logo
ՓԱԿԵԼMenu
Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ՝ լիբանանցի աղջիկներին

Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ՝ լիբանանցի աղջիկներին

100 LIVES նախաձեռնությունը սահմանում է միջազգային հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունիի անվան ամենամյա նոր կրթաթոշակ:

«Որպես մարդու իրավունքների հարցերով զբաղվող փաստաբան եւ առաջատար իրավապաշտպան՝ Ամալ Քլունին ոգեշնչման աղբյուր կարող է լինել ողջ աշխարհի երիտասարդ կանանց համար: Նա ոչ միայն ազնվության, կարեկցանքի եւ նվիրվածության մարմնավորում է, այլեւ խորհրդանշում է աշխարհի քաղաքացու կերպարը: 100 LIVES նախաձեռնությունը գիտակցում է գալիք սերունդների համար միջմշակութային փոխըմբռնման սահմաններն էլ ավելի ընդլայնելու անհրաժեշտությունը: Դիլիջանի քոլեջն էլ իր հերթին ձգտում է կրթությունը վերածել խաղաղաստեղծ մի ուժի՝ միավորելով ողջ աշխարհից ժամանած երիտասարդ նպատակասլաց առաջնորդների», - ասել է 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

Այս նոր կրթաթոշակի միջոցով յուրաքանչյուր տարի Լիբանանից մեկ աշակերտուհի կուսանի UWC Դիլիջանի քոլեջում՝ միջազգային բակալավրիատի երկամյա ծրագրով: Ամալ Քլունիի անվան ամենամյա կրթաթոշակը կշնորհվի ակադեմիական բարձր առաջադիմություն, ինչպես նաեւ մարդու իրավունքների ու միջազգային հարցերի շուրջ հստակ հետաքրքրություն դրսեւորող երիտասարդներին: Թեկնածուների ընտրությունը կատարվում է Լիբանանի UWC Ազգային կոմիտեի կողմից՝ UWC ընդունելության չափանիշների եւ կրթաթոշակի շնորհման պայմանների հիման վրա:

Առաջին կրթաթոշակը կհատկացվի լիբանանցի շրջանավարտ Պամելա Թեբչրանիին, որը գերազանցությամբ է ավարտել դպրոցը եւ ազատ տիրապետում է արաբերենին, ֆրանսերենին ու անգլերենին: Կրթաթոշակը նրան թույլ կտա մասնագիտանալ մարդու եւ, մասնավորապես, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Այս կրթաթոշակը երիտասարդ լիբանանցի աղջիկներին բացառիկ հնարավորություն կընձեռի: Միջմշակութային կրթությունը եւ արտասահմանում ուսանելը կարող է վճռորոշ փոփոխություններ բերել մարդու կյանք: Ես շնորհակալ եմ 100 LIVES նախաձեռնությանը՝ խոհեմ ու տաղանդաշատ երիտասարդ կանանց առջեւ նոր դռներ բացելու համար»,- ասել է Ամալ Քլունին:

Բացի կրթաթոշակից, Ամալ Քլունին իր ամուսնու՝ Ջորջ Քլունիի հետ նաեւ բարեգործական այլ ներդրում ունի 100 LIVES-ում: Ջորջ Քլունին Тhe Aurora Prize for Awakening Humanity/«Ավրորա» մրցանակի համահիմնադիրն է, որը շնորհվում է մարդկանց, ովքեր սեփական կյանքը վտանգելով՝ այլոց գոյատեւելու հնարավորություն են ընձեռում։ Առաջին մրցանակաբաշխությունը նրա մասնակցությամբ կկայանա Երեւանում՝ 2016թ. ապրիլի 24-ին: Քլունիի ղեկավարած Not on Our Watch հիմնադրամը 100 LIVES նախագծի գործընկերն է՝ ցեղասպանությունների հետեւանքների շուրջ հանրության ուշադրությունը բեւեռելու եւ ողջ աշխարհում զանգվածային վայրագությունները կանխելու վճռական հանձնառությամբ: