Ջորջ Քլունի

Որպես ճանաչված դերասան եւ ռեժիսոր՝ իր կարիերայի ընթացքում Ջորջ Քլունին հիմնել եւ աջակցել է բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների։ Նրա մարդասիրական ջանքերը լայն ճանաչում են գտել աշխարհում։

Իր մարդասիրական գործունեության համար Քլունին արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ ներառյալ Բոբ Հոուփի անվան մարդասիրական մրցանակը (Bob Hope Humanitarian Award) եւ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամի (USC Shoah Foundation’s) Մարդկության Դեսպան մրցանակը (Ambassador for Humanity Award)։ Վերջինը նրան շնորհել է հոլիվուդյան նշանավոր կինոռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը 2013-ի դրամահավաք միջոցառման ընթացքում։ Սփիլբերգը Քլունիին անվանել է «համեստ բարեգործ» եւ «անտարաբերության դեմ գործողության անգերազանցելի օրինակ»։

2010 թ. դեպի Հարավային Սուդան կատարած ուղեւորությունից հետո Ջորջ Քլունին մարդու իրավունքների ակտիվիստ Ջոն Փրենդերգասթի հետ միասին համահիմնադրել է Satellite Sentinel Project-ը (SSP)։ Դա մի համագործակցություն է Enough Project եւ DigitalGlobe նախաձեռնությունների միջեւ, որը մոնիթորինգ է իրականացնում Սուդանում եւ Հարավային Սուդանում՝ գնահատելու մարդու իրավունքների դրությունը եւ որոշելու քաղաքացիներին սպառնացող հնարավոր վտանգները։ Այն նաեւ աշխատում է մարդկության դեմ գործված հանցագործությունները հայտնաբերելու, խափանելու եւ փաստագրելու ուղղությամբ։

Ջորջ Քլունին հայտնի կինոգործիչներ Դոն Չիդլի, Մեթ Դեյմոնի, Բրեդ Փիթի, Դեյվիդ Փրեսմանի եւ Ջերի Վայնթրաուբի հետ միասին համահիմնադրել է The Sentry նպաստամատույց եւ մարդասիրական օգնություն տրամադրող միջազգային հասարակական կազմակերպությունը՝ գրանցված Միացյալ Նահանգներում։ Այն փորձում է համաշխարհային ուշադրությունն ու միջոցները կենտրոնացնել աշխարհում զանգվածային կոտորածները դադարեցնելու վրա։ Քլունին ընդգրկված է կազմակերպության ղեկավար խորհրդի կազմում։

Համաշխարհային մամուլը լայնորեն լուսաբանել է Սուդանում մարդու իրավունքների պաշտպանության համար Քլունիի 2012 թ. կազմակերպած արշավը։ Վաշինգթոնում հրավիրված բազմաթիվ ասուլիսների ընթացքում Քլունին ուղղակիորեն մեղադրել է Սուդանի վարչակարգին Դարֆուրում եւ այլ վայրերում ցեղասպանություն իրականացնելու մեջ, քննադատել է Չինաստանի կառավարությանը դրանք թույլ տալու եւ միջազգային հանրությանը՝ երես թեքելու համար։

2006 թ. Քլունին հոր՝ լրագրող Նիքի հետ միասին համահեղինակել է A Journey to Darfur վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է նրանց ուղեւորությունը դեպի պատերազմներից հյուծված այս տարածաշրջանը եւ լույս սփռում դրա ներկայիս վիճակի վրա։ Ֆիլմը ներկայացնում է նաեւ փաստական տվյալներ, որոնց համաձայն՝ հակամարտության ընթացքում սպանվել է մոտ 200,000 եւ տեղահանվել շուրջ 2.5 միլիոն մարդ։ Ֆիլմում Նիքն ու Ջորջը հարցազրույցներ են վարում ոճիրի ականատես-փրկվածների հետ եւ պատմում հակամարտության հետեւանքով փախստական դարձած շատերի պատմությունները։ Քլունին նկարահանվել է նաեւ Darfur Now վավերագրական ֆիլմում (2007թ.), որը մարդկանց կոչ է անում ոտքի կանգնել, գործել եւ օգնել վերջ դնելու տարածաշրջանային այս ճգնաժամին։

Քլունին աջակցում է նաեւ հետեւյալ բարեգործական նախաձեռնություններին՝ United Way, The Enough Project, Realizing the Dream, ONE Campaign, Everyone Matters, Feeding America, International Rescue Committee, Make It Right, Make Poverty History, American Foundation for AIDS Research, American Foundation for Equal Rights, Whatever It Takes եւ World Food Program.

Armenian
The subtitle for the person: 
Համահիմնադիր, The Sentry, բարերար, դերասան եւ կինոարտադրող
Big image: 
Weight: 
10
Image: