logo
ՓԱԿԵԼMenu
Բեռնարդ Քուշներ. «Մենք ամեն ինչ պետք է անենք լուծում գտնելու համար»

Բեռնարդ Քուշներ. «Մենք ամեն ինչ պետք է անենք լուծում գտնելու համար»

2021 թ. փետրվարի վերջին շաբաթը «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Բեռնարդ Քուշները Հայաստան եւ Արցախ այցելեց «Ավրորայի» հրավերով, որը շարունակում է տարածաշրջան բերել մարդասիրության ոլորտի համաշխարհային դեմքերին: Բժիշկ Քուշներին ուղեկցում էին «Միջազգային համերաշխություն» (Solidarités International) կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեն եւ Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ Պատրիս Ֆրանսեսկին, որոնց հետ նա աշխատում է վերջին տասնամյակների ընթացքում: 

Պատրիս Ֆրանսեսկին, Բեռնարդ Քուշները եւ Ալան Բուանեն Արցախում

Այցի ընթացքում Քուշներն ընդգծել է, որ եթե իսկապես ցանկանում ես օգնել մարդկանց, ցանկացած տեղ կարող ես հասնել: «Լեռնային Ղարաբաղ գալու հետ կապված դժվարությունը ցանկությունն է. արդյոք ուզո՞ւմ ես օգնել մարդկանց, թե՞ ոչ, արդյոք ցանկանո՞ւմ ես տեսնել մարդկանց, թե՞ ոչ, արդյոք ցանկանո՞ւմ ես հասկանալ մարդկանց, թե՞ ոչ»,- ասաց ֆրանսիացի մարդասերը: «Որպես «Բժիշկներ առանց սահմանների» եւ «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների հիմնադիր՝ ընկերներիս հետ, որոնք տարիներ շարունակ մարդասիրության ոլորտի կամավորներ են, ակնկալում էինք տեսնել եւ բացահայտել պատերազմական վիճակն իր ողջ տառապանքով, արցունքներով եւ կոտրված ընտանիքներով, ինչպես նաեւ այնտեղ գտնել հետեւանքների, թշվառության եւ վշտի դեմ պայքարելու յուրօրինակ էներգիա: Մենք դա էինք ակնկալում»:

Աշխատանքի բերումով պարոն Քուշները եղել է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում եւ, իր խոսքով, «առնչվել է գրեթե բոլոր պատերազմներին ու ջարդերին, որոնք տեղի են ունեցել վերջին 50 տարում»: Նրա տեսածը հաստատ բավարար է հասկանալու համար, որ Արցախում խնդիրը զուտ մարդասիրական չէ, նախեւառաջ, այն քաղաքական է, որը պահանջում է քաղաքական լուծում. «Ես հուսով եմ, որ մենք կգտնենք ճանապարհ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի լուծում գտնենք երկխոսության միջոցով: Դա դժվար է: Երբեմն անհնար է պատկերացնել երկխոսություն թշնամիների միջեւ, բայց պետք է: Դա ժամանակ է պահանջում»:  

Բժիշկ Քուշների եւ իր պատվիրակության հանդիպումն Արցախում «Ավրորայի» աջակցությամբ իրականացվող նախագծերից մեկի ներկայացուցչի հետ

Բժիշկ Քուշները բարձր գնահատեց արցախցիներին անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրելու եւ տեղում սոցիալական կայուն զարգացմանը նպաստող նախագծերին աջակցելու` «Ավրորայի» ջանքերը: Պարոն Քուշներն ու նրա պատվիրակությունը հնարավորություն ունեցան մանրամասն ծանոթանալու Արցախում իրականացվող, «Ավրորայի» աջակցությունն ստացած նախագծերին եւ զրուցել դրանց ներկայացուցիչների հետ: 

Բեռնարդ Քուշներն ու իր գործընկերները մեկ օր անցկացրին Դիլիջանում՝ հանդիպելով Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողների հետ

Արցախից վերադարձի ճանապարհին Բեռնարդ Քուշներն ու իր գործընկերները մեկ օր անցկացրին Դիլիջանում՝ հանդիպելով Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողների հետ եւ պատասխանելով նրանց՝ ապագա կարիերային վերաբերող հարցերին: Ավելի ուշ Երեւանում Բեռնարդ Քուշներին, Ալան Բուանեին եւ Պատրիս Ֆրանսեսկիին խնդրեցին մասնակցել «Կյանք՝ հանուն մարդասիրական օգնության» ոչ պաշտոնական զրույցին, որը տեղի ունեցավ Ֆրանսիական համալսարանում: Նրանք նաեւ հարգանքի տուրք մատուցեցին 10 ուսանողների, որոնք իրենց կյանքը զոհեցին 2020 թ. Արցախի պատերազմում:  

Ֆրանսիացի մարդասերները մասնակցեցին Ֆրանսիական համալսարանում կազմակերպված «Կյանք՝ հանուն մարդասիրական օգնության» ոչ պաշտոնական զրույցին 

«Երբ մուտք ես գործում մարդասիրության աշխարհ, դու չես փնտրում դիպլոմներ, չես փնտրում մեդալներ: […] Դու քեզ ես փնտրում՝ բացահայտելով քո անձն ուրիշներին օգնելիս: Նրանց տառապանքին հաղորդակից լինելու համար դու պետք է դռներ կոտրես: Մենք դա արել ենք հիսուն տարի: Կազմակերպության սկիզբը [Բժիշկներ առանց սահմանների] հինգ մարդկանց հանդիպում էր մի փոքրիկ գրասենյակում: Իսկ հիմա այն միջազգային կազմակերպություն է: Մի՛ սպասիր հաջողության, այն կգա՝ ի լրացում»,- ասաց պարոն Քուշները՝ վերհիշելով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ստեղծումն ու անցած ճանապարհը: 

Բեռնարդ Քուշները եւ նրա գործընկերները մասնակցեցին 2021 թ. փետրվարի 26-ին Երեւանի պետական բժշկական համալսարանում կազմակերպված «Համաշխարհային եւ տարածաշրջանային ճգնաժամերի կառավարում» թեմայով Aurora Dialogues միջոցառմանը: Մինչեւ քննարկումը Բեռնարդ Քուշներին շնորհվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում՝ աշխարհում ծավալած իր բացառիկ մարդասիրական գործունեության համար:

ԵՊԲՀ ռեկտոր Արմենը Մուրադյանը եւ Բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստացած Բեռնարդ Քուշները

Վերջին տասնամյակների ընթացքում աշխարհն ու առաջնահերթությունները կտրուկ փոխվել են, բայց մարդասիրական ճգնաժամերը չեն նահանջել: Մարդասերները բազմաթիվ անելիքներ ունեին եւ դեռ ունեն: 50 տարի առաջ մարդասիրական եւ առողջապահական ամենաազդեցիկ կազմակերպություններից մեկը հիմնած Բեռնարդ Քուշները խորհրդածելու շատ բան ունի. «Այն ժամանակ պատերազմներ շատ էին լինում, մտահոգությունը մեծ էր ջարդերի, սպանությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների ու ցեղասպանության վերաբերյալ: Հիմա պատերազմներն ավելի քիչ են, բայց ավելի պակաս հետաքրքրություն կա մարդու իրավունքների նկատմամբ եւ ավելի քիչ են բողոքի ակցիաները»: 

Բեռնարդ Քուշները, Պատրիս Ֆրանսեսկին եւ Ալան Բուանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ՝ Բեռնարդ Քուշները կասկած չունի, որ «Ավրորան» օգնում է բարեփոխել աշխարհը եւ արդեն շատ բան է արել՝ բացահայտելով անհայտ հերոսներին եւ աջակցելով մարդկության լավագույն հատվածին: 

«Իմ համեստ մակարդակում, ես եւս որոշման մաս եմ կազմում: […] Շատ դժվար է որոշում կայացնել... Այն մարդկանց ցանկը, որոնց «Ավրորան» ցանկանում է արժանին մատուցել, արդեն իսկ ֆանտաստիկ նպաստ է հօգուտ մարդկության՝ արթնացնելու մարդկայնության ոգին: «Ավրորան» ստեղծել են հայերը՝ ասելով մեզ, որ հայերը միայն զոհ չեն: Նրանք ունեն երեւակայություն եւ ուժ՝ բարեփոխելու այս աշխարհը մեծահոգության եւ մարդկանց աջակցելու միջոցով: «Ավրորան» հայերի լավագույն կողմն է՝ հրաշագործ կողմը: Դուք պետք է ապավինեք նրանց»: