Բենջամին Ֆերենց

Բենջամին Բերել Ֆերենցն իրավաբան է եւ մարդու իրավունքների պաշտպան: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները քննողներից մեկն էր, եւ ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում: Բենջամին Ֆերենցն իր ամբողջ կյանքում պայքարել է մարդու իրավունքների եւ համընդհանուր խաղաղության համար՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով իր առաքելությունը:

Ֆերենցի ընտանիքն ԱՄՆ է գաղթել Ռումինիայից, երբ նա ընդամենը 10-ամսական էր: Նա մեծացել է Նյու Յորքում, 1943թ. ավարտել Հարվարդի իրավունքի դպրոցը: Դրանից հետո նա միացավ ԱՄՆ զինված ուժերին եւ մեկնեց Եվրոպա, որտեղ մասնակցում էր գերմանական համակենտրոնացման ճամբարների ազատագրմանը: Սա հիմնովին փոխեց Բենջամին Ֆերենցին՝ կանխորոշելով նրա ապագա կյանքն ու գործունեությունը:

Զորացրվելուց շաբաթներ անց նա կրկին ներգրավվեց՝ արդեն որպես Նյուրնբերգյան դատավարության դատախազ, որտեղ «Այնզաց խմբերի» գործով նշանակվեց գլխավոր դատախազ. դատապարտվեց 22 մարդ: Բենջամին Ֆերենցը նաեւ օգնել է մշակել եւ իրագործել նացիստական ռեժիմից տուժածների վերականգնողական ծրագիր: Նա մեծ դերակատարում է ունեցել Իսրայելի եւ Արեւմտյան Գերմանիայի միջեւ 1952թ. ստորագրված «Փոխհատուցման համաձայնագրի» բանակցություններում:  

Մասնավոր փաստաբանի կարիերան թողնելուց հետո նա իր ջանքերն ուղղեց աշխարհում խաղաղության հաստատման գործին՝ ակտիվորեն առաջ տանելով Միջազգային քրեական դատարան հիմնելու գաղափարը, որը կլիներ համաշխարհային դատական ատյան, որտեղ կքննեին պատերազմական հանցագործություններ և այլ վայրագություններ: Այս թեմայով նա մի քանի գիրք է հեղինակել և հրատարակել, այդ թվում՝ «Միջազգային ագրեսիայի սահմանումը. համաշխարհային խաղաղության որոնում» (1975թ.), «Միջազգային քրեական դատարան. քայլ դեպի համաշխարհային խաղաղություն» (1980թ.) և «Միջազգային իրավունքի կիրառում. համաշխարհային խաղաղություն ուղի» (1983թ.): Նա նաեւ գրել է «Համաշխարհային խաղաղության համընդհանուր ուղեցույց» (1985թ.) եւ «Երկիր մոլորակ. Քո ապագայի բանալին» (1988թ.) գրքերը:

Ֆերենցը շարունակում է իր գործունեությունը խաղաղության եւ միջազգային իրավունքի բազմաթիվ կազմակերպություններում: Նա Փեյսի իրավունքի դպրոցի պատվավոր պրոֆեսոր է, որտեղ հիմնել է Խաղաղության կենտրոն եւ ուսուցանել «Խաղաղության միջազգային իրավունք»:

2019թ. Բենջամին Ֆերենցը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին՝ որպես Պատվավոր համանախագահ:

Armenian
The subtitle for the person: 
Իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան
Big image: 
Weight: 
95
Image: