logo
ՓԱԿԵԼMenu
«Հոշոտված Հայաստան» գիրքը լույս է տեսել չինարենով

«Հոշոտված Հայաստան» գիրքը լույս է տեսել չինարենով

Թայվանցի քաղաքագետ եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Թա Ուեյ Ուանգը, 2016թ. այցելելով Հայաստան եւ Հայոց ցեղասպանության թանգարանում ծանոթանալով Ավրորա Մարդիգանյանի պատմությանը, նախաձեռնել է «Հոշոտված Հայաստան» գրքի չինարեն թարգմանությունը եւ հրատարակումը:

«Կարդալով գիրքը՝ ես զգացի Ավրորայի ոգին: Նա կարող էր ավելի լավ կյանք ունենալ Ամերիկայում, երբ արդեն փրկվել էր, բայց նա որոշեց իր պատմությունը պատմել աշխարհին: Եվ դա ինքնանպատակ չէր. նա փորձում էր կանխել նման ողբերգությունների կրկնությունն աշխարհում»:

Թա Ուեյ Ուանգի կարծիքով՝ Չինաստանում եւ հարավարեւելյան Ասիայում մարդիկ այնքան էլ լավ իրազեկված չեն հայերի, Հայաստանի եւ Հայոց ցեղասպանության մասին: Դրա համար էլ այս գրքի թարգմանությունը մասնակիորեն կարող է լուծել այս խնդիրը:

«Ես հասկացա, որ ասիացիները պետք է տեղյակ լինեն ցեղասպանության մասին, որովհետեւ դա սարսափելի ողբերգություն է: Միակ մարտահրավերն այն է, որ չինացի ընթերցողների համար չափազանց բարդ կլինի ընկալել կրոնի եւ պատմության այսպիսի կապը: Ինչու՞ չի կարելի հրաժարվել սեփական հավատքից այսպիսի սպառնալիքի ժամանակ», - ասում է «Հոշոտված Հայաստան» գիրքը թարգմանողը:

«Հոշոտված Հայաստան» գրքի չինարեն առաջին հրատարակությունը եղել է 2016թ.: Այժմ պատրաստվում է գրքի երկրորդ հրատարակությունը: Գիրքը հիմնված է Հայոց ցեղասպանությունը վերապրած եւ բազում փորձությունների միջով անցած Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի վկայությունների վրա: Այն առաջին անգամ լույս է տեսել անգլերենով 1918թ. ԱՄՆ-ում: