logo
ՓԱԿԵԼMenu
Ընտրող հանձնաժողովի հայտարարությունը

Ընտրող հանձնաժողովի հայտարարությունը

2020 թ. հոկտեմբերի 19-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեկնարկեց իր հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառումների շարքը` Նյու Յորքի հանրային գրադարանից ուղիղ հեռարձակվող միջոցառմամբ:

Միջոցառման ընթացքում Բրիտանիայի գիտության ասոցիացիայի նախագահ եւ Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահության նորարարությունների ինստիտուտի համանախագահ եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հանձնաժողովի իր գործընկերների անունից ընթերցեց իրենց միասնական հայտարարությունը, որը հրապարակվում է ստորեւ:

«Վերջին հինգ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն առաջատարի դեր է ստանձնել մարդասիրության ոլորտում՝ զորացնելով մերօրյա հերոսների մի ամբողջ սերունդ եւ ձեւավորելով համախոհ անհատների բացառիկ գլոբալ համայնք:

«Ավրորան» համահիմնադրել են Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը եւ Ռուբեն Վարդանյանը: Այն ընդլայնում է նվիրատվության շղթան՝ աջակցելով ուրիշներին օգնելու համար իրենց կյանքը վտանգող անձնուրաց կանանց ու տղամարդկանց եւ բարձրացնելով միջազգային իրազեկությունը նրանց կատարած կարեւոր աշխատանքի վերաբերյալ: Այս ամենը ոգեշնչված է  համահիմնադիրների` իրենց նախնիներին փրկողների հանդեպ երախտագիտությունը գործի վերածելու մտադրությամբ:  

Ելնելով անցյալի վատագույն փորձը հաղթահարելու եւ այն դրական ինչ-որ բանի վերածելու ձգտումից՝ «Ավրորան» հավատում է, որ յուրաքանչյուր ոք արժանի է երկրորդ հնարավորության: Ստեղծումից ի վեր՝ «Ավրորան» համախմբել է բազմաթիվ աջակիցների եւ լույս սփռել բացառիկ հերոսների աշխատանքի վրա՝ երաշխավորելով ավելի պայծառ ապագա բոլորի համար:

Հավատարիմ լինելով համամարդկային արժեքներին եւ հատելով կրոնական, քաղաքական կամ որեւէ տեսակի սահման՝ նախաձեռնությանն արդեն հաջողվել է վերափոխել կարիքի մեջ գտնվող գրեթե 1 միլիոն մարդու կյանք: Եվ այս կարճ ժամանակամիջոցում հասնելով դրան՝ «Ավրորան» իսկապես բարձրացրել է այդ ոլորտում ազդեցության նշաձողը:

Որպես «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներ, մենք պատիվ ունենք այս բացառիկ ջանքերի մաս կազմելու: Հուսով ենք, որ այն կհանգեցնի նմանատիպ դրսեւորումների ամբողջ աշխարհում. կփառաբանվեն արժանի հերոսները` որդեգրելով «Ավրորայի» անվերապահ մոտեցումը մարդկային տառապանքի վերացման հարցում»։