logo
ՓԱԿԵԼMenu
Ճշմարիտ հավատք

Ճշմարիտ հավատք

Հայաստանում մարդիկ ուժեղ դրական ազդակներ են ստանում վերջերս։ Այստեղ սկսել են այնպիսի իրադարձություններ տեղի ունենալ, որոնք ուղղված են ապագայի կառուցմանը՝ հավատով, սիրով ու խաղաղությամբ։ Երիտասարդների եւ ոչ միայն նրանց վրա մեծ տպավորություն գործեց «System Of a Down» ռոք խմբի հսկայածավալ համերգը 2015-ի ապրիլին։ Մեկ տարի անց Երեւանում շնորհվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որի առաջին դափնեկիրը դարձավ Մարգարիտ Բարանկիցեն։

Այժմ էլ գրում եմ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի՝ Հայաստան կատարած այցի մասին։ Սա առաջին անգամը չէր, որ Հայաստանը բախտ ուներ հյուրընկալելու Հռոմի Պապին. 2001-ին Երեւան ժամանեց արդեն տարեց Հովհաննես Պողոս II-ը։ Նա այնքան վատառողջ էր, որ անգամ չկարողացավ մեկնել Գյումրի, որտեղ ամեն ինչ պատրաստ էր պատարագի համար։

Ֆրանցիսկոսը Գյումրի գնաց ու պատարագը մատուցեց։ Բայց ինձ համար հայաստանյան նրա այցի ծայրահեղ հուզիչ պահը, կարելի է ասել՝ գագաթը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի համատեղ աղոթքն էր հանուն խաղաղության, որը կայացավ շաբաթ օրը Երեւանի Հանրապետության հրապարակում։

Բեմահարթակը, որից Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդն ու Հռոմի Պապը պետք է հնչեցնեին աղոթքը, կառուցված էր ճիշտ այն տեղում, որտեղ մինչեւ 1991թ. գտնվում էր Լենինի արձանը։ Դրա շուրջն իրարանցման մեջ էին մի քանի լեզվով հաղորդակցվող թիկնապահները։ 

Ես նայում էի հրապարակին ու վերհիշում, թե ինչպես իմ պապը՝ ճարտարապետ Մարկ Գրիգորյանը, որի շնորհիվ է հրապարակը ձեռք բերել ներկայիս տեսքը, վերջինիս վրա աշխատելիս դրա համամասնություններն անընդհատ համեմատել է Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակի հետ։ Մտորում էի նաեւ այն մասին, որ Հռոմի Պապը չի կարող չնկատել այդ ընդհանրությունը։ Եվ որ ինձ չափազանց հետաքրքիր կլիներ իմանալ նրա տպավորությունները։ 

 

... Նկատե՞լ եք՝ հանճարեղ մարդու ներկայությունից մթնոլորտը փոխվում է։ Օրինակ, երբ իր թանգարանի սրահներ էր մտնում Սարյանը, թվում էր, թե սենյակում ավելի շատ մարդ կա, քան իրականում։ Սարյանը լցնում էր տարածությունն իր տաղանդով։

Երբ Հռոմի Պապը հայտնվեց Հանրապետության հրապարակում, օդը զրնգուն դառնալու չափ զուլալվեց։ Ու այդպիսին մնաց մինչեւ նրա այնտեղ գտնվելու վերջին ակնթարթները, մինչեւ այն պահը, երբ նա նստեց իր համեստ մեքենան։

 

                                     Հռոմի Պապը Գյումրիում. հունիսի 25, 2016թ., Հայաստան

Ութսունամյա Ֆրանցիսկոս Պապը քայլում էր հրապարակով, եւ երեւում էր, որ հոգնած է։ Նա մարդկանց օրհնում էր՝ աջ ձեռքի գրեթե մեխանիկական շարժումով՝ նայելով հազարավոր խանդավառ դեմքերին, որոնց առաջին ու, թերեւս, վերջին անգամն էր տեսնում։

Բեմահարթակի աստիճաններով Պապը բարձրացավ հիվանդ ծնկներով մարդու անվստահությամբ։ Նա նստեց ու անշարժացավ։ Թվում էր՝ ուժերն է խնայում։ Իսկ հրապարակի օդը զրնգում էր ՝ լռությամբ ու իրապես աստվածային մաքրությամբ։

Պապի հայաստանյան այցը գագաթնակետին հասավ, իմ պատկերացմամբ, երբ նա մոտեցավ ոչ մեծ ամբիոնին ու սկսեց քարոզը։ Նա իտալերեն էր կարդում, իսկ հրապարակում տեղադրված հսկայական էկրաններին հայտնվում էին թարգմանության լուսագրերը։

Դա պարզապես քարոզ չէր։ Դրանք խոհափիլիսոփայական մտորումներ էին անցյալի ու ապագայի, հիշողության ու դրա վերքերի, սիրո ու հակամարտությունների մասին։ Ֆրանցիսկոսը հարցադրումներ չէր անում, նա պատասխանում էր դրանց՝ հիմնվելով քրիստոնեական արժեքների վրա։

Նրա քարոզը վերացական հասկացությունների մասին չէր, այլ շատ կոնկրետ իրադարձությունների ու փաստերի։ Պապը խոսում էր հայ-թուրքական հարաբերություններից, ղարաբաղյան հակամարտությունից... ու Հայաստանից։ Անկեղծ ասած՝ չէի սպասում նման որոշակիություն:

«Բոլորի համար լավ կլինի աջակցել ապագայի հիմքերը դնելու, այնպես, որ թույլ չտրվի վրեժի խաբեական ուժին ներծծվելու. մի ապագա, որտեղ երբեք չհոգնեն ստեղծելու խաղաղության պայմաններ՝ բոլորի համար արժանավայել աշխատանք, առավել կարիքավորներին խնամատարություն եւ անխոնջ պայքար կոռուպցիայի դեմ, որը պետք է արմատախիլ անել»։

Լսելով «կոռուպցիա» բառը՝ հրապարակը բուռն ծափահարեց, որին միացան նաեւ կառավարության անդամների ու խորհրդարանի պատգամավորների ծափերը։

Խոսելով Թուրքիայի հետ փոխադարձ հարգանքի ու խաղաղության վրա հիմնված նոր հարաբերությունների կառուցման անհրաժեշտությունից՝  Պապը մեջբերեց միջնադարյան հայ հեղինակներին։ Ներսես Շնորհալուն, որն ասում էր, թե միայն գթասրտությունն է ունակ բուժելու անցյալի վերքերը։

Նաեւ Գրիգոր Նարեկացուն՝ տասներորդ դարի աստվածաբան ու բանաստեղծ, որը հռչակվել է կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ (նրանք ընդամենը 36-ն են մարդկության ողջ պատմության մեջ)։ Ֆրանցիսկոս Պապը Նարեկացուն անվանեց «խաղաղության վարդապետ», իսկ նրա «Մատյան ողբերգությանը»՝ «հայ ժողովրդի հոգեւոր սահմանադրություն»։

«Հիշի՛ր, [Տեր,...] նրանց, ովքեր մարդկային ցեղում մեր թշնամիներն են, սակայն նրանց բարիքի համար. նրանց մեջ իրագործիր ներում եւ ողորմություն [...] Մի՛ վերացնիր նրանց, ովքեր ինձ կծոտում են. կերպարանափոխի՛ր: Արմատախիլ արա աշխարհիկ ախտավոր ընթացքը եւ տնկիր բարին իմ եւ նրանց մեջ» («Մատյան ողբերգության», 83, 1-2) ։

Եվ եւս մի մեջբերում Մատթեոսի Ավետարանից. «Երանի՜ խաղաղարարներին, քանզի նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» (Մատթ. 5:9)։

Քարոզի թարգմանության տեքստը, որը հայտնվում էր էկրանին, միշտ չէ, որ ընթեռնելի էր, քանի որ այն մերթ հայտնվում էր, մերթ՝ անհետանում, սակայն խոսքի իմաստը պարզ էր։ Ու պարզ էր հսկայական դրական լիցքը, որը ճառագում էր բեմին կանգնած՝ սպիտակ սքեմով ցածրահասակ տարեց մարդը։

Երբ արարողության ավարտին Պապը մոտեցավ անվասայլակներով մի խումբ մարդկանց ու սկսեց նրանց մեկ առ մեկ համբուրելով անցնել այդ շարքի միջով, ես՝ ոչ երիտասարդ ու զգայունությամբ աչքի չընկնող տղամարդ, չկարողացա զսպել արցունքներս։

Անշուշտ, ես գիտակցում էի, որ նրանց հրապարակ են բերել հատուկ դրա համար, սակայն ես տեսնում էի նրանց դեմքի արտահայտությունը, տեսնում էի՝ ինչպես նրանք լուսավորվեցին, ու կարդում էի երջանկության արտացոլումը։ Պահը նրանց էր պատկանում։ Ես էլ երջանիկ էի նրանց համար ու նրանց հետ միասին։

Տուն գնալու ճանապարհին հանդիպեցի հոգեւորական ընկերոջս։ «Ես երբեւէ այդպիսի դեմքեր տեսած չկայի, ինչպիսիք ունեին հրապարակից վերադարձող մարդիկ,- ասաց նա,- նրանք զգացին ճշմարիտ հավատքը, որին երկար էին սպասել»։


Մարկ Գրիգորյան

Մարկ Գրիգորյան. հայտնի լրագրող, վերլուծաբան, Հայաստանում Կովկասի ինստիտուտի համահիմնադիր, 16 գրքերի և բազմաթիվ հոդվածների հեղինակ: Շուրջ տասը տարի աշխարհի առաջատար լրատվամիջոցներից մեկի ՝ BBC-ի ռուսաստանյան գործակալությունում աշխատելուց հետո, վերջերս է վերադարձել հայրենիք: Այժմ համագործակցում է АТV հեռուստաընկերության հետ:

Լուսանկարները՝ PAN Photo