logo
ՓԱԿԵԼMenu
Դիտե՛ք ուղիղ հեռարձակումը. Երախտագիտությունն՝ ի գործ

Դիտե՛ք ուղիղ հեռարձակումը. Երախտագիտությունն՝ ի գործ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հրավիրում է բոլորին՝ միանալու «Երախտագիտությունն՝ ի գործ» առցանց միջոցառմանը, որն ուղիղ կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից: Միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ դիտելու համար միացեք մեզ Ֆեյսբուքով կամ  Յութուբով Նյու Յորքի ժամանակով 18:55-ին (GMT-4), 2020 թ. հոկտեմբերի 19-ին:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հնգամյակին նվիրված «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառումների նպատակն է իրականացնել դրամահավաք միջազգային նվիրատուների շրջանում, ինչն էլ կօգնի ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որն ավելի քան երբեւէ հավատարիմ է իր հանձնառությանը՝ երկրորդ հնարավորություն տալու աշխարհում բոլորին, ովքեր ունեն դրա կարիքը: Այսօր, երբ ադրբեջանցիները Թուրքիայի աջակցությամբ ուժգին հարձակումներ են իրականացնում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները խորապես անհանգստացած են եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությամբ եւ քաջալերում են յուրաքանչյուրին ցույց տալու իրենց մարդասիրությունը՝ միանալով «Ավրորա» համաշխարհային շարժմանը եւ իրենց ներդրումն ունենալով աշխարհում խաղաղության հաստատմանը:

Առցանց միջոցառումը, որը Նյու Յորք քաղաքից կվարեն ամերիկացի հայտնի լրագրողներ ու մեկնաբաններ Դեյվիդ Իգնաթիուսը եւ Ջուդի Վուդրուֆը, հրավիրում է հազարավոր աջակիցների եւ գործընկերների՝ միանալու աշխարհի տարբեր անկյուններից եւ մասնակիցը դառնալու մարդասիրության ոլորտի առաջնորդների այս կարեւոր հավաքին, որտեղ կսահմանվի «Ավրորայի» ապագա ազդեցության ուղենիշը:

Միջոցառման ընթացքում կանցկացվի բացառիկ հարցազրույց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի հետ: Կատարումներով հանդես կգան աշխարհահռչակ թավջութակահար Յո-Յո Ման եւ լեգենդար ջազային երաժիշտ ու շեփորահար Ուինթոն Մարսալիսը: Երեկոյի ընթացքում կշնորհվի լրագրության ոլորտում առաջին «Ավրորա» մարդասիրական մրցանակը: Ոգեշնչվելով մրցանակակիր հեռուստամեկնաբաններ եւ PBS ցանցի «Լրատվական ժամի» հաղորդավարներ Ջուդի Վուդրուֆից եւ երջանկահիշատակ Գվեն Այֆիլից՝ այս նոր մրցանակը կկարեւորի լրագրության դերը՝ մարդասիրական խնդիրներն ու լուծումներն ըմբռնելու եւ աշխարհում դրանց վերաբերյալ հանրային իրազեկումն ընդլայնելու գործում: Հատուկ դրամաշնորհ կտրվի Քուինսի «Էլմհըրսթ» հիվանդանոցին՝ մեծարելու Նյու Յորք քաղաքի՝ կորոնավիրուսի դեմ պայքարող հերոսներին: Միջոցառումը նաեւ հնարավորություն կտա նախաձեռնությանը՝ լույս սփռելու «Ավրորա» մրցանակի դափնեկիրների եւ «Ավրորայի» հերոսների անձնուրաց աշխատանքի վրա:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում համընդհանուր մարդկայնության ոգին է, եւ մենք ակնկալում ենք ձեր ներկայությունը հոկտեմբերի 19-ի առցանց միջոցառմանը: