logo
ՓԱԿԵԼMenu
Սրբերից սերող

Սրբերից սերող

Ինչպե՞ս է մի ազգ պատշաճ կերպով ոգեկոչում մի սարսափելի իրադարձություն, որը դեռեւս անհամաձայնության կայծեր է առաջացնում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք այն տեղի է ունեցել։ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների համար զարմանալիորեն ճշգրիտ մի կարգախոս էր ընտրվել. «Ես հիշում եմ եւ պահանջում»։  

Պահանջելը ներգործական բայ է, որն օբյեկտ է պահանջում։ Տվյալ պարագայում, այդ օբյեկտը, որը, ի թիվս այլ բաների, ենթադրվում է, որ հենց ցեղասպանության ճանաչումն է ամբողջ աշխարհի կողմից, կասեցված է։ Չնայած ճանաչումը վճռորոշ բաղադրիչ կլիներ, որը թույլ կտար վերապրածների ժառանգներին հաղթահարել ողբերգությունը, հարյուրամյակի միջոցառումներն իրենց առանցքային նշանակությամբ ծանրակշիռ էին։ Այսպիսով, ոգեկոչումը հայերին հսկայական ուժ տվեց հաշտվելու եղելության հետ առանց կախում ունենալու այլոց որոշումներից կամ թե դրա՝ որպես ցեղասպանություն ճանաչումից։ Այո՛, մենք ճանաչում ենք պահանջում, սակայն ավելի շատ բան ունենք հարգելու, հիշելու ու հենվելու ապագայի համար։

Սա շատ կարեւոր է մի շարք պատճառներով, հատկապես՝ հոգեբանական։ Մի հարց, որը կրկին ու կրկին հայտնվել է այցելուների ու տեղացիների մեկնաբանություններում, հիշատակի ցավն է։  

Ահա, թե ինչպես է այն նկարագրել համալսարանի դասախոս Իրինա Պողոսյանը. 

«Անձամբ ինձ համար այս երկու օրերը չափազանց դժվարին էին։ Քանի որ հարյուրամյակն է, սովորականից շատ էին միջոցառումները։ Հայ լինելով, թեպետ ընտանիքիս վրա ցեղասպանությունն ազդեցություն չի ունեցել, ցավով եմ ընկալում այս ամենը։ Պարզապես հեռուստատեսությամբ ցուցադրվող ֆիլմերը դիտելուց չէի կարողանում զսպել արցունքներս։ Չէի կարողանում տնից դուրս գալ։ Այն ընտանիքները, որոնք փրկվել են, շարունակել են այս ժառանգությամբ դաստիարակել իրենց երեխաներին։ Այն չի անհայտացել։ Պատմությունները փոխանցվում են, հերթափոխով անցնելով ընտանիքի անդամների ու ընկերների շրջանով։ Սա է պատճառը, որ 100 տարի անց հայ ժողովրդի համար սա ցավագին հիշողություն է, եւ այդ վայրագությունները չեն կարող մոռացվել։ Յուրաքանչյուրն առնվազն մեկ հայի է ճանաչում, ով տուժել է այդ ամենից, ում ընտանիքը կորցրել է իր տունն ու իր կյանքը»։  

Սակայն մի անսպասելի բան էլ կար մարդկանց պատասխաններում, որոնք նրանք տալիս էին ոգեկոչման ու վերջինիս՝ իրենց համար նշանակության վերաբերյալ հարցերին. նրանք բառեր չէին գտնում այն նկարագրելու համար։   

«Այդ 1,5 միլիոնը Հիսուսի պես մի բան են ինձ համար, չեմ կարող բացատրել», - ասաց Սիլվա Արսլանյանը, ով Բեյրութի (Լիբանան) իրենց տնից ամուսնու հետ Էջմիածին էր եկել՝ Սրբադասման արարողությանը հետեւելու։  

«Բառեր չեմ գտնում» արտահայտությունը կրկին ու կրկին արձագանքում էր արարողության հանդիսատեսի պատասխաններում։ Սա կարող է ակնհայտ թվալ, եթե հաշվի առնենք այն զգացմունքային ազդեցությունը, որը թողեց 1,5 մլն զոհերի՝ որպես սուրբ ճանաչելու փաստը։ Սակայն բառերի կորուստն այլ մտքի էլ է բերում. մարդիկ զգում են, որ խոսելու վրա սպառված այսքան շատ բառերից հետո, պարզ է, որ ուղղակի բառերով սխալն ուղղել այլեւս հնարավոր չէ։ Արդյո՞ք սրբադասումը համաշխարհային ազդեցություն կունենա։ Արդյո՞ք համաշխարհային ազդեցությունն է խնդրո առարկան։

Մարգարիտա Մաթեւոսյանի համար, ով Արգենտինայի իր տնից էր ուղեւորվել դեպի Էջմիածին եւ ով ցեղասպանությունը վերապրածներից է սերում, ոգեկոչումը խիստ անձնական նշանակություն ուներ։  

«Իմ չորս նախնիները ցեղասպանության զոհեր են։ Նրանք Արգենտինա մեկնեցին ու իրենց կյանքը զրոյից սկսեցին։ Տակավին երեխա էին, երբ փրկվեցին՝ ութ կամ տասը տարեկանից ոչ ավելի։ Մեկը [պապիկը] մանկատանն է մեծացել, մյուսն ստիպված է եղել միայնակ փախուստի դիմել անապատի միջով, նրա եղբայրներին հենց իր առջեւ են սպանել։ Իմ երկու տատիկներին տարբեր ընտանիքներ են օգնել, որովհետեւ նրանց բաժանել էին իրենց մայրերից, իսկ հայրերին՝ սպանել։ Ես չգիտեմ՝ արդյոք [սրբադասումը] զգալի նշանակություն կունենա ամբողջ աշխարհի համար։ Սակայն մեզ համար այն չափազանց կարեւոր է։ Հարյուր տարի է անցել։ Սա հոգեւոր իրադարձություն է։ Դրանից ոչ առավել»։

Պատմությունն ու քաղաքականությունը նույնպես դեր ունեին, երբ Հայաստանը ոգեկոչում էր զոհերի հիշատակը։ Բայց առանցքային դերը հոգեւորինն էր, որտեղ բառերը ոչ միշտ էր, որ անհրաժեշտ էին, այն առավել զորացնող ազդեցություն ունեցավ։  

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով մասնակցել է սրբադասման արարողությանը, շատ լավ է մեկնաբանել. «Ոչինչ չեմ կարող ասել այս ամենի քաղաքական կողմի մասին։ Սակայն հոգեւոր առումով, բարոյապես խոսելով, մենք զոհերի կարգավիճակից նրանց վերադասում ենք հաղթանակածների կարգի։ Սա հոգեբանական փոփոխություն է։ 1915-ի ցեղասպանությունից ի վեր մենք նրանց որպես զոհ էինք ընկալում։ Այժմ մենք նրանց ընդունելու ենք որպես մահվանը հաղթողների»։

Աննա Հարությունյան

Աննա Հարությունյան. լրագրող,գրաքննադատ: