logo
ՓԱԿԵԼMenu
Ընտրող հանձնաժողովի անդամների համատեղ հայտարարությունը

Ընտրող հանձնաժողովի անդամների համատեղ հայտարարությունը

Մարտի 20, 2016թ.- «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամները որոշում են կայացրել 2016թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների մասին.
 
«Մենք՝ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներս, հպարտությամբ ներկայացնում ենք «Ավրորա» մրցանակի չորս հավակնորդներին։
 
«Ավրորա» մրցանակի հավակնում են հետեւյալ չորս թեկնածուները.
  • Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության Տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։
  • Բժիշկ Թոմ Քաթինայից  բացի Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Անտեսելով բռնության սպառնալիքները՝ նա աշխատում է 24 ժամյա արագ արձագանքման ռեժիմով, ապրելով հիվանդանոցի նկուղում:
  • Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ 
  • Հայր Բերնար Կինվին հոգեւորական է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսսեմտելե քաղաքում, որտեղ  բժշկական օգնություն է տրամադրում հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։
Այս հումանիստների ընտրության հիմքում այն բացառիկ ազդեցությունն է, որ նրանց քայլերն ունեցել են մարդկային կյանքի փրկության գործում՝ անտեսելով սեփական առողջությանն ու ազատությանն սպառնացող վտանգները։ Մենք հպարտ ենք, որ հնարավորություն ունենք մեծարելու այս չորս հերոսներին: Վստահ ենք, որ նրանք մարդասիրական արժեքների կրողն են եւ լավագույնս ներկայացնում են «Ավրորա» մրցանակի ոգին:
 
Ցանկանում ենք նաեւ մեր երախտագիտությունը հայտնել առաջադրողներին՝ այս տարվա ընտրական գործընթացին մասնակցելու համար։ Մեզ համար մեծ պատիվ է այս հումանիստներին եւ նրանց ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին ճանաչման ու մեծարանքի արժանացնելը»։