logo
ՓԱԿԵԼMenu
Ցեղասպանությունը մեր օրերում

Ցեղասպանությունը մեր օրերում

Ֆրանսիահայ հայտնի իրավաբան Ֆիլիպ Կալֆայանը 2001-2007թթ. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գլխավոր քարտուղարն էր։ 100 LIVES-ը զրուցել է նրա հետ մարդու իրավունքների պաշտպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ոլորտի խնդիրների մասին։

100 LIVES- Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ են 20-րդ դարի ցեղասպանությունները տարբեր ձեւով լուսաբանվում մամուլում։ Հետաքրքիր է Քամբոջայի օրինակը. այդ երկրում տեղ գտած զանգվածային սպանդը գրեթե մոռացվել է, իսկ, օրինակ, Ռուանդայի ցեղասպանության մասին հիշում են բոլորը, եւ անցյալ տարի դեպքերի քսանամյա տարելիցին մի շարք միջոցառումներ են անցկացվել։

Ֆ.Կ.- Միջազգային քրեական իրավունքում զանգվածային հանցագործության ընդամենը երկու դեպք կա, որ պաշտոնապես բնութագրվել է իբրեւ «ցեղասպանություն». թութսիների սպանդը Ռուանդայում եւ Սրեբրենիցայի կոտորածը Բոսնիա եւ Հերցեգովինայում։

Չեմ կարծում, որ առանձնահատուկ տարբերություն կա, թե մամուլն ինչպես է բնութագրում ցեղասպանության ակտը, թեպետեւ պիտի ընդունենք, որ քամբոջական պատմությունը մենք շատ ավելի հեռու ենք ընկալում բառիս բուն իմաստով։ Կրկնեմ սակայն, որ ըստ իս՝ տվյալ դեպքում ցեղասպանության մասին խոսելը վաղաժամ է, բայց քանի որ օգտագործում ենք այդ հասկացությունը, եկեք հարց տանք. հայտնի ցեղասպանություններից որո՞նք են դե ֆակտո եւ դե յուրե ճանաչվել այդպիսին։

Քամբոջայում Կարմիր քմերների ստորաբաժանումների իրագործած զանգվածային սպանությունները ներկայումս դատական հետաքննության առարկա են, իսկ մեղադրյալների աթոռին նստած են ոճրի կենդանի մեղավորները։

Դատաքննությունը վարում են Քամբոջայի դատարաններին կից հատուկ պալատները։ Նրանց խնդիրը հանցագործությունները դատապարտելը եւ դրա կազմակերպիչներին ու իրականացնողներին պատժի ենթարկելն է։ Կարմիր քմերները քամբոջացիներին սպանում էին սոցիալական ծագման կամ քաղաքական հայացքների հիմքով։ Հանցագործության նման տեսակը դժվար երբեւէ ճանաչվի իբրեւ ցեղասպանություն, քանի որ 1948թ. ընդունված կոնվենցիայի սահմանումներում այդ շարժառիթներն ընդգրկված չեն (ըստ սահմանման՝ ցեղասպանություն են համարվում միայն այն գործողությունները, որոնց նպատակն է ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական որեւէ խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացումը)։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Քամբոջայի դեպքում ցեղասպանություն կարող է համարվել միայն վիետնամացի փոքրամասնության սպանդի փաստը։

Միեւնույն ժամանակ, երբ խոսքը գնում է այլ զանգվածային գազանությունների մասին, ԶԼՄ-ներում որպես կանոն վկայաբերում են մարդկության պատմության ամենասոսկալի չարագործություններից մեկը՝ Հոլոքոստը, որը, հակառակ իր մասշտաբայնության, իրավականորեն այդպես էլ չի որակվել իբրեւ ցեղասպանություն։

                                         Քամբոջայի 450 զոհերի գերեզման-հուշարձան

 

100 LIVES- Միջազգային իրավունքում զանգվածային հանցագործությունների կանխարգելման ի՞նչ մեխանիզմներ են ներկայումս նախատեսված։

Ֆ.Կ.- Ցեղասպանության (ինչպես նաեւ հետապնդումների) հանցագործության կանխարգելումը միջազգային իրավունքի հիմնական սկզբունք է (jus cogens)։ Անկախ նրանից, ստորագրել է արդյոք այս կամ այն պետությունը «Ցեղասպանության հանցագործության եւ դրա կանխարգելման մասին» 1948թ. կոնվենցիան, թե ոչ, այն պարտավոր է կատարել այդ նորմը։ Նման պայմանները մենք անվանում ենք erga omnes, այսինքն՝ «բոլորին վերաբերող»։

Եթե պետությունը խախտում է այս հիմնական սկզբունքը, այն պետք է պատասխանատվություն կրի միջազգայնորեն հակաօրինական գործողության համար։ Եթե դատական կամ պայմանագրային վարույթի ընթացքում հայտնի է դառնում, որ որեւէ պետություն խախտել է տվյալ դրույթը, եւ դա պաշտոնապես հիմնավորվում է փաստաթղթերով, ապա ցանկացած այլ պետություն, եթե անգամ այն ուղղակիորեն ներգրավված չի եղել ցեղասպանության գործընթացում իբրեւ մասնակից կամ տուժող, կարող է դիմել Միջազգային դատարան՝ իրավախախտ պետությանը պատասխանատվության կանչելու հայցով։

100 LIVES-Կարո՞ղ ենք արդյոք «ցեղասպանություն» եւ «մարդկության դեմ հանցագործություն» որակել 2014թ. Սինջարի եզդիների դեմ գործված վայրագությունները։
 

Ֆ.Կ.- Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է որոշ նախնական քայլեր կատարել՝ միջազգային հետաքննություն անցկացնել, ապացույցներ հավաքել, ականատեսներին հարցաքննել եւ այլն։ Մեղադրանք ներկայացնելու համար դա պետք է։ Ապա ազգային իրավազորության կամ Միջազգային քրեական դատարանի դատախազը պետք է գործ հարուցի։ Հանցագործությունը բնորոշել կարող է միայն դատարանը։

 

                                     Եզդի երեխաները փախստականների ճամբարում 

 

100 LIVES- Ի՞նչ դեր է կատարում հայկական դիվանագիտությունը Մերձավոր Արեւելքի ճնշված փոքրամասնությունների պաշտպանության գործում եւ ի՞նչ է անում զանգվածային հանցագործությունների կանխարգելման համար։

Ֆ.Կ.- Եթե խոսում ենք այն ողբերգական դրությանից, որում հայտնվել են Իրաքի եզդիները եւ, ընդհանուր առմամբ, Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները, ապա Հայաստանն այստեղ կարողացել է ասել իր խոսքը։ Պետության գործողությունները ես կորակեի իբրեւ «հեղինակության դիվանագիտություն», քանի որ դրանք դեռեւս որոշիչ բեկում չեն մտցրել Հայոց ցեղասպանության ու դրա վնասների փոխհատուցման բանավեճում, թեպետեւ այդ ուղղությամբ առավել քան բավարար աշխատանք է տարվել։

Հայկական ողբերգության հարյուրամյակի տարում Հայաստանի կառավարությունն ու դիվանագետները զգալի ջանքեր են ներդրել (որոնք աննկատ չեն անցել) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում ցեղասպանության կանխարգելման միջոցների ամրապնդմանն ուղղված բանաձեւի ընդունման գործում։ Բանաձեւն ընդունվել է 2015թ. մարտի 23-ին առանց քվեարկության` միահամուռ։ Անցյալում է արդեն Արեւմուտքի եւ երեք երկրների՝ Կուբայի, Ռուսաստանի եւ Պակիստանի միջեւ կոշտ քաղաքական պայքարը։ Վերջիններիս կտրականապես չէր բավարարում տեքստի նախնական տարբերակը, որում նկարագրվում էր բավականին խնդրահարույց եւ վիճելի դրույթ՝ պաշտպանության իրավունքը։ Այն կարող է մեկնաբանվել իբրեւ իրադարձություններին ինքնուրույն միջամտության թույլտվություն այն դեպքում, երբ մյուսները չեն կատարել իրենց պարտավորություններն ու չեն կարողացել կանխարգելել հանցագործությունները։
 

Այս բանաձեւը նախապես ներկայացված չի եղել Գլխավոր ասամբլեային, ուստի դրա դրույթներն իրավականորեն պարտադիր չեն կատարման համար եւ նորմատիվ բնույթ չեն կրում։ Այնուամենայնիվ, այս տեքստը մեկ այլ կարեւորագույն նշանակությունն ունի. նախաբանի կետերից մեկն ասում է, որ պաշտոնական ժխտումը կամ ցեղասպանության արդարացման փորձը վնաս է հասցնում անպատժելիության դեմ պայքարին, խոչընդոտում հաշտեցմանը եւ ցեղասպանության կանխարգելման ջանքերին։

 

                Հայաստանի ներկայացուցիչները ՄԱԿ-ում քվեարկության ընթացքում
 

100 LIVES- Այս դիտանկյունից ի՞նչ նշանակություն ունի Հայոց ցեղասպանության հարյուրամյակը։

Ֆ.Կ.- 2015թ. Հայոց ցեղասպանությունը (որի պատմական եւ քաղաքական իսկությունը ճանաչված է եւ անվիճելի, սակայն մինչ օրս չունի իրավաբանական որակում) ըստ արժանվույն լուսաբանվեց մամուլում։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներին, ապա ապրիլի 24-ի ոգեկոչման արարողությանը ներկա եղան չորս երկրների նախագահներ, որոնցից երկուսը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ են։ Սա վատ չէ։ Սակայն երբ հաշվի ենք առնում ամբողջ մարդկության համար կարեւորություն ներկայացնող այս արարողության բնույթը, հատկապես այնպիսի ժամանակներում, երբ տեղի են ունենում նորանոր ոճիրներ, մեր եզրակացությունները սփոփիչ չեն։

Ակնհայտ է խոսքի եւ գործի միջեւ խզումը. պետությունները հայտարարում են իրենց մտադրությունների մասին, սակայն գործնականում բավականին անտարբեր են անպատժելիության խնդրի նկատմամբ։ Հայոց ցեղասպանության հետ առնչություն ունեցող ոչ բոլոր պետությունների նախագահները եկան Երեւան։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան, որը, ինչպես հիշում ենք, 1915թ. մայիսի 24-ին Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին ստորագրեց քաղաքական հայտնի դեկլարացիան, եւ որի շնորհիվ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո կոտորածներում մեղադրվող 120 երիտթուրք բանտարկության ենթարկվեց Մալթայում։ Իրադրությունը նույնն է Միացյալ Նահանգների դեպքում, որը կարեւորագույն դեր խաղաց Սեւրի խաղաղության դաշնագրի մշակման գործում, երբ պատերազմը դեռ ընթացքի մեջ էր։ Հիշեցնենք, որ նախագահ Վուդրո Վիլսոնը, ընդունելով մի քանի իրավարար վճիռ, անձնական մասնակցություն է ունեցել Հայաստանի ճակատագրում։ Այս երկրները նախընտրեցին հեռվից հետեւել հարյուրամյա տարելիցի միջոցառումներին:
 

Հարցազրույցը՝ Տիգրան Եգավյանի
100 LIVES, Ֆրանսիա