logo
ՓԱԿԵԼMenu
Մայքլ Արամ Վոլոհոջյան

Մայքլ Արամ Վոլոհոջյան

Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս վարչական կենտրոնում ծնված Մայքլ Արամն աշխարհին ու հայկական համայնքին ավելի շատ հայտնի է որպես ստեղծագործող արվեստագետ, որն առաջնորդվել է պարզ մի գաղափարով՝ աշխատել երիտասարդ տարիներից իրեն գրաված հնդկական ավանդական մետաղագործության հնարքներով, փոխակերպել այն կենսաոճի համաշխարհային բրենդի, որը կառանձնանա ուրույն ոճով՝ հիմքում ունենալով նրա հայկական արմատները։ Արաբկիրից եւ Խարբերդից (ներկայում՝ Ելազիգ, Թուրքիա) Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռը՝ Մայքլ Արամ Վոլոհոջյանն այսօր մեծահամբավ դիզայներ է։ Մետաղյա պարագաների իր առաջին հավաքածուն նա հանրությանը ներկայացրեց 1989 թվականին՝ Հնդկաստան կատարած այցելությունից հետո, որտեղ սկսել էր աշխատել տեղի վարպետների հետ։ Այժմ նա իր աշխատանքները վաճառում է աշխարհի 600-ից ավելի կետերում, իսկ 2007թ. Մանհեթենում բացել է իր անունը կրող խանութ-սրահը։

                                       Նռան քանդակ, բնական բրոնզ, օքսիդացված բրոնզ, փոշեծածկ։
                                      Արվեստանոցի 25-ամյակին նվիրված հավաքածուից

Մայքլ Արամը Նյու Յորքի հայ համայնքի ակտիվ անդամներից է: Այնտեղ նա «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF), Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ այլ կազմակերպությունների խորհրդի անդամ ու աջակից է: Աջակցում է նաեւ Արեւելյան թեմին ու դրա տեղական՝ Ուեսթչեսթերում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, որի ներքին հարդարանքի բոլոր մետաղյա պարագաների ու գմբեթի խաչի հեղինակն է։ Այժմ նա ընտանիքով՝ հայազգի Արեթի եւ երկու երեխաների՝ Թադեւոսի ու Անաբելի հետ ապրում է Նյու Յորքում։

                                                Մայքլ Արամը Նյու Յորքի իր գլխավոր խանութի առջեւ

 

Հայոց ցեղասպանությունը վերապրածներ եվ փրկիչներ՝ միաժամանակ

«Հայրական կողմից նախնիներս ցեղասպանությունից փրկվածներ են, սակայն իրենց փորձությունների որեւէ գրավոր վկայություն չեն պահպանել, միայն բանավոր պատմություններ։ Նրանք իրենց պատմությունները չէին քննարկում մինչեւ կյանքի բավականին ուշ շրջանը։ Ես դեռահաս էի, երբ մի շաբաթ-կիրակի եղբորս ու քրոջս հետ նրանց տանն էինք մնացել ու որոշել էինք նախաճաշին մեր տատիկի ու պապիկի համար բլիթներ պատրաստել, որպես բազմազանություն, քանի որ նախաճաշին նրանց սովորական ուտելիքը սուջուխով ձվածեղն էր։ Պապիկս ասաց, թե բլիթները շատ նման էին այն «խմորին», որով նրանք Թուրքիայի Ելազիգ (Խարբերդ) նահանգի Թադիմ գյուղի իրենց ֆերմայում կերակրում էին ուղտերին»,- հիշում է Մայքլը։

«Հիշում եմ, որ սկսեցինք բուռն կերպով հարցուփորձ անել, որովհետեւ ես երբեւէ չէի լսել, որ նրանք խոսեին «հին երկրի» մասին. կարծես դա անցյալի մի մաս է, որն էլ երբեք հասանելի չի լինի՝ ոչ ֆիզիկապես, ոչ զգայաբար։ Պապս սկսեց պատմություններ պատմել իր ընտանիքի մասին՝ բաժանումների, սպանությունների, մինչեւ Մենդուհի տատս ասաց. «Մկրտի՛չ, վերջ տուր, խնդրում եմ»։ Հենց մեր ներկայությամբ նրանք քննարկում էին՝ որքանով կարեւոր է իրենց փրկության եւ, իրականում, մեր ազգատոհմի փրկության պատմությունները փոխանցելը:

Մայքլ Արամի տատիկն ու պապիկը՝ Մենդուհի եւ Մկրտիչ Վոլոհոջյանները

 

«Տատիկս սկսեց պատմություններ պատմել, թե ինչպես էր ստիպված եղել ոսկեդրամներ կուլ տալ եւ զարդերն ու այլ թանկարժեք ունեցվածքը կարել իր հագուստի փեշերի մեջ, թե ինչպես էր թաքնվում կոյուղու եւ խրամատների մեջ, որպեսզի խուսափի թուրք զինվորներից։ Ի վերջո, նա, հայկական գորգի մեջ փաթաթված, «անօրինական ճանապարհով» տեղափոխվեց ապահով տեղ։ Այս պատմությունը միաժամանակ անհավանական էր եւ անժխտելի։ Սա պատմություն էր, որը դաջվեց իմ մանկական հիշողության մեջ»։

Մայքլի պապն ու տատը բնակվում էին Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում, իսկ նրա տատիկը հայերեն էր խոսում թե՛ տանը, թե՛ իր թաղամասում։ Իր աղջկա՝ Ռոզայի խնամքի տակ կյանքի վերջին շաբաթն անցկացնելիս էր, որ սկսեց ավելի շատ տեղեկություններ բացահայտել ցեղասպանության ընթացքում իր կյանքի եւ իր՝ Ամերիկա տեղափոխվելու մասին։

Նրա ընտանիքը ներմուծման ու արտահանման առեւտրային մեծ ընկերություն ուներ Խարբերդում: Նա եվրոպական կրթություն է ստացել ու արտոնյալ երեխա է եղել։ Նրա հայրը երիտասարդ տարիքում է մահացել, բայց մայրը՝ Հռիփսիմե Քելջիկյանը, շարունակել է ամուսնու գործն ու հաջողությունների հասել։ Նա իր ավագ երեխաներին արտասահման էր ուղարկել 1915-ի դեպքերից առաջ, սակայն ինքն անձամբ մնացել էր կրտսեր զավակների՝ Մենդուհու եւ Չարլիի հետ։ Նրա հորեղբոր որդին՝ Ավետիս Քելջիկյանը, որը նույն գործունեությամբ էր զբաղվում, հետապնդումներից կարողացավ փախչել իր թուրք գործընկերների աջակցությամբ, որոնց համոզեցին նրան փոխել ինքնությունը՝ դառնալով Մեհմեդ Նաջի Քուլջիքլի։ Լոնդոն ներգաղթելիս նրա փաստաթղթերում նշված էր ինչպես փոխված անունը, այնպես էլ «Ավետիս Կարապետ Քելջիկյանը»։

«Հորեղբոր որդի Ավետիսը կարողացավ այլ ընտանիքների եւ ընկերների օգնել անվտանգ վայր տեղափոխվել՝ իր հարստության եւ կարեկից բիզնես-գործընկերների հզոր ցանցի շնորհիվ։

Տատիկս խոսում էր այն մասին, թե ինչ ազդեցություն ուներ «Նաջին» իրենց եւ այլոց օգնելու հարցում, եւ պատմում էր, թե ինչպես են նրա թուրք ծանոթներն իր մորը երկու երեխաների հետ «ապահով տներ» ուղղորդել։

Նա պատմել է նաեւ իր մոր պատմությունը, որին ձերբակալել ու բանտարկել էին, որովհետեւ չէր բացահայտում երիտասարդ Չարլիի գտնվելու տեղը։ Նա հրաշքով փախավ բանտից՝ կամ սեփական խելամտության, կամ էլ հավանական է, ազդեցիկ ծանոթների ու գումարի միջնորդությամբ»,- ասում է Մայքլը։ «Կարիք էլ չկա նշելու, որ նա ասում էր, թե իրենք երեքն էլ չէին կարողանա փրկվել, եթե չլիներ մի քանի թուրք մարդկանց օգնությունը, որոնք ամբողջ ընթացքում ձեռք էին մեկնել իրենց։ Յոթ տարի տեւեց, մինչեւ նրա ընտանիքը Թուրքիայից հասավ Մարսել, իսկ այնտեղից էլ վերջնականապես՝ Ամերիկա։ Նա պապիկիս հանդիպեց Ուոթերթաունում, որտեղ վերջինս աշխատում էր ռետինե իրերի արտադրությամբ զբաղվող գործարանում (Hood Rubber Company), մինչեւ բավարար գումար կկուտակեր՝ Արլինգտոնում բացելու «սպա» կամ, այլ կերպ ասած, զովացուցիչ խմիչքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների փոքր խանութ։ Նա եւ Մենդուհին երեք զավակ ունեցան՝ Ռոզան, Ալբերտն ու հայրս՝ Ջոնին։ Այսպիսով, առանց չափազանցության, եթե չլիներ Նաջիի օգնությունը, իմ նախատատի ճարպկությունն ու մի քանի արժանավոր հարեւանները, իմ ընտանիքն այսօր այստեղ չէր լինի»։

 

Պատմության երկրորդ մասը

Մայքլ Արամի մայրական կողմի պապը նույպես ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է։ «Իմ Ֆլորանս մորաքույրը գրի է առել ընտանեկան պատմությունը։ Իրենից եմ իմացել, որ իմ նախապապ Վարդերես Եգավյանը (Էգավյան/Եգավյանց) 1915թ. ապրիլի 24-ին ձերբակալված ու բանտարկված 200-ից ավելի հայ մտավորականների, բանաստեղծների, գրողների ու Կոստանդնուպոլսի հայ համայնքի անվանի ներկայացուցիչների շարքում էր։ Նրան վիճակված չէր տուն դառնալ ու նորից տեսնել իր ընտանիքը»։

                                                             Վարդերես եւ Ֆլորենցա Եգավյանները

Վարդերեսը հարուստ գործարարների ու բարերարների ընտանիքից էր: Նա Կոստանդնուպոլսում հիմնել էր իր անձնական բիզնեսն ու չորս լեզվով ձեւաթուղթ ուներ: Նա Մայքլի նախատատի՝ Ֆլորենցայի (Ֆիլարիցայի) հետ ամուսնացել է 1890-ական թվականների կեսին: Նրանք հինգ երեխա ունեին՝ Նաոմին (Նոյեմի), Մայքլի պապիկը՝ Ջորջը (Գրիգոր), որը, համաձայն փաստաթղթերի, ծնվել է Մոսկվայում 1898թ., Անետը, Էդվարդն ու Լարին:

                                                Ալմասի եւ Ջորջ Եգավյանի նշանադրության հրավերը, 1936թ. 

«Ընտանիքը բնակվում էր Կոստանդնուպոլսի եվրոպական հատվածում, որը Բերա էր կոչվում: Նրանց ընկերների թվում էին ռուս հյուպատոսն ու իր կինը՝ Անետը: Նրանք իմ հրաշալի մորաքրոջ՝ Անետի կնքամայրն ու կնաքահայրն էին: Հյուպատոսի շքերթային սուսերը նվիրվել էր իմ նախապապին եւ ընտանիքի արժեքավոր ունեցվածքի մասն էր կազմում՝ ի թիվս որոշ առարկաների, լուսանկարների, նամակների ու փաստաթղթերի, որ նրանք իրենց հետ ավելի ուշ տարան Միացյալ Նահանգներ»,- բացատրում է Մայքլը:

1907թ. Նորին Մեծություն կայսերական արքայադուստր Եվգենիա Մաքսիմիլիանովնան Վարդերեսին ու Ֆիլարիցային պարգեւատրել է Կարմիր Խաչի շքանշան կրելու իրավունքով՝ գնահատելով նրանց բարեգործական գործունեությունը:

 

Սույն վկայականը, որ շնորհվում է Նորին Մեծություն Օլդենբուրգի կայսերական արքայադուստր Եվգենիա Մաքսիմիլիանովնայի կողմից, Սանկտ Պետերբուրգի Կարմիր Խաչի քույրերի կոմիտեի կողմից տրվում է Ֆիլարիցա Եգավյանցին՝ իրավունք տալով կրելու Կարմիր Խաչի վարդազարդ՝ ի ճանաչումն Կոմիտեին աջակցելու նպատակով իր բարեգործական գործունեության:
Հունվարի 20, 1907թ.

Չնայած իր սոցիալական դիրքին՝ Վարդերեսը մնացած շատերի նման հայտնվում է Ուրֆայի (այժմ՝ Սանլիուրֆա, Թուրքիայի հարավում) բանտում: 1916թ. հունիսին Ֆիլարիցային ուղղված իր նամակում Վարդերեսի եղբայրը՝ Նազարեթը, տեղեկացնում է, որ աշխատում է Հալեպում ԱՄՆ հյուպատոսության հետ, որպեսզի Վարդերեսին տեղափոխեն Հալեպի բանտ:

Նա գրում է, որ ամերիկյան դիվանագետներն օգտակար էին Թուրքիայի իշխանություններից այս տեղափոխությունը խնդրելու հարցում, սակայն դեռ որեւէ լուր չկա: Կային այլ մարդկանցից էլ նամակներ, որոնց հեղինակներն ընտանիքին տեղեկացնում էին բանտում եղած ընթացքում Վարդերեսի առողջական վիճակի մասին: Վերջին նամակը՝ գրված 1916թ., ասում էր, որ 1916թ. մարտի 24-ին, իր ձերբակալությունից ուղիղ 11 ամիս անց, Վարդերեսը մահացել է:

«1919թ. իմ մեծ տատին մի հայտարարություն է տրվում Կոստանդնուպոլսում Նիդերլանդների հյուպատոսության կողմից, որում թուրքական իշխանություններին խնդրում էին ռուսահպատակ Ֆիլարիցա Եգավյանցին թույլատրել մեկնել Հալեպ: Նրան ու ընտանիքի մյուս անդամներին պետք է որ ռուսական անձնագրեր տրամադրված լինեին իրենց դիվանագիտական կապերի շնորհիվ»,- կարծում է Մայքլը:

Երբ նա վերադարձավ հայրենի Հալեպ, մոր՝ Իսկուհի Երամյանի հետ ակտիվորեն ներգրավվեց նորաստեղծ Ազգերի լիգայի նախագծում, որպեսզի փրկեն Հայոց ցեղասպանությունը վերապրած կանանց ու երեխաներին, որոնց իրենց կամքին հակառակ պահում էին մահմեդական տներում: 1921 թ.-ին Հալեպում հիմնվեց Փրկարարական տուն, որը ղեկավարում էր դանիացի միսիոներ Քարեն Եփփեն: Կազմակերպությունն արձանագրում էր կանանց ու երեխաների անձնական պատմությունները, տեղանքը, որտեղից նրանց բռնի ուժով տեղահանել էին, նրանց հետ պատահածը եւ նրանց փրկության պատմությունը: Ըստ 1923թ. սեպտեմբերին Եփփեի՝ Բրյուսելի համալսարանում ներկայացված զեկույցի, կոմիտեին հաջողվել է ազատել մոտ 2000 հայ կանանց ու երեխաների, որոնց որպես ստրուկներ պահում էին հարեմներում:

Եգավյանների ընտանիքի ոդիսականը շարունակվեց: 1923թ. հունվարին Մայքլի նախատատն իր երեխաներ Ջորջի, Նաոմիի, Էդվարդի եւ Լարիի հետ «SS. Madonna» նավով լքեց Կոստանդնուպոլսի նավահանգիստն ու ժամանեց Նյու Յորք:

Կոստանդնուպոլսում էլեկտրական ինժեների մասնագիտությամբ վերապատրաստում անցած Ջորջն իր կրտսեր եղբայրներ Էդիի եւ Լարիի հետ 1930թ. հիմնեց իր սեփական՝ «Royal Electric Supply Company» ընկերությունը: 1945թ. նրանք հիմնադրեցին «Eddy and Company» ընկերությունը, որը դարձավ RCA կորպորացիայի (ամերիկյան ռադիոկորպորացիա) արտադրանքի` ձայնագրությունների, ձայնարկիչների (ֆոնոգրաֆների) եւ հեռուստացույցների մատակարարը: Ռոդ Այլենդ նահանգի Փրովիդենս վարչական կենտրոնի Սուրբ Սահակ եկեղեցու Եգավյան մշակութային կենտրոնը նվիրված էր նրանց ծնողներին՝ Վարդերեսին եւ Ֆլորենցային:

Մայքլ Արամի ընտանիքը

«Իմ ընտանիքը բազմաթիվ առումներով շատ ավանդական է ու բավականին նման այլ ընտանիքների, բացի այն փաստից, որ մենք նույն սեռին պատկանող հայազգի զույգ ենք: Մենք բավականին ներգրավված ենք հայ համայնքի գործունեության մեջ եւ մեր որդուն ու դստերը մկրտել ենք Սուրբ Վարդան հայկական եկեղեցում: Մենք նաեւ Հնդկաստանում տուն ունենք, որտեղ ես դիզայներական աշխատասրահ ունեմ: Թերեւս հենց աշխատասրահում է, որ ես ստեղծագործական առումով առավել բավարարված ու ոգեշնչված եմ լինում: Կարծում եմ՝ մեծագույն նվաճումս ընտանիք ունենալն է եւ բիզնեսը, որն աջակցում է հարյուրավոր այլ ընտանիքների ամբողջ աշխարհում»,- ասում է Մայքլը: 

 

Նյութի պատմական հավաստիությունն ստուգված է 100 LIVES նախաձեռնության հետազոտական խմբի կողմից: