logo
ՓԱԿԵԼMenu
Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյան

«Առաջին անգամ եմ այստեղ, շատ հուզված եմ,- ասում է Ռուբեն Վարդանյանը՝ մտնելով Էջմիածնում գտնվող դպրոցի մոխրագույն նախասրահ,- կարծես՝ վերադարձ է անցյալ»։ 
 

Ցածրակերտ այս շինությունը Էջմիածնի վանքում է՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր կենտրոնի մուտքի մոտ։ Միջանցքներում հոգեւորականների շարժը սեւ-մանուշակագույն երանգներ է տարածում, իսկ պատերն արձագանքում են հոգեւոր երգեցողությամբ։

Շարականներ այստեղ հնչում էին նաեւ հարյուր տարի առաջ, սակայն Հայոց ցեղասպանության հետեւանքով որբացած մանուկների շուրթերից։ Նրանց մեջ էր նաեւ Համայակը՝ Վարդանյանի պապը։

 

                                                     Ռուբեն Վարդանյանի պապիկը՝ Համայակ Վարդանյանը

 

«Նրա հայրն ու երկու եղբայրներն սպանվում են Եղեռնի տարիներին։ Ութ տարեկանում նա փախչում է Վանի գավառի Արճեշ քաղաքից, որտեղ ծնվել եւ մեծացել էր։ Մոր եւ ընտանիքի մյուս անդամների հետ պապս ոտքով քայլում է դեպի հյուսիս, բայց մինչ Արեւելյան Հայաստան հասնելը նրա մայրն ու քույրը մահանում են»,- պատմում է Ռուբեն Վարդանյանը։

Ութամյա Համայակը, որը մենակ էր ու անտուն, անցնում է Մերձավոր Արեւելքի Նպաստամատույցի որբանոցի խնամքին։ Տարիներ շարունակ Նպաստամատույցը միլիոնավոր դոլարների հանգանակությամբ խնամել է ցեղասպանությունը վերապրածներին։

Համայակի թոռը՝ Ռուբեն Վարդանյանը, այսօր եզակի հաջողակ հայերից մեկն է։ Նա հասել է բարեկեցության եւ անում է հնարավորը՝ զարգացնելու իր հայրենիքը։ Իսրայելի եւ Իռլանդիայի նման՝ Հայաստանն այն երկրներից է, որի քաղաքացիների մեծ մասը բնակվում է պետության սահմաններից դուրս։

Վարդանյանը կարող է աջակցել Հայաստանին. նա փրկվել է ու հասել հաջողություն, եւ հիմա ուզում է նույնը տեղի ունենա Հայաստանի հետ:

Վարդանյանը դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվում է Մոսկվա՝ սովորելու Մոսկվայի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում։ Նոր անկախացած Ռուսաստանում նա սկսում է իր գործունեությունը ֆինանսական ոլորտում եւ դառնում Ռուսաստանի ամենահաջող ներդրումային բանկերից մեկի համահիմնադիրը։ 

Նա օրուգիշեր աշխատում էր միաձուլման ու ձեռքբերման գործարքների եւ բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկների վրա՝ միաժամանակ հետեւելով հայրենիքում տեղի ունցող իրադարձություններին՝ ավերիչ երկրաշարժ, Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակում, Հյուսիսային Կովկասի պետությունների սուվերենության խնդիրներ եւ պատերազմ հարեւան Ադրբեջանի հետ:

«Մենք մի օրում XX դարից ընկանք XVII դար։ Ստիպված էինք փայտ եւ նույնիսկ գիրք վառել ձմռանը գոյատեւելու համար։ Մեկ հացի եւ սովից չմեռնելու համար պետք էր առավոտյան 5-ին արթնանալ եւ ժամերով հերթ կանգնել»,- հիշում է Վարդանյանը։ Մինչ երկիրը դանդաղորեն վերակառուցվում էր՝ Վարդանյանը մտորում էր, որ ժամանակն է քայլեր ձեռնարկել եւ ոչ թե հեռվից հետեւել:

Զարմանալի չէ, որ միջազգային գործունեություն ծավալած եւ աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը հաջողությունների հասցրած Ռուբեն Վարդանյանը զգացողություն ունի, թե «արդեն չորս կյանք է ապրել», եւ այժմ մոտենում է հինգերորդին, որը նրա համար երեւի թե ամենակարեւորը դառնա։

Ամեն ինչ սկսվեց ավելի քան 10 տարի առաջ, երբ Վարդանյանը Հարվարդի բիզնես դպրոցում ուսումը շարունակելիս հանդիպեց բոստոնաբնակ գործարար Նուբար Աֆեյանին։ Երկու հաջողակ գործարարներն սկսեցին քննարկել, թե ինչպես կարող են միավորել իրենց հմտություններն ու փորձը՝ ծառայեցնելու հօգուտ Հայաստանի։ 100 LIVES նախաձեռնությունը երկար տարիների համատեղ մտորումների արդյունք է՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ուշադրություն հրավիրել Հայաստանի վրա եւ փոփոխություն բերել: 

«Հայաստանը 25-ամյա անկախ պետություն է, բայց հայկական քաղաքակրթությունը 5000 տարվա պատմություն ունի․ սա է մեր սկզիբը։ Պետք է ազատվել զոհի բարդույթից ու հայացքը դարձնել դեպի ապագա»,-վստահ է Վարդանյանը։

«Մենք փորձում ենք մտածողություն փոխել,- ասում է նա,- շատ դժվար է, քանի որ ուզում ենք փոխել ընկալումը։ Ես եւ Նուբարը հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կոգեշնչի հայերին «գոյատեւման» մոդելից անցնել «բարօրության»։ Թերեւս, հեղափոխական միտք է, բայց սա բոլորովին այլ հեղափոխություն է»։

 

                                                Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ

 

Ռուբենը հասկանում է, որ մտածողության փոփոխությունը ժամանակ եւ ներդրում է պահանջում։ Իր ժամանակի մեծ մասը Վարդանյանը նվիրում է 100 LIVES նախաձեռնությանը եւ ներդրումներ կատարում Հայաստանի զարգացման ծրագրերում։ Կնոջ՝ Վերոնիկայի հետ միասին նա հիմնադրել եւ ֆինանսավորել է 135 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ UWC (Միավորված Աշխարհի Քոլեջներ) Դիլիջան քոլեջը, ուր Երեւանից կարելի է հասնել մեկ ժամում։ 100 LIVES նախաձեռնությամբ՝ առջեւում դեռ բազմաթիվ նոր նախագծեր կան։

 

                                                        Ռուբեն Վարդանյանը քրոջ՝ Մարինե Ալեսի հետ

 

Երբ հեռանում էին իրենց ընտանիքի կյանքը փրկած մոխրագույն շենքից, Մարինե Ալեսը եղբորն ասաց. «Այս ամենը ցույց է տալիս, որ երբ ամեն մեկն անում է այն, ինչի ունակ է, փոքր քայլերը բերում են մեծ փոփոխությունների»։ Ռուբեն Վարդանյանը լիահույս է, որ աշխարհասփյուռ հայությունը եւս կընկալի սա եւ կանի ինչ կարող է։

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: