Շիրին Էբադի

Դոկտոր Շիրին Էբադին իրանցի իրավաբան է, նախկին դատավոր եւ մարդու իրավունքների ակտիվիստ։ 2003թ. հոկտեմբերի 10-ին պարգեւատրվել է Նոբելյան մրցանակով ժողովրդավարության եւ մարդու (հատկապես՝ կանանց, երեխաների ու փախստականների) իրավունքների եւ գործում ունեցած նշանակալի ավանդի եւ նախաձեռնողականության համար։ Շիրինն այս մրցանակին արժանացած առաջին իրանցին էր։ 2009թ. Էբադիի մրցանակն առգրավվել է ենթադրաբար Իրանի իշխանությունների կողմից, ինչը, սակայն, հետագայում նրանք ժխտել են։ Եթե դա հաստատվի, Շիրին Էբադին կդառնա պատմության մեջ առաջին անձը, ում Նոբելյան մրցանակը բռնությամբ առգրավվել է պետական իշխանության կողմից։

Դոկտոր Էբադին Իրանի առաջին կին դատավոր է դարձել դեռեւս 23 տարեկանում։ Նա նաեւ Նոբելյան մրցանակի արժանացած իրանցի եւ մուսուլման առաջին կին է։ Շատ իրանցիների պես ի սկզբանե ողջունած լինելով իրանական հեղափոխությունը՝ դոկտոր Էբադին շուտով դառնում է դրա դաժան քննադատը։ Չնայած նրան անվանում են «Իրանի պահպանողական հոգեւորականության խոշորագույն մղձավանջ»՝ հանուն մարդու եւ, հատկապես, կանանց իրավունքների նրա պայքարը հակակրոնական երանգ չունի։ Նրա իսկ պնդմամբ՝ «Ես դեմ եմ ոչ թե իսլամին, այլ նահապետական կարգերին»։

Քանի որ վարչակարգը գտնում էր, որ դատավորի պաշտոնը հարիր չէ կնոջը, Էբադին իր իսկ դատարանում պաշտոնանկ արվեց քարտուղարուհու աստիճանի, ինչից հետո նա անվճար իրավաբանական գործունեություն ծավալեց, որը նպատակ ուներ վերհանելու օրենսդրական համակարգի կողմից քաղաքական այլախոհների հանդեպ եւ երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերում կիրառվող անարդարությունները։

Վարչակարգի կողմից ներառված լինելով մահվան ցուցակում, ականատես լինելով տեգրոջ մահապատժին եւ երկար ժամանակ անցկացնելով մենախցում՝ դոկտոր Էբադին, այնուամենայնիվ, դարձավ երկրի՝ մարդու իրավունքների թիվ մեկ ակտիվիստը, հիմնեց Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնը եւ օգնեց կազմակերպելու «Մեկ միլիոն ստորագրություն» ժողովրդական նախաձեռնությունը, որը խտրական օրենքների վերանայման պահանջով հավաքեց 1 միլիոն կնոջ ստորագրություն։ Այս նախաձեռնությունն արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում՝ Reach All Women in War միջազգային հասարակական կազմակերպության Աննա Պոլիտովսկայայի անվան մրցանակին (2009թ.)։ Դրա նախաձեռնող անդամները, սակայն, բռնաճնշումների եւ անգամ բանտարկության ենթարկվեցին։

Դոկտոր Էբադին ապրում էր Թեհրանում, սակայն ներկայիս վարչակարգին ընդդիմացող եւ քննադատող քաղաքացիների հանդեպ շարունակաբար աճող բռնաճնշումների հետեւանքով 2009թ. հունիսին ստիպված էր լքելու երկիրը։ 2004 թ. Forbes պարբերականի կողմից Շիրին Էբադին ընդգրկվել է «Աշխարհի հզորագույն 100 կանանց» ցանկում։ Նա ընդգրկված է նաեւ «Բոլոր ժամանակների 100 ամենաազդեցիկ կանանց» ցուցակում։

Armenian
The subtitle for the person: 
Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան դափնեկիր
Big image: 
Weight: 
80
Image: