logo
ՓԱԿԵԼMenu
Բալթի զավակները

Բալթի զավակները

Հայաստանի ու հայերի մասին առաջին անգամ հորս մի գործընկերոջից լսեցի: Նրա ազգանունը Բալթյան էր (եւ դեռ է): Հայրս բացատրում էր, որ դա «Բալթի որդու» պես մի բան է նշանակում: Ես ապշել էի մի ամբողջ տոհմի ու ծագման չորս տառի մեջ խտացնելու հնարավորության վրա: Այն ժամանակ ես դեռ փոքր էի ու նրանց՝ Բալթի այդ փառահեղ զավակներին, պատկերացնում էի հզոր վիկինգ մարդկանց տեսքով՝ երկար, խարտյաշ մազերով: Ես անգամ մտածում էի, թե բոլոր ազգանունները պետք է այս մեկի նման լինեն, ու մի փոքր հիասթափված էի սեփական ազգանունիցս՝ այդքան էլ հերոսական չէր թվում Էրբետտա՝ «փոքր խոտաբույս», կոչվելը: 

Ես ոչինչ չգիտեի ո՛չ հայերի, ո՛չ էլ Հայաստանի մասին: Ես չեմ լսել որեւէ մեկի՝ ցեղասպանության կամ երիտթուրքերի մասին խոսքը, թեպետ արդեն շատ ֆիլմեր էի դիտել հրեաների ցեղասպանության մասին: Գիշերով պատկերացնում էի նացիստական հարության մի սարսափելի տեսարան, որը կարծես զոմբիների մասին ֆիլմից լիներ: Ինձ համար հայ ժողովուրդը պարզապես ինչ-որ մեկի ժառանգն էր:    

Երկրորդ անգամ Հայաստանի մասին լսեցի սննդի համատեքստում: Արդեն Բուենոս Այրեսում էի բնակվում, ընկերուհիներիցս մեկը ժամադրության էր գնում մի հայ տղայի հետ, որը հայկական ռեստորանում էր աշխատում: Նրա շնորհիվ հայտնաբերեցի հումուսը եւ սիրահարվեցի առաջին հայացքից: Նրա ընկերոջ միջոցով ես իմացա, որ հայկական ծագում ունեցող արգենտինացի ուսանողներն ավանդական հայկական ուտելիք են պատրաստում, որպեսզի վճարեն իրենց՝ դեպի Հայաստան ավարտական ուղեւորության համար: Այնտեղ նորից Բալթի զավակներ կային, ու ես սկսեցի կասկածել, որ նրանք վիկինգներ չեն եւ շատ ավելի ուժեղ կապվածություն ունեն իրենց ակունքների հետ, քան ես՝ իմ իտալացի նախապապերի ու նախատատերի հետ:

Մի օր ծաղիկ տեսա փողոցում: Այն սովորական մի նկար էր, եւ հենց դա գրավեց ուշադրությունս: «Անմոռուկ» («Չեմ մոռանում») բառերն էին հայտնվել դրա տակ: Ես տեսա այն Բելգրանոյում, Պալերմոյում, քաղաքի կենտրոնում, ավտոբուսի պատուհանից դուրս նայելիս ու Ագրոնոմիայի շուրջ քայլելու ժամանակ: Եթե դա էր նախատեսված ազդեցությունը, ապա այն աշխատեց. մի քանի անգամ էլ այդ նշանը փողոցում պատահաբար տեսնելուց հետո՝ որոշակի ուսումնասիրություն կատարեցի: Արդեն լսել էի Հայոց ցեղասպանության մասին ու համալսարանում կարդացել էի այդ թեմայով ոչ ծավալուն մի գործ՝ ընդամենը մի ծանոթագրություն: Համացանցում փնտրելով՝ ես իմացա, որ Հայաստանի քաղաքները ծածկված էին մանուշակագույն ծաղիկներով. տխուր անմոռուկներով՝ հիշելու համար Թուրքիայի կողմից չճանաչված ու մնացյալ աշխարհի կողմից տասնամյակներ շարունակ անտեսված սպանությունները:   

Մի քանի շաբաթ անց ես ապագա լրագրող ուսանողների մի նոր հոսք վերցրեցի ու «յան»-ով ավարտվող մի ազգանուն նկատեցի: Հարցրեցի նոր ուսանողուհուս՝ Սոֆիային, արդյո՞ք հայ է: Ապրիլի 28-ին նա թույլտվություն խնդրեց մի փոքր շուտ դուրս գալու, որպեսզի հայ համայնքի հետ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցույցին մասնակցի: Այդ նույն օրը ՝ մինչ մեկնելը, ես տեսա նրան իր նոր համակուրսեցիներին ցեղասօանության մասին պատմելիս: Նա կատարում էր իր ազգանվան վերջին երեք տառերի մեջ ընդմիշտ ամրագրված պարտականությունը:

Էմիլիա Էրբետտա

Էմիլիա Էրբետտան Արգենտինայում աշխատող լրագրող է: