logo
ՓԱԿԵԼMenu
Պասկալ Մանուկյան

Պասկալ Մանուկյան

Նրա կյանքը լեփ-լեցուն է ամեն տեսակի արկածներով։ Լրագրող եւ կինովավերագրող, ցեղասպանությունը վերապրածների թոռ եւ մարդ, որ տասնամյակներ շարունակ շրջագայել է աշխարհով՝ նա պատմության առաջնագծերում սեփական աչքերով տեսել է մահն ու միախառնվել մոլորակի տարբեր ծագերում տառապող մարդկանց։

«Բոլոր մասնագիտություններից ես ընտրեցի լրագրությունը, իսկ լրագրության ոլորտներից՝ հակամարտությունները։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու, եւ պատասխանն ինձ հասու դարձավ այն բառերի ու պատկերների միջոցով, որ, անկախ իմ ցանկությունից, հայտնվում էին աչքերիս առջեւ։ Ես ուզում էի անդրադառնալ համաշխարհային վայրիվերումների 20 տարիներին։ Արդյունքում՝ պատմեցի նաեւ սեփական ցնցումներիս մասին։ Տեսածս ամեն մի խոշտանգումն ինձ վերադարձնում էր ընտանիքիս ճակատագրին ու հայության ողբերգությանը։ Իմ իսկ պատմության բացերն ինձ ստիպում էին լրացնել ուրիշներինը։ Մենք ոչինչ չենք անում հենց այնպես, երբե՛ք»,- ասում է նա։ Այս տողերի հեղինակը տառապած մարդ չէ, նա ընդամենը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ է՝ Պասկալ Մանուկյան անունով, եւ ծնվել է 60 տարի առաջ, ապրիլի 24-ին։ Այս օրը, լինելով ավելին, քան զուտ խորհրդանիշ, հիմք է դրել այն ճակատագրին, որը դարձավ Պասկալինը։ 

                                         Պասկալ Մանկույանն Աֆղանստանում, 1982թ.

1975 թվականին դեպի Յակումո գիտարշավի ընթացքում նա առաջին անգամ ծանոթացավ ամազոնյան մակուխե ցեղին։ Այդ օրվանից մինչեւ 1989 թվականը, որպես անկախ լրագրող, նա մեկնաբանել է մոլորակի գլխավոր հակամարտությունները։ 1989 թվականին մասնակցել է լրատվական CAPA գործակալության ստեղծմանը, սկզբում՝ որպես վիդեոլրագրող, իսկ ապա, 1995-2015 թվականներին, որպես խմբագրակազմի տնօրեն։ Բազմաթիվ բեսթսելերների հեղինակ է։ Իր վերջին վիպակում, որը կոչվում է «Ափ նետվածները» (Les Echoués), նոր անկյունից է դիտարկում անօրինական ներգաղթի խնդիրը։ Պասկալի առաջին գիրքը, որը կոչվում է «Համբերանքի պտուղը» (Le Fruit de la Patience, 1982), նրա ընտանիքի պատմության միջոցով անդրադառնում է Հայկական հարցին։ «Սատանան ափի մեջ» (Le Diable au Creux de la Main, սեպտեմբեր 2013թ.) գիրքը պատմում է նրա՝ որպես պատերազմական լրագրողի հիշողությունները։

                                Պասկալ Մանկույանի «Ափ նետվածները» վիպակի շապիկը


Նրա հերոսը՝ Արաքսին

Պասկալի հորական տատը՝ Արաքսին, ընտանիքի միակ վերապրողն էր։ Ծագումով Էրզրումից էր, ծնված Տիգրանի եւ Չուրիի գյուղական ընտանիքում, եւ ընդամենը մոտ 10 տարեկան էր, երբ ճակատագիրը դաժան շրջադարձ կատարեց։ Նա չորս քույրերի մեջ ավագն էր։ Յուղաբերը՝ «մի համր ու փխրուն աղջնակ», այդ տարի 7 տարեկան էր, Նազելին՝ գրեթե 4։ Մի քույր էլ ունեին, որի անունն Արաքսին արդեն չէր հիշում, երբ 60 տարի անց Պասկալը գրի էր առնում նրա հուշերը։

«Համբերանքի պտուղը» գիրքը վերապատմում է տեղահանության բազում անտանելի տեսարաններ։ Զանազան ոճիրների շարքում, հեղինակը նկարագրում է, թե ինչպես հյուծված մահացավ Չուրին, իսկ ապա՝ Յուղաբերը։ Ողջ մնացին միայն Արաքսին ու փոքր քույրը՝ Նազելին։ «Նրանք իրենց գլխովին պատեցին ձիու թրիքով՝ գարշահոտի օգնությամբ բռնաբարությունից խուսափելու համար»,- ասում է Պասկալը։

Դեր Զոր չհասած՝ Մարդինում (հարավարեւելյան Անատոլիա) նրանց գնեցին բեդվինները։ Երիտասարդ մի արաբ իր նշանածի՝ Ասինայի հետ գիշերով գնացել էր քաղաքից դուրս՝ փրկվածների միջից ստրուկ ընտրելու։ Գարշահոտն այնպիսին էր, որ Ասինան քիչ էր մնում ուշաթափվեր։ Զզվանքը հաղթահարելով՝ նա, ձի հեծնած, սկսեց զննել ամենադիմացկուններին։ Նազելին այնքան նիհար էր, որ թուրք ժանդարմները համաձայնեցին երկուսին վաճառել մեկի գնով։ Այսպիսով քույրերը փրկվեցին։ Արաքսին երեք տարի շարունակ մնաց այդ զույգի հետ։ 

                           Արաքսը՝ կենտրոնում. Հալեպի որբանոց, 1923թ. © Մանուկյան / Սիգմա 

«Ստրկության վաճառվելու միջոցով տատս վերագտավ իր արժանապատվությունը»,- բացատրում է Պասկալը։ Այդուհանդերձ, նա չափազանց ծանր տարավ մեկ տարի անց քրոջից բաժանվելը, որին վաճառեցին մի կույր դերվիշի։ «Տատս երեք տարի ծառա եղավ անապատում, սովորեց արաբերեն։ Նրան համեմատաբար լավ էին վերաբերվում՝ թույլ տալով պահպանել քրիստոնյա հավատքը։ Իսկ երբ Մերձավոր Արեւելքի նպաստամատույցն սկսեց անապատներից հավաքել հայերին, Արաքսիին եւս տարան։ Տերը դեմ չեղավ»,- ասում է Պասկալը։

Գնացքով դեպի նոր կյանք՝ դեպի Հալեպ գնալիս հետը վերցրեց ճամփեզրին խաղացող մի թուրք մանկան՝ բացականչելով. «Մեկ հայով ավելի կլինի»։

«Ամեն տարի որբանոցի հայ տնօրենն իր բարեմաղթանքների հետ միասին Սփյուռք էր ուղարկում նաեւ երեխաների դեմքերով բացիկներ՝ հուսալով, որ նրանք կվերագտնեն իրենց ընտանիքները։ Որոշ գաղթականներ որբանոցներ էին ուղարկում իրենց ամենագրավիչ լուսանկարները, որպեսզի կին գտնեն որբերի միջից՝ տանելով նրանց Ֆրանսիա, Արգենտինա կամ Ամերիկա»,- ասում է Պասկալը։

Իր խնամակալ Մարիցայի՝ երզնկացի մի հայուհու շնորհիվ Արաքսին կարողացավ աշխատանքի անցնել Հալեպի «Հոթել Բարոն» բարձրակարգ հյուրանոցում։ Մի օր Մարիցան այցելեց Արաքսիի աշխատավայրն ու ասաց, որ ֆրանսիական վիզա է ստացել եւ հաջորդ օրը մեկնելու է Մարսել։ Վեց ամիս անց Արաքսին որբանոցում նամակ ստացավ։ Ինչպես եւ Մարիցան խոստացել էր, նա աղջկան չէր մոռացել եւ Լիոնի մալուխի գործարանում, որտեղ ինքը եւս աշխատում էր, գործ էր գտել նրա համար։ Արաքսին թողեց Հալեպն ու 1926 թվականին մեկնեց Լիոն։

 Ամանորի շնորհավորական բացիկ՝ ուղարկված Հալեպի որբանոցի տնօրենի կողմից, որով նա սփյուռքահայերին հորդորում է որբերի որդեգրել © Մանուկյան / Սիգմա 

 
Նա ինքն իր հետ հայերեն է խոսում

Պասկալի հորական պապ Մկրտիչ Թաքյանը, հայտնի նաեւ Հայկազ անվամբ, ծագումով Կիլիկիայի Մարաշ քաղաքից էր։ Նա փրկվել էր քրդերի շնորհիվ, մեկնել Հունաստան եւ պատահաբար հայտնվել մահացած մի կնոջ կողքին, որի գրպանում փաստաթղթեր կային՝ Աիդա Մանուկյանի անվամբ։ Դա Լիոնի մի գործարանի հետ աշխատանքային պայմանագիր էր։ Հայկազն առանց հապաղելու մեկնեց Ֆրանսիա՝ աշխատելու։ Այնտեղ՝ գործարանում, նա հանդիպեց Արաքսիին։ «Նրանց ժամաքարտերը կողք կողքի էին դրված»,- նշում է Պասկալը։ Ավելի ուշ, զույգը տեղափոխվեց Մոդոն՝ Փարիզի արվարձաններից մեկը։

Պասկալը ծագում է հենց այդ բանվորական թաղամասից։ Մայրը, որը ծնունդով Ֆրանսիայի հյուսիսարեւելյան Արդեն շրջանից էր, Պասկալի հոր՝ Կայծակի հետ ամուսնացել էր իր համայնքի ցանկությանը հակառակ։ Ընտանիքն ապրում էր հարազատների հետ միեւնույն տանը։ «Բնակիչներ շատ կային։

Վստահ եմ՝ մորս համար շատ ծանր է եղել։ Մի սենյակում հինգ հոգով էինք։ Քույր-եղբայրներս ու ես ծնվել ենք այդ նույն տանը։ Մայրս չէր ուզում, որ մենք հայերեն սովորենք, քանի որ նրա կարծիքով՝ հայ լինելը հավասարազոր էր նեղմիտ լինելուն։

Հայրս ասում էր, որ միեւնույն է՝ մի օր հայկական ինքնությունը երեւակվելու է»։ Հենց այդ պատճառով էլ Պասկալն իր առաջին գիրքը վերնագրեց «Համբերանքի պտուղը»։

«Առաջին գիրքս մորս դուր չեկավ, ու նա ի վերջո ինձ ասաց, որ դա իրեն մեծ ցավ է պատճառել։ Հայրս վեց տարի առաջ էր մահացել՝ երկարատեւ տառապանքներից ու հոգեվարքից հետո։ Մայրս կաթոլիկ քահանա էր կանչել, սակայն հետո ասաց. «Որ պահին հորդ հարցնես՝ քեզ հա՞յ ես զգում, թե՞ ֆրանսիացի, կասի՝ չգիտեմ, բայց որ թողնում ես մենակ, ու սկսում է ինքն իր հետ խոսել՝ հայերեն է խոսում։ Ճիշտ ես ասում։ Պիտի հայ քահանա կանչենք»։ Հիվանդանոցում մեծ իրարանցում եղավ Lacoste վերնաշապիկով եկած կաթոլիկ հոգեւորականի ու հայ հոգեւորականի միջեւ, որը եկել էր իր խաչով, երգերով ու վեղարով… 15 րոպե անց հայրս հոգին ավանդեց. նա ուզում էր լսել հարազատ մայրենին»,- հիշում է Պասկալը։

 Արաքսը (երկրորդ շարքում, ձախից յոթերերդը) այն լվացքատան աշխատակիցների հետ, որտեղ աշխատել է 36 տարի © Մանուկյան / Սիգմա 


Պասկալը դեռ հիշում է կոտորածի մասին պատմությունները, որ լսել է մանկության տարիներին, երբ երկու շաբաթը մեկ՝ կիրակի օրերին, եղբայրների ու քույրերի հետ գնում էր Արաքսի տատի տուն։  Տատը Պասկալին տանում էր Փարիզի Ժան Գուժոն փողոցի հայկական եկեղեցի, որ երեխան մոտ լինի հայկական մշակույթին ու ավանդույթներին։

Անվախ աշխարհագնացը

Պասկալը մոտ 19 տարեկան էր, երբ թողեց ընտանեկան օջախը եւ ութ ամիս անցկացրեց Ամազոն գետի ավազանում։ Նա կարող էր գնալ Ալյասկա, ինչպես եւ մտադրվել էր, բայց, իրականում, գրպանները դատարկ՝ նրան արկածներ էին հարկավոր։ Կյանքի վաղ փուլի այդ ճամփորդություններում նրա ազգանունն օգտակար էր լինում։

«Մի անգամ Մեքսիկայում դժվարին կացության մեջ հայտնվեցի։ Վերցրի հեռախոսագիրքն ու սկսեցի փնտրել հայկական որեւէ անուն։ Սա վերածվեց յուրահատուկ մի ծեսի։ Դրանից հետո ուր էլ գնայի՝ այս ձեւով լավ ընդունելություն էի գտնում»,- ժպտալով պատմում է նա։

Աշխարհով մեկ իր բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում Պասկալն այնպիսի կապեր ու հարաբերություններ ստեղծեց, որոնք մինչ օրս հարստացնում են նրա կյանքը։ Լինելով Կամբոջայի ցեղասպանության ականատեսը՝ ցեղասպանությունը վերապրածների թոռը գտնում էր զոհերին մխիթարելու համար անհրաժեշտ բառերը։ Իր առաջին վավերագրությունը նա նկարահանել է լրագրող ընկերոջ հետ, Աֆղանստանում, որտեղ հաստատվել էր 1979 թվականի հոկտեմբերին. «Պարտիզանական պայքար էր։ Մենք այնտեղ էինք գնացել Խորհրդային Միության ներխուժումից երեք ամիս առաջ»։ Աֆղանստանում նա հանդիպում է Բեռնար Քուշներ անվամբ ֆրանսիացի մի երիտասարդի, որը մարդասիրական ոլորտի աշխատող էր «Բժիշկներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունից եւ մի քանի տարի անց բավականին հայտնի մարդ դարձավ։ «Դաշտային հոսպիտալ ստեղծելու համար նա օգնություն էր փնտրում։ Գտանք լայնախոհ մի փուշթունի եւ ֆրանսիացի մի ապստամբի, որոնք շատ օգնեցին մեզ։ Այդ օրերից ի վեր Բեռնարն իմ լավ ընկերն է»,- նշում է Պասկալը։ Երբ Քուշները դարձավ Մարդասիրական ծրագրերի գծով նախարար, նրանց ուղիները կրկին խաչվեցին Սուդանում, Սոմալիում, իսկ ապա նաեւ՝ Կոսովոյում, որտեղ Պասկալը նկարահանեց կարճամետրաժ մի ֆիլմ Բալկանների վերակառուցման ոլորտում Քուշների գործունեության մասին։ 

                  Պասկալ Մանուկյանը Բերնար Քուշների հետ. Աֆղանստան, 1984թ. © DR 

Ամպրոպ բաց երկնքում

1970-ականներին թուրք դիվանագետների դեմ հայերի հարձակումներն ստիպեցին Պասկալին խորությամբ մտորել իր հայկական ինքնության մասին։ Մինչ այդ նրա համար հայկական ինքնությունը խիստ անձնական մի բան էր։ Սակայն ահաբեկչությունը նրան մղում է բացել Պանդորայի արկղը։ Նա գնում է անգամ այդ հարձակման զոհը դարձած թուրք դեսպանից հարցազրույց վերցնելու։

 

                   Իր երկու երեխաների՝ Մերիլի եւ Վահեի հետ Հայաստանում. գարուն, 2015թ.

Պասկալի ինքնությունը բազմաշերտ է ու բարդ՝ ֆրանսիականի ու հայկականի, հայկականի ու ֆրանսիականի միջեւ։ 1984 թվականին իր ծննդյան օրը նա հոր հետ առաջին անգամ մեկնեց Հայաստան։ Ապրիլի 24-ն էր։ Այս պատկերն ամբողջացնելու համար Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրը նա Հայաստան եկավ երկու երեխաների՝ Մերիլի եւ Վահեի հետ։ Նորավանքի մոտ գտնվող քարայրներից մեկում նրանք թողեցին Պասկալի հոր նկարը՝ ի հիշատակ անցյալի։