logo
ՓԱԿԵԼMenu
Լինել դաշնակից

Լինել դաշնակից

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Ավրորան» եւ նրա գործընկերները դաշնակից են աշխարհին՝ տարածելով մարդասիրության եւ համերաշխության ուղերձներ: Այս սյունակի հեղինակը կորոնավիրուսի համավարակից մեծապես տուժած իտալական Պադովա քաղաքի քաղաքապետ Սերջիո Ջորդանին է:

Որպես Պադովայի քաղաքապետ ինձ համար պատիվ է մասնակցել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության սկսած տեղեկատվական այս արշավին, հատկապես որ մեր քաղաքն առաջադրվել է որպես 2020 թ. կամավորության եվրոպական մայրաքաղաք: Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում, եւ պետք է խոստովանեմ, որ, որպես քաղաքապետ, երբեք չեմ մտածել, որ իմ քաղաքում եւ քաղաքացիների շրջանում կհանդիպեմ այսպիսի արտակարգ իրավիճակի: Բարեբախտաբար, համերաշխությունը Պադովա քաղաքի գեներում է. քաղաքում եւ շրջանում 6.500-ից ավելի կամավորական ասոցիացիաներ են գործում, որոնք աշխատում են տարբեր ոլորտներում՝ առողջապահությունից մինչեւ սոցիալական ծառայություններ, մշակույթից մինչեւ սպորտ: Արտակարգ իրավիճակի կառավարման գործում նրանց օգնությունը եղել է հիմնարար:

Մենք անմիջապես սահմանեցինք նպատակ՝ անել առավելագույնը, որպեսզի ոչ ոք դուրս չմնա մեր տեսադաշտից: Հիմնականում ուշադրության կենտրոնում պետք է լինեին ամենախոցելի խմբերը, տարեցները, բայց եւ նրանք, ովքեր աշխատանք էին կորցրել եւ բյուրոկրատական ուշացումների պատճառով չէին ստացել ազատման վճարները (“Cassa integrazione”): Երբ կառավարությունը միջոցներ հատկացրեց, երեք օրում մենք սկսեցինք ընդհանուր 1 միլիոն եվրո արժողությամբ  վաուչերներ բաժանել հարյուրավոր ընտանիքների, որպեսզի նրանք ստիպված չլինեին անհանգստանալ սնունդ ձեռք բերելու համար: Բայց համերաշխության այս բացառիկ ցանցի շնորհիվ մենք կարողացանք նույնիսկ ավելին անել: Կամավորության կենտրոնի, Caritas Diocesan-ի եւ Fondazione Cassa di Risparmio-ի աջակցությամբ ռեկորդային ժամանակում սկսեցինք «Per Padova, noi ci siamo» (Մենք Պադովայի կողքին ենք) նախագիծը, որն օժանդակում էր մարդկանց եւ համերաշխություն տարածում տարբեր ճանապարհներով:

Մարտի 14-ին մեկնարկած այդ նախագիծն առաջիններից էր Իտալիայում: Այն ցանց ստեղծեց ասոցիացիաների, հանրային ծառայությունների, Կարիտասի ծառայությունների եւ տեղական մասնավոր ընկերությունների միջեւ: Այն գործի դրեց եւ առաջ մղեց «ընկերական զանգերը» միայնակ տարեցներին, առաջնային ապրանքների տնային առաքումները, կացարանային նախաձեռնություններն՝ անօթեւանների համար: Ամենակարեւորը, այն կարողացավ համակարգել կամավորների աշխատանքը:

Ավելին, պետք էր օգնել նաեւ ուսանողներին, որոնք գլուխ չէին հանում ուսուցման նոր՝ առցանց ռեժիմից՝ համապատասխան ինտերնետ կապի եւ դյուրակիր համակարգիչների պակասի պատճառով, ինչպես նաեւ հաշմանդամության, որը խոչընդոտում էր արդյունավետ ուսուցումը հեռավար դասերի ընթացքում: Դժվարություններ էին առաջացել նաեւ այն ընտանիքներում ու միջավայրում, որտեղ կրթական հնարավորությունները սահմանափակ էին:

Կամավորները, որոնք անցել էին համապատասխան վերապատրաստում եւ զինվել առողջապահական անհրաժեշտ սարքավորումներով, բաշխել էին աշխատանքը հարեւան շրջաններում, որպեսզի արագ եւ արդյունավետ արձագանքեին հնչած կարիքներին: Նախագիծը շարունակվեց նաեւ մայիսի 4-ից հետո՝ արտակարգ իրավիճակի երկրորդ փուլում: Կամավորները, որոնք համաձայնվեցին շարունակել իրենց ծառայությունը, մասնակցել են նաեւ  Պադովայի քաղաքապետարանի 32 հանրային այգիների վերաբացմանը եւ դրանց վերահսկմանը:

Քանի որ սպառվեցին գնումների համար նախատեսված վաուչերները, առաջնային ապրանքները մատակարարվում էին քաղաքացիների համերաշխության շնորհիվ, որոնք սնունդ էին նվիրաբերում քաղաքի 69 խանութներում: Երեխաների եւ ուսանողների կարիքները բավարարելու, ինչպես նաեւ ընտանիքներին աջակցելու համար, որտեղ ծնողները կրկին աշխատանքի էին դուրս եկել, մենք ամառային կենտրոնների եւ դասերը վերսկսելու տարածքներ ենք փնտրում՝ ապավինելով ասոցիացիաներին, ծխական կենտրոններին եւ կոոպերատիվներին: Իսկ աշխատանքը համակարգում է Կրթության վարչությունը:  

Հանգանակված գումարները, որոնց հայթայթումը շարունակվեց մինչեւ հունիսի վերջ, հիմնականում ծախսվում են սննդի, դեղորայքի եւ անձնական պաշտպանության միջոցների ձեռքբերման վրա, ինչպես դիմակներն ու ձեռնոցները, անօթեւան մարդկանց տների վարձակալության, երիտասարդների համար համակարգչային սարքավորումների գնման եւ տնտեսական ու սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքների օժանդակության վրա:

Այս ամենը հնարավոր դարձավ բազմաթիվ քաղաքացիների մարդասիրության եւ կարեկցանքի շնորհիվ: Սա բացառիկ փորձառություն է՝ շնորհիվ այն եզակի պահի, որն ապրում ենք, եւ համերաշխության  նշանակալի օրինակի եւ գեղեցկության, որի ականատեսն ենք այս քաղաքում: Որպես անգին ժառանգություն՝ սա կշարունակվի նաեւ, երբ ավարտվի այս արտակարգ իրավիճակը:

Հիմա, երբ մտել ենք «երկրորդ փուլ»՝ մոտենալով նոր իրականությանը, ես հավատում եմ,  եթե մտածենք ապագայի մասին, կհասկանանք, որ այլեւս երբեք ոչինչ նույնը չի լինելու: Այն, ինչ տեղի է ունենում, մեզ տանում է դեպի տնտեսական եւ սոցիալական այլ ձեւաչափերի ստեղծմանը, որը, հույս ունենք, հիմնված կլինի մարդկանց ընդլայնված հավասար իրավունքների եւ հնարավորությունների վրա: Մենք նաեւ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք  միակ մեր Երկիր մոլորակին, վերանայենք մեր մոտեցումները՝ վերափոխելով տնտեսության գերակայությունները, որի առանցքում շահույթն էր՝ ամեն գնով:

Եթե սա տեղի ունենա, ինչը, բնականաբար, կախված է նաեւ  յուրաքանչյուրիցս, կարող ենք ասել, որ այս սարսափելի համավարակը ոչ միայն տխրություն ու վախ է պատճառել, այլեւ հնարավորություն է տվել՝ կենտրոնանալու համերաշխության եւ սոցիալական արդարության իրական արժեքների վրա: