: Այդ պատրվակով թուրքական կառավարությունն սկսեց տղամարդկանց բանակ զորակոչել: Երիտասարդներին ստիպողաբար էին տանում, իսկ 45-ն անց  տղամարդկանց անզեն տեղափոխում էին Ուրֆայից երկու ժամվա հեռավորության վրա գտնվող Կարաքյոփրու քաղաքը: Նրանք, ովքեր 45 օսմանական ոսկե դրամ վճարեին, ազատվում էին: Բնականաբար, շատ քչերը կարող էին այդքան վճարել: Հակոբ, Հարություն եւ Պետրոս Տեր Պետրոսյաններին հաջողվեց վճարել եւ նրանք քաղաքում մնացին: Գիտակցելով վտանգի չափը այդ ծանր ժամանակներում՝ ընտանիքի անդամները պայմանավորվեցին, որ եթե ստիպված լինեն բաժանվել իրարից, նա ում հաջողվեր տուն վերադառնալ, երկրորդ հարկի փոքր սենյակի պատին պետք է գրություն թողներ: 
 
Ժողովրդին առանց առաջնորդի թողնելու միտումով՝ ոստիկանները ձերբակալեցին նաեւ 18 նշանավոր մարդկանց, որոնց թվում էին Պետրոսի եւ Հարությունի եղբայր Աղաջանը եւ համայնքի ղեկավար Հարություն Սաֆարյանը: Ինչպես եւ ենթադրվում էր, շատ շուտով նրանք բոլորը դաժանորեն սպանվեցին: Աստիճանաբար Ադանայից, Յոզգաթից, Կայսերիից, Սիվասից, Էրզրումից, Մուշից եւ այլ քաղաքներից սկսեցին գալ աքսորված հայերի քարավանները. կանայք, ծերեր եւ երեխաներ գրեթե մերկ կամ պատռոտված շորերով: 
 
Մինչ Ուրֆայում սարսափ էր տիրում, Հարություն Տեր Պետրոսյանը Գորենլեր գյուղում էր. պետք է 200 պարկ ցորեն հավաքեր եւ տաներ Հալեպ վաճառելու, բայց չկարողացավ տեղ հասնել, քանի որ գնացքը շատ անկանոն էր աշխատում: Նա լսել էր Ուրֆայում կատարվող բոլոր բռնությունների մասին եւ քաղաք չվերադարձավ: Այդ նույն գյուղում իր քուրդ հարեւան Հուսեին փաշային խնդրեց օգնել իրեն թաքնվել կամ Հալեպ հասնել: Հուսեինն առաջարկեց ցորենն իրեն պարտքով վաճառել, փոխարենը` նրան անձամբ Հալեպ կտանի: Այդպես էլ պայմանավորվեցին, նա իր խոստումը կատարեց. Հարությունին քրդի հագուստ հագցրած, որպես իր ծառա ներկայացնելով, Հալեպ հասցրեց: 
 
Ուրֆայում Պետրոսը հանդիպեց Յոհաննես Լեփսիուսի գերմանական առաքելության անդամ դանիացի միսիոներ Քարեն Եփփեին, որը 1903թվականից քաղաքի գերմանական որբանոցների կառավարման պատասխանատուն էր: Նրանք իրար ճանաչում էին, քանի որ Պետրոսը համագործակցել էր Եփփեի ղեկավարած հաստատությունների հետ: Ջարդերից մեկի ժամանակ Եփփեն առաջարկեց նրան թաքնվել իր տանը: Պետրոսը մի խումբ հայերի հետ երկար ժամանակ թաքնվեց այնտեղ: Այդ հարձակումների ժամանակ Եփփեն օգնեց նաեւ Հալեպ փախչել Պետրոսի եղբայր Նշանի դստերը` Ռաքելին: Հալեպում Հարությունը հանդիպեց Ռաքելին, իր համար մեծ մխիթարանք էր իմանալը, որ գոնե մեկն իր եղբայրներից ողջ էր եւ նա միջոցներ փնտրեց եղբորը փրկելու համար: Իր կապերի եւ Քարեն Եփփեի շնորհիվ Պետրոսը կարողացավ դեպի Սիրիա փախչել: Նրա եղբորորդիներից մի քանիսը, որոնց փրկել էր Գորենլեր գյուղի իր գործընկերը, գաղթեցին նրանց հետ միասին: Հարությունի նշանածին Էլիզային եւ նրա եղբորը նույնպես հաջողվեց փախչել: Մի քանի օր անց գերմանական որբանոցի տնօրեն Կյունցլերի շնորհիվ  Հալեպ հասավ նաեւ Պետրոսի նշանած Նոյեմզարը: 
1918թ նոյեմբերին 30-ամյա Հարությունն ամուսնացավ իր նշանած Էլիզա Կիլեջյանի եւ 34-ամյա Պետրոսը՝ Նոյեմզար Իմիրզյանի հետ:
 
Image: 
Text: 
Ձախից նստած է Հարություն Տեր Պետրոսյանը, նրա գլխավերեւում կինն է՝ Էլիզան, նրա դիմաց մեծ որդին՝ Երվանդը: Շրջապատված են իրենց զարմիկներով ու բարեկամներով, ում Հարությունն ու Պետրոսը կարողացել են փրկել ջարդերից:
Լուսանկարը՝ 1920-ականների սկիզբ, Տեր Պետրոսյանների ընտանեկան արխիվից

Նոր սկիզբ

Պատերազմի ավարտից հետո Ուրֆան մնաց բրիտանացիների իշխանության տակ, կոտորածը դադարեց.թուրքերը վախից շատ լավ էին վերաբերվում հայերին: Չնայած  բոլոր տները թալանված էին եւ ավերված, շատ հայեր վերադարձան իրենց օջախներ: Բազմաթիվ ընտանիքներ տանջամահ էին արվել: Տեր Պետրոսյանների ութ զավակներից մնացել էին միայն Պետրոսը եւ Հարությունը: Նշանը, Աղաջանը, Գրիքորը, Հակոբը, Վարդուհին դաժանորեն սպանվել էին, (Գայանեն իր մահով էր մահացել ավելի վաղ), իսկ նրանց մայր Եղիսաբեթը սպանվել էր Դեր Զորի անապատի ողբերգական քարավանում: 
Եղբայրները փնտրեցին ողջ մնացած իրենց եղբորորդիներին եւ գտան նրանցից մի քանիսին: Հարությունը որոշեց վերադառնալ Հալեպ, քանի որ այնտեղ մի քանի ազգական ուներ եւ արդեն վերսկսել էր առեւտուրը: Պետրոսն ու նրա կինը որոշեցին մնալ Ուրֆայում եւ վերսկսել իրենց գործը. վերականգնեցին իրենց տները, նորից բացեցին խանութները: Եղբայրներն առեւտուր էին անում երկու քաղաքների միջեւ եւ համագործակցում: Սակայն խաղաղությունը կարճ տեւեց եւ իրավիճակն ավելի ծանրացավ: Նոր ջարդեր եղան եւ շատ հայեր սպանվեցին: Տեսնելով թալանը, բռնությունը եւ ոճրագործությունները 1923թ փետրվարին Պետրոսը եւ Նոյեմզարը նորից փախան դեպի Հալեպ: Այլեւս երբեք նրանցից ոչ ոք Ուրֆա չվերադարձավ:  
 
Հալեպում Տեր Պետրոսյան եղբայրներն ակտիվ մասնակցում էին համայնքի կյանքին: Հարությունը եւ Էլիզան աջակցում էին եկեղեցուն, Հարությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) անդամ էր: Պետրոսը եւ Նոյեմզարը Հալեպում հիմնադրեցին «Ուրֆայի կանանց ընկերակցություն» (Ladies Association of Urfa in Alepo), ինչպես նաեւ համագործակցում էին ՀԲԸՄ, Հայ օգնության միություն (Armenian Relief Society) եւ այլ կազմակերպությունների հետ: Նրանք ունեցան հինգ դուստր: Նրանցից երկուսը հաստատվեցին Լիբանանում, իսկ երեքը` Ֆիլադելֆիայում: 1972թ ծնողները որոշեցին տեղափոխվել իրենց զավակների մոտ`Միացյալ Նահանգներ:
Հարությունը եւ Էլիզան ունեցան հինգ զավակ. Երվանդը, Անահիտը, Անժելը, Բեթին եւ Հրանտը:
 
1946թ նրանց դուստր Անահիտն ամուսնացավ լուսանկարիչ Ավետիս Շահինյանի հետ, որը աշխատում էր Հալեպում: 1947 թ ծնվեց նրանց առաջին որդին Հրայրը, այնուհետեւ լույս աշխարհ եկան Կատրինը եւ Նաիրին: Հարությունը հասցրեց տեսնել իր թոռնիկներին եւ վայելել նրանց ուրախությունը: 68 տարեկանում նա մահացավ սրտի կաթվածից: 
 
Անահիտ Տեր Պետրոսյանը եւ Ավետիս Շահինյանը շարունակեցին իրենց կյանքը Բրազիլիայում, որտեղ պարում էր Ավետիսի քույրերից մեկը: Որոշ ժամանակ անց նրանք գրախանութ բացեցին: Ավետիսը շատ ակտիվ մասնակցում էր համայնքի գործունեությանը եւ Սան Պաուլոյում ՀԲԸՄ հիմնադրման կոմիտեի անդամ էր: Նրա զավակները նույնպես մասնակցում էին տեղական համայնքի սոցիալական ժողովներին, եկեղեցական կյանքին: 1974թ Հրայրը ծանոթացավ Լիլիանա Տեր-Հարությունյանի հետ եւ երեք տարի անց ամուսնացան: Նրանք ունեցան երկու զավակ` Նորայրը, որը շարունակելով ընտանեկան ավանդույթը՝ ճարտարապետ է եւ լուսանկարիչ, եւ Կարինեն, որ կենսաբան է եւ ապրում է Փարիզում:
 
Հարյուր տարի անց
 
Տեր Պետրոսյանների գերդաստանը շարունակվեց Հարավային Ամերիկայում եւ նրա հետ միասին մշակութային ժառանգությունը եւ հիշողությունը: 2012 թ Ավետիսի եւ Անահիտի թոռ, Հարությունի եւ Էլիզայի ծոռ Նորայր Շահինյանն ուղեւորվեց  դեպի Ուրֆա` իր արմատները եւ իր ընտանիքի պատմության մի մասը փնտրելու:
 
Այն երկհարկանի մեծ տունը, որ մի ժամանակ լցված էր ութ զավակների խինդ ու ծիծաղով եւ նրանց ծնողների երջանկությամբ, այսօր «Սեւահիր» (թանկարժեք քար) կոչվող հյուրանոց է: Այդ տան դիմաց՝ Բույուքյոլ փողոցի վրա է Սալահուդդին մզկիթը, որն իրականում Սուրբ Հովհաննես եկեղեցին է եղել, որտեղ Պետրոս Տեր Պետրոսյանը քահանա է եղել: Նորայրին հաջողվել էր տեղ հասնել եւ նա չէր վերադառնալու մինչեւ իր սեփական աչքերով չտեսներ այն ինչ փնտրում էր: Հյուրանոցի ընդունարանում խնդրեց, որ իրեն տեղավորեն «պատին հայերեն գրություն ունեցող սենյակում»: Հաջողակ օր էր, սենյակն ազատ էր: Սենյակ մտնելուն պես, իր ձախ կողմում տեսավ դեպի փողոց նայող մի մեծ պատուհան: Հենց այդ պատին էր պահպանվել գրությունը. «1922թ եկա Նշան Էֆենդիի տուն: 25 օր մնացի այստեղ: Հիմա մեկնում եմ Հալեպ: Ցտեսություն ընկերներ: Նրանք ովքեր կարդան իմ այս տողերը, հիշեք Պետրոսին: Ստորագրություն. Տեր …յան»:
 

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱՆՑ ԱՅՍ ԲԱՌԵՐԸ ՀԱՍԱՆ ԻՐԵՆՑ ՀԱՍՑԵԱՏԻՐՈՋԸ: ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻ ԱՆԴԱՄ ՍՏԱՑԱՎ ԼՈՒՐ ՆՐԱ ՄԱՍԻՆ:

Մեկ դարից ավելի է, որ Պետրոսի ձայնը կարծես անմահացել է պատի վրա, եւ նրա հետ միասին մի գերդաստանի եւ մի ազգի հիշողությունը: Տեր Պետրոսյանների եւ Շահինյանների պատմությունը հաղթահարեց եւ մոռացությունը, եւ ժամանակը, եւ արմատախիլ լինելը: Նրանք, իրոք, վառ են պահում Պետրոսի հիշատակը:
 
 
Image: 
Text: 

Պետրոս Տեր Պետրոսյանի` 1922թ.-ին  իրենց Ուրֆայի տան պատին  արած գրառումը: Այս տունն այժմ հյուրանոց է:
Լուսանկարը՝ Նորայր Շահինյանի

Շարունակելով իր ճամփորդությունը՝ Նորայր Շահինյանը բարձրացավ առասպելական Արարատ լեռան գագաթին, որտեղ ծածանեց Բրազիլիայի եւ Հայաստանի դրոշները: Նա բարձրացավ յուրաքանչյուր հայի ամենամեծ խորհրդանիշի գագաթին: «Լսելով այդ լեռան մասին, ցանկացա ճանաչել այն,- պատմում է նա,-անհավատալի է, այնտեղ վերեւում մի ահռելի էներգիայի լիցք ես զգում: Հիշողությունը քեզ քաշում է, գրավում: Առաջինն ինչ արեցի, նայեցի չորս բոլորս. մի մոգական լեռ է»:

Ժառանգության եւ մշակույթների միաձուլման մասին
 
Կարինե Շահինյանն այժմ բնակվում է Փարիզում եւ այսպես է մտորում իր ժառանգության մասին. «Ինչպես սփյուռքի մեծ մասը, այնպես էլ իմ ծնողները հարմարվեցին մի նոր երկրի, դարձնելով այն մերը` առանց արմատները մոռանալու: Սան Պաուլոն հիանալի քաղաք է ապրելու, մեծանալու համար, այն բազմազգ է, չունի մշակութային նախապաշարմունքներ: Այդ քաղաքը թույլ է տվել հայ համայնքին իր տեղը գտնել եւ արտահայտվել»: 
 
Նա խոստովանում է, որ ՀԲԸՄ-ին անդամակցելն իր համար ճակատագրական է եղել, եւ նույնքան կարեւոր է եղել տեղական դպրոց  գնալը: «10 տարի գրեթե ընտանեկան մթնոլորտում սովորելու հնարավորությունն ինձ թույլ տվեց լավ ճանաչել հայոց պատմությունը եւ լեզուն: Իր հերթին, բրազիլական կաթոլիկ քոլեջ հաճախելը նույնպես իմ ծնողների կողմից արված գերազանց ընտրություն էր, քանի որ պետք է ինտեգրվել, իսկ տարբեր մշակույթներ ճանաչելն իմ մտավոր զարգացման համար շատ մեծ դեր խաղաց»:
 
Տարիներ անց նրան վիճակվեց ապրել Արգենտինայում եւ, հետեւաբար, մեկ այլ համայնք ճանաչել: Բուենոս Այրեսի համայնքում նա նոր ընկերներ ձեռք բերեց եւ հենց այնտեղ էլ նրան Հայաստանում աշխատելու հնարավորություն ընձեռվեց: 
 
«Ամենակարեւորը սեփական պատմությունն իմանալն է, նախնիների ապրած պատմական իրադարձությունների պատճառները հասկանալը: Ես իմ մեջ պահում եմ իմ հայկական  եւ իմ բրազիլական ժառանգության լավագույնը, որպեսզի կարողանամ փոխանցել այն իմ զավակներին:Ժառանգելու ավելի արժեքավոր բան չկա, քան քո նախահայրերի լեզուն եւ ամբողջ պատմությունը»,-ասում է Կարինե Շահինյանը՝ ուրֆայեցի Տեր Պետրոսյանների ժառանգը:
 
*Գլխավոր լուսանկարում. Նորայր Շահինյանի ձեռքը՝ իր նախապապի պատին գրած գրառման վրա: 
Լուսանկարը՝ Նորայր Շահինյանի

 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից:

Subtitle: 
Ձայներ, որ չեն լռում
Story number: 
25
Header image: