logo
ՓԱԿԵԼMenu
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն. սկսել այնտեղից, որտեղ կանգ առավ Ռեյգանը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի եւ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի հոդվածը առաջին անգամ հրապարակվել է 2017թ. ապրիլի 14-ին The Hill պարբերականում

«36 տարի առաջ նախագահ Ռեյգանն արեց այն, ինչ դրանից հետո չի համարձակվել անել որեւէ նախագահ: Նա օգտագործեց «ցեղասպանություն» բառը` անդրադառնալով 1915-1923 թվականներին տեղի ունեցած սարսափելի դեպքերին` հայ ժողովրդի համակարգված ոչնչացմանը օսմանյան թուրքերի կողմից: Այդ դաժան իրադարձությունների հետեւանքով շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց, իսկ 500 հազարը` տեղահանվեց: Աշխարհում հայերի թիվը կազմեց մինչեւ ցեղասպանությունը եղած թվի մեկ երրորդը:

Այսօր ամբողջ աշխարհում հայերի ընդհանուր թիվը շուրջ 10 միլիոն է, որից 1,5 միլիոնը ԱՄՆ-ում բնակվող սփյուռքն է: Անհավատալի վերակենդանացումը տեղի ունեցավ այն անհատների հերոսական գործողությունների շնորհիվ, ովքեր որպես փրկիչներ գործեցին՝ հակառակ բոլոր դժվարությունների:

Եվ ոչ մի երկիր չի արել ավելին, քան Ամերիկան: 1918թ. Մերձավոր Արեւելքի հիմնադրամը ստեղծվել է դեսպան Հենրի Մորգենթաու ավագի ջանքերով` կանխելու հայերի ամբողջական ոչնչացումը: ԱՄՆ կառավարությունն արձագանքեց՝ 1919թ. ընդունված Կոնգրեսի որոշման մեջ ներառելով Մերձավոր Արեւելքի հիմնադրամը, որը հումանիտար օժանդակություն էր ցուցաբերում աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին:

1915-1930թթ. հիմնադրամը 117 միլիոն դոլարի օգնություն է ցուցաբերել, որը հավասար է այսօրվա 1,25 միլիարդ դոլարին: Այդ ժամանակահատվածում շուրջ 1000 տղամարդ եւ կին էր աշխատում այդ հիմնադրամում ԱՄՆ-ից դուրս, իսկ հազարվոր այլ կամավորներ օգնում էին կառուցել բազմաթիվ որբանոցներ, արհեստագործական դպրոցներ ու սննդի մատակարարման կետեր` փրկելով շուրջ մեկ միլիոն հայ, հույն եւ սիրիացի փախստականների, այդ թվում 132 000 որբերի` Թբիլիսիից մինչեւ Կոստանդնուպոլիս ընկած ողջ տարածաշրջանում: Մերձավոր Արեւելքի հիմնադրամի գործունեությունն աննախադեպ բարեգործական քայլ էր, որն, ըստ ամերիկյան պատմաբան Հովար Մ. Սաքարի՝ «բառացիորեն մի ամբողջ ազգ ողջ պահեց»:

Հայերը 20-րդ դարում փախստականների ամենազանգվածային բնակչությունն էին: Ցավոք, պատմությունը կրկնվում է այսօր, երբ մենք տեսնում ենք շուրջ 65 միլիոն տեղահանվածների, ովքեր փախնում են իրենց ապահովության ու անվտանգության համար: Սիրիայից մինչեւ Սուդան այս պատմությունը կրկնվում է մեր աչքի առաջ ամեն օր: Այսպիսով` մենք պետք է ընդունենք անցյալի դաժանությունները՝ մեզ շարունակաբար հիշեցնելով, թե ինչ կարող է տեղի ունենալ ապագայում: Հոլոքոստը վերապրած նոբելյան մրցանակակիր երջանկահիշատակ Էլի Վիզելը դա թերեւս լավագույնս է ձեւակերպել. «Չեզոքությունն օգնում է բռնակալին, զոհին՝ երբեք: Լռությունն օգնում է կեղեքողին, բայց ոչ երբեք կեղեքվածին»:

Ճշմարտությունն ընդունելու անկարողությունը վտանգավոր է, բայց այն մոռանալն ավելի վատ է: Այս ըմբռնումը չի կորցրել անգամ Ադոլֆ Հիտլերը, ով անդրադարձել է ցեղասպանությանը Վերմախտի հրամանատարների առաջ ունեցած իր երկրորդ ելույթում` 1939թ. Լեհաստան ներխուժելուց մեկ շաբաթ առաջ: Նա հետեւյալ հրամաններն էր տալիս իր «մահվան ստորաբաժանումներին». «Սպանել առանց խղճահարության ու ողորմածության լեհական ռասայի կամ լեզվի բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին: Միայն այդպես մենք կարող ենք ձեռք բերել այն կենսատարածքը, որի կարիքն ունենք: Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»:

Սակայն Հիտլերը սխալվում էր, եւ շատերն էին հիշում հայերի մասին: Նշանավոր գիտնական ու մարդու իրավունքների պաշտպան Ռաֆայել Լեմկինը 1941 թվականին ներկայացրեց «ցեղասպանություն» տերմինը` նկատի ունենալով հայերին: Նա կարողացավ «ցեղասպանություն» բառը ներառել նաեւ Նյուրնբերգում նացիստական ղեկավարության դեմ ընթացող դատավարության մեղադրական ակտում:

1951 թվականին Միացյալ Նահանգները Արդարադատության միջազգային դատարանում հիշատակեց ցեղասպանության բռնի գործողությունների զոհերին` նշելով. «Ցեղասպանության պրակտիկան կիրառվել է մարդկության պատմության ողջ ընթացքում: Հռոմեացիների կողմից քրիստոնյաների հետապնդումները, թուրքերի կողմից հայերի ջարդերը, միլիոնավոր հրեաների ու լեհերի ոչնչացումը նացիստների կողմից ցեղասպանության վառ օրինակներ են»:

Սակայն հիշողությունը փխրուն է եւ խիստ անպատեհ ժամանակակից դիվանագիտական նպատակահարմարության տեսանկյունից:

Նախագահ Ռեյգանը գիտակցեց անցյալը հիշելու կարեւորությունը, որքան էլ այն քաղաքականապես դժվար լիներ: Նա այդ մասին հիշատակեց 1981 թվականին` հայտարարելով. «Ինչպես հայերի ցեղասպանությունը նախկինում, որին հաջորդեց կամբոջացիների ցեղասպանությունն ու բազմաթիվ այլ ժողովուրդների նկատմամբ հետապնդումներ, Հոլոքոստի դասերը երբեւէ չպետք է մոռացվեն»: Նա հասկացավ այս հարցը կենդանի պահելու կարեւորությունը, մինչդեռ պատմության մեջ շատերը որոշեցին նվազեցնել այն կամ օգտագործել իրենց սեփական օրակարգերն առաջ մղելու համար:

Նախագահ Ռեյգանից ի վեր երկու կուսակցությունների նախագահի թեկնածուները պարբերաբար անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը եւ խոստացել պաշտոնապես ճանաչել այն ընտրվելուց հետո: Սակայն, ցավոք, քաղաքական զգուշավորությունը դարձել է գերակայություն, երբ այդ թեկնածուները զբաղեցրել են պաշտոնը: Որոշ նախագահներ դա անվանել են «կոտորած», «ահավոր ողբերգություն» եւ «զանգվածային ողբերգություն», բայց ոչ ոք չկարողացավ այն կոչել իրական անունով` ցեղասպանություն: 

Համեմատելով բազմաթիվ խնդիրների հետ, որոնք ծառացած են ներկայիս նախագահի առջեւ, հայերի դեմ իրականացված ոճրագործությունը կարող է թվալ շատ փոքր հարց, բայց պատմությունը պահանջում է ճշգրիտ լինել: Ոմանք նախագահ Թրամփին համեմատում են նախագահ Ռեյգանի հետ, հատկապես այն ժամանակ, երբ նա խախտում է «հին կարգը»: Ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը, եկեք հուսանք, որ, հանուն պատմության, Թրամփը կկարողանա սկսել այնտեղից, որտեղ կանգ առավ Ռեյգանը 36 տարի առաջ»: