logo
ՓԱԿԵԼMenu
ԱՎՐՈՐԱ. ԻՄ ՀԵՐՈՍԸ

ԱՎՐՈՐԱ. ԻՄ ՀԵՐՈՍԸ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Հայաստանի առաջին միջազգային դպրոցը՝ UWC Դիլիջանը, նախաձեռնում են «ԱՎՐՈՐԱ. ԻՄ ՀԵՐՈՍԸ» տեսաակնարկի միջազգային մրցույթ 14-18 տարեկան երիտասարդների համար: Հայտերը կընդունվեն hոկտեմբերի 19-ից մեկ ամսվա ընթացքում՝ մինչեւ նոյեմբերի 19-ը:

Աշխարհում տիրող անորոշության պայմաններում մարդիկ ամեն օր դրսեւորում են ուժ եւ համարձակություն՝ փրկելով կյանքեր, օգնելով անծանոթին կամ պարզապես հետաքրքրվելով՝ արդյոք հարեւանի մոտ ամեն ինչ կարգին է: Մրցույթի նպատակն է ոգեշնչել երիտասարդներին ամբողջ աշխարհում, որպեսզի մտածեն իրենց ամենօրյա հերոսների մասին՝ հարգելով Ավրորա Մարդիգանյանի հիշատակը, որն իր պատանեկության տարիներին անցավ Հայոց ցեղասպանության սարսափների միջով եւ իր կյանքը նվիրեց այդ վայրագությունների մասին համաշխարհային իրազեկության բարձրացմանը:

Բոլոր երիտասարդներին մենք հրավիրում ենք միանալու «Երախտագիտությունն՝ ի գործ» հատուկ առցանց միջոցառմանը, որն ուղիղ կհեռարձակվի Նյու Յորքի հանրային գրադարանից 2020 թ. հոկտեմբերի 19-ին տեղի ժամանակով 18:55-ին: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հնգամյակին նվիրված միջոցառումների ընթացքում կիրականացվի դրամահավաք միջազգային նվիրատուների շրջանում, ինչն էլ կօգնի ընդլայնելու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ազդեցությունն ու հասանելիությունը, որն ավելի քան երբեւէ հավատարիմ է իր հանձնառությանը՝ երկրորդ հնարավորություն տալու աշխարհում բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Այսօր, երբ ադրբեջանցիները Թուրքիայի աջակցությամբ ուժգին հարձակումներ են իրականացնում՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները խորապես անհանգստացած են եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությամբ եւ  քաջալերում են յուրաքանչյուրին դրսեւորելու մարդասիրություն՝ միանալով «Ավրորա» համաշխարհային շարժմանը եւ ներդրում ունենալով աշխարհում խաղաղության հաստատմանը:

UWC Դիլիջանը եւ «Ավրորան» ակնկալում են, որ միջոցառման ընթացքում մեծարանքի արժանացած մարդասերները կոգեշնչեն երիտասարդներին՝ մտածելու իրենց շրջապատի անհայտ հերոսների մասին եւ մասնակցելու «ԱՎՐՈՐԱ. ԻՄ ՀԵՐՈՍԸ» մրցույթին՝ ներկայացնելով մեկրոպեանոց տեսանյութ իրենց կյանքում կամ ավելի լայն շրջապատում եղած մարդու մասին, որին համարում են հերոս:

Մրցանակներից մեկը կշնորհվի հանրային քվեարկությամբ, մյուսը՝ ժյուրիի կողմից: 1000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւ կստանան հաղթողների առաջադրած բարեգործական կազմակերպությունները, իսկ յուրաքանչյուր հաղթող կստանա 200 ԱՄՆ դոլար պարգեւ: Տեսաակնարկները կարող են ներկայացվել ցանկացած լեզվով, եթե ունեն անգլերեն ենթագրեր։