Հաճախ տրվող հարցեր

Armenian

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

Ի՞նչ է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է:
 
Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: 
 
Ո՞րն է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շարժիչ ուժը
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն երկրորդ տարում միացել են մի քանի տասնյակ նվիրատուներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):
 
Ի՞նչ է «Ավրորա» աջակիցների համայնքը 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է 2015 թվականին երեք հիմնադիրների կողմից, ովքեր ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների հիշատակը՝ աջակցում են այնպիսի նախագծերի, որոնք մեծարման են արժանացնում նրանց փրկողներին: Հիմնադիրների՝ ազգի երախտագիտությունը գործով արտահատելու ջանքերին արդեն միացել են  ավելի քան 440 անհատներ եւ կազմակերպություններ:
 
«Ավրորա» աջակիցների մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել կայքի Նվիրատուներ եւ Գործընկերներ էջերը:
 
Ինչպե՞ս կարող եմ աջակցել «Ավրորային»
 
Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր տեսլականին եւ միանում են այս շարժմանը: Ռեսուրսների ավելացմանը զուգահեռ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կընդլայնի ծրագրերի շրջանակը, որոնք կանդրադառնան մերօրյա ճգնաժամերի եւ մարտահրավերների՝ օգնության ձեռք մեկնելով եւ հուսադրելով առավել կարիքավորներին: «Ավրորան» կհորդորի արտահայտել իրենց երախտագիտությունն այն բոլոր բախտավորներին, որոնք փրկվել են եւ ձեռք բերել ապրելու մի նոր հնարավորություն՝ դառնալով փրկողների նոր սերունդը: Այսպիսով, նվիրատվության շղթան կշարունակվի, կարեկցանքը կփոխարինի խղճահարությանը եւ ի հիշատակ վերապրողների՝  մենք գրկաբաց կընդունենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մարդկայնության համընդհանուր ոգուն:    
 
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք այս հղումով:
 
Ի՞նչ գործունեություն է ծավալում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են. 
 
«Ավրորա» մրցանակը,
Aurora Dialogues քննարկումները – Քաղաքական, մարդասիրական եւ բիզնես համայնքների առաջատար ներկայացուցիչների միջեւ մասնագիտական քննարկումների շարք, որի նպատակն է բարձրացնել աշխարհի առավել հրատապ հումանիտար ճգնաժամերի վերաբերյալ իրազեկվածությունն ու քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։
«Ավրորա» մարդասիրության ցուցիչը – Համաշխարհային ամենամյա հետազոտություն, որն ուսումնասիրում է, թե ինչ պատճառներ եւ օրինաչափություններ են ընկած «կարեկցանքի խզման» հիմքում, որն առկա է հումանիտար հիմնախնդիրների վերաբերյալ հանրության ընկալման եւ դրանցում ներգրավվելու իրական պատրաստակամության միջեւ։ 
100 LIVES նախաձեռնությունը – Համաշխարհային տեղեկատվական նախաձեռնություն, որի նպատակն է վառ պահել Հայոց ցեղասպանության տարիներին զոհվածների, տուժածների եւ նրանց օգնության ձեռք մեկնած փրկիչների հիշատակը։ Սա նաեւ մի հարթակ է, որը կոչված է պատմելու հայկական սփյուռքի ներկայացուցիչների եւ հայ մշակույթի, ժառանգության ու արժեքների հետ նրանց ունեցած կապի մասին։
Երախտագիտության նախագծերը – Գալիք սերունդների բարվոք ապագայի կերտմանն ուղղված միջազգային մի շարք նախագծեր՝ կրթության եւ սոցիալական զարգացման վրա հատուկ շեշտադրմամբ՝ Երախտագիտության կրթաթոշակների հատկացումից մինչեւ գործընկերություն մարդասիրական խնդիրներն առաջ մղող հասարակական կազմակերպությունների հետ։
 
Բոլոր նախագծերը ստեղծված են արժանավոր անհատներին մեծարելու եւ օժանդակելու համար՝ ի հիշատակ այն անհատների, որոնք մեկ դար առաջ գործուն աջակցություն են ցուցաբերել հայության փրկությանը։
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ինչպե՞ս է կապված «Ավրորա» մրցանակի եւ Aurora Dialogues քննարկումների հետ
 
«Ավրորա» մրցանակը եւ Aurora Dialogues քննարկումներն իրականացվում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հովանու ներքո։ Այս նախագծերը հիմնվել են՝ մեծարելու նրանց, ովքեր բացառիկ քայլեր են կատարել մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում, ինչպես նաեւ խթանելու միջազգային հումանիտար, բիզնես, մարդասիրական եւ մեդիա հանրույթների առաջատար փորձագետների միջեւ երկխոսությունը աշխարհի առջեւ ծառացած ամենահրատապ մարտահրավերների շուրջ։
 
Նախագծերը թույլ են տալիս առաջ մղել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ընդհանուր նպատակները՝ ուղղված աշխարհի առավել հրատապ հումանիտար ճգնաժամերի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն։
 

«Ավրորա» մրցանակ

Ի՞նչ է «Ավրորա» մրցանակը

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 100.000 դոլար պարգեւ եւ բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած եւ գործի մղած կազմակերպություններին։ 
 
Ո՞վ կարող է պարգեւատրվել «Ավրորա» մրցանակով
 
«Ավրորա» մրցանակի կարող է առաջադրվել մարդասիրական բացառիկ քայլեր կատարած ցանկացած անհատ կամ խումբ։ Մրցանակի դափնեկիրը ճանաչման է արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որը թողել է աղետալի կացության մեջ ընկած մարդկանց կյանքը փրկելու գործում՝ անտեսելով սեփական առողջությանը, ազատությանը, վարկանիշին եւ բարեկեցությանը սպառնացող իրական վտանգները։
 
Որքա՞ն հաճախ է շնորհվելու «Ավրորա» մրցանակը
 
Մրցանակը շնորհվելու է ամեն տարի, մինչեւ 2023 թ.։
 
Որո՞նք են «Ավրորա» մրցանակի դափնեկրի ընտրության չափանիշները
 
Առաջադրումները խիստ ընթացակարգով ենթարկվելու են մանրակրկիտ քննության, իսկ վերջնական որոշումը կայացնելու է Ընտրող հանձնաժողովը՝ հետեւյալ չափանիշների հիման վրա.
 
Խիզախություն
 
Թեկնածուն իր գործողություններում որքանով է՝
 
Խիզախել, երբ օգնում էր մարդկանց գոյատեւել,
Հաղթահարել զգալի ռիսկեր, որպեսզի օգնի մարդկանց գոյատեւել,
Մարդկանց գոյատեւել օգնելիս գերազանցել մասնագիտական պարտքի զգացումը։
 
Նվիրվածություն
 
Թեկնածուն իր գործողություններում որքանով է՝
Արտահայտել մարդկանց գոյատեւել օգնելու բացահայտ մտադրություն,
Ուղղակիորեն ներգրավվել մարդկանց փրկության գործում,
Նվիրված եղել համամարդկային բարոյական արժեքներին, որպիսիք են անկաշառությունը, ազատությունը, արդարությունը, ազնվությունը, անկեղծությունը, պատասխանատվությունը եւ կարեկցանքը։
 
Ազդեցություն
 
Թեկնածուն իր գործողություններում որքանով է՝
 
Ազդել մարդկանց փրկության վրա,
Երկարաժամկետ հետք թողել մարդկանց փրկության հարցում,
Մարդկանց ուղղակի կամ անուղղակի ոգեշնչել՝ մղելով կյանքեր փրկելու,
Հաջողել փրկել բազմաթիվ մարդկանց։
 
«Ավրորա» մրցանակի թեկնածուների կարող է առաջադրել ցանկացած անհատ՝ ներառյալ խորհրդարանների, կառավարությունների, գիտահետազոտական կամ այլ հիմնարկությունների անդամները։ 
 
Ո՞վ է ստանում «Ավրորա» մրցանակի դրամական պարգեւը
 
Դափնեկիրը պարգեւատրվում է 100.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով եւ ստանում նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1.000.000 ԱՄՆ դոլարի պարգեւի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
 
Դրամաշնորհին համապատասխանող կազմակերպությունները պետք է լինեն շահույթ չհետապնդող եւ գործեն հանուն հանրային շահի՝ ունենալով մարդկությանն օգտակար լինելու առաքելություն։ Սա կարող է ներառել (բայց չսահմանափակվել) աղքատներին ցուցաբերվող օգնությունը, կրթության առաջխաղացումը, սոցիալական բարեկեցության բարելավումը, մշակույթի պահպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, մարդու իրավունքների առաջխաղացումը, քաղաքացիական հասարակության կայացումը եւ/կամ առողջապահության բարելավումը։
 
Ինչպե՞ս է տեղի ունենում առաջադրված կազմակերպությունների ստուգման գործընթացը
 
Առաջադրված յուրաքանչյուր կազմակերպություն անցնում է բազմակողմանի ստուգման գործընթացով, որն իրականացնում է անկախ փորձագիտական կազմակերպություն՝ փաստելու, որ կազմակերպությունն իրավազոր է եւ կարող է ստացված միջոցներն արդյունավետ գործածել:
 
Ո՞վ կարող է առաջադրել «Ավրորա» մրցանակի թեկնածուների
 
«Ավրորա» մրցանակին թեկնածուների կարող է առաջադրել հանրության ցանկացած ներկայացուցիչ՝ ներառյալ խորհրդարանների, կառավարությունների, գիտահետազոտական կամ այլ հիմնարկությունների անդամները՝ նկատի առնելով հետեւյալ պահանջները.
 
Առաջադրողը չի կարող լինել Թեկնածուի կամ «Ավրորա» մրցանակի հետ կապակցված որեւէ կողմի (Քարտուղարություն, Ընտրող հանձնաժողով, Անկախ դիտորդ) ղեկավար, աշխատող կամ մատուցած ծառայությունների դիմաց վերջիններից որեւէ այլ եղանակով վարձատրություն ստացող անձ։
Առաջադրողը չի կարող լինել Թեկնածուի ընտանիքի անդամը, ղեկավարը կամ աշխատողը։
Ինքնառաջադրումներ չեն թույլատրվում։ 
Ընտրող հանձնաժողովի անդամները եւ նրանց ընտանիքները իրավունք չունեն առաջարկելու թեկնածուների։ Ինչեւէ, Ընտրող հանձնաժողովի անդամները կարող են կոչ անել հանրությանը կատարելու առաջադրումներ, ինչպես նաեւ կապեր հաստատել ոլորտի կազմակերպությունների հետ։
 
Ինչպե՞ս են առաջադրում թեկնածուների
 
2019թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտվեց: Առաջադրումների ամենամյա հաջորդ փուլը կմեկնարկի 2019թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի ազդարարումից հետո: Առաջադրումների գործընթացի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են «Ավրորա» մրցանակի կայքի «Առաջադրեք» բաժնում:
 
Պարտադի՞ր է, որ թեկնածուներն աշխատելիս լինեն մարդասիրական ոլորտում
 
Ոչ։ «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացնում ամենատարբեր զբաղվածության տեր անհատներին, որոնք անտեսել կամ հաղթահարել են սեփական առողջությանը, ազատությանը, վարկանիշին կամ բարեկեցությանն սպառնացող իրական վտանգներն ու ռիսկերը եւ կամավոր քայլ(եր) ձեռնարկել ուրիշներին գոյատեւելու հնարավորություն տալու համար։
 
Առաջադրումները կարող են վերաբերել շահույթ չհետապնդող բազմաթիվ ոլորտների՝ տնտեսական զարգացմանը, հանրային առողջությանը, կրոնին, օրենսդրությանը, արդարադատությանը եւ մարդու իրավունքներին, կրթությանը, եւ, առհասարակ, շահույթ չհետապնդող ցանկացած ոլորտի։ 
 
Հնարավո՞ր են հետմահու առաջադրումներ
 
Ոչ։ «Ավրորա» մրցանակի չեն կարող առաջադրվել վախճանված անձինք։ 
 
Ինչպե՞ս են գնահատվում առաջադրումները
 
Առաջադրումները գնահատվում են «Ավրորա» մրցանակի Քարտուղարության եւ փորձագիտական խմբի կողմից՝ ըստ ընտրության չափանիշների։
Ընտրող հանձնաժողովի անդամներն ապա մանրազնին քննության են ենթարկում թեկնածուների վերջնացուցակը եւ սեփական փորձի, առաջադրումների հայտերի եւ Քարտուղարության կողմից ի մի բերված օժանդակ նյութերի հիման վրա որոշում «Ավրորայի»  հերոսներին։
 
Թափանցիկությունն ու անկողմնակալությունն ապահովելու նպատակով բոլոր գործընթացները վերահսկվելու են «Ավրորա» մրցանակի Անկախ դիտորդի կողմից՝ ըստ հաստատված ընթացակարգի։ 
 
Ովքե՞ր են ընտրում թեկնածուներին
 
Հերոսներն ընտրվում են «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կողմից, որի անդամները մարդու իրավունքների ասպարեզում նշանակալի ձեռքբերումների հասած անհատներ են: Ընտրող հանձնաժողովը գնահատում է թեկնածությունները՝ ըստ նախապես սահմանված չափանիշների, ապահովելով դափնեկրի ընտրության գործընթացի արդարությունն ու անկողմնակալությունը։ Ընտրող հանձնաժողովը գործում է անկախ, սակայն դրա աշխատանքային եւ գործառնական բոլոր ծախսերը հոգում է «Ավրորա» մրցանակի Քարտուղարությունը։
 
Ովքե՞ր են ընդգրկված Ընտրող հանձնաժողովում
 
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկա անդամներն են.
 
Ջորջ Քլունի (Ընտրող հանձնաժողովի համանախագահ) – Not On Our Watch կազմակերպության համահիմնադիր, բարերար, դերասան եւ կինոարտադրող,
Օսկար Արյաս – Կոստա-Ռիկայի կրկնակի նախագահ, Նոբելյան դափնեկիր, 
Լեյմա Գբովե – Կանանց խաղաղության եւ անվտանգության ընկերակցության գործադիր տնօրեն (WIPSEN-Africa), Նոբելյան դափնեկիր,
Վարդան Գրեգորյան – «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ,
• Լորդ Արա Դարզի - Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն,
Շիրին Էբադի – Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր; Նոբելյան դափնեկիր,
Գարեթ Էվանս – Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար,
Հինա Ջիլանի – Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ,
Մերի Ռոբինսոն – ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ
Էռնեստո Սեդիլյո– Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Մեքսիկայի նախկին նախագահ,
• Սամանտա Փաուեր - ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ,
• Բեռնարդ Քուշներ - «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար:
 
Հիշելով՝
 
Էլի Վիզել (1928-2016թթ.) – «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, «Էլի Վիզել հանուն մարդկության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան մրցանակակիր։
 
Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Ընտրող հանձնաժողով էջը։ 
 
Ինչպե՞ս է մրցանակն առնչվում Հայաստանին եւ 1915թ. Ցեղասպանությանը
 
«Ավրորա» մրցանակը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասն է, որը մարդասիրական նոր ձեռնարկում է եւ ընդգրկում է այնպիսի նախագծեր, որոնք միտված են մերօրյա հրատապ մարդասիրական մարտահրավերների մասին իրազեկվածությունը բարձրացնելուն եւ դրանց վրա ազդելուն՝ վառ պահելով Հայոց Ցեղասպանության վերապրողների հիշատակը եւ այն փրկիչների ոգին, ովքեր խիզախեցին միջամտելու հանուն նրանց գոյատեւման։ Ավելի քան մեկ դառ առաջ Օսմանյան կառավարության ուղղակի հրահանգով սպանվել է 1.5 միլիոն հայ։ Վերապրողներն ու մազապուրծ փախածներն ապաստան են գտել այլուր՝ գերազանցապես շնորհիվ օտար մարդկանց ցուցաբերած օգնության։ Այսօր «Ավրորա» մրցանակը հարգանքի տուրք է մատուցում այն անհատներին եւ կազմակերպություններին, որոնց քայլերն ու միջամտությունը մեկ դար առաջ բազում կյանքեր են փրկել։
 
«Ավրորա» մրցանակը ստեղծվել է՝ բարձրացնելու հանրային իրազեկվածությունն այս եւ աշխարհի տարբեր կողմերում մինչ օրս տեղի ունեցող այլ ոճիրների վերաբերյալ, մեծարելու փրկիչներին ու փրկվածներին եւ փառաբանելու մարդկային ոգու տոկունությունը, որը դժվարին կացության ժամանակ գործի է մղում։
 
Ինչպե՞ս է կառավարվում «Ավրորա» մրցանակը
 
«Ավրորա» մրցանակը կառավարվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանի, Վարդան Գրեգորյանի, Ռուբեն Վարդանյանի եւ Ընտրող հանձնաժողովի կողմից։ 
 
«Ավրորա» մրցանակի Քարտուղարությունը, որը կազմված է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներից, պատասխանատու է բոլոր կապերի եւ հարաբերությունների, ինչպես նաեւ նախանշված գործընթացների եւ ընթացակարգերի ներդրման համար, ներառյալ՝ «Ավրորա» մրցանակի առաջադրումների պարբերաշրջանի փուլի ընթացքում ստացված թեկնածությունների նախնական ուսումնասիրությունը։ 
 
«Ավրորա» մրցանակի Անկախ դիտորդը վերահսկում է ընտրությանը եւ հաղորդակցությանը վերաբերող բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում Քարտուղարության եւ Ընտրող հանձնաժողովի միջեւ։
 
Ո՞վ է ֆինանսավորում «Ավրորա» մրցանակը
 
«Ավրորա» մրցանակի գլխավոր ֆինանսավորողներն են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը եւ Նուբար Աֆեյանը, որոնց միացել են մի քանի տասնյակ աջակիցներ եւ գործընկերներ։
 
Ովքեր են ընտրվել որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ
 
Ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրումի համար, որով նա, չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Նրա նվիրումը Մյանմայի կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների եւ կրթությունից զրկված երեխաների իրավունքների եւ արդարության պայքարին զորեղ է, քան երբեւէ։ Ստանձնած առաքելության հետեւանքով, կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ՝ ինչը ծանրագույն զրկանքների ենթարկել նրա սեփական ընտանիքին։

2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է բժիշկ Թոմ Քաթինային՝ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից։ Թոմ Քաթինան հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժը Սուդանի Նուբա լեռների պատերազմական գոտում, որտեղ մարդասիրական օգնությունը սահմանափակ է։
 
2016թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել  է Մարգարիտ Բարանկիցեին՝ երեխաների արժանապատվության ու հույսի վերականգնման գործում իր անկոտրում նվիրվածության համար: Մարգարիտը Բուրունդիում «Խաղաղության տան» (Maison Shalom) եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է:
 
Ո՞վքեր էին «Ավրորայի»  հերոսները
 
2018թ. «Ավրորա» մրցանակ
 
2018թ. «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել երեք հումանիտար գործիչների իրենց գործած ազդեցության համար, որոնց ընտրել է Ընտրող հանձնաժողովը.
 
  • Չո Լա Աուն, իրավաբան եւ ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը, թեեւ ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման եւ կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգեւի է առաջադրել միջազգային կազմակերպությունների, որոնք Մյանմայում բժշկական եւ ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։ 
  • Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առեւանգումների փորձերից տուժածներին եւ սեփական երկրներից արտաքսվածներին։ Նա պարգեւի է առաջադրել կազմակերպությունների, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների մարդու իրավունքների առաջխաղացման, ինչպես նաեւ Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։ 
  • Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ այս կինը ցավը վերածել է զորության եւ ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, ռեաբիլիտացնի եւ հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց եւ երեխաների կյանքում։ Նա պարգեւի է առաջադրել կազմակերպությունների, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների եւ թրաֆիքինգի դեմ։ 
 
2017թ. «Ավրորա» մրցանակ
 
2017թ. «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել նաեւ չորս հերոսների, որոնք ընտրվել են ցուցաբերած բացառիկ ազդեցության համար.
  • Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրներ, Սոմալի. մարդու իրավունքների պաշտպանության համար եւ հանուն խաղաղության պայքարող ակտիվիստներ. մայր եւ դուստր, որոնք զբաղվում են մանկահասակ զինվորականների վերականգնողական աշխատանքներով՝ «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի միջոցով:
  • Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ հնարավորությունների ընդլայնման կազմակերպության ղեկավար. զբաղվում է Աֆղանստանում կանանց եւ աղջիկների իրավունքների պաշտպանությամբ կրթական ծրագրերի միջոցով, ինչպես նաեւ՝ մահմեդական առաջնորդներին իր նախագծերում ներգրավելով:
  • Մուհամադ Դարվիշ, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ. ատամնաբուժության ֆակուլտետի ուսանող, որը վերադարձել է իր ծննդավայր եւ բժշկական ծառայություններ է տրամադրում ու խնամում հիվանդներին՝ կատարելով վիրահատություններ եւ գրանցելով մանրամասն տեղեկատվություն նրանց առողջական վիճակի մասին, որոնցից շատերը շարունակվող բռնությունից տուժած երեխաներ են: Այսպիսով, նա միջազգային համայնքի ուշադրությունն է հրավիրում պաշարման մեջ գտնվող քաղաքի վրա:
  • Դենիս Մուկվեգե, գինեկելոգ-վիրաբույժ եւ Փանզի հիվանդանոցի հիմնադիր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն. մանկաբարձ-գինեկոլոգ, ով բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում պատերազմական երկրում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց՝ միաժամանակ պայքարելով պատասխանատվության ենթարկելու բռնություն իրականացնողներին:
2016թ. «Ավրորա» մրցանակ
 
2016թ. «Ավրորա» մրցանակը ճանաչման է արժանացրել նաեւ երեք հերոսների, որոնք ընտրվել են ցուցաբերած բացառիկ ազդեցության համար.
 
  • Թոմ Քաթինայից բացի, Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստիեւ անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500,000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբակոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ 2017թ. Թոմ Քաթինան կրկին առաջադրվել է մրցանակի համար եւ դարձել դափնեկիր:
  • Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող 80,000 մարդու, նրանց թվում՝ 21,000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատության եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։
  • Հայր Բերնարդ Կինվին հոգեւորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատեւ բռնությունների ու հիվանդության հետեւանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝ Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան՝ դպրոցը, եկեղեցին եւ Հովհաննես Պողոս Բ Պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների եւ Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջեւ (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

Aurora Dialogues քննարկումներ

Ի՞նչ են Aurora Dialogues քննարկումները
 
Aurora Dialogues քննարկումների շարքն աշխարհի առաջատար հումանիտար, գիտական, քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչների եւ բարերարների համար հարթակ է՝ հավաքվելու եւ այսօրվա մարդասիրական ամենահրատապ մարտահրավերների մասին կարեւոր քննարկումներ ունենալու համար: «Ավրորա» մարդասիրական մրցանակի գաղափարին հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը ներկայացնում է մարդկանց, որոնք իրականում եւ շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաեւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել:
 
Ե՞րբ են տեղի ունենում Aurora Dialogues քննարկումները
 
Aurora Dialogues-ի հիմնական ծրագիրն ամեն տարի տեղի է ունենում Հայաստանում, որն ամփոփվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությամբ: Aurora Dialogues-ի հավելյալ ծրագրերն ընդգրկում են համաժողովներ եւ հանրային դասախոսություններ, որոնք անցկացվում են Հայաստանում եւ ամբողջ աշխարհում՝ նպատակ ունենալով համախմբել առաջնորդների, ովքեր ունեն բացառիկ փորձառություն եւ կարող են նպաստել աշխարհի ամենահրատապ հումանիտար մարտահրավերների լուծմանը:
 
Ովքե՞ր են մասնակցում Aurora Dialogues քննարկումներին
 
Ամենամյա համաժողովին մասնակցում են աշխարհի առաջատար գիտնականներ, բարերաներ, քաղաքացիական հասարակության եւ մարդասիրության ասպարեզի գործիչներ։ Բանախոսների թվում են «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ճանաչված անդամներ, ինչպես նաեւ մարդասիրական հիմնախնդիրներն առաջ մղելուն նվիրված ազդեցիկ գործիչներ եւ մտավորականներ ամբողջ աշխարհից։ 
 
Ինչպե՞ս կարող եմ ավելին իմանալ Aurora Dialogues-ի մասին
 
Aurora Dialogues քննարկումների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել կայքի Aurora Dialogues բաժինը։
 
Ի՞նչ է «Ավրորա» մարդասիրության ցուցիչը (Aurora Humanitarian Index)
 
«Ավրորա» մարդասիրության ցուցիչը (Aurora Humanitarian Index) բացառիկ հետազոտություն է՝ նվիրված հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը։ Այն ուսումնասիրում է միջազգային հանրության կարծիքը հումանիտար միջամտության արդյունավետության եւ ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։
 
Ամենամյա հարցումն իրականացվում է բազմաթիվ երկրներում, իսկ արդյունքները ներկայացվում են ամեն տարի՝ Aurora Dialogues քննարկումների ընթացքում, որը հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչների մասնակցությամբ քննարկումների միջազգային հարթակ է:
 
«Ավրորա» մարդասիրության ցուցչի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել կայքի «Մարդասիրության ցուցիչ» բաժինը։ 

100 LIVES նախագծի մասին

Ի՞նչ է 100 LIVES նախագիծը
 
100 LIVES նախաձեռնությունը մեկնարկել է 2015թ. մարտին՝ ոգեկոչելով հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած նահատակներին։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես մարդասիրական կազմակերպությունների եւ խիզախ անհատների շնորհիվ, որոնք օտար էին, բայց անտարբեր չէին մարդկային կյանքի նկատմամբ։ Մեծարելով նրանց մարդկայնությունն ու խիզախությունը՝ 100 LIVES նախաձեռնությունը ներկայացնում է աշխարհին Հայոց ցեղասպանությունը վերապրողների, նրանց փրկողների ու ժառանգների պատմությունները: Աշխարհասփյուռ հայերը կիսում են իրենց՝ զոհից հասարակության ազդեցիկ անդամ դառնալու բացառիկ պատմությունները:
 
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

«Ավրորա» երախտագիտության նախագծեր

Որո՞նք են «Ավրորա» երախտագիտության նախագծերը

«Ավրորա» երախտագիտության նախագծերը մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու  աշխարհի տարբեր երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաեւ դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: 
 
Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մերձավոր Արեւելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած պատանիների հատկացվելու է 100 կրթաթոշակ։ Կրթաթոշակային ծրագիրը իրականացվում է 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) եւ առաջարկում է կրթություն «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում, այդ թվում՝ Հայաստանում գործող UWC Dilijan քոլեջում, որն այժմ աշակերտներ ունի աշխարհի 82 երկրներից: Ծրագիրն ունի անհատական կրթաթոշակներ՝ Լամիյա Հաջի Բաշարի անվան՝ եզդի ուսանողների համար եւ Ամալ Քլունիի անվան, որը տրվում է աղջիկ ուսանողի Լիբանանից, ով ունի մեծ հետաքրքրություն մարդու իրավունքների բնագավառում:
 
Բացի այդ, Scholae Mundi Armenia հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կհատկացվեն Սիրայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի ուսանողներին, որոնք ուսանելու են Հայաստանի ամերիկյան համալսարանում:
 
Երախտագիտության կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը ավելի քան 7 միլիոն դոլար է։

 

 

Կապ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հետ

Հասցե՝

Մելիք-Ադամյան 2/2, 0010, Երեւան, Հայաստան

Էլ. փոստ. info@aurorarprize.com

Բոլոր մեդիա հարցումների համար՝
Հեռ. +44 203 047 2315 կամ +374 60 700 800
 
Գերմանիայում մեդիա հարցումների համար՝
Հեռ. +49 30 4081 7660

 

«Ավրորա»

Display type: 
No header