logo
ՓԱԿԵԼMenu
Վեր հառնելով միասին. 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը

Վեր հառնելով միասին. 2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը

2021 թ. «Ավրորայի» միջոցառումները տեղի ունեցան հոկտեմբերի 8-10-ը Իտալիայի Վենետիկ քաղաքում: «Ավրորայի» գլխավոր միջոցառումներն անցկացվեցին հոկտեմբերի 9-ին Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում, որն աշխարհի՝ հայկական մշակույթի եւ հայագիտության  ամենանշանավոր կենտրոններից մեկն է:

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, որն անցկացվեց «Վեր հառնելով միասին» խորագրի ներքո, վարում էին Ամալ Քլունիի անվան կրթաթոշակառու, UWC Դիլիջանի շրջանավարտ, լիբանանցի Դալյա Աթալլահը եւ «Վաշինգթոն փոսթ» օրաթերթի փոխխմբագիր, սյունակավար, «Ավրորայի» երկար տարիների բարեկամ Դեյվիդ Իգնաթիուսը: Կատարումներով հանդես եկան ծիրանափողի վարպետներ Արամ Իփեքջյանը եւ Ջիվան Գասպարյան կրտսերը, ինչպես նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախումբը՝ Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որը հայտնի է երգչախմբային փորձարարական կատարումներով եւ հայկական երգչախմբային ժառանգությունն աշխարհով մեկ ներկայացնելով:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակը շնորհվեց Ջուլիեն Լուսենգեին՝ մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ սեռական բռնության ենթարկվածներին:

Մրցանակի շնորհման արարողությունը եզրափակվեց աշխարհահռչակ իտալացի տենոր եւ բարերար, մաեստրո Անդրեա Բոչելիի ելույթով, որն աջակցում է մարդկանց եւ համայնքներին իր «Անդրեա Բոչելի» հիմնադրամի միջոցով: