Ավրորա մարդասիրական նախաձեռնություն

Armenian
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 440 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան, իր մարդասիրական գործունեության փորձառությամբ, սփռելու է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն աշխարհով մեկ եւ համախմբելու բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ: 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):
 
«Ավրորա» շարժման մասին
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։ Հեղինակավոր միջազգային գործիչներից կազմված Ընտրող հանձնաժողովի հետ միասին «Ավրորայի» ծրագրերն առնչվում են ողջ աշխարհին: «Ավրորան» գործակցում է մարդկային կյանքի փրկությամբ զբաղվող տասնյակից ավելի երկրներում՝ աշխարհի հինգ մայրցամաքում: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը  կրթաթոշակներ է տրամադրում 9 երկրից ուսանողներին: «Ավրորան» Aurora Dialogues քննարկումների միջոցով աշխարհի մի շարք մայրաքաղաքներում անդրադառնում է մարդկության ապագային առնչվող հրատապ արդի խնդիրներին հումանիտար գործիչների, քաղաքացիական առաջնորդների եւ այլ հեղինակավոր անհատների մասնակցությամբ: 2015թ. մեկնարկից ի վեր, «Ավրորա» մրցանակը ստացել է 1,399 առանձին թեկնածուների ավելի քան 2,200 առաջադրում՝ մոտ 125 երկրներից եւ ավելի քան 20 լեզուներով։ Երեք տարում ընտրվել է 11 «Ավրորայի» հերոս:
 
«Ավրորա» աջակիցների համայնքի մասին 
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է 2015 թվականին երեք հիմնադիրների կողմից, ովքեր ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը վերապրողների հիշատակը՝ աջակցում են այնպիսի նախագծերի, որոնք մեծարման են արժանացնում նրանց փրկողներին: Հիմնադիրների՝ ազգի երախտագիտությունը գործով արտահատելու ջանքերին արդեն միացել են  ավելի քան 440 անհատներ եւ կազմակերպություններ: Մենք ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեր տեսլականին եւ միանում են այս շարժմանը: Ռեսուրսների ավելացմանը զուգահեռ՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կընդլայնի ծրագրերի շրջանակը, որոնք կանդրադառնան մերօրյա ճգնաժամերի եւ մարտահրավերների՝ օգնության ձեռք մեկնելով եւ հուսադրելով առավել կարիքավորներին: «Ավրորան» կհորդորի արտահայտել իրենց երախտագիտությունն այն բոլոր բախտավորներին, որոնք փրկվել են եւ ձեռք բերել ապրելու մի նոր հնարավորություն՝ դառնալով փրկողների նոր սերունդը: Այսպիսով, մարդասիրության շղթան կշարունակվի, կարեկցանքը կփոխարինի խղճահարությանը եւ ի հիշատակ վերապրողների՝  մենք գրկաբաց կընդունենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մարդկայնության համընդհանուր ոգուն:    
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
 
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի նպատակն է մեծարել մերօրյա հերոսներին այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) շնորհվում է 1,000,000 դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։
 
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, մարդու իրավունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։
 
«Ավրորա» երախտագիտության նախագծերի մասին
 
«Ավրորա» երախտագիտության նախագծերը մարդասիրական եւ կրթական ձեռնարկումներ են՝ օգնելու  աշխարհի տարբեր երկրների երեխաներին, փախստականներին եւ խոցելի խմբերին։ Տրամադրելով ուսման հնարավորություններ եւ կրթաթոշակներ, ինչպես նաեւ դրամաշնորհներ հատկացնելով մարդասիրական նախագծերին եւ բարձրացնելով հանրային իրազեկվածությունը մարդասիրական ջանքերի վերաբերյալ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների ժառանգները ցանկանում են իրենց երախտագիտությունը հայտնել՝ ի հիշատակ այն մարդկանց, որոնք ժամանակին օգնել են ցեղասպանությունից տուժածներին: 
 
Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Մերձավոր Արեւելքի երկրներում հակամարտություններից, տեղահանություններից եւ աղքատությունից տուժած պատանիների հատկացվելու է 100 կրթաթոշակ։ Կրթաթոշակային ծրագիրը իրականացվում է 2015-2023թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) եւ առաջարկում է կրթություն «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում, այդ թվում՝ Հայաստանում գործող UWC Dilijan քոլեջում, որն այժմ աշակերտներ ունի աշխարհի 82 երկրներից: Ծրագիրն ունի անհատական կրթաթոշակներ՝ Լամիյա Հաջի Բաշարի անվան՝ եզդի ուսանողների համար եւ Ամալ Քլունիի անվան, որը տրվում է աղջիկ ուսանողի Լիբանանից, ով ունի մեծ հետաքրքրություն մարդու իրավունքների բնագավառում, եւ Շառլ Ազնավուրի անվան ամենամյա կրթաթոշակ Ֆրանսիայից կամ ֆրանսախոս երկրի ուսանողի համար՝ սովորելու UWC Դիլիջան դպրոցում: Բացի այդ, Scholae Mundi Armenia հիմնադրամի հետ համատեղ կրթաթոշակներ կհատկացվեն Սիրայի, Իրաքի, Լիբանանի, Հորդանանի եւ Եգիպտոսի ուսանողներին, որոնք ուսանելու են Հայաստանի ամերիկյան համալսարանում: Երախտագիտության կրթաթոշակների ընդհանուր ֆոնդը ավելի քան 7 միլիոն դոլար է։
 
Aurora Dialogues քննարկումների մասին
 
Aurora Dialogues քննարկումների շարքն աշխարհի առաջատար հումանիտար, գիտական, քաղաքացիական հասարակության ոլորտի ներկայացուցիչների եւ բարերարների համար հարթակ է՝ հավաքվելու եւ այսօրվա մարդասիրական ամենահրատապ մարտահրավերների մասին կարեւոր քննարկումներ ունենալու համար: «Ավրորա» մարդասիրական մրցանակի գաղափարին հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումների շարքը ներկայացնում է մարդկանց, որոնք իրականում եւ շարունակաբար աշխատում են ընդդեմ այսօրվա վայրագությունների, ինչպես նաեւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել
 
«Ավրորա» մարդասիրության ցուցիչի մասին
 
«Ավրորա» մարդասիրության ցուցիչը (Aurora Humanitarian Index) բացառիկ հետազոտություն է՝ նվիրված հումանիտար հրատապ հիմնախնդիրների շուրջ հանրային ընկալումների վերհանմանն ու վերլուծությանը։ Այն ուսումնասիրում է միջազգային հանրության կարծիքը հումանիտար միջամտության արդյունավետության եւ ընդհանուր պատասխանատվության վերաբերյալ, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։
 
Ամենամյա հարցումն իրականացվում է բազմաթիվ երկրներում, իսկ արդյունքները ներկայացվում են ամեն տարի՝ Aurora Dialogues քննարկումների ընթացքում, որը հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչների մասնակցությամբ քննարկումների միջազգային հարթակ է:
 
100 LIVES նախաձեռնության մասին
 
100 LIVES նախաձեռնությունը մեկնարկել է 2015թ. մարտին՝ ոգեկոչելով հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած նահատակներին։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես մարդասիրական կազմակերպությունների եւ խիզախ անհատների շնորհիվ, որոնք օտար էին, բայց անտարբեր չէին մարդկային կյանքի նկատմամբ։ Մեծարելով նրանց մարդկայնությունն ու խիզախությունը՝ 100 LIVES նախաձեռնությունը ներկայացնում է աշխարհին Հայոց ցեղասպանությունը վերապրողների, նրանց փրկողների ու ժառանգների պատմությունները: Աշխարհասփյուռ հայերը կիսում են իրենց՝ զոհից հասարակության ազդեցիկ անդամ դառնալու բացառիկ պատմությունները:
 

 

Display type: 
No header