logo
ՓԱԿԵԼMenu
Մարկ Նշանեան

Մարկ Նշանեան

Մարկ Նշանեանն արդեն 30 տարի «փիլիսոփայում է»: Իր աշխատությունները գրում է ֆրանսերեն՝ դպրոցական տարիների լեզվով, հայերեն, որը մեծ դժվարությամբ ստիպված էր նորից սովորել, եւ անգլերեն, որն ուսանել է ԱՄՆ-ում: Մարկը փիլիսոփա է եւ գերմանագետ, բայց ինքն իրեն առաջին հերթին համարում է «ճանապարհորդող դասախոս». նա լեզվաբանության եւ հայ գրականության վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Փարիզում, Վիեննայում, Երուսաղեմում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բեյրութում եւ վերջերս՝ Ստամբուլում: 
 

1995-2007 թվականներին Մարկ Նշանեանը դասախոսում էր Կոլումբիայի համալսարանում (Նյու Յորք): Նրա փիլիսոփայական հայեցակարգը մոտ է ֆրանսիացի մտածող Ժակ Դերիդայի տեսություններին: Ներկայում Մարկը GAM ամսագրի գլխավոր խմբագիրն է: Հայկական վերլուծական այս պարբերականը նա հիմնել է 1980 թվականին եւ այստեղ հրապարակել իր գլխավոր հետազոտությունը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ գրողների մասին, որոնք սեփական լեզվով նկարագրել են աղետի եւ արտաքսման իրենց փորձը: Մարկի նախաձեռնությամբ լույս է տեսել նաեւ համատեղ հետազոտությունների շարք, որը միավորում է քննադատական հոդվածներ եւ ժամանակակից ու նորագույն փիլիսոփայական աշխատությունների հայերեն թարգմանություններ:

Փիլիսոփան աշխատում էր նաեւ «հումանիստական լեզվաբանության» ստեղծման ուղղությամբ: Իր առանցքային աշխատություններից մեկում («Պատմագրական այլասերում», 2009թ.)  նա երեւան է հանում Հայոց ցեղասպանությունը չճանաչող մարդկանց վտանգավոր դատողությունները եւ ընթերցողին զգուշացնում է բազմաթիվ ծուղակների մասին, որոնք սպասում են նրանց, ովքեր ականջ են դնում նիհիլիստների մտքերին՝ անտեսելով զոհերի հիշատակը: 

 

      Մարկ Նշանեանը դասախոսում է Մոնրեալում, 2016-ի մարտ © Վրեժ Արմեն Արթինյան 

Նշանեանների ընտանեկան բնօրրանը Կապադովկիայի հին Կեսարիան է՝ ներկայիս Կայսերին: 1900 թվականին այս քաղաքում է ծնվել Մարկի հայր Բարսեղը: Ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվում էր որմնանկարչության ձիրքը: Պատմում էին, որ Բարսեղի նախնիներից մեկը նկարազարդել է սուլթանի Թոփքափը պալատը: 1915-ին նրա երկու եղբայրները մեկնել են ծառայելու օսմանյան բանակում, մեկը որպես բժիշկ, մյուսը՝ դեղագործ: Այդպիսով ընտանիքը խուսափել է արտաքսումից եւ հիմնվել է Կոնիայում: Բարսեղի քույրը՝ Զարուհին, ամուսնացել է Հակոբ Տեր-Հակոբյանի՝ պոլսեցի մի հայի հետ: Հետագայում նա Փարիզում տպագրատուն է բացել, որը հայտնի է դարձել Ֆրանսիայի մայրաքաղաքում բնակվող հայ մտավորականների շրջանում:

«Հայրս իր տաղանդը ժառանգել է նախնիներից: 1920-ին՝ 20 տարեկանում, նա եկել է Ֆրանսիա եւ սկսել է հաճախել գյուղատնտեսական ճեմարան: Ճարտարապետական գծագրեր ստեղծելու հիանալի ունակություններ ուներ: Հատուկ կրթություն չունենալով՝ մի քանի տուն է կառուցել Փարիզի հյուսիսում,- պատմում է Մարկը,- հայրս մահացել է 1957-ին, երբ ես 11 տարեկան էի: Դրանից հետո իմ ու եղբորս դաստիարակությամբ զբաղվում էին մայրս ու տատիկս»: Վերջինս սերում էր Ամասիայից, նրա անունը Փերուզ Մամուրյան էր, ամուսնական ազգանունը՝ Եփրեմյան: Տարիներ շարունակ Մարկ Նշանեանը կրում էր նրա ամուսնական մատանին:

«Տատիկս ինձ այդ մատանին նվիրել է 1977-ին, երբ նրան հիվանդանոց տարան, եւ նա հասկացավ, որ այնտեղից չի վերադառնա: Մատանու վրա փորագրված էր նրա ամուսնու անունը»:

Փերուզն ու Հովհաննես Եփրեմյանն ամուսնացել են 1912-ին: 1900-1910 թվականներին Հովհաննեսը բնակվում էր ԱՄՆ-ում: 1915-ին ընտանիքը Մարզեւանից արտաքսվել է Սեբաստիա (ներկայիս Սիվաս):

«Տատիկս Վիկտորյա անունով քույր ուներ, ընտանիքում նրան Վիկտոր էին կոչում: Արտաքսման ժամանակ նա 16 տարեկան էր: Նրա ճակատագիրն այդ ժամանակաշրջանի համար արտառոց չէր. ընտանիքի փրկության դիմաց բարեկամները Սիվասում նրան վաճառեցին գավառի կառավարչին՝ քայմաքամին»,- պատմում է նա:  

Ընտանեկան պատմության ողբերգական դրվագը Մարկին ստիպում է խորհել՝ սա պերճախոս վկայությունն է մեղքի այն զգացման, որ ունեցել են ողջ մնացածները:

«Երեք տարի շարունակ Վիկտորյան բռնության էր ենթարկվում: Քայմաքամից նա երկու երեխա է ունեցել,- շարունակում է Մարկը,- այդ ընթացքում նրա քույրն ու ընտանիքի այլ անդամները գոմում էին ապրում: Այս ամենը շարունակվել է ընդհուպ մինչեւ պատերազմի ավարտը՝ 1918-ը: Վիկտորյան մոր հետ փախել է Կոստանդնուպոլիս (Ստամբուլ), այնտեղից նրան հաջողվել է մեկնել ԱՄՆ, որտեղ նամակագրության միջոցով գտել է իր հայազգի ամուսնուն»:

 

Այս պատմությունը Մարկն իմացել է իր տատիկի ու նրա քրոջ այն օրերի նամակներից, երբ ճակատագրի բերումով նրանք հայտնվել էին Ատլանտյան օվկիանոսի տարբեր կողմերում: 1919 թվականին Փերուզը, Հովհաննեսն ու նրանց դուստր Սիլվին վերադարձել են Մարզեւան եւ այնտեղ բնակվել երկու տարի:

«1921-ի հուլիսին Թոփալ Օսմանի գլխավորած հարձակման ժամանակ Մարզեւանում պապիս սպանել են: Այդ ժամանակ հիմնական թիրախը հույներն էին, բայց ձեռքի հետ ոչնչացնում էին նաեւ հայերին,- պատմում է Մարկը,- զինվորները կանանց եւ երեխաներին փակել էին եկեղեցում, որը պատրաստվում էին վառել: Բարեկամները մայրիկիս ցիանիդի հաբ էին տվել, որ կարողանար առանց տառապանքի մահանալ: Սակայն եկեղեցին այդպես էլ չվառվեց, իսկ մայրս թույնն արդեն ընդունել էր: Մահից խուսափելու համար պետք է չքներ, այդ պատճառով հաջորդ երեք օրվա ընթացքում նրան թույլ չէին տալիս աչքերը փակել: Սա միակ պատմությունն էր, որի մասին մայրս պատմում էր»:

Մարկը մի քանի վայրկյան լռում է, այնուհետեւ՝ շարունակում. «Այդ օրը նրա կյանքը կանգ առավ: Նա դադարեց աճել եւ այդպես էլ կարճահասակ մնաց: Ընտանիքը հաջորդ մեկ տարվա ընթացքում չէր կարողանում լքել Մարզեւանը եւս: Վերջապես 1922-ին հայտնվեցին Կոստանդնուպոլսում, այնտեղից՝ 1925-ին տեղափոխվեցին Հալեպ, որտեղ բնակվում էր տատիկի ավագ քույրը: Հետագայում ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա»:

 

            Ընտանեկան լուսանկար, Հալեպ, 1925թ. © Նշանեանների անձնական արխիվ

Մեկ լեզու, մեկ ճակատագիր

«Մենք գիրք չունեինք: Վերցնում էինք հորաքրոջս՝ Տեր-Հակոբյանների ընտանիքից»,- ասում է նա:

Հայերեն Մարկն սկսել է սովորել, երբ երեխաները կարդալ են սովորում: Նա հիշում է «փարթամ մորուքով» տարեց դասատուին, որը լեզվի դասեր տալու փոխարեն տղային պատմում էր հայոց պատմության մասին: Հետագայում՝ 20 տարեկանում, Մարկը կրկին բացեց հայերենի բառարանը: Այդ ժամանակ նա հայ ուսանողների եվրոպական միավորման անդամ էր: Այդ ուսանողներից ոմանք հետագայում դարձան հայկական սփյուռքի փայլուն ներկայացուցիչներ:

«Ոմանք սերում էին Մերձավոր Արեւելքից: Նրանք շատ լավ էին հայերեն խոսում: Ես մտածեցի. «Իսկ ինչո՞ւ ես էլ չփորձեմ»: Նրանց պես հայերեն գրել սովորելու համար 10 տարի պահանջվեց»,- նշում է Մարկը:

 

Մարկ Նշանեան (կենտրոնում), Գրիգոր Բալեդյան (ձախից) և Հարություն Քյուրքջյան. Փարիզ, Սեպտեմբեր, 2015: 1960-ականների վերջերին նրանք Հայ ուսանողների եվրոպական ասոցիացիայի անդամներ էին:. © Ռաֆֆի Աճեմյան

Նշանեանը միշտ սփյուռքահայերի շրջապատում է ապրել եւ նրանց համար գրել իր ստեղծագործությունները, սակայն աստիճանաբար սկսել է գիտակցել, որ իր հիմնական ընթերցողները գտնվում են Հայաստանում: Մարկի հաջորդ ուսումնասիրությունը նվիրված է լինելու սփյուռքի գրողներին եւ հրատարակվելու է Երեւանում: Մոռացված գրողների անուններն այդ ուսումնասիրությամբ կրկին կբացահայտվեն Հայաստանի համար՝ «գետի մյուս ափից հասնող արձագանքի» պես: 

 

Մարկ Նշանեանն ու Վահե Օշականը © Մարկ Նշանեանի անձնական արխիվ

Վերադարձ հայրենի հող

2009-ից սկսած Մարկ Նշանեանը յուրաքանչյուր տարի Սաբանջը համալսարանի հրավերով այցելում է Ստամբուլ՝ դասախոսություններ կարդալու եւ քննարկելու Հայոց ցեղասպանության փորձը, մասնավորապես՝ հայ գրականության լույսի ներքո:  «Երբ հրավիրեցին Ստամբուլում դասախոսություններ կարդալու եւ սեմինարներ անցկացնելու, առանց հապաղելու համաձայնեցի»,- պատմում է փիլիսոփան, որը մինչեւ այդ ոտք չէր դրել իր ծնողների հայրենի հողին:

 «Առաջին տարին հիանալի ուսանողներ ունեի, եւ բոլորը թուրք էին: Նրանց համար շատ բարդ էր Հայոց ցեղասպանության մասին տեքստեր կարդալ: Փաստերը դժվարությամբ էին տեղավորվում նրանց գլուխներում, իրադարձությունները տեսնում էին իրենց ծնողների ու դասախոսների աչքերով: Այդ ուսանողներն ուղղակի հմայել էին ինձ: Դասերից հետո գալիս էին իմ աշխատասենյակ, պատմում իրենց կասկածների եւ ցանկությունների մասին: Նման արձագանքն ինձ համար ընդհանրապես անսպասելի էր: Նրանց մեծ մասի հետ շփվում ենք մինչեւ հիմա»,- ասում է Նշանեանը:

Մարկը Թուրքիա էր գնում նախապաշարումներով լի, սակայն բացահայտեց իրական մարդասիրություն:

«Ես ոչ թե ուղղակի հանդիպեցի թուրքերի, այլ ճանաչեցի նրանց մարդկայնությունը,- ասում է նա,- ինձ հետ շփվելով՝ նրանք նույնպես տեսան դա իրենց մեջ»: