logo
ՓԱԿԵԼMenu
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԸ ՍՐՏՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳԸ ՍՐՏՈՒՄ

«Հայաստանի երգը սրտում» ֆիլմը դիտողին տանում է մի ուղեւորության Արգենտինայի, Բրազիլիայի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հայկական համայնքներով՝ բացահայտելով Հայոց ցեղասպանության հետեւանքով հայության գաղթի ու նոր տան որոնումների պատմությունը։ Սա մշակութային մի ճամփորդություն է, որ պատմությունների, հարցազրույցների, պարի ու երաժշտության միջոցով հրավիրում է դիտողին հաղորդակցվելու հնագույն մի քաղաքակրթության հետ։
 
«Վավերագրության համար ներշնչանքի աղբյուր դարձավ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը։ Ցանկանում էի կենտրոնանալ դրականի վրա եւ թողնել սեփական փոքրիկ հետքը հիշատակի այս կարեւոր տարելիցում։ Նպատակս մեկն էր՝ ցույց տալ, որ ի հեճուկս ողբերգության, հայությունը կարողացավ պահպանել իր ինքնությունը»,– ասում է ֆիլմի ռեժիսոր Իզաբելա Բաբլումյանը՝ բրազիլաբնակ երիտասարդ մի հայուհի, ով որոշեց պատմել աշխարհի տարբեր անկյուններում ապրող փոքրիկ «Արմենիաների» մասին, որտեղ իրենց գոյությունը պահող հայերը հաջողել են վերակերտել սեփական մշակութային ինքնությունն ու ձեւավորել նոր համայնքներ։ Իզաբելլան ցանկանում էր աշխարհին ներկայացնել իր ժողովրդի պատմությունը եւ ձայն տալ չպատմված պատմություններին։ «Դրանք մեզ են հասել մեկ դար տեւած լուռ, բայց աննկուն գոյապայքարի շնորհիվ»,– ասում է ֆիլմի հեղինակը։
 
«Այս հողը մերն է»
 
Մշակութային ինքնարտահայտման եւ տարբեր համայնքներում ապրող հերոսների ձայների միջոցով՝ ֆիլմը սկսում է շուրջերկրյա մի ճամփորդություն՝ վերհանելով եւ պատմելով հայ ժողովրդի պատմությունը։ Այն դիտողին հնարավորություն է տալիս տեսնելու սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների գունեղ պարերը, որոնք իրենց խոսքով՝ համակում են քեզ մի զգացողությամբ, որ կարծես խմբովի պարելիս լինես Հայաստանի լեռներից մեկի գագաթին՝ ասելով «այս հողը մերն է»։
 

                  Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի հայկական եկեղեցին

 
Վավերագրության նպատակներից էր նաեւ սփյուռքի հեռավոր օջախները միմյանց հետ կապելը։ Որպես մարդ, որն իր հայրենակիցների 70 տոկոսի նման ապրում է արտերկրում՝ Իզաբելան կարիք էր զգում վերստին իրար կապելու կտրված թելերը։ «Ես ուզում եմ օգնել աշխարհասփյուռ հայերին ճանաչել միմյանց եւ ոգեշնչվել իրարով՝ պաշտպանելու մեր դատը։ Բոլորիս պատմություններն անչափ նման են ու միահյուսված, բայց միեւնույն ժամանակ մեկուսացած են միմյանցից, ու եթե վերստին չմիանան, կարող են իսպառ կորչել»,– ասում էր ֆիլմի ռեժիսորը։ 
 
Ներգաղթյալների համար տուն դարձած երկրներում համայնքային կյանքը պատկերող տեսարանների եւ հայաստանյան պատկերների ուղեկցությամբ՝ ֆիլմը ներկայացնում է  մարդկանց սեփական կենսափորձի մասին պատմող բազմաթիվ վկայություններ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքի համայնքներում։ Այս երկխոսության մեջ կարեւորագույն թեման ինքնության խնդիրն է, հատկապես՝ երիտասարդների համար, որոնց արդեն չորրորդ սերունդն է փոխվում եւ որոնց միավորում է ինչպես բնակության երկրի նկատմամբ ունեցած նվիրվածությունը, այնպես էլ ուժեղ կապը հայկական արմատների հետ։ Նրանցից շատերը ոչ միայն երբեք չեն տեսել հայրենի երկիրը, այլեւ լեզուն անգամ չգիտեն, բայց շարունակում են կենդանի պահել հնամենի ավանդույթներն ու աշխարհին ներկայանում են իբրեւ հայ։ Պարզ է, որ միավորող գործոնն այստեղ սերնդեսերունդ փոխանցվող զորեղ մշակույթն է՝ երեւույթ, որն էլ հենց ընկած է ֆիլմի սցենարի հիմքում։
 

                    Նեսսիմյան ընտանիքը Ռիո դե Ժանեյրոյից, Բրազիլիա

 
Սիրողական տեսանյութերից բաղկացած 15 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի նախնական գաղափարը վերաճեց լիամետրաժ փաստագրության, որը Տորոնտոյի (Կանադա) «Նուռ» կինոփառատոնում ստացավ գլխավոր մրցանակը, իսկ Հոլիվուդի (ԱՄՆ) «Արփա» կինոփառատոնին առաջադրվեց «Լավագույն փաստագրական ֆիլմ» անվանակարգին։ Իզաբելայի բրազիլացի ամուսինն էլ է ոգեշնչել կնոջն իր նախաձեռնության մեջ, որի շնորհիվ ձեռք բերեց իր առաջին փորձառությունը կինոնկարահանման ասպարեզում՝ դառնալով ֆիլմի համահեղինակն ու համապրոդյուսերը։ Ամեն օր նախաձեռնությանը միանում էին ավելի ու ավելի մեծ թվով ընկերներ՝ համապրոդյուսերներ, խմբագիրներ, երաժիշտներ ու թարգմանիչներ։ Նախագիծը կյանքի կոչվեց այն ժամանակ, երբ համատեղ ֆինանսավորման Kickstarter կայքի միջոցով անհատների նվիրատվությունների շնորհիվ հավաքվեց անհրաժեշտ գումարը՝ հնարավորություն ընձեռնելով խմբին նկարահանումներ կազմակերպել հինգ երկրներում եւ ութ քաղաքներում՝ ներկայացնելով կինոնկարը հինգ լեզուներով։
 
«Ֆիլմը հարգանքի մի տուրք է մեր բոլոր նախնիներին, որոնք այդչափ տառապանք են տեսել, եւ ոգեշնչման աղբյուր բոլոր նրանց համար, ովքեր հանապազօրյա մաքառմամբ փորձում են կենդանի պահել մեր մշակույթը»,– ասում է Իզաբելան։ «Հարյուրամյակը բոլորիս ուղղված մի հիշեցում է առ այն, որ պետք է կենդանի պահել հիշողությունը, երբեք մոռացության չմատնել այն, բայց եւ առավել՝ շարունակել կառուցել ու բարգավաճել։ Մենք հիշում ու սգում ենք աղետալի բոլոր պատմությունները, բայց նաեւ փառաբանում մեր հնամենի ազգի ու մշակույթի տոկունությունը»։
 
«Հայաստանի երգը սրտում» փաստագրական ֆիլմը հուզիչ մի պատմություն է՝ դիտողին թողնելով ավելին անելու ցանկությամբ։ Այն մի ուղեւորություն է, որը մեզ տանում է դարեր շարունակ կենսունակ մնացած մշակույթի ուղիներով։ Ֆիլմը կարող եք դիտել այստեղ։
 
 
Գլխագրի նկարում՝ արգենտինահայերի «Գայանե» ազգագրական պարի համույթը։